HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

«Ողորմի մեր պապերին, որ էդ փոսերը փորել են»

«Հող ունենք, բայց սերմացու չունենք, ոռոգման ջուր չունենք: Անասուն ունենք, բայց խոտհարքներն են քիչ, չեն հերիքում: Անասունը պիտի մեզ պահի, մենք ենք անասունին պահում»,- ասում է Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի բնակիչ Գագիկ Մարգարյանը:

Անասուններին «պահելուց» բացի գեղադիրցին այսօր «պահում է» նաեւ իր այգին. կաթիլ-կաթիլ ջուր է հավաքում, որ ծառերը ջրի, բերքն առատ լինի: Գեղադիրի մեծագույն խնդիրը ջուրն է: Գյուղը ոռոգման ջուր չունի, դրա հետեւանքով վարելահողերը հիմնականում չեն մշակվում: Այգիներն էլ ամեն տարի չէ, որ լավ պտուղ են տալիս: «Մի տարի լինում ա, մի քանի տարի չի լինում: Եղանակից ա կախված: Օրինակ` նախանցած տարի գյուղից համարյա 30 տ միրգ տեղափոխվեց: Կեռաս, ծիրան... Գործարարները մեքենաներով գալիս են, տեղափոխում Ռուսաստան: Մեր գյուղացիներն աշխատող են: Ջուրը որ լինի, բանջարաբոստանային կուլտուրաներ կմշակեն, պտղատու ծառեր»,- ասում է համայնքի աշխատակազմի քարտուղար Թամար Մուդոյանը: 

Գեղադիրը նաեւ խմելու ջրի խնդիր ունի: Գյուղում պատմեցին, որ իրենց խմելու ջուրը գալիս է Գեղարդից, անցնում Գառնիով, իսկ ճանապարհին «մեկը ձկնաբուծությամբ է զբաղվում, մյուսը այգի է աճեցնում», արդյունքում ջուրը մեկ շաբաթ գալիս է, հետո կտրվում: Մեր այցելության օրը «պետական ջուրը» սառած էր: Գյուղացիները համոզված են, որ «մինչեւ մայիս-հունիս հազիվ ջուր գա»: Խնդրի լուծումը գտել են դեռ պապերը: Գեղադիրցիներից շատերն իրենց սեփական աղբյուրներն ունեն: Փորում ես հողը ու ջուր հանում: Սակայն ոչ բոլոր գյուղացիները կարող են 30-40 մետր խորությամբ հոր փորել: «Էդ ծակել, հանելն էլ ա թանկ: 5000 դոլար փող ա կազմում: Ողորմի մեր պապերին, որ էդ փոսերը փորել են»,- ասաց սեփական աղբյուր ունեցող Գագիկ Մարգարյանը: 

Գեղադիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Թամար Մուդոյանը պատմեց, որ իրենք 40 մ են փորել ջուր հանելու համար` րոպեում 40-50 լիտր ջուր են ստանում: Բայց իրենք էլ գիտեն, որ այդ ջուրն առողջության համար վտանգավոր է: Նույնիսկ փորձաքննության են տարել եւ բացասական պատասխան ստացել, սակայն գեղադիրցին այսօր այլընտրանք չունի: Հույսը սեփական աղբյուրների վրա է դրել, որոնք էլ շատ հաճախ, հատկապես ամռանը, ցամաքում են: Գյուղացիները ստիպված են ցիստեռներով ջուր գնել: Մեկ ցիստեռնը 8-12 հազար դրամ արժե: Համարյա թե բոլորն իրենց բակերում մեծ ավազաններ ունեն կառուցած: Ջուրը գնում են, այնտեղ պահում, դրանով նաեւ այգիներն են ոռոգում: 

Գեղադիրցիները ջրի դիմաց չեն վճարում: «Որ ջուրը գա, ժողովուրդը կվճարի: Ջրմուղին հազար անգամ դիմել ենք...,- ասաց Թ. Մուդոյանը:- Մեր պոմպակայանը կառուցելիս շինարարական սխալ են թույլ տվել: 500 հազար դրամի էլեկտրաէներգիա պետք է ծախսվի 100 հազար դրամի ջուր մղելու համար: Այդ պատճառով էլ ոչ մեկին ձեռք չի տալիս»: 

Աղբյուրների ջրերի որակի մասին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հյուսիս-Արեւմտյան» տարածքային մասնաճյուղի փոխտնօրեն Սեյրան Հարությունյանն ասաց, որ «ՀՀ-ում եթե ջուրը չի ախտահանվում, ապա այն ոչ մաքուր է համարվում»` ավելացնելով, որ Գեղադիր գյուղն իրենք չեն սպասարկում: «Ճիշտ է, մենք պետք է սպասարկեինք, բայց սպասարկման ոլորտը մերը չէ: Կոնկրետ զբաղվել ենք էդ հարցով, բայց դա մեզ հետ կապ չունի: Իրենք աղբյուրներ ունեն «Յոթ աղբյուր» կոչվող տեղանքում, որից Գողթ գնացող ջրագիծն էլ է օգտվում: Խորհրդային տարիներին նույնպես Գեղադիրին «Ջրմուղը» չի սպասարկել, համայնքն է միշտ սպասարկել»: Ս. Հարությունյանը նշեց, որ եթե ներքին ցանցի հարցը լուծվի, իրենք կզբաղվեն սպասարկմամբ: 

Գեղադիրի համայնքապետ Հրաչյա Սարգսյանը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հյուսիս-Արեւմտյան» տարածքային մասնաճյուղի փոխտնօրեն Սեյրան Հարությունյանի բացատրությունը հերյուրանք համարեց: «Բալանսով իրենց վրա է նստած: Ո՛չ հետ են տալիս, ո՛չ սպասարկում: Բախտի քմահաճույքին են գցել ու հրաժարվում են: Խողովակներն իրենց բալանսում է: Գոնե բալանսով 30 կմ խողովակները հանձնեն մեզ: Մի քանի տարի է` էդ քաշքշուկը մեր մեջ կա: Օրենքով իրենք պետք է սպասարկեն: Քանի որ ջրօգտագործման համար թույլտվություն պետք է լինի: Մեր համայնքը լիցենզիա չունի, իսկ իրենք լիցենզավորվող են»,- հայտնեց համայնքապետը: Նա հույս ունի, որ «Հայջրմուղկոյուղու» սպասարկումը ստանձնած նոր կազմակերպությունը կլուծի այդ խնդիրը: Հ. Սարգսյանը հույս հայտնեց նաեւ, որ ոռոգման ջրի խնդիրը նույնպես շուտով կլուծվի: «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրով մինչեւ 2009 թ. վերջը գյուղը պիտի ոռոգման ջուր ունենա»: 

«Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի Հայաստանի գրասենյակի մամուլի քարտուղար Նանե Աճեմյանը մեզ տեղեկացրեց, որ Կոտայքի մարզում պետք է կառուցվի Գեղարդալճի ինքնահոս համակարգը, որից օգտվելու է 6 գյուղ, այդ թվում նաեւ Գեղադիրը: Այս պահին ընթացքի մեջ է ինքնահոս համակարգի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման փուլը, որից հետո, հիմնավորման դեպքում, մինչեւ 2009 թ. մայիս ամիսը կսկսվի շինարարությունը:

740 բնակիչ եւ 250 հա վարելահող ունեցող գյուղում խնդիրները շատ են: Սակայն 9 մլն 300 հազար դրամ բյուջեով հնարավոր չէ ոչինչ անել, մանավանդ որ բյուջեի 65 %-ը ծախսվում է համայնքապետարանի 9 աշխատողների աշխատավարձերը վճարելու վրա: «Շատ սուղ բյուջե ունենք: Պատճառը հա՛մ համայնքի փոքր լինելն է, հա՛մ էլ մյուս համայնքների տարբերությամբ 1991 թ. ոռոգման ջուր չունենք: Կառավարությունը մեր բոլոր հողերն անջրդի է ճանաչել, ինչի հետեւանքով հարկերը շատ քիչ են: Հետո էլ, քանի որ համայնքը փոքր է, պետության տրամադրած դոտացիան էլ է քիչ (մոտ 4 մլն 900 հազար դրամ)»,- ասաց Գեղադիրի համայնքապետ Հրաչյա Սարգսյանը: 

Մեծ ծավալի աշխատանքներ գյուղում վաղուց չեն իրականացվել: Նախորդ տարի 2,5 մլն դրամով 600 քմ ճանապարհի փոսային նորոգում է կատարվել Գեղադիրում: Ասֆալտապատման աշխատանքներ ծրագրվում են նաեւ 2008 թ., իհարկե, ավելի փոքր ծավալով: Ավագանու հետ համատեղ որոշվել է օտարել 6 հա հողատարածք եւ գումարն ուղղել այդ աշխատանքների կատարմանը: Սակայն խնդիրը դրանով հիմնովին լուծել անհնար է:

Գեղադիրցի Ռոբերտ Մկրտչյանը պատմեց, որ «Գոմերի թաղ» կոչվող թաղամասում կառուցումից ի վեր ասֆալտապատում չի իրականացվել: «Էս 22 տարի ա, ոնց էդ թաղամասը կառուցվել ա, ասֆալտ չկա, որ ձյունը հալվում ա, անտանելի ա դառնում: Մինչեւ վիզդ ցեխի մեջ ես: Ուսանողները հին կոշիկները հագնում են, գալիս ստեղ փոխվում, նստում տրանսպորտ, որ գնան դասի: Հետո հետ գալուց էլի փոխվում են, որ տուն գնան»: 

Բացի այդ, Գեղադիրում մանկապարտեզ չի գործում, քանի որ հնարավորություն չկա շենքային պայմանները բարելավելու համար: Սակայն համայնքապետը հավաստիացրեց, որ հարցը ներկայացվել է կառավարությանը, եւ մինչեւ 2012 թ. մանկապարտեզի շենքի վերանորոգման ու կահավորման խնդիրը կլուծվի: Գեղադիրը չունի նաեւ ակումբ, որի միջոցով գոնե մասամբ կլուծվեր երիտասարդության զբաղմունքի խնդիրը, սակայն կա ակումբավարի հաստիք: «Մեկ-մեկ միջոցառումներ է կազմակերպում դպրոցում: Դե, նվազագույն աշխատավարձ է ստանում»,- ասաց համայնքի աշխատակազմի քարտուղար Թամար Մուդոյանը: Համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակում ընդգրկված է նաեւ գրադարանավարի հաստիքը, սակայն շենքային պայմանների բացակայության պատճառով գրադարանը տեղակայված է դպրոցում: 

Համայնքապետարանի աշխատակազմում ընդգրկված գյուղացիներից բացի տեղում աշխատանք ունեն եւս 60-ը. նրանք աշխատում են Գեղադիրում գործող 3 հացի արտադրամասերում: Մյուս գյուղերի նման գեղադիրցիների մեծամասնությունն իր զբաղվածության խնդիրը լուծում է արտագնա աշխատանքի միջոցով կամ սեզոնային աշխատանք է գտնում երեւանյան շինհրապարակներում, առեւտրի կետերում: Սակայն բնակչության հիմնական հույսը գյուղատնտեսությունն է, որը ոչ միշտ է արդարացնում նրանց սպասելիքները: Գյուղում մեկ ֆերմերային տնտեսություն կա: «100 խոշոր եղջերավոր անասուն կա, բայց ձեռնտու չի, քանի որ կաթը համարյա ձրի ենք հանձնում: Էսօր 2,6 յուղայնությամբ կաթը խանութում 320 դրամ է, մենք 3,6 յուղայնությամբ կաթը ձմռանը 130 դրամ ենք հանձնում, ամռանը` 90: Անասնապահությունից ժողովուրդը դժգոհում է: Ֆերման էլ այս տարի երեւի կփակվի»,- ասաց համայնքապետը:

Կոտայք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter