Աշոտ Ադամյան. «Ես ինչի՞ պիտի Լևոն Տեր-Պետրոսյանի գլխին ամպհովանի պահեմ»
«Հետքի» հարցերին պատասխանում է դերասան Աշոտ Ադամյանը:
-Պարոն Ադամյան, ըստ Ձեզ՝ ինչպե՞ս էին ընտրվել այն դերասանները, ովքեր օրեր առաջ Սերժ Սարգսյանի և Գարեգին Բ-ի գլխավերևում ամպհովանի էին պահել:
-Ճիշտն ասեմ, ինձ մոտ նախ ծիծաղ է առաջանում այդ ամեն ինչի նկատմամբ, և իսկապես ոչ էլ ուզում եմ քննեմ այդ խնդիրը, քանի որ դրանում խորապես նստած է ամպհովանու ստրուկը լինելու գաղափարը: Ավելին չեմ կարող ասել: Իսկ ինչո՞ւ հենց իրենք: Այդ հարցը թող իրենք տան իրենց, որովհետև այդ հարցն այնքան մակերեսի վրա է: Ամպհովանի պահելու համար կանչել, չգիտեմ ինչպես անվանել այդ մարդկանց, նրանց, ովքեր այդ փայտերի վրա ցցած ամպհովանին կպահեն: Դա է՝ ունենք այն, ինչ ունենք:
-Իսկ կայի՞ն ուրիշ հավակնոտ «թեկնածուներ»:
-Իհարկե, կային: Չեմ կարող անուններ տալ, որովհետև բոլորի անունները հայտնի են: Եթե նայեք Հայաստանի ամբողջ ինստիտուցիոնալ կառույցներին, որոնք քայքայված են, ապա կտեսնեք նրանց, ովքեր հաճույքով տրվում են այս ապաշնորհ իշխանության ցանկացած ծուղակին, և նրանք, ովքեր գիտակցությունն առած, արժանապատիվ կեցվածքով հիմար քայլերի չեն դիմում:
-Լավ, ինչո՞վ եք պայմանավորում ամպհովանի պահելը:
-Քայքայված երկրի խորհուրդ է դա: Արժեզրկված են բոլոր ինստիտուցիոնալ ժանրերը, գիտական, մշակութային արժեքները: Եվ դրա հետևանքով մենք ստանում ենք նման դրսևորումներ: Կարող է այդ մարդիկ չէին ուզում, որովհետև այդ մարդիկ հայտնվել են մի քիչ զավեշտալի վիճակում, կարող է ներքուստ չեն ուզել, բայց ինչ-որ մի բան ստիպել է նման քայլի դիմել: Որքան ավելի անբարենպաստ երկիր, այնքան կունենանք նման շատ չափազանցված դրսևորումներ: Ժամանակին «Ոզնի» ամսագիր ունեինք: Այդպիսի դրսևորումները «Ոզնու» նյութեր են:
-Եթե Ձեզ առաջարկեին Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավերևում ամպհովանի պահել, կընդունեի՞ք դա:
-Իհարկե, չէի ընդունի: Ինչ հիմարություն, ես ինչի՞ պիտի Լևոն տեր-Պետրոսյանի գլխին ամպհովանի պահեմ. արևը կա, ամպը կա, որն իր հովանին նետում է ամենքիս վրա, էլ ինչո՞ւ պետք է առանձնապես մեկի գլխին հովանի պահեմ, ներողություն:
Լուսանկարը՝ Ա. Ադամյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել