HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Պարզած ձեռքով՝ դեպի օֆշորներ

ՀՀ կառավարությունը կրկին շրջանառության մեջ է դրել «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագիծը: Այն ներառվել է կառավարության փետրվարի 13-ի նիստի օրակարգում:

Այս օրենքի առանձնահատկությունն այն է, որ 1 մլրդ դրամից ավելի բոլոր օֆշորային գործարքները հայտարարվում են վերահսկելի: Դա նշանակում է, որ ցանկացած գործարք, որն իրականացվել է շուկայականից ցածր գներով, կհարկվի պարզած ձեռքի հեռավորության սկզբունքով: Այսինքն՝ հարկային մարմինը գործարքի գինը կհամադրի շուկայական գնի հետ ու կճշտի հարկի մեծությունը: Սույն կարգը տարածվելու է բոլոր խոշոր ընկերությունների նկատմամբ, որոնք 1 մլրդ դրամից ավելի շրջանառություն կամ ակտիվ ունեն, անկախ նրանից՝ օֆշորի՞ հետ են գործարք անում, թե՞ ոչ: Գործնականում բոլոր հանքարդյունաբերական ընկերությունները կհայտնվեն վերահսկվողների դերում:

Վերահսկման առաջին օբյեկտը փոխկապակցված ընկերություններն են: Հայաստանում հարկումից խուսափման մի սխեմա կա, որը հատկապես կիրառում են օտարերկրյա կապիտալով ընկերությունները: Այդ սխեման հետևյալն է՝ Հայաստանում արտադրված ապրանքն իրացվում է այն արտասահմանյան ընկերությանը, որը տվյալ արտադրողի սեփականատերն է: Հետևաբար՝ այդ փոխկապակցված ընկերությունները միմյանց միջև շուկայական գին չեն սահմանում: Այս սխեման տարածված է հանքարդյունաբերական ընկերություններում, թեև մինչ այսօր ակնհայտ շեղումների փաստեր չեն հայտնաբերվել, ավելի ճիշտ՝ չեն հրապարակվել: Նման փոխկապակցված գործարքներ հնարավոր են նաև տեղական ընկերությունների միջև:

Նշենք, որ «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագիծն արդեն մեկ անգամ ուղարկվել է Ազգային ժողով, սակայն տնտեսական հարցերի հանձնաժողովում հանդիպել է առարկությունների, քանի որ կառավարությունը լրացուցիչ լծակներ է ստանում բիզնեսին հարկելու առումով: Չի բացառվում նաև, որ ԱԺ հանձնաժողովում շահերի բախում է տեղի ունեցել:

Նշենք, որ տրանսֆերային գնագոյացման սկզբունքն օգտագործվում է բազմաթիվ երկրներում: Առաջին ագամ կիրառվել է ԱՄՆ-ում՝ նախորդ դարի 60-ական թվականներին, այնուհետ կիրառվել Եվրոպայում: Ռուսաստանում այն կիրառում են 2012 թվականից:

Նշենք, որ «Հետքը» հարցում էր ուղարկել ՀՀ կենտրոնական բանկին՝ մի շարք օֆշորային երկրներ Հայաստանից բանկային համակագորվ իրավաբանական անձանց կատարած փոխանցումների մասին տեղեկություն ստանալու նպատակով, սակայն ստացել է խուսափողական պատասխան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter