HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Եվրոպայում կրթություն ստացած Մարթան իր ապագան տեսնում է Երևանում

Երիտասարդ դասախոս Մարթա Սանդոյանի կածիքով՝ եթե ուսանողներին դարձնեն հետազոտող, ապա www.kursayin.am և նման ծառայություններ մատուցող կայքերը կփակվեն:

2008 թ.-ին, ավարտելով Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետը, Մարթան ընդունվում է Վիեննայի միջազգային համալսարան: Այստեղ սովորում է «Դիվանագիտություն և ռազմավարական հետազոտություններ», այնուհետև «Լույս» հիմնադրամի կրթաթոշակով մեկնում է Լոնդոն: Լոնդոնի համալսարանական քոլեջում «Մարդու իրավունքներ» սովորելուց հետո ստանում է մագիստրոսի աստիճան: Այժմ Մարթան որպես տնտեսագետ աշխատում է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնում», միաժամանակ դասավանդում է Հայ-սլավոնական համալսարանում:

Հայաստանում ուսանողի լավ սովորելը կախված է կոնկրետ դասախոսից

Ունենալով թե արտերկրում ուսանելու, թե այժմ Հայաստանում դասավանդելու փորձ՝ հետաքրքիր էր իմանալ, թե երիտասարդ հետազոտողը կրթական ոլորտի ինչ հիմնական բացթողումներ է նկատում Հայաստանում: Մարթայի խոսքով՝ խնդիրները բազմաթիվ են, բայց առաջնայինը կրթական համակարգի բացակայությունն է: Ըստ նրան` հայկական իրականությունում ուսանողի լավ սովորելը կախված է կոնկրետ դասախոսից: Եթե դասախոսը հաջող է, նա ուսանողին կտա նյութեր, տեսլական, հակառակ դեպքում՝ ուսանողի կրթական գործընթացը կարող է անհաջողության մատնվել: Այնինչ, առաջատար համալսարաններում կրթական համակարգն այնքան հզոր է, որ ուսանողը կարող է սովորել և վերցնել առավելագույնը: Երկրորդ խնդիրը, որ առանձնացնում է Մարթան, համալսարանական ազատ ինքնավարության բացակայությունն է: Նրա խոսքով՝ առաջատար համալսարաններն այնքան ինքնավար են, որ պետությունը չի կարող ազդել դրանց մենեջմենթի և ուսանողական գործընթացի վրա:

«Մինչդեռ Հայաստանի այօրվա համակարգը Ռուսաստանում գործող համակարգն է. կենտրոնացված համակարգ, որտեղ համալսարանները լիովին ենթարկվում են ԿԳՆ-ին», - ասում է Մարթան:

Համալսարանում Մարթան դասավանդում է «Հետազոտությունների մեթոդներ»  առարկան: Նրա խոսքով՝ ուսանողների շրջանում կան լավ գաղափարներ, բայց շատ հաճախ նրանք չեն կարողանում դրանց գիտական հիմնավորում տալ, փաստարկել իրենց տեսակետը:

«Կարևորը ոչ թե այն է, թե ինչ մասնագիտություն ես սովորում առաջատար համալսարանում, այլ այն, թե ինչպես են քեզ սովորեցնում դառնալ հետազոտող: Հայաստանում նման մոտեցում գրեթե չկա», - ասում է երիտասարդ դասախոսը: Այնուհետև նա բացատրում է, թե ինչու է ուսանողության շրջանում այդքան տարածված ուսանողական գրագողությունը: Նրա կարծիքով՝ պատճառը բնավ այն չէ, որ ուսանողները չունեն զարգացած միտք ու ստեղծագործական մոտեցում, այլ այն, որ նրանց չեն սովորեցնում՝ ինչպես կիրառել, զարգացնել ու խորացնել այդ միտքը:

«Եթե ուսանողներին դարձնես հետազոտող, www.kursayin.am և նման կայքերը կփակվեն», - համոզված է Մարթան:

Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը իրավական տեսանկյունից ոչ իրազեկված հասարակությունն է

Տնտեսագիտություն սովորելուց հետո Մարթան փորձաշրջան է անցել միջազգային կազմակերպություններում՝ հետազոտություններ անելով մարդու իրավունքների ոլորտում: Նրա համոզմամբ՝ Հայաստանում վերջին շրջանում քաղաքացիական ակտիվությունը կապված է տեղեկատվության ազատության հետ, որը բերեց ինտերնետը: Մարթայի կարծիքով՝ Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը իրավական տեսանկյունից ոչ իրազեկված հասարակությունն է:

«Դա ոչ թե հասարակության, այլ պետական հիմնարկների մեղքն է, քանի որ ճիշտ ծրագրեր և քաղաքականություն չի մշակվել` ավելի ազատ տեղեկատվություն տրամադրելու իր իսկ քաղաքացիներին», - ասում է Մարթան:

Նա հիշում է, որ Լոնդոնում սովորելու տարիներին հետազոտական աշխատանքի ընթացքում տեղեկատվություն ստանալու համար դիմում է նմանատիպ գործառույթ իրականացնող մեկ բրիտանական և մեկ հայկական կառույցի: Եվ եթե առաջին կառույցից ստանում է լայնածավալ ամբողջական տեղեկատվություն, ապա Հայաստանից իրեն պատասխանում են, որ դրա համար անհրաժեշտ է պաշտոնական հարցում կատարել: Նա համոզված է, որ այդ նույն տեղեկատվության պակասը, որն առկա է հայկական հասարակությունում, ստեղծում է կոռուպցիոն մեծ ռիսկեր:

«Շատ բան կախված է մենտալիտետից, որն աստիճանաբար կփոխվի: 70 տարի ապրելով մի երկրում, որտեղ ամեն ինչ անում էիր, որպեսզի շրջանցես ֆորմալ գործընթացները՝ օգտագործում էիր ոչ ֆորմալ կապերը: Իսկ կոռուպցիան ոչ միայն փող տալն է, այլև ոչ ֆորմալ հարաբերություններով խնդիրը լուծելը. ծանոթ, մաղարիչ և այլն», - ասում է Մարթան:

Կոտրվում է այն կարծրատիպը, որ «գուցե Հայաստանին պետք չէ քո կրթությունը»

Խոսելով՝ արտերկրում սովորելու մոտիվացիայի մասին՝ Մարթան ասում է, որ շատ էր ցանկանում որոշ ժամանակ կրթվել և ապրել բազմազգ միջավայրում: Իր համար դա հարուստ փորձ էր, քանի որ այդ ընթացքում սովորում է հարգել և ընդունել մարդկանց, ովքեր ընդհանրապես այլ արտաքին, կրոն, մշակույթ ու կենցաղ ունեն: Մարթան խոստովանում է, որ քսան տարի ապրելով Հայաստանում, իր մոտ ևս կային մի շարք կարծրատիպեր, որոնք ժամանակի ընթացքում կոտրվեցին:

«Հասկանում ես, որ ամենալավը քոնը չէ, բայց ամենավատն էլ քոնը չէ, - ասում է Մարթան: - Արդյունքում, բոլոր մարդիկ էլ նույնն են և ուզում են նույն բանը. լինել երջանիկ և սիրել»:

Մարթայի խոսքով՝ դեմ չէր լինի մի քանի տարի աշխատել եվրոպական որևէ քաղաքում, բայց արտերկրում սովորելու տարիներին «այդպես էլ չսովորեց չկարոտել»: Բացի դրանից՝ իր մոտ կոտրվում է նաև այն կարծրատիպը, որ «գուցե Հայաստանին պետք չէ քո կրթությունը, այլ կարևոր են կապերը»: Բայց զարմացել էր, երբ ուսումն ավարտելուց հետո աշխատանքի համար դիմել էր թե՛ Հայաստան, թե՛ եվրոպական մի քանի քաղաքներ, ամենից արագ արձագանքել էին Հայաստանից:

«Երևանն իմ տունն է, ես ինձ տեսնում եմ միայն Երևանում գործելով: Բայց Երևանի ամենամեծ բացն այն է, որ այն բազմազան չէ, - ասում է Մարթան: - Հուսով եմ` մի օր Երևանը կդառնա ավելի բազմազգ քաղաք, դրա մեջ ընդհանրապես խնդիր չեմ տեսնում: Դա փոքր երկիրը կմեծացնի»:

Խոսելով ապագայի ծրագրերի մասին՝ Մարթան նշում է, որ ցանկանում է հետագայում ևս դասավանդել, առավել ևս որ այդ ընթացքում ինքը ևս սովորում է: Բայց և խոստովանում է, որ Հայաստանում ինքն ու իր երիտասարդ ընկերները «դասավանդում են հաճույքի համար, քանի որ վարձատրությունը շատ քիչ է»: Միաժամանակ, ցանկանում է լայնացնել մասնագիտական շրջանակը՝ հետազոտելով ոչ ֆորմալ կոռուպցիայի ոլորտը: 

Lուսանկարը` Մարթա Սանդոյանի անձնական արխիվից:

Մեկնաբանություններ (3)

Գեվորգ Պապիրյան
Մնումե է Մարթային ցանկանալ համբերություն, ուժ ու եռանդ, որպեսզի հայրենիքում նա իր փայլուն գաղափարները իրագործի:
Հրանտ Բագրատյան
Այսպիմի մի քանի հարյուր մարդ ւ կարող են փոխել մի ամբողջ երկիր։
Հ.Շ.
Այսպիսի անձի մը առջեւ մէկ բան կարելի է ընել միայն՝ խոնարհիլ: --- Ահա արդէն յաջորդ սերունդը, մեր փրկութիւնը: --- Աստուած թող քեզի շնորհէ ծայրագոյն յաջողութիւններ եւ անծայր երջանկութիւն, սիրելի ու յարգելի, անգին Մարթա: ---

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter