HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հայաստան են ներկրվել ֆիլոքսերայով հիվանդ խաղողի վազեր

Ֆիլոքսերայով հիվանդ խաղողի վազերի ներկրումը Հայաստան բացառված չէ: Այդ եզրակացությանը կարելի է հանգել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական տեսչության «Ֆիլոքսերա վնասատուի ռիսկի վերլուծության» զեկույցում:

Զեկույցում նշված է, որ ֆիլոքսերայի տարածումը կարելի է սահմանափակել վարակված խաղողի վազերի ներկրման արգելակմամբ, ինչպես նաև հիվանդ վազերն արմատախիլ անելով ու ոչնչացնելով: Սակայն այդ միջոցառումները, նշված է զեկույցում, դեռևս բավարար համարվել չեն կարող, առկա են անորոշություններ և սահմանափակումներ: «Առկա է ներթափանցման հավանականությունը»,- նշված է զեկույցում:

Այնուամենայնիվ, ըստ զեկույցի, վերջին տարիներին Արարատյան դաշտավայրում հաջողվել է կանխել ֆիլոքսերայի տարածումը հայտնաբերված օջախներից դուրս: Նշենք, որ ֆիլոքսերան Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է 1926 թ.՝ նախկին Նոյեմբերյանի շրջանում: Խորհրդային Միությունում հայտարարված խիստ կարանտինի շնորհիվ ֆիլոքսերան այլ շրջաններում չէր տարածվում: Սակայն անկախացումից հետո մի որոշ ժամանակահատված կարանտին հսկողությունը թուլացվեց:

2009 թ. ֆիլոքսերա հայտնաբերվեց Արարատյան դաշտի Գայ համայնքում՝ 3.4 հա-ի վրա, այնուհետ՝ Էջմիածնի մերձակա Աղավնատուն համայնքում՝ 12 հա: Արարատյան դաշտում ֆիլոքսերայի հայտնաբերումից հետո գյուղատնտեսության նախարարությունը հայտարարեց կարանտին, ինչն օգնեց կանխել վնասատուի տարածումն այլ տարածքներում: Սակայն վնասված այգիներն արմատախիլ անելու ծրագրերը դեռևս չեն կատարվում՝ գյուղացիների դիմադրության պատճառով: Վարակված այգիների արմատախիլ անելն ու ֆիլոքսերադիմացկուն տնկիների տեղադրումը միակ ճանապարհն է վարակը ոչնչացնելու համար, սակայն դա կապված է մեծ ծախսերի հետ, ինչին գյուղացիները պատրաստ չեն: Եվրոպայում 30 տարվա ընթացքում ֆիլոքսերա վնասատուն ոչնչացրել է 6 մլն հա խաղողի այգի, իսկ հայտարարված կարանտինը բավարար չի եղել վնասատուի տարածումը կանխելու համար: Ֆիլոքսերայի պատճառով խաղողի վազերը ժամանակի ընթացքում չորանում են:

Հայաստանը, ըստ զեկույցի, նպաստավոր բնակլիմայական պայմաներ ունի ֆիլոքսերայի տարածման համար: Գործնականում այդ վտանգը կախված է խաղողագործական բոլոր շրջանների վրա: Ֆիլոքսերան տարածվում է տնկիների, գյուղատնտեսական գործիքների, հենասյունների միջոցով: Ֆիլոքսերա կա Վրաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում և այլուր: Որպեսզի ֆիլոքսերան մեր հանրապետությունում տարածման այլ օջախներ չգտնի, զեկույցի հեղինակներն ահրաժեշտ են համարում բացառել վարակված տնկիների ներկրումը, խստորեն պահպանել ներքին կարանտինը: Ներկայում ֆիլոքսերայի տարածման ռիսկը հանրապետությունում գնահատվել է միջին  աստիճան, սակայն կարանտինի պայմանների թուլացման պարագայում այդ ռիսկի աստիճանը կարող է էապես բարձրանալ: Ֆիտոսանիտարական պայմանները համարվում են պարտադիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter