HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

«Սեւ գաղութի» բնակիչները դատապարտված են հավերժ բնակության

Այն մասին, որ Չարենցավանի գործարանների շրջակայքում` Հոկտեմբերյան 7 հասցեում տեղակայված, կոտրված պատուհաններով, ամբողջովին սեւացած պատերով կիսաքանդ այս շինությունը բնակելի է, վկայում է պարաններից կախված լվացքն ու տեղ-տեղ պատուհաններից դուրս «ցցված» խողովակների ծուխը:

60-ամյա քաղաքի բնակիչներն այս շինությունը` նախկին հանրակացարանը, «սեւ գաղութ» են կոչում կամ «չորնի գաղութ»: Ոչ ոք չգիտի, թե երբվանից է այդ անունը կնքվել: Շատերն ասում են, որ հանրակացարանն այդպես է կոչվում, քանի որ բնակիչները մութ ու ցուրտ տարիներին, ապրուստի այլ միջոց չունենալով, ձուկ էին ծխեցնում — վաճառում. արդյունքում պատերն ամբողջովին սեւացան, այդտեղից էլ անունը: Մինչդեռ հանրակացարանի բնակիչների խոսքով` Չարենցավանը կառուցելիս շինարարական աշխատանքներում խորհրդային իշխանությունները ներգրավել են նա— կալանավորների, ովքեր ապրել են այսօրվա «սեւ գաղութում», որն իր դիրքով հարմար է եղել կալանատան համար. մոտ է գործարաններին եւ հեռու բնակելի շենքերից: Այդ ժամանակներից էլ շինությունը ժառանգել է իր անվանումը: «Գաղութային» անվանումից բացի, այստեղ «գաղութային» են նաեւ պայմանները (թեեւ պայմաններ ասվածը կոնկրետ դեպքում շատ բարձր է հնչում): 

Եռահարկ շենքի սենյակներից բնակեցված են մի քանիսը միայն, մյուսներում վխտում են մկներն ու առնետները, բնակիչների խոսքով` ամռանն էլ գորտերն ու օձերն են հաստատվում իրենց հար—անությամբ: Պատուհաններն ու պատերը տեղ-տեղ քանդված են, տանիքը կիսաքանդ է, անձրեւներին ու ձնհալին ջուրը կաթում է: «Պանելն իջել է, գարունը եթե գաք, շենքը լրիվ նստած կլինի, մի օր էլ մենք ենք տակը մնալու»,- ասում են բնակիչները: Շենքը չունի կոմունալ հարմարություններ: Չկա գազ: Ջուրը հեռվից են բերում: «Սեւ գաղութը» զուրկ է նա— կոյուղագծից: Բակում փայտից զուգարան են կառուցել ողջ շենքի համար: «Բայց մշտական հոսանք ունենք»,- ասում են 21-րդ դարի բնակիչները: 

Չարենցավանի Անձնագրային բաժանմունքի տվյալներով` հանրակացարանում գրանցված չափահասների թիվը 52 է: Սակայն նրանց մի մասն է միայն ապրում «օրենքով իրեն պատկանող» կացարանում: «Գրանցվածներից շատերին դեմքով էլ չենք ճանաչում, գրանցված են, բայց քանի որ հնարավոր չի էստեղ ապրել, վարձով են մնում»,- ասաց բնակիչներից մեկը: Շենքը «սպասարկող» «Նարե 99» համատիրության կառավարիչ Սարիբեկ Ստեփանյանի խոսքով` շենքում 13 ընտանիք է ապրում: Բնակիչների հետ շփումը կատարվում է բնակության տեղեկանք տալու մակարդակով: Դե, քանի որ կոմունալ պայմաններ չկան, սպասարկման վարձ չի գանձվում, սակայն, Ս. Ստեփանյանի խոսքով, բնակիչներին օգնում են, ինչպես կարող են: «20 հատ տոլ ենք տվել տանիքը ծածկելու համար, դուռ ենք տվել, պատուհանափեղկեր: Ինչ հարցով որ դիմում են, աշխատում ենք օգնել»: Բնակիչներն իսկապես որ ստացել էին այդ օժանդակությունը, սակայն դա խնդրի լուծում չէ, մյուս կողմից էլ անհնար է ավելին պահանջել, հնարավորություններ չունի նա— համատիրությունը: 

««Սեւ գաղութի» խնդրին լիովին ծանոթ եմ: Բայց որպեսզի այն վերանորոգվի, պետք կգա մեր քաղաքի բյուջեի մեկ երրորդից ավելին` 200-300 հազար դոլար»,- մեզ հետ զրույցում ասաց Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը: «Պետք է շենքը լրիվ քանդվի, նոր շենք կառուցվի: Եթե կողքից օգնություն չլինի, մենք չենք կարող խնդիրը լուծել: Իհարկե, պատկերացրեք, եթե կառավարության կատարած 100 մլն հատկացումը ասֆալտապատման, տանիքների նորոգման ու փախստականների թաղամասի գազաֆիկացման փոխարեն տրամադրեինք այդ մի քանի ընտանիքների համար կացարան կառուցելուն, հատկացումը չէր էլ լինի: Բացի այդ, մեր քաղաքում եւս մեկ հանրակացարան կա նման վիճակում: Ամենալավ լուծումն այն է, որ ամեն տարի մի փոքր հատկացում կատարենք»: Փոքր-ինչ դժվարությամբ քաղաքապետը խոստովանեց, որ 2-րդ կարգի վթարային է շենքը: «Եթե 3-րդ լինի, բնակիչներին պետք է տեղահանենք: Բայց համայնքը նման հնարավորություններ չունի: Բնակարաններ չունենք, որ տրամադրենք»,- ասաց Հ. Շահգալդյանը: 

«Սեւ գաղութի» բնակիչները վաղուց արդեն հոգնել են իրենց մասին բարձրաձայնելուց, դիմել են բոլոր ատյաններին: Հոգնել են նաեւ լրագրողներից. այնքա~ն են եկել ու գնացել, բայց սայլը տեղից չի շարժվել: «1993-ից ապրում եմ էս շենքում: 3 երեխա ունեմ, 1 սենյականոցում ենք ապրում: Ամուսինս բնակվարչությունում էր աշխատում, որպես հանրակացարան ստացել ենք 2 ամսով, որ հետո բնակարան ստանանք, տեղափոխվենք: Բայց հետո Ղարաբաղյան շարժումը սկսվեց, փախստականները եկան, հերթագրված էինք բնակարանի համար, լրիվ խափանվեց»,- պատմեց «Սեւ գաղութում» բնակվող Արմինե Սերոբյանը: Վոլոդյա Պանյանը, որը շենքում ապրում է արդեն 25 տարի, հույսը վաղուց կտրել է, թե երբեւէ իրենց խնդիրը լուծում կստանա: Խոստումնալից չեն ոչ էլ առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունները: «Ո՞վ ա մեզ մարդատեղ դրել, որ դիմենք: Սաղից էլ գոհ ենք»,- ասաց Վ. Պանյանը: 

Վարդուշ Դուրյանը, որը փախստականի կարգավիճակով արդեն 18 տարի ապրում է այս շենքում, 2006 թ. հոկտեմբերին 3 սենյականոց բնակարանի գնման վկայագիր ստացավ: «6400 դոլար էր գնահատվել 3 սենյակը: Դաժե 1 սենյակ չկարողացա գնել, իրավունք չունեի: Նորից հետ տվեցի վկայագիրը, էլի հերթագրված եմ: Մի տուն ճարեցի 8000 դոլարով, բայց գումարը չհերիքեց, ոչ ոք չօգնեց: 3 անչափահաս երեխա ունեմ` 10-15տարեկան: Տանը ոչ ոք չի աշխատում: Ամուսինս մեկ-մեկ պատահական աշխատանք է կատարում 2000 դրամ օրավարձով: Նպաստով ենք յոլա գնում»: Վ. Դուրյանի երեխաները դպրոց են հաճախում, բայց այն, որ «գաղութում են ապրում», կաշկանդում է վերջիններիս: «Ոչ ընկերուհի են բերում, ոչ ընկեր, որ չտեսնեն` ինչ ձեւով ենք ապրում ստեղ, երեխեքը ամաչում են: Երեխեքս մեղք են, գոնե իրենք ստեղ չմնան: Հույսով ապրում ենք»,- հառաչեց Վ. Դուրյանը:

Հույսով ապրում է նաեւ 3 երեխաների մայր Արմինե Սերոբյանը, ում խոսքով` հուսադրող է հատկապես այն, որ նոր քաղաքապետն «ահագին բան է արել իրենց համար: Տուն չեն տվել, բայց գոնե ինչ հարցով դիմել ենք, օգնել են»: 

Խնդրի լուծման հարցում քաղաքապետն առավել անկեղծ էր ու իրատես: «Հարցի մասին տեղյակ են կառավարությունում, բայց պետք է կառավարությանն էլ հասկանալ, այդ մի քանի ընտանիքների համար այդքան ներդրում չի կարող անել: Բոլոր համայնքներում էլ նման հանրակացարաններ կան: Վերջապես ես էլ եմ շփվել էդ մարդկանց հետ, գիտեմ` ինչ վիճակում են ապրում: Բայց հնարավորություն չունենք»,- հայտնեց Չարենցավանի քաղաքապետը` վստահեցնելով, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում համայնքի նման բյուջեով ոչ ոք ի զորու չի լինի խնդիրը լուծել:

Կոտայք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter