HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիան հայերին ուզում է զրկել անգամ երազելու իրավունքից

Թուրքերն այսօր բացահայտ խոսում են Օսմանյան կայսրության վերականգնման մասին: Իհարկե, դա ուզում են անել այլ փաթեթավորմամբ, սակայն էությունը դրանից չի փոխվում: Եվ սա պարզապես խոսակցությունների մակարդակով չէ, այլ կա հստակ ձևակերպված և իրականացվող պետական քաղաքականություն: Եթե ժամանակին Լենինը Ռուսաստանյան կայսրությունը կոչել է «ժողովուրդների բանտ», ապա Օսմանյան կայսրությունը հաստատապես կարող ենք կոչել «ժողովուրդների սպանդանոց»: Խոսքը հենց ա՜յդ սպանդանոցի վերականգնման մասին է:

Աշխարհում չի եղել որևէ այլ պետական միավորում, գոնե վերջին հինգ հարյուր տարվա մեջ, որտեղ այլազգիները և այլակրոնները պետական մակարդակով և օրենսդրորեն ենթարկված լինեն բազմաբնույթ խտրականության, դաժան ջարդերի և, ի վերջո, աննախադեպ ցեղասպանության:

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե գերմանացիները խոսեին Երրորդ ռայխի կամ դրա ազդեցության վերականգնման մասին: Իսկ մենք լռության մատնեցինք և լռության ենք մատնում թուրքական նման հայտարարությունները: Փոխանակ, որպես այդ կայսրության և դրա իրավահաջորդի կողմից ցեղասպանության ենթարկված և հայրենազրկված ազգ ու պետություն՝ ամեն քաղաքական խաչմերուկում բողոքեինք դրա դեմ:

Թերևս մեր ակնկալիքն այն է, որ թուրքերը երախտագիտությամբ կփոխադարձեն մեր զուսպ վարքին: Երջանիկ միամտություն, որը կարող է ունենալ միայն թուրքերին չճանաչողը: Մի՞թե պարզ չէ, որ Օսմանյան կայսրության վերականգ­նումը, անկախ նրա դրսևորման ձևից, նշանակում է Հայաստանի Հանրապետության վերջը:

Օրեր առաջ աշակերտի պարզ հարցին՝ Հայաստանի ապագա սահմանների վերաբերյալ, Սերժ Սարգսյանը տվել է բավականին մեղմ, խիստ ընդհանուր, ես կասեի՝ խուսափողական, պատասխան: Ավելին, նա ըստ էության ասել է, որ ինքը մտադիր չէ Թուրքիային որևէ պահանջ ներկայացնելու, քանի որ իր սերնդի գործը համարել է ավարտված: Նա չի ասել, որ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ՝ ամեն ինչ անելու է, որ վերջ դրվի Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի, կրկնում եմ՝ Հայաստանի Հանրապետության տարածքի և ոչ թե վերացական հայկական հողերի՝ Թուրքիայի կողմից ապօրինի ռազմակալմանը:

Այս միջադեպը երևի աննկատ կմնար, եթե չլիներ Թուրքիայի բարձրացրած աղմուկը: Իսկ ո՞րն է Թուրքիայի նպատակը տվյալ դեպքում: Կարծում եմ՝ հերթական անգամ Հայաստանից հավաստիացումներ պոկելն (իսկ դա մի անգամ արդեն ամրագրվել է արձանագրությունների մեջ) առ այն, որ Հայաստանը Թուրքիայից որևէ պահանջ չունի, այսինքն՝ ուրացման քաղաքականության միջոցով Հայաստանի հերթական ստորացումը միջազգային հարաբերու­թյուններում:

Թուրքիայի այսօրվա վարքի մեջ է դրսևորվում նաև տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունների գաղտնիքը: Շատերն ասում են՝ Թուրքիայի ինչի՞ն էր պետք ստորագրել տալ արձանագրությունները՝ նախապես իմանալով, որ դրանք չի վավերացնելու: Ոնց թե՝ ինչին էր պետք, բա հայոց պետականության հրապարակային ստորացո՞ւմը: Թուրքիան աշխարհին ցույց տվեց, որ իր հետ հարաբերությունների համար հայերը պատրաստ են գնալ գրեթե ամեն ինչի, ամեն ուրացումի:

Սա գործնական հարթության վրա, իսկ խորքային առումով Թուրքիայի նպատակներն ավելի վտանգավոր են: Թուրքիան հայերին ուզում է զրկել անգամ երազելու իրավունքից: Թուրքերը մեզ զրկել են գրեթե ամեն ինչից, իսկ հիմա էլ ուզում են զնդանել մեր ոգին և շղթայել մեր միտքը:

Զրկեք ցանկացած ազգի երազելու ունակությունից, և նա ազգից կդառնա սպառողական շուկա: Երազանքը, անգամ անիրականանալի թվացող երազանքը, ազգի ոգու աղն է, որը փրկում է այդ ոգին փչանալուց:

Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
27 հուլիսի, 2011թ.

Մեկնաբանություններ (1)

Գոհար, զինվորի մայր
Ամբողջությամբ կիսում եմ Արա Պապյանի տեսակետը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter