HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտագնա աշխատանքի չմեկնելը դժվարություններ կստեղծի եւ՛ ընտանիքների, եւ՛ համայնքի համար

Յուլիա Գրիգորյան 

Հոռոմի գյուղամիջում հավաքված մի խումբ տղամարդիկ զրուցում էին Ռուսաստան մեկնելու խնդիրների մասին: «Տասը տարուց ավելի է՝ դուրս եմ գալիս: Տեղում աշխատանք չկա, բոլորս անգործ ենք եւ գոյատեւում ենք դրսի աշխատանքով: Տարվա ուղիղ կեսը ստիպված ենք օտար երկրում լինել, սակայն ուրիշ ճար չկա: Էսօր փաստաթղթային լուրջ դժվարություններ են ստեղծել, պատրաստվում ենք մեկնել, բայց չգիտենք` կհաջողվի՞»,- դժգոհեց Ռուստամ Նալբանդյանը:

Հոռոմ գյուղն ունի 550 տնտեսություն՝ 2545 բնակչով: Գյուղն ապրում է դրսից ստացվող տրանսֆերտների հաշվին, տղամարդկանց մեծ մասը մեկնում է սեզոնային աշխատանքի: Ներգաղթյալների մասին ՌԴ նոր օրենքը, Հոռոմ համայնքի ղեկավար Աշոտ Պասկեւիչյանի ասելով, դժվարացրել է արտագնա աշխատանքի մեկնելու գործընթացը: Մարդիկ վախենում, ետ են գալիս, ոմանք հրաժարվել են գնալու մտքից, մյուսները փորձում են ճարպկությամբ գործը գլուխ բերել, բայց խոչընդոտները շատ են: Համայնքի ղեկավարն այլ մտահոգություն էլ ունի. «Արտագնա աշխատանքի եթե չգնացին եւ մնացին այստեղ, հա՛մ իրենց համար վատ կլինի՝ չեն կարողանա ապրել, հա՛մ մեզ համար վատ կլինի, որովհետեւ չենք կարողանա գանձել հողի հարկը»:

Շիրակի մարզի Հոռոմ համայնքում սեփական եկամուտը 2013թ. կազմել է 45 մլն 991 հազար 700 դրամ, սեփական եկամուտների հավաքագրումը բոլոր աղբյուրներից կատարվել է 100-115%-ով: 2012թ. համեմատ հավաքագրման ցուցանիշն ավելացել է 30%-ով, իսկ պետության հատկացրած դոտացիան կազմել է 29 մլն 339 հազար դրամ: Արդեն 1 տարի 2 ամիս համայնքի ղեկավարումը ստանձնած Աշոտ Պասկեւիչյանի խոսքով՝ դոտացիան օգտագործվում է միայն գյուղի զարգացման նպատակով: Ի տարբերություն այլ համայնքապետերի գործելաոճի, այդ գումարից աշխատավարձ չի տրվում: 

Համայնքապետի տեղեկացմամբ՝ անցած տարի համայնքում ջրազրկված թաղերի ջրամատակարարումը վերականգնելու համար 3 կմ նոր ջրագիծ է կառուցվել, որի համար պետական բյուջեից տրամադրվել է 7 մլն 700 հազար դրամ, եւս 3 մլն 800 հազար դրամ ներդրվել է համայնքային բյուջեից: Հիմնովին նորոգվել է մշակույթի տան մի սենյակը՝ որպես խաղասենյակ օգտագործելու նպատակով: Կատարվել է ոռոգման ցանցի մաքրում եւ վերանորոգում, 2-3 կմ ճանապարհահատվածի հարթեցում, եւ տարեկան 2-3 անգամ աղբահանություն է իրականացվել:

«Գյուղում հրատապ է խմելու ջրագիծը վերանորոգումը,- ասում է Աշոտ Պասկեւիչյանը,- առաջիկա 3 տարիների ընթացքում մոտ 12 կմ երկարությամբ ջրագծերի վերանորոգում է նախատեսված, որի համար կպահանջվի ավելի քան 40 մլն դրամ»: Ծրագիրը հնարավոր է իրականացնել համաֆինանսավորմամբ, որի համար դիմել են Շիրակի մարզպետին: Վերջինս խոստացել է հնարավորության դեպքում մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրում ընդգրկել: Հոռոմ համայնքի հրատապ լուծում պահանջող խնդիրներից է ոռոգման ցանցի վերանորոգումն ու ընդլայնումը, արոտների ջրարբիացումը եւ անասունների ամառանոցի վերանորոգումը: Համայնքի ղեկավար ասելով` գյուղից 15 կմ հեռավորության վրա կար անասունների ամառանոց, սակայն անհետեւողականության պատճառով տարիների ընթացքում այն քիչ-քիչ վերացել է: Այժմ անասունները արոտի են տարվում այլ համայնքներ: «Փորձում ենք վերանորոգել ամառանոցը եւ ակնկալում ենք մարզպետի աջակցությունը: Տարածքը քարտեզագրվել է, մնում է կառավարությունը հաստատի: Աշխատանքների 20 տոկոսը կֆինանսավորվի տեղական բյուջեից»,- ասաց համայնքապետը:

Ա. Պասկեւիչյանը համայնքի զարգացման առաջնահերթ խնդիրներից առանձնացրեց նաեւ վթարային դպրոցի հիմնանորոգումը: Երկրաշարժից հետո այն ոչ մի անգամ չի ամրացվել կամ վերանորոգվել: Դպրոցը բավական մեծ է, նախատեսված է 750 աշակերտի համար, սակայն այժմ օգտագործվում է ամբողջ շենքի առավել անվտանգ հարկաբաժինը, որտեղ ուսանում է 229 աշակերտ, եւ տվյալ տարածքը վերանորոգվել է 2012-ին: Գրեթե կես դար դպրոցում օգտագործվում է նույն կահույքը:

Համայնքը մանկապարտեզի տիպային շենք չունի: Գործող մանկապարտեզը տեղակայված է մշակույթի տան մի հատվածում: Համայնքապետի խոսքով՝ գյուղում կա կիսակառույց շինություն, որը շատ հարմար կլինի մանկապարտեզի համար: Ա. Պասկեւիչյանը պատրաստ է բյուջեից ներդրումներ կատարել շենքի կառուցումը ավարտին հասցնելու եւ կահավորման համար: Դրա համար դիմել է Սոցհիմնադրամի աջակցությանը, սակայն առայժմ համագործակցության առաջարկներ չկան:

Նշենք, որ Հոռոմի մանկապարտեզը տարածաշրջանում եզակի համայնքապատկան կառույցներից է, որը գործում է ամբողջ տարին՝ անկախ ձմռան ջեռուցման մեծ ծախսերից: Մանկապարտեզն ունի 1 ճաշասենյակ, 1 խաղասենյակ, առանձին խոհանոց: Թե՛ միջանցքներում, թե՛ սենյակներում օպտիմալ ջերմաստիճանը պահպանված էր:

Հոռոմի նախակրթարանի տնօրեն Մարինե Հարությունյանի տեղակացմամբ՝ մանկապարտեզին համայնքի բյուջեից տարեկան հատկացվում է 5 մլն 500 հազար դրամ, եւ ջեռուցման ու սննդի խնդիր չունեն: 2009-ից մշակույթի տան ներքո գործող մանկապարտեզ հաճախում են 5-6 տարեկան երեխաներ, կազմավորված է 25 հոգանոց ավագ խումբ: «Սենյակները չեն բավարարում կրտսեր խմբեր ձեւավորելու համար, եթե տիպային շենք ունենանք, մանկապարտեզ հաճախող 1-6 տարեկան երեխաների թիվը կհասնի 100-ի»,- ասում է նա: Համայնքում ծնելիությունը բավականին բարձր է, անցած տարի ծնվել է 29 երեխա:

Գյուղն ամբողջովին գազիֆիկացված է, սակայն գազի թանկացման պատճառով կապույտ վառելիքը ջեռուցման նպատակով օգտագործողների թիվը նվազել է: Բնակչության 70%-ը տունը ջեռուցում է աթարով ու վառելափայտով: Համայնքի բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Եղած 1600 հեկտար ցանքատարածություններից մշակվում է 600-700 հա-ը: Համայնքապետը նշեց, որ հողերի մշակման ծախսերը մեծ են, եւ շատերն ի վիճակի չեն մշակել այն: 2011թ. պետությունից վերցված առաջին վերարտադրության ցորենի սերմացուի 1 մլն 600 հազար դրամի պարտքը դեռ փակված չէ, քանի որ հիմնական մասը բերք չի ստացել, մնացածն էլ գումարը չվերադարձնելու պատճառներ է փնտրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter