HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Նոր մանրամասներ Որոտանի հէկի վաճառքի մասին

Սամվել Ավագյան
Լևոն Հայրապետյան 

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Որոտանի հէկը ContourGlobal Hidrocaskade ընկերությանը վաճառելու մասին: Գործարքի կողմ է նաև «Սի-Ջի Սոլյուշնս Գլոբալ Հոլդինգ Քամփնի» ընկերությունը: Գործարքը գնահատվում է 120 մլն դոլար, բացի այդ՝ ամերիկյան կողմը պարտավորվում է 70 մլն դոլարի ներդրում իրականացնել: Հայաստանում գրանցված ««ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ»» ՓԲԸ–ի հիմնադիրը Լյուքսեմբուգում գրանցված «ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՏԵՐՐԱ ՀՈԼԴԻՆԳՍ ՍՊԸ-ն էր (100% բաժնետեր): Սակայն 2013թ. հոկտեմբերի 15-ին բաժնետերը փոխվել է եւ դարձել «Սի-Ջի Սոլյուշնս Գլոբալ Հոլդինգ Քամփնի»: Ընկերությունը գրանցված է ԱՄՆ-ի Դելավեր նահանգի Վիլմինգտոն քաղաքում: Դելավերը նույնպես օֆշորային գոտի է:     

Որքանո՞վ 1 արդարացված այս գործարքը, կամ դրա շուրջ բարձրացված աղմուկը: Որոտանի համակարգը բաղկացած է 3 հէկ-ից ու 4 ջրամբարից: 1970 թ. դեկտեմբերին գործարկվել է համալիրի առաջնեկը՝ Տաթևի հէկը, 1978-ին՝ Շամբի, իսկ 1989թ.՝ Սպանդարյանի հէկերը: Համակարգի գործունեության «երաշխիքային» ժամկետը մոտ 40 տարի է: Հետևաբար, Տաթևի ու Շամբի հէկերն արդեն արդիականացման կարիք են զգում, այլապես վթարներից խուսափել չի լինի: Իսկ դա Հայաստանի էներգետիկ համակարգի համար էական նշանակություն ունի՝ Որոտանի հէկի գումարային հզորությունը 404 Մգվտ է, տարեկան արտադրվում է մոտ 1 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա (Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 15-20%-ը): Այլ կերպ՝ Որոտանի հէկը «կես» ատոմակայան է, կրկնակի հզոր է Երևանի ՋԷԿ-ից ու համեմատելի է Հրազդանի ՋԷԿ-ի հետ: Անտարակույս՝ Որոտանի հէկը Հայաստանի ռազմավարական կարևորագույն կառույցներից մեկն է:

Թեև Որոտանի հէկում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքն ամենացածրն է՝ համակարգն աշխատում է վնասով: Ըստ «Որոտանի ՀԷԿՀ» ընկերության ֆինանսական հաշվետվության՝ տարեկան վնասի չափը կազմում է մոտ 2 մլրդ դրամ: Սա պայմանավորված է նրանով, որ էլեկտրական ցանցերին Որոտանի հէկի մատակարարած էլեկտրաէներգիան ամենաէժաններից մեկն է՝ 1 կվտ/ժամը 4,6 դրամ: Համեմատության համար՝ փոքր հէկերը էլեկտրաէներգիան «հանձնում են» 19.4 դրամով,  ատոմակայանը՝ 5,8 դրամով, «Հրազդան 5»-ը՝ 26 դրամով: Միայն Երևանի ջէկն է ավելի «մատչելի»՝ ընդամենը 0,5 դրամ:

Այլ կերպ՝ Որոտանի հէկը հայկական ատոմակայանի ու Երևանի ջէկի հետ էներգետիկ համակարգի հիմնական դոնորներից է: Այս պարագայում նույնիսկ կարելի է զարմանալ, որ ամերիկյան ընկերությունը հետաքրքրություն է ցուցաբերել կայանի նկատմամբ:

Սակայն, ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Էլեկտրաէներգիայի բոլոր սակագները սահմանում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Եթե ամերիկյան ընկերությունը մոտ 190 մլն դոլար ծախս է անելու, հետևաբար պետք է վստահ լինի, որ այդ ներդրումները վերադարձելի կլինեն: Իսկ դա նշանակում է, որ Որոտանի հէկի էլեկտրաէներգիայի գնման սակագինը էապես կբարձրացվի՝ հետագայում անդրադառնալով սպառողներին մատակարարվող սակագնի վրա: Ըստ ՀՀ էներգետիկայի նախարարության պաշտոնական կայքէջում տեղակայված պաշտոնական փաստաթղթերի՝ հետագա գնագոյացման հարցը պետք է կարգավորվի հատուկ բանաձևով: Ամերիկյան ընկերությունը հասույթները 10 տարի հետո պետք է հասցնի մոտ 55 մլն դոլարի (ներկայիս 20 մլն դոլարի համեմատ), իսկ 25 տարի հետո՝ 75 մլն դոլարի: Ընկերության շահութաբերությունը պետք է կազմի առնվազն 8%: Էլեկտրաէներգիայի արտադրությունն արդեն 6 տարի հետո պետք է հասնի տարեկան 1.2 մլրդ կվտ/ժամի՝ ներկայիս 1 մլրդ կվտ/ժամի համեմատ, իսկ այնուհետ երկարատև ժամանակահատվածում կայունանա 1.25 մլրդ կվտ/ժամ մակարդակի վրա: Տարեկան 50 մլն դոլար հասույթ ապահովելու համար Որոտանի հէկի վաճառած էլեկտրաէներգիայի սակագինը պետք է կազմի 16-17 դրամ՝ 1կվտ/ժամի համար: Այսպիսով, Որոտանի հէկի վաճառած էլեկտրաէներգիայի սակագինը պետք է աստիճանաբար հասցվի փոքր հէկերից գնվող սակագներին, իսկ դա չի կարող չանդրադառնալ սպառողներին մատակարարվող սակագնի վրա:

Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ չէր կարելի հիմա բարձրացնել սակագինը, որպեսզի պետական այդ ընկերությունը շահույթներ ձևավորեր ու ինքնուրույն ներդրումներ կատարեր: Ըստ երևույթին, կառավարությունը վստահ չէ, որ ընկերության մենեջմենթը բարձր որակ ունի ու ի վիճակի է մեծամասշտաբ ծրագրեր իրականացնել: Նման պարագայում մասնավոր հեղինակավոր ընկերությունը միշտ էլ նախընտրելի է:

Կա նաև մեկ այլ, քաղաքական ենթատեքստ: Մինչ այժմ էներգետիկ համակարգում խոշոր ներդրումներ իրականացրել է միայն Ռուսաստանը: Ամերիկյան ներդրումներն ինչ- որ իմաստով հակակշիռ են ռուսական ներդրումներին, ու այս տեսակետից՝ արդարացված: Հետագայում ատոմակայանի համար ներդրումներ ներգրավելու համար սա կարևոր նշանակություն կունենա: Սակայն ամերիկյան կողմը մի հետաքրքիր պայման է առաջ քաշել: Ըստ պայմանագրին կցված հավելվածներից մեկի՝ Որոտանի հէկի էլեկտրաէներգիան չի կարող ուղղվել դեպի Իրան: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստիպված է լինելու փոփոխություն կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը կբացառի Որոտանի հէկի ներգրավումը Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերում:

Կարծում ենք՝ Որոտանի հէկի գործարքն, իհարկե, մտահոգիչ կողմեր ունի՝ պայմանավորված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ռիսկերով, սակայն նաև դրական կանդրադառնա էներգետիկ համակարգի հավասարակշռության վրա:

Մեկնաբանություններ (11)

Գեւորգ
1. //Համակարգի գործունեության «երաշխիքային» ժամկետը մոտ 40 տարի է: Հետևաբար, Տաթևի ու Շամբի հէկերն արդեն արդիականացման կարիք են զգում, այլապես վթարներից խուսափել չի լինի:// - Սա մակերեսային եւ գործից անտեղյակ մարդու պարզունակ դատողություն է: Երբ լվացքի մեքենա կամ հեռուստացույց ես գնում՝ երաշխիքը մեկ տարվա համար է տրվում: Սակայն խնամքով օգտագործելու դեպքում այս սարքերը մի 15-20 տարի աշխատում են: Հիդրոկայաններն այս տեսակետից արտակարգ երկարակյաց են: Ձորագէսն օրինակ կառուցվել է 35 թվականներին եւ, առանց մեծ ներդրումների ու ամերիկոսների ,,օգնության,, սուս ու փուս աշխատում է մինչեւ օրս (մոտ 75 տարի!) 2. //Որոտանի հէկի մատակարարած էլեկտրաէներգիան ամենաէժաններից մեկն է՝ 1 կվտ/ժամը 4,6 դրամ: Միայն Երևանի ջէկն է ավելի «մատչելի»՝ ընդամենը 0,5 դրամ:// - այստեղ ակնհայտ ու աներեւակայելի սուտ է պարունակվում: Հիդրոկայանի արտադրած էներգիայի իրական ինքնարժեքը ցածր է մյուս կայանների (ջերմային-քամու-արեւային) համեմատ ՏԱՍՆՅԱԿ ԱԳԱՄՆԵՐ (!): Ամենաանգրագետ տեխնիկն անգամ սա հասկանում է: 3. //Ամերիկյան ընկերությունը հասույթները 10 տարի հետո պետք է հասցնի մոտ 55 մլն դոլարի (ներկայիս 20 մլն դոլարի համեմատ)// - Այդ ինչպես՜, ինչի՜ հաշվին - ջուրն ու հզորությունն են ավելացնելու, թե օգգ - ն՜ (ոչ մեկն իրականում հնարավոր չէ!) Դրա համար գոյություն ունի միայն մեկ ճանապարհ - սակագնի բազմապատկումը: 4. //Սակայն ամերիկյան կողմը մի հետաքրքիր պայման է առաջ քաշել: Ըստ պայմանագրին կցված հավելվածներից մեկի՝ Որոտանի հէկի էլեկտրաէներգիան չի կարող ուղղվել դեպի Իրան:// - Սա հիշեցնում է հայտնի մուլտիկի խոսքերը - ,,Мне коза сейчась сказала, что у нас место мало!,, Այսինքն ինչ ենք մենք այս դեպքում - եթե ոչ ... Козлы!
Նահապետ
Սա ինչ երևույթ է. նախագա կոչվածը բոլորի դուդուկի տակ էլ տրնգի պիտի պարի՞
Նահապետ
Սա ինչ երևույթ է. բոլորի դուդուկի տակ նախագա կոչվածը տրնգի պիտի պարի՞:
Սամվել
Գևորդ, հիդրոէլեկտրակայանն ու կենցաղային տեխնիկան նույն չափորոշիչներով չի կարեի չափել: Ցանկացած սովետական հեկ 40 տարի հետո կապիտալ ներդրումների կարիք է զգում, ինչպես այս հէկ-ը, ինչպես Սևան-Հրազդան կասկադը, որտեղ ռուսական ընկերությունը ևս գնելուց հետո հիմնանորոգման ծրագիր է կազմում, որն ըստ նվազագույն հաշվարկի՝ կարժենա մոտ 20 մլն դոլար: 2. հէկ-ի էլեկտրաէներգիան իսկապես էլ ամենացածր ինքնարժեքն ունի, սակայն դուք սխալ եք հասկացել գրվածը: Խոսքը ոչ թե ինքնարժեքի մասին,է, այլ այն գնի, որով էլեկտրաէներգիան վաճառվում է ՀԷՑ-ին: Իսկ դա 4.6 դրամ է, ու սահմանված է Հարային ծառայությւոնները կարգավորող հաննաժողովի կողմից; Դուք դա հանգիստ կարող եք ստուգել իրենց կայքով:
Vache
isk vonc en tarberelu iranc artadracna gnum parskastan te hrazdani jekin@
Արմեն
դա չեն ստուգում: ուղղակի Իրանի հետ բարձրավոլտ էլեկտրական գիծ կա, Որոտանի հէկ-ը դրան չեն միացնի ու վերջ
Գեւորգ
4-ին: 1. //Թեև Որոտանի հէկում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքն ամենացածրն է՝ // - Իսկ որքան է կոնկրետ? Ինչու չի ներկայացվում, եթե իսկապես ինչ որ բան է փորձվում թվերով հիմնավորվել: 2. //համակարգն աշխատում է վնասով: Ըստ «Որոտանի ՀԷԿՀ» ընկերության ֆինանսական հաշվետվության՝ տարեկան վնասի չափը կազմում է մոտ 2 մլրդ դրամ: Սա պայմանավորված է նրանով, որ էլեկտրական ցանցերին Որոտանի հէկի մատակարարած էլեկտրաէներգիան ամենաէժաններից մեկն է՝ 1 կվտ/ժամը 4,6 դրամ: Համեմատության համար՝ փոքր հէկերը էլեկտրաէներգիան «հանձնում են» 19.4 դրամով, ատոմակայանը՝ 5,8 դրամով, «Հրազդան 5»-ը՝ 26 դրամով: Միայն Երևանի ջէկն է ավելի «մատչելի»՝ ընդամենը 0,5 դրամ:// - Լավ, իսկ ուղեղն ինչի համար է? Հարգելիս դուք ձեր գրած թվերի հիման վրա որեւէ տրամաբանական եզրակացություններ, հարցադրումներ փորձում եք կատարել թե ոչ? Այդ ինչու ՀԷՑ -ը նույն ապրանքը մեկից 20 - 26 - ով է գնում մյուսից 4,5 - ով, 6 - անգամ թանկ! Չէ որ այստեղ ինքն իրեն խնդրվող թալանի գործ է բացվում - խոսքի, Տաթեւի տված էներգիան մի քիչ պակաս ենք ցույց տալիս, փոխարենը՝ Հրազդանի կամ մանր Հեկ - երինը ավել ... ու գնացին միլլիոնները! Սրանից էլ հեշտ բան կա հայերիս համար! (Միայն խնդրում եմ չբացատրեք, թե գիտեք տոկը счетчик - ով են չափում:)
շարունակություն
4 - ին: Իսկ չեք կասկածում որ Տաթեւի նման գրեթե ձրի փող արտադրող մեքենան դիտավորությամբ է սնանկացած ցուցադրվում շատ հասկանալի նպատակով, որպեսզի կուլ տան? Ինչպես մի ժամանակ Զոդի ոսկու հանքը ,,վնասով,, աշխատեց ու ծախծխեցին: Ինչու հեռու գնալ - պետական ռեզերվ ոսկին արժեզրկվող թղթով չփոխարինեցին ու հայտարարեցին, թե տեսակ ինչ օգտակար մեծագործություն կատարեցինք հանրապետության համար! Լավ, ինչքան կարելի է ավերել էս դժբախտ երկիրը? ՎԵՐՋՆ ԻՆՉԻ ՊԻՏԻ ԱՐԺԱՆԱՆ ԱՅՍ ԱՆԿՇՏՈՒՄՆԵՐԸ?
Սամվել
Գևորգ, դուք տեքստը սխալ եք հասկանում, ու այդ սխալի հիման վրա վիրավորական բաներ եք գրում: Հետո ձեզ բացատրում են սխալի էությունը, դուք ոչ թե ներողություն եք խնդրում, այլ շարունակում եք մեղադրել: Ընդ որում՝ դատելով ձեր մեղադրանքներից, այս ոլորտում ևս մասնագետ չեք, ինչում, որ ինձ եք մեղադրում: Ես վերջին անգամ մեկնաբանություն կթողնեմ ձեր գրածին, սակայն եթե շարունակեք նույն ոճով՝ այլևս բանավիճելու մոտիվ չեմ տեսնում:
Սամվել
էլեկտրաէներգիա արտադրող կայանների կողմից ՀԷՑ-ին վաճառքի սակագինը սահմանում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Նա յուրաքանչյուր դեպքի համար առանձին որոշում է կայացնում՝ ելնելով հայտից, ինքնարժեքի հաշվարկի ստուգումից, ՀԷՑ-ի դիրքորոշումից ու վերջնական սպառողի համար որոշվող սակագնից: Այս սակագները իսկապես էլ շատ են տարբերվում, ու առանձին քննարկման առարկա են, սակայն տվյալ հոդվածի նպատակը չի եղել տարբեր կայանների սակագնային վերլուծությոն կատարելը: Որոտանի համար սահմանված 4,6 դրամը իրոք շատ նորմալ գին է, քանի որ ինքնարժեքն իսկապես էլ պետք է շատ ցածր լինի: Սակայն դատելով իրենց հաշվետվությւոնից՝ հիմա զգալի ծածսեր են կատարում պատվարների ամրացման, սարքավորումների նորացման ու վերանորոգման համար: Ցանկացած մարդ կարող է մտնել ընկերության կայքը ու ուսումնասիրել հաշվետվությունը: Քանի որ, ինչպես դուք եք ասում, այստեղ տեխնիկական հարցերից հասկացող մարդ է հարկավոր, ես խորությաբ չեմ ուսումնասիրել: Գուցե իրոք առկա է կոռուպցիոն ռիսկ, ուռճացած ինքնարժեք, չարդարացված ծախսեր, սրանք ապացուցելու համար 1 հոգուն ինտերնետային որոնումը բավարար չէ, պետք են ավելի լուրջ մոտեցումներ; Խորհուրդ եմ տալիս ձեզ՝ զբաղվել դրանով, եթե համարում եք՝ որ ինձանից ավելի լավ մասնագետ եք: Իսկ ես ինձ հէկ-երի տեխնիկական պարամետրերի մասնագետ չեմ համարում, ու չեմ համարել: Ընդամենը ներկայացրելեմ հարցի տնտեսագիտական կողմը, ներկայացնելով փաստեր, որոնք դուք որևէ այլ տեղ չեք հանդիպի: Այդ թվում՝ Իրանի հետ հարաբերությունների հարցը, թեկուզ հենց սակագնի հետ կապված վերլուծությունը, հետագա թանկացման հնարավորությունը
Գեւորգ
10 - ին: //Գուցե իրոք առկա է կոռուպցիոն ռիսկ, ուռճացած ինքնարժեք, չարդարացված ծախսեր ... ես ինձ հէկ-երի տեխնիկական պարամետրերի մասնագետ չեմ համարում,սրանք ապացուցելու համար 1 հոգուն ինտերնետային որոնումը բավարար չէ, պետք են ավելի լուրջ մոտեցումներ// - Իրոք շնորհակալություն անկեղծ խոսքի համար - եւ խնդրում եմ մի վիրավորվեք! Կարծում եմ մեր ցավն ընդհանուր է, իսկ մեր բանավեճը միայն մեզ համար չէ կարեւոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter