HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Ինչպե՞ս են փոխվել բանկային համակարգի ցուցանիշները 2013թ. ընթացքում

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2013 թվականին բանկերի ամփոփ նկարագիրը: Այդ տեղեկատվության հիման վրա փորձենք գնահատել, թե ինչպես ե՞ն փոխվել բանկային համակարգի (22 առևտրային բանկեր) ցուցանիշները 2013 թ. ընթացքում (համեմատության հիմքում դեկտեմբերի 31-ի ցուցանիշներն են);

Բանկերի կանոնադրական կապիտալը հասել է 253 մլրդ դրամի (մոտ 615 մլն դոլար); Նախորդ տարվա համեմատ առկա է կանոնադրական կապիտալների 4,1% աճ; Զգալի աճել են բանկերի և պարտավորությունները, և ակտիվները:

Պարտավորությունները

Պարտավորություններն աճել են գրեթե մինչև 2,5 տրլն դրամ (մոտ 6 մլրդ դոլար)՝ նախորդ տարվա 2,1 տրլն դրամի դիմաց (աճը մոտ 19% է); Պարտավորությունների ամենամեծ աճը, որքան էլ տարօրինակ է, տեղի է ունեցել ֆիզիկական անձանց ավանդների մասով: Դրան նպաստել են ինչպես աշխատավարձերի քարտային համակարգի տարածումը, այնպես էլ ոսկու և այլ երկարաժամկետ ակտիվների նկատմամբ վստահության անկումը: Բանկային ավանդը, այս պայմաններոմ, դիտարկվում է որպես միջոցների պահպանման առավել նախընտրելի տարբերակ: 2013 թ. ընթացքում քաղաքացիները բանկերում լրացուցիչ ավանդադրել են մոտ 150 մլրդ դրամ (մոտ 365 մլնդոլար): Դրա շնորհիվ ֆիզիկական անձանց ավանդների ընդհանուր ծավալը հասելէ 740 մլրդ դրամի (մոտ 1,8 մլրդ դոլար): Համեմատության համար՝ դա 2,9 անգամ գերազանցում է իրավաբանական անձանց ավանդներին: Փաստը, որ ՀՀ քաղաքացիները բանկային համակարգին նման մեծածավալ հարստություն են վստահել (մոտ 1,8 մլրդ դոլարի չափով), լրջորեն մեծացնում է բանկային համակարգի միտումների նկատմամբ հասարակական հետաքրքրության աստիճանը; Մյուս կողմից՝ դեպի բանկային համակարգ միջոցների մեծ հոսքի պատճառով նկատվում է ավանդների տոկոսադրույքի նվազում՝  1-2 տոկոսային կետով: Նշենք, որ ԱՊՀ երկների համեմատ Հայաստանում ֆիզիկական անձանց ավանդների տոկոսադրույքներն ամենացածրերից են՝ տարեկան 7-9%: Ավելի ցածր տոկոսադրույքներ կան միայն Ռուսաստանում և Ղազախստանում; Սա հետաքրքրական է նրանով, որ եթե Հայաստանի բանկային համակարգն ավելի ուժեղ ինտեգրվի Մաքսային միության բանկային համակարգին (դրամավարկային քաղաքականության կոորդինացման տեսանկյումից), ապա մենք կարող ենք ակնկալել կապիտալի ներհոսք Ռուսաստանից և Ղազախստանից: 

Ակտիվները

Կարևոր է, իհարկե, թե ինչպես են բանկերը բաշխել ստացած ռեսուրսները: Բանկային ակտիվները հասել են 2,9 տրլն դրամի (մոտ 7 մլրդ դոլար)՝ 2013 թ. ընթացքում աճելով մոտ 16%-ով: Ակտիվների մոտ 58%-ը վարկերն են, 7,3%-ը՝ պետական արժեթղթերը: Թեև ռեսուրսները հավաքվում են հիմնականում բնակչությունից (ֆիզիկականանձ անցից), վարկերը հիմնականում տրվում են իրավաբանական անձանց: Առաջին անգամ իրավաբանական անձնաց տրամադրվող վարկերի ծավալը գերազանցել է 1 տրլն դրամը (մոտ 2,4 մլրդ դոլար): Ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը կազմել է մոտ 710 մլրդ դրամ (մոտ 1,7 մլրդ դոլար): Բանկային համակարգն այս պահի դրությամբ անհուսալի վարկեր չունի, սակայն կասկածելի վարկերի տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ մի փոքր աճել է և կազմում է 1%:

Հատկանշական է, որ 2013 թ. ընթացքում զգալի նվազել է հանքարդյունաբերությանը տրամադրվող վարկերի ծավալը, փոխարենը զգալի աճ կա կապի համակարգին տրամադրվող վարկերի մասով: Հանքարդյունաբերությանը տրվող վարկերի ծավալը կրճատվել է գրեթե կիսով չափ (84 մլրդ դրամից մինչև 42 մլրդ դրամ): Հանքարդյունաբերության նկատմամբ բանկային համակարգի հետաքրքրության նվազումը կարելի է բացատրել թերևս այն հանգամանքով, որ այդ ոլորտում ներդրումները ֆինանսավորվում են օտարերկրյա բանկերի կողմից: Օտարերկրյա կապիտալը մեծ դեր ունի հանքարդյունաբերությունում, ինչը հեշտացնում է էժան վարկերի ստացումը օտարերկյա բանկերից; Առևտուրն ու սպառողական վարկերը, ինչպես և նախկինում, համարվում են վարկավորման հիմնական ուղղությունները: Երրորդ տեղում հիփոթեքային վարկավորումն է: Այս երեք ուղղություններին բաժին է ընկնում վարկավորման մոտ կեսը: Այս համամասնությունը նախորդ տարվա համեմատ էապես չի փոփոխվել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter