HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանտը իմ տունը չի դառնա. հոգիս այստեղ չէ

Մհեր Ենոքյան

«Հետք» կայքի թղթակիցը բանտում

Հիմա փորձում եմ է՛լ ավելի պատասխանատու մոտենալ գրածս ամեն տողին: Պարտավորեցնող է, երբ քեզ վստահում են մամուլում գրելու գործը: Մասնագիտությամբ լրագրող չեմ, թեպետ կուզեմ լրագրության մասին սկսնակների համար նախատեսված որոշ ուղեցույցներ կարդալ:

Մի քանի օրից կհանձնեմ վերջին երեք քննություններն ու կտեղափոխվեմ երկրորդ կուրս: Լինելով 38 տարեկան տղամարդ՝ 17-ամյա ուսանողի պես ամեն անգամ հուզվում եմ, երբ դասախոսները գալիս են բանտ, և ես հանձնում եմ բանավոր քննություններս:

Երբ անցան ամանորյա ոչ աշխատանքային օրերը, ու դարձյալ սկսեցի համակարգչի սենյակում իմ երեքժամյա պարապմունքները, դուռը բացվեց, ներս մտավ ցմահ դատապարտյալներին ամեն հինգշաբթի այցելող Տեր Գրիգորը: Նրա հետ եկեղեցու ևս երեք սպասավորներ էին, մեկուսարանի չորս աշխատակից, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական բաժնի աշխատակցուհին: Սենյակի մեջտեղի կլորավուն սեղանին դրվեց հաց, աղ և ջուր: Մեկուսարանի աշխատակիցների համար Տնօրհնեքի արարողություն պիտի կատարվեր: Մինչ այդ, Տեր Գրիգորն արդեն այցելել էր բանտարկյալներին, մտել ամեն խուց, շնորհավորել Սուրբ ծննդի կապակցությամբ:

Ես, անձամբ, տարանջատում եմ հավատն ու կրոնը: Կրոնն ինձ համար հոգևոր քաղաքականության տեսակ է, որը հիմնված է մարդկանց «հոգևոր բնազդի» վրա, իսկ հավատը` մաքուր, պարզ զգացողություն է, որում կա հզոր դրական էներգիա, լիցք: Տեր Գրիգորի հետ երկու անգամ զրուցել ենք նաև այս անվերջանալի թեմայի շուրջ: Խնայելով ընթերցողի համբերությունը՝ առավել մանրամասն չեմ շարադրի իմ պատկերացումները կրոնի, հավատի տարանջատման մասին:

Տեսնելով արարողության պատրաստությունը՝ անջատեցի համակարգիչս և պատրաստվում էի վերադառնալ խուց: Ցմահ բանտարկյալների բաժնի պատասխանատուներից մեկն ասաց. «Մհե՛ր, մի՛ գնա, համարյա մի ընտանիք ենք: Դու էլ ամեն օր երեք ժամ այս աշխատասենյակում ես սովորում»: Հետաքրքիր մի իրավիճակ. սեղանի շուրջ միասին կանգնած էինք մեկուսարանի աշխատակիցներ, ցմահ բանտարկյալ և հոգևորականներ: Բոլորս միասին աղոթեցինք, իսկ երբ արտասանեցինք «Հայր մերը», Տեր Գրիգորը օրհնեց հացը, աղը, ջուրը՝ կատարելով Տնօրհնեքի ողջ արարողությունը: Դրանից հետո բոլորս միասին աղ ու հաց կիսեցինք:

Իրապես, Աստծո առաջ հավասար ենք թե՛ դատապարտյալ, թե՛ բանտի աշխատակից: Կուզեի, որ որևէ մեկս չմոռանար այս մասին: Բանտապահների համար էլ բանտը յուրահատուկ տուն է դառնում, քանի որ այստեղ նրանք անցկացնում են իրենց օրվա մեծ մասը: Եվ ինչպես կալանավորներն են ասում՝ առավոտյան նրանք կամովին բանտարկվում են, իսկ ուշ երեկոյան՝ ազատվում, որպեսզի հաջորդ օրը նորից վերադառնան բանտ:

Սեղանի շուրջ կանգնած՝ երբ աղոթում էինք միասին և աղ ու հաց կիսում, հաճելի զգացողություններ էին: Բայց բանտը երբեք իմ տունը չի դառնա, քանի որ 18 տարի շարունակ հոգիս, միտքս ու սիրտս այս պատերից դուրս են՝ իմ իսկական տանը, հարազատներիս հետ: 18 տարվա համառ պայքար հանուն արդարաԴԱՏության և ոչ՝ արդարության: Արդարության զգացողությունն ապրում է մեր ներսում, իսկ արդարադատությունն իրականացվում է հասարակության անունից՝ հանուն պետության: 

Փաստորեն, ո՛չ արդարադատություն, ո՛չ գթասրտություն… անգամ 2001թ., երբ Հայաստանում տոնում էին քրիստոնեության՝ որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակը, որևէ անդրադարձ չկատարվեց պատժի առավելագույն չափի դատապարտվածներին, անտեսվեց նաև այն, որ այս մարդիկ մինչև 2001-ը անցել են իսկական դժոխքի միջով, որ 20-րդ դարի քաղաքակրթության պայմաններում մարդկանց պահել են կենդանիների պես՝ ծեծի, սովի, սարսափի մեջ: Ցմահ բանտարկյալներն, այնուամենայնիվ, մեծ հավատով ու հույսով սպասում էին, որ 2001-ին Վեհափառի և ՀՀ նախագահի կողմից գթասրտություն կցուցաբերվի նաև դատապարտյալների այս խմբի նկատմամբ: Ավա՛ղ…

Ասում են՝ հույսը մահանում է վերջում, հավատը մարդու նկատմամբ նույնպես կարող է մահանալ, երբ չկա սեր: Եվ թող Հավատն ու Սերն առ Աստված պահպանի մարդու մեջ ՄԱՐԴՈՒՆ:

Մեկնաբանություններ (3)

Тамара
Мгер джан. все будет хорошо. я в это верю!!!
Գագիկ
...Ես, անձամբ, տարանջատում եմ հավատն ու կրոնը: Կրոնն ինձ համար հոգևոր քաղաքականության տեսակ է, որը հիմնված է մարդկանց «հոգևոր բնազդի» վրա, իսկ Հավատը` մաքուր, պարզ զգացողություն է, որում կա հզոր դրական էներգիա, լիցք.. Ասում են՝ հույսը մահանում է վերջում, հավատը մարդու նկատմամբ նույնպես կարող է մահանալ, երբ չկա սեր: Եվ թող Հավատն ու Սերն առ Աստված պահպանի մարդու մեջ ՄԱՐԴՈՒՆ:
Vahe
Did I get this correctly? This guy is not guilty and he is in prison? Isn't there any one to follow up with this unjust story? What the heck is going on?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter