HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ֆելիքս Ցոլակյան. «Շիրակի մարզը բարդագույններից է»

«Ես լրագրող չեմ, բայց գիտեմ, որ յուրաքանչյուր հայ ի ծնե կամ մի քիչ լրագրող է կամ մի քիչ քաղաքական գործիչ: Ինչ եմ ուզում ասել, ավելի ճիշտ խնդրել, որ մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ զբաղվում են լրագրությամբ, լինեն արդար եւ ազնիվ լուսաբանեն»,-Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի` լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման սկզբում հնչած խնդրանքն էր սա: Շիրակի մարզպետը նշեց, որ շատ խնդիրների մասին իրենք տեղեկանում են հենց ԶԼՄ-ների հրապարակումներից:

«Իհարկե ցանկալի է, որ այդ ինֆորմացիան, որ տարածում եք, չլինի չափազանցություն, այլ համապատասխանի իրականությանը,-նշեց Ֆելիքս Ցոլակյանը,-մենք չենք կարող էստեղ նստած իմանալ, թե ինչ է կատարվում այսինչ տեղը: Շատ հաճախ մի լրագրող գնում եւ գտնում է վատ պայմաններում ապրող մեկին, մենք էլ տեղեկանալով՝ հնարավորություն ենք ունենում օգնելու»:

Թեպետ հանդիպման սկզբում Շիրակի մարզպետն ասաց, որ ընդամենը ցանկանում է շնորհավորել լրագրողներին նոր տարվա կապակցությամբ եւ մաղթել աշխատանքային հաջողություններ, այնուամենայնիվ, ստիպված եղավ պատասխանել որոշ հարցերի: Գնահատելով իր 8 ամսյա գործունեությունը Շիրակի մարզում` մարզպետը նկատեց, թե մարզը ոչ թե բարդ, այլ բարդագույններից է:

«Դե լենինականցիները սիրում են, չէ՞, ամեն բառի վերջում այդ «գույն»-ն ավելացնել,-կատակեց Ֆելիքս Ցոլակյանը,-շիրակցին սիրում է ամեն ինչում լինել առաջինը՝ մշակույթի ոլորտում առաջինն ենք, մարզականում` առաջինն ենք, աղքատության գծով` առաջինն ենք, վերջինը ցավով եմ ասում: Կարծում եմ` շատ խնդիրների պատճառն այն է, որ չենք կարողանում կտրվել մեր անցյալից, անընդհատ հետ ենք նայում: Լեննականցիներից ում հետ ուզում ես խոսիր, անպայման հինն է հիշում, հին Լենինականն է ուզում, բայց պիտի հասկանալ, որ դա հնարավոր չէ: Հինը հիշել պետք է, բայց նաեւ պետք է առաջ նայել»:

2013թ-ը Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի մարզի համար դրական գնահատեց ձեռքբերումների առումով: Ճանապարհաշինության առումով բավական մեծ աշխատանքներ են կատարավել, լուրջ ներդրումներ են եղել ջրամատակարարման ցանցի վիճակը բարելավելու ուղղությամբ, գյուղատնտեսության բնագավառում եւս ձեռքբերումների տարի էր՝ պետական լուրջ աջակցություն է ցուցաբերվել գյուղացիական տնտեսություններին: Մարզպետը խոստովանեց նաեւ, որ առ այսօր մարզում ու հատկապես Գյումրիում դեռ չլուծված է մնում անօթեւանության խնդիրը, վթարային շենքերի ամեն տարի հետաձգվող ամրացման ծրագրերը եւս խնդիրներ են առաջացնում մարզկենտրոնում: Արդյունաբերության ոլորտում կաղում է ողջ մարզը, այստեղ գրանցվող դրական արդյունքները գոհացուցիչ չեն: Անդրադարձ եղավ նաեւ արտագաղթի ծավալներին:

«Արտագաղթը մի թեմա է, որի շուրջ ես կարող եմ մի 2 ժամ լեկցիա կարդալ,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը,-բոլորս էլ վատ ենք զգում, որ կա ատագաղթ: Հայերը 10-րդ դարում էլ են արտագաղթել, 11-րդ դարում էլ: Հարեւան Վրաստանում, եթե համեմատելու լինենք, սոցիալ-տնտեսական վիճակը փայլուն չէ, բայց վրացիները չեն արտագաղթում կամ շատ քիչ են գնում: Մերոնք հենց տեղերը նեղվում է, իրերը հավաքում ու գնում են այլ վայր: Մի թեթեւ չհարմարվելն արդեն տանում է արտագաղթի»: Մարզպետը պատմեց, որ Չինաստանի 3 մլն բնակչություն ունեցող գյուղերից մեկի ղեկավարը հայուհի է: Ծնունդով մարտունեցի աղջիկն ամուսնացել է չինացու հետ եւ հիմա համայնքապետ է ամուսնու հայրենի գյուղում:

«Հետաքրքիր ժողովուրդ ենք: Ես գիտեմ, որ մի ուրիշ ժողովուրդ կվախենար գնալ այլ տեղ ապրել, բայց մերոնք չեն վախենում՝ չգիտեմ համարձակություն է դա, թե ոչ, դժվարանում եմ ասել: Մի տեղ ծանոթ-բարեկամ են գտնում ու գնում են, իհարկե սոցիալականն էլ մյուս կողմից»,-հավելեց մարզպետը:

Շիրակի մարզպետը հույս հայտնեց, որ այս տարի պետությունից մարզպետարանին հատկացվող գումարներն հիմնականում կուղղվեն գյուղական համայնքներում ծրագրերի իրականացմանը: 2013թ-ին իրենք ստիպված եղան Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ եղած գումարի առյուծի բաժինը հատկացնել քաղաքի բարեկարգման աշխատանքներին:

Մեկնաբանություններ (1)

Gayane
2 ժամ լեկցիա , ինչպես Նիկոլն է ասում, շեֆիդ կարդա: Հայերը 10-րդ դարում արաբներից էին փախնում, հետո` մոնղոլ-թաթարներից, իսկ հիմա հայ կոկորդիլոսներից ու շնաձկերից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter