HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հայաստանում բժիշկների ավելցուկ կա ու բուժքույրերի պակաս

Առողջապահական համակարգում բուժքույրերի պակաս կա: Այդպիսի եզրակացության կարելի է հանգել ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի մարդկային ներուժի զարգացման  ռազմավարությունը» կարդալիս: 2011 թ. տվյալների համաձայն՝ Հայաստանում մոտ 32 հազ. բուժաշխատող կա, որոնցից 13,5 հազ՝ բժիշկ և 18,5 հազ.՝ բուժքույր (միջին բուժանձնակազմ): Վերջին 10 տարում բժիշկների թվաքանակն աճել է 1580-ով, իսկ բուժքույրերինը նվազել 2100-ով:

Արդյո՞ք Հայաստանում իսկապես էլ բուժքույրերի պակաս կա: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենամյա զեկույցում («Առողջապահության վիճակը աշխարհում, 2012»,) Հայաստանում 10 հազ. մարդուն բաժին է ընկնում 37.6 բժիշկ (չի ներառում ստոմատոլոգներին ու դեղագետներին) և 48.2 բուժքույր: Այս հարաբերակցությունը այնքան էլ նորմալ չէ զարգացած երկրների համեմատ, որոտեղ բժիշկների թիվը զգալիորեն քիչ է, իսկ բուժքույրերի թիվը՝ զգալիորեն շատ: Օրինակ՝ ԱՄՆ-ում 10 հազ. բնակչին բաժին է ընկնում 24,2 բժիշկ ու 98,2 բուժքույր: Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշը համապատասխանաբար 27,4 ու 101,3 է: Նույնիսկ Իսրայելում ու Գերմանիայում, որոնք հայտնի են որպես համաշխարհային առողջապահական կենտրոններ, ու որտեղ բուժում են ստանում նաև մեր բազում հայրենակիցները, բժիշկների հարաբերական թվաքանակն ավելի փոքր է, քան Հայաստանում: Այսպես՝ Իսրայելում 10 հազ. բնակչին բաժին է ընկնում 36,5 բժիշկ ու 51,8 բուժքույր, Գերմանիայում՝ համապատասխանաբար 36 և 111:

Սակայն նույնիսկ բժիշկների այս առատությանը՝ հայաստանյան բուժհիմնարկները այցելուների պակաս չեն զգում: Դրա վկայությունն են հիվանդանոցներում գոյացող հերթերը: Դրա պատճառներն, իհարկե, խորն են: Առկա է առողջ ապրելակերպի պակասը, ալկոհոլի ու ծխախոտի չափից ավելի տարածվածությունը, Երևանի ոչ այնքան հաջող միկրոկլիման ու գերբնակեցված քաղաքներին բնորոշ սթրեսները: Այնքան էլ իդեալական չէ առաջնային բուժօգնության և հիվանդությունների կանխարգելման ոլորտը; Այնինչ փորձը ցույց է տալիս, որ բյուջեն ու տնտեսական համակարգը կշահեն, եթե երկիրն ավելի մեծ ուշադրություն դարձնի հիվանդությունների կանխարգելմանը: ԱՀԿ տվյալները ցույց են տալիս, որ  Հայաստանում 100 հազ. բնակչի հաշվով մահացությունների աստիճանն ավելի բարձր է, քան այն երկրների մեծամասնությունում, որոնցում բժիշկների ու բուժքույրերի թվաքանակը զիջում է Հայաստանին: Թվենք մի քանի օրինակներ: Ըստ ԱՀԿ տվյալների՝ Հայաստանում 100 հազ. բնակչի հաշվով մահացությունը 2012 թ. 1026 մարդ է, այնինչ առողջապահական թերի ենթակառուցվածքներ ունեցող երկրներում (չհաշված աֆրիկյան ու ասիական ծայրահեղ հետամնաց երկրների) այն ավելի ցածր է. Վիետնամում՝ 795, Բոլիվիայում՝ 961 և այլն: Մահացության ցուցանիշով զարգացած երկրները մի քանի անգամ զիջում են Հայաստանին;

Հայաստանում վերջին տասնամյակում կտրուկ աճում են ստոմատոլոգների և դեղագետների թիվը, սակայն նվազում է թերապևտների թիվը; Սա մասամբ հետևանք է բժշկական կադրեր պատրաստող բուհերում մասնագիտությունների ոչ ճիշտ բաշխման: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյաների՝ վերջին տասնամյակում ստոմատոլոգիական ֆակուլտետների շրջանավարտների թվաքանակն աճել է 8.7 անգամ, իսկ դեղագիտական ֆակուլտետներին՝ 2 անգամ: Նույն ժամանակահատվածում առողջապահական համակարգում գործող ստոմատոլոգների քանակն աճել է 2.7 անգամ (659-ից` 1788), իսկ դեղագետներինը` 2.5 անգամ (80-ից` 199-ը): Հանրապետությունում ստոմատոլոգների և դեղագետների ամենամյա աճը բերում է մասնավոր կլինիկաների չպահանջարկված աճին: Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների թիվը 2004-ի համեմատ՝ 2011 թվականին աճել է 3.3 անգամ, իսկ մասնավոր ստոմատոլոգիական կաբինետների թիվը՝ 1.6 անգամ:

Միևնույն ժամանակ՝ հանրապետությունը շատ սուր զգում է թերապևտիկ ծառայությունների քանակի ու որակի խնդիրը: Նվազել են նաև մանկաբույժների թիվը: ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստին է ներկայացրել մի ռազմավարություն, որով նախատեսվում է քայլեր ձեռնարկել առողջապահության ոլորտում մարդկային ռեսուրսի առավել օպտիմալ տեղաբաշխման համար: Այսինքն՝ ավելացնել բուժքույրերի թվաքանակը, բուժանձնակազմն ավելի հավասարաչափ բաշխել մարզերի ու Երևանի միջև, ավելի օպտիմալ օգտագործել կրթական ռեսուրսը և այլն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter