HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ծերանոցի զույգերը (լուսանկարներ)

Երեւանի Նորքի տուն-ինտերնատում ապրում է  ամուսնական 6 զույգ, որից  չորսը այստեղ է ամուսնացել:

«Ունքերդ ներկե, պռոշներդ ներկե, որ պիտի նկարեն, - ծիծաղելով կնոջն ասում է Հարութ Մկրտչյանը: - Պռոշները չքսե, ինչի՞ պետք կուգա: Մոդայիկ տատի է ինքը»:

Կինն էլ՝ Անուշը, խոստովանում է, որ շատ է սիրում շրթներկ քսել, քանի որ ամուսնուն դուր է գալիս:

«Ունեմ-չունեմ, մի հատ կիսատ-պռատ մարդ ունեմ», - ժպտալով ասում է Անուշը, հետո Հարութը հավելում է. «Ո՞վ երկու-երեք հատ ունի որ»:

5-րդ տարին է՝ Հարութ Մկրտչյանն ու Անուշ Թավրազյանն ամուսիններ են: Հարութը հիշում է, թե ինչպես է առաջին անգամ տեսել Անուշին: Վերջինս ավելի ուշ է եկել ծերանոց, բայց Հարութի խոսքով՝ «իրեն հետևում էր»: Երբ Հարութը ծերանոցի ընկերներից մեկին ասում է՝ լավ եղի, որ քեզ նշանենք, քավոր լինեմ, Անուշը խառնվում է խոսակցությանն ու ասում՝ ես էլ քավորկին կլինեմ: Որոշ ժամանակ անց Հարութն Անուշին  հիշեցնում է այդ խոսքերը, իսկ մի քանի ամիս անց արդեն նրանք մոտենում են տնօրենին և խնդրում իրենց առանձին սենյակ հատկացնել: Այնուհետև նաև եկեղեցով ամուսնանում են: Հարութն ասում է՝ «դու մի ասա Անուշը տնօրենի հետ շուտ էր պայմանավորվել, որ գյումրեցի լավ տղա կա, կամուսնացնեն հետը»: Անուշն էլ ասում է, որ չնայած իրեն առաջարկություն անողներ շատ են եղել, բայց ինքը միանգամից Հարութին է հավանել:

«Էս աչքերն էին, որ ինձի գրավեց, խաբեց, եկավ սենյակս ընձի հետ բնակություն ըրավ», - ժպտալով ասում է Հարութը՝ նայելով կնոջ կապույտ աչքերին: Անուշն էլ աչքերով խաղեր է տալիս ամուսնուն ու պարբերաբար աչքով անում :  

«Բոյով, սիրուն, վիդով, բառապաշարով է, - ամուսնու մասին ասում է Անուշը՝ խոստովանելով, որ ամուսնուն շատ է խանդում: - Սրան իմ երկու ամուսնուց էլ շատ եմ սիրում, աշխարհի չափ: Ինքը շատ հոգատար մարդ է: Ծանդըր մարդ եմ սիրում, թիթիզ, ղզիկ մարդն ո՞ւմ է պետք»:

«Բա որ էդքան շատ կսիրեիր, ինչի՞ կռավաթս չթողիր կռավաթիդ կողքը դնեմ», - կնոջն ընդհատում է ամուսինը: Նրանց անկողինները ոչ թե կողք կողքի, այլ իրար հետև են: Կինն էլ ասում է, որ երբ ուզենա, կթռնի ամուսնու անկողնու մեջ:  

Առաջին անգամ Անուշն ամուսնացել է 18 տարեկանում, երեխա չեն ունեցել, բաժանվել են: Երկրորդ ամուսնությունից նույնպես երեխա չի ունեցել, բայց պահել է ամուսնու երեք երեխաներին: Մինչև հիմա էլ ամուսնու երեխաների հետ կապի մեջ են: Բայց և խոստովանում է, որ հեշտ չի եղել ուրիշի երեխաներին պահելը:

Հարութը գյումրեցի է, և երկրաշարժից հետո ընտանիքով ապրել են վագոն-տնակում: Մինչև հիմա ընտանիքը հերթի մեջ սպասում է, որ իրենց տուն հատկացնեն:  2005 թ.-ին Հարութի կինը մահացել է, մեկ տարի հետո թոռն է ամուսնացել: Նա էլ տեսնելով, որ նեղ պայմաններ են, տեղափոխվում է Հրազդան աղջկա մոտ: Այստեղ էլ ծանոթներից մեկի միջոցով իմացել է տուն-ինտերնատի մասին և մի օր գաղտնի տեղափոխվել այստեղ: Հիմա ժամանակ առ ժամանակ Հարութն ու Անուշն են գնում երեխաներին այցելության: Անուշի խոսքով՝  երեխաներն իրեն լավ են ընդունել, ինքն էլ երեխաներին սիրում է, քանի որ նրանց հորն է սիրել:  

«Պետք է սիմպատիան բռնի, որ սիմպատիան չբռնի, մենակ սերն ինչ է, - ասում է Անուշը: - Իմ կյանքի ընկերն է: Էլ ո՞վ ունեմ էստեղ բացի իրանից, ոչ մեկ, իմ տերն ու տիրկալն է»:

Նանուլի և Խորեն Կարախանյաններն արդեն 44 տարվա ամուսիններ են: Սկզբից ծերանոց է եկել Խորենը, մեկ տարի առաջ, երբ լրացել է կնոջ 63 տարեկանը, ամուսնու մոտ է տեղափոխվել նաև կինը:  

Նանուլին հիշում է, որ նախքան ամուսնանալը երազում տեսել էր ապագա ամուսնուն, իսկ երբ տեսել է նաև իրականում, մտածել է՝ «ուրեմն ինքն է, ելք չկա»: Բայց և խոստովանում է, որ սկզբում չէր համաձայնում ամուսնանալ, իր խոսքով՝ մի լավ տանջել է, Խորենն էլ փախցրել է նրան: Նանուլիի խոսքով՝ շատ խիստ ընտանիք ուներ, որը, սակայն հավանում է փեսային: Այնուհետև խոստովանում է. «Մամաս շատ խսիտ էր, բայց ամուսնանալուց հետո ազատություն եմ ստացել վերին աստիճանի»:

Ամուսինների խոսքով՝ միշտ միասին են եղել, հաշտ ապրել, ամեն դժվարություն հաղթահարել միասին: Կարծում են, որ առողջ հարաբերությունների հիմքը վստահությունն ու իրար հասկանալն է: Նանուլիի խոսքով՝ իրենց կյանքի ամենդժվարին պահը երեխա կորցնելն էր. առաջին հղիության ժամանակ վիժելուց հետո նրանք այլևս երեխա չեն կարողացել ունենալ:

«Իմ ծնողները շատ բաներ են խոսել, բայց ես ռիսկով ասել եմ՝ խոսացիք հիմա, մյուս անգամ այդ հարցով էլ իմ տուն չգաք, - ասում է Խորենը:- Ես ընտրել եմ, ես էլ պիտի ապրեմ»:

Այդ ժամանակ Նանուլին, ով հուզվել էր և մի քանի րոպե լուռ նստած էր, ասում է՝ պարի երաժշտություն չկա՞, պարենք: Խորենն էլ հպարտանալով ասում է, որ ինքն է կնոջը պարել սովորեցրել և իրենք իրար հետ հաճախ են պարում:

«Ամենակարևորը՝ թեթև տարեք ամեն ինչ, ապագայի մասին մտածեք, - ասում է Նանուլին: - Կյանքն էնքան կարճ է, ակնթարթային, որ պետք չէ ինչ-որ բաների հետևից ընկնել»:

Սառա Հակոբյանն ու Հրաչ Գրիգորյանը երկու տարվա ամուսիններ են: Հրաչը առաջ կոշիկի գործով է զբաղվել, վերջին տարիներին զբաղվում է բուսաբուժությամբ: Իսկ Սառան 1984-1996 թթ.-ը եղել է բանկի կառավարիչ:

«Եկել եմ էստեղ, հենց առաջին օրը ծանոթացել եմ էս ընկերոջ հետ, - ասում է Սառան: - Դեռ ներս չէի մտել, եկել ասում ա` վայ էս ինչ լավ աղջիկ ա եկել»:

Հրաչն էլ պատմում է, որ Սառայի գալուց 12 տարի առաջ ինքը բաժանվել էր կնոջից, եկել ծերանոց, ուզում էր էլի ամուսնանալ, բայց իրեն հարմար կին չէր գտնում:

«Ես կնիկ եմ ուզում, որ սիրուն լինի, բերանը փոքր լինի, ոտերը փոքր լինեն: Ճաշն էլ ես կեփեմ, լվացքն էլ ես կանեմ, - ասել է Հրաչը նախքան ամուսնությունը: - Ասում էին՝ դե ասա կուկլա ես էլի ուզում, ասում եմ` հա, կուկլա եմ ուզում, որ դնեմ կողքս, ման տամ»:

«Հիմա ճաշն էլ է սարքում, ամաններն էլ է լվանում, մենակ ավել չի անում», - ծիծաղելով ասում է Սառան:  

Նրանք պատմում են, որ իրար հետ հաճախ են դուրս գալիս զբոսնելու, Հրաչը մեքենա ունի, լավ եղանակներին իրար հետ գնում են Սևան: Սառան ասում է՝ ամեն ինչ շատ լավ է, եթե Հրաչի հաճախակի գոռալը չլինի: Հրաչն էլ խոստովանում է, որ ինքը շուտ բռնկվող է, բայց և «միսն առանց ոսկորի համով չի լինում»:

Սառան առաջին ամուսնությունից երկու տղա է ունեցել, երկուսն էլ 40 տարեկանում մահացել են թմրանյութերի ու ալկոհոլի չարաշահման պատճառով, մահից հետո թողել մեծ պարտքեր, որի արդյունքում Սառան կորցրել է ամբողջ ունեցվածքը: Այժմ նրա երկու թոռներից մեկն ԱՄՆ-ում է, մյուսը՝ «մեկ-մեկ գալիս է»: Հրաչն էլ մի տղա, մի աղջիկ ու 4 թոռ ունի, բայց շատ հազվադեպ է նրանց հետ հանդիպում:

«Եթե ինքը չլիներ, ես հիմա ամուրի էլ մնացած կլինեի, - ժպտալով ասում է Հրաչը: - Եթե մեզանից մեկը գնա, գնացողը հանգստանում է, մնացողն է մեռնում, որովհետև մեկս մյուսին էնքան պետք ենք: Ամենալավն էն ա, որ գոնե խորը ծերություն սենց լավ վերջանա, մտածելու բան չունենք»:

լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (1)

hovik
մենք պարծենում ենք ձեզանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter