HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Սև ու սպիտակ գույների «գիժ» լուսանկարիչը

Արամի լուսանկարներն առաջին անգամ տեսել եմ ֆեյսբուքով: Առաջինը «Խելագարանք» շարքն էր, որը միանգամից հետաքրքրություն առաջացրեց: Երբ տեսա իր լուսանկարը, մտածեցի, որ այս մարդու աշխարհայցացքն ու ապրումները թույլ են տվել նման շարք անել: Հետո սկսեցի նայել նրա մյուս գործերը. դրանց մեծ մասը սև ու սպիտակ են:

Լուսանկարիչ Արամ Կիրակոսյանն իր իսկ բնութագրմամբ` «անահանգիստ տղա է», ով սկսել է զբաղվել լուսանկարչությամբ որպես թերապիայի միջոց, որպեսզի դուրս գա դեպրեսիկ վիճակներից: Որոշ ժամանակ անց սիրողական բնույթի ֆոտոթերապիան դառնում է նրա աշխատանքը, զբաղմունքը, տարերքը: Գալիս է մի օր, երբ նա որոշում է թողնել իր բոլոր գործերը և լրջորեն զբաղվել լուսանկարչությամբ:

Զրույցի ընթացքում Արամը շատ ծխում էր, խոսում պարզ ու անկեղծ` ներկայացնելով իր հետաքրքրությունները, լուսանկարչության վերաբերյալ իր մոտեցումնները, հասարակության արատներն ու բացերը: Նրա` ամենաշատ օգտագործված բառերն էին` ահավոր, ներվայնանալ, աբսուրդ: Ժպտալով ասում է, որ առաջ, երբ շատ գրում էր, քիչ էր խոսում, հիմա երբ շատ նկարում է, շատ խոսում է:

Լուսանկարչի հետաքրքրությունների շրջանակը տարբեր է, բայց ամենից շատ նրան հետաքրքրում է վավերագրական լուսանկարչությունը:

«Հետաքրքիր է, որովհետև դա ռեալ կյանքն է: Կարող է էսթետիկ սիրուն էլ չլինի, բայց էն ինչ-որ կա, դու պետք է տաս, - բացատրում է Արամը: - Դու մասնակցություն պետք է ունենաս էդ իրական կյանքին, էդ մարդիկ պետք է վստահեն քեզ, դու պետք է հարգես նրանց, նրանց խնդիրները»:

Իր «Խելագարանք» շարքի մի մասը նույնպես վավերագրական է: Մի օր լուսանկարիչը պարզապես որոշում է զսպաշապիկով մարդկանց նկարել, որոնք հանդես էին գալիս որպես խելագարներ: Հետո ցանկանում է նկարել նաև իրական խելագարների: Մի քանի անգամ այցելել է հոգեբուժարան, նկարել, բայց շարքի «իրական» հատվածը դեռևս կիսատ է:

Որպես լուսանկարիչ հոգեբուժարան մտնել նրան չի հաջողվել: Սկսել է զրուցել բակում հանդիպած հիվանդների հետ, ու երբ հարցրել է, թե ինչի կարիք ունեն, բոլորը ասել են` «կոֆե և սիգարետ»: Արամի համար անհասկանալի էր, թե ինչպես կարելի է մի վայրում տեղավորել երեխաների և տարեցների, որոնք ունեն տարբեր ախտորոշումներ, երբ «էպիլեպսիայով հիվանդ երեխան պառկած է շիզոֆրենիկների հետ»:

«Իրականում ծանր է նկարել, որովհետև մտածեցի` մի շաբաթ մնամ էստեղ, ես ինքս կգժվեմ, - ասում է Արամը: - Եթե դու մտար ինչ-որ մեկի կյանք, չես կարող ինչ-որ ազդեցություն չունենալ նրանց վրա»:

Արամը համոզված է, որ Հայաստանում նկարելու թեմաներն ու խնդիրները շատ են, պարզապես սովորաբար մենք ենք անտարբեր լինում: Հետո խոստովանում է, որ իր լուսանկարների նման իր աշխարհայացքը ևս սև ու սպիտակ է: Ասում է` իր համար ավելի հեշտ է աշխատել սպիտակի հետ, որտեղ ամփոփված են բոլոր գույները: Իսկ եթե սև ու սպիտակին գույն է ավելանում կամ նկարը գունավոր է, դա անպայման պետք է լինի արդարացված:

«Իսկ այլ գույներով կայնքդ չե՞ս լցնում», - հարցնում եմ:

«Ախր սև ու սպիտակ դու պատկերացնում ես անգույն, ինքն ինձ համար անգույն չի, - սկսում է բացատրել Արամը: - Անգույնը մի բան է, որը չունի երես, չունի հատկանիշ: Ինձ համար դա միևնույն ժամանակ սիրուն է, ու միևնույն ժամանակ շատ տրագիկ»:

Արամը սիրում է նկարել հին գործարաններ, լքված վայրեր, որտեղից ստացված կադրերը անկրկնելի են, քաղաքում հանդիպած հետաքրքիր դեմքերի, անել էսքսպերիմենտներ՝ խառնելով գեղանկարչությունն ու լուսանկարչությունը:

«Ֆոտոշոփ չեմ սիրում, ներվայնանում եմ», - ասում է Արամը: Այդ պատճառով էլ ստեղծել է «ֆոտոշոփի» իր տարբերակը: «Ավելի լավ է՝ ես վերցնեմ նկարը գուաշով կամ եսիմ ինչով գունավորեմ, քան նույնն անեմ ֆոտոշոփով, որովհետև ձեռդ ներկ է լինում, որը ինչ-որ հոտ ունի: Հետո չես կարա ջնջես, նորից անես», - ասում է Արամը:

Այս ոճով Արամը հիմնականում ինքնանկարներ է անում: Միաժամանակ լուսանկարիչը խոստովանում է, որ շատ քննադատորեն է վերաբերվում թե իրեն, թե շրջպատին: Այդ պատճառով էլ երբ մտածում է, որ լավ է նկարում, նայում է, թե դրանից 50, 100 տարի առաջ ուրիշներն ինչ են արել, ու այդտեղ հասկանում է, թե որքան աճելու տեղ ունի: 

Սակայն ամենաշատը սիրում է նկարել ժապավենով, երբ ձեռքի աշխատանքն ավելի շատ է, երբ կարելի է ավելի երկար մտածել կադրի շուրջ, ոչ թե սեղմել պրոֆեսիոնալ տեսախցիկի կոճակը, որտեղ բոլոր հնարավորություններն արդեն ստեղծված են:  

«Իմ կյանքի սկզբունքը դա է. անել էն, ինչ-որ ուզում եմ, սիրում եմ, - ասում է Արամը: - Էն, ինչ-որ ես եմ սիրում ու ուզում անել, ինձնից լավ ոչ մեկ չի անի: Ու էն, ինչ-որ ուրիշն է սիրում ու ուզում անի, իրենից լավ ես չեմ անի, որովհետև դա իրանն է, սա` իմը»:  

Ստուդիայում աշխատելու ժամանակ լուսանկարչի համար շատ կարևոր է, որ ճիշտ հարաբերություն ստեղծվի նկարողի և նկարվողի միջև: Երբ նրանք միմյանց ընդունում են այնպիսին, ինչպիսին կան, ստեղծվում է վստահություն, և աշխատանքն արդյունավետ է ստացվում: Արամի խոսքով` յուրաքանչյուր մարդ ունի առնվազն մի ժեստ, որ միայն իրեն է բնորոշ, ու հենց այդ պահը նկարելը ստեղծում է «հրաշք ֆոտո. նկարում ես մարդուն իր բնական տեսքի մեջ»:

Արամի խոսքով` այժմ ինքն անում է այն, ինչն իրեն դուր է գալիս, իսկապես հետաքրքրում և հուզում է: Բայց ցանկանում է, որ Հայաստանում լուսանկարչությունը մի քայլ առաջ գնա, իսկ լուանկարիչը հնարավորոթյուն ունենա գործել նաև դրսում: Սակայն ոչ թե մեկնի այլ երկիր, այլ իր գործը դուրս գա Հայաստանի սահմաններից:

Լուսանկարները՝ Արամ Կիրակոսյանի ֆեյսբուք էջից

Մեկնաբանություններ (1)

Armen_yan
That is real Art! It's interesting that paintings look like art in color but photography in black and white. The color photo looks just like photo- it doesn't look like art.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter