HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հոլանդական հիվանդության հայկական տարբերակը

2013 թ. ֆիզիկական անձինք արտասահմանից բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 2.3 մլրդ դոլար, որից 1.9 մլրդ դոլարը (մոտ 82,5%-ը) առևտրային նպատակ չեն հետապնդել, այսինքն՝ հանդիսացել են տրանսֆերտային փոխանցումներ: Այդ մասին տվյալները ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկը:

Միևնույն ժամանակ, Հայաստանից ֆիզիկական անձինք դեպի այլ երկրներ փոխանցել են 852 մլն դոլար, որից 324 մլն դոլարը(38%-ը) տրանֆերտներ են: Այսպիսով, ընդհանուր մաքուր ներհոսքը կազմում է մոտ 1,45 մլրդ դոլար, իսկ տրանսֆերտների մասով՝ մոտ 1,54 մլրդ դոլար:

Միանգամից նշենք, որ Հայաստանը հերթական ռեկորդն է սահմանել տրանսֆերտների ստացման ծավալով: 2012 թ. hամեմատ` տրանսֆերտներն ավելացել են մոտ 26%-ով, ինչը վերջին տասնամյակում աճի ամենաբարձր տեմպերից է: Սակայն 2013 թվականն առանձնահատուկ է նրանով, որ դեպի արտասահման փոխանցումները նույնպես շեշտակի ավելացել են՝ մոտ 10 անգամ:

Տրանսֆերտների նման շեշտակի աճը ունի և դրական, և բացասական հետևանքներ: Դրականն այն է, որ նպաստում է սոցիալական լարվածության թուլացմանը, նպաստում է գնողունակ պահանջարկի աճին: Սակայն բացասականն այն է, որ ստեղծում է այսպես կոչված «հոլանդական հիվանդության» էֆեկտ, երբ հեշտ եկամուտների պատճառով մարդկանց մի մասը կորցնում է հետաքրքրությունը աշխատանքի նկատմամբ: Հոլանդիայում այդ էֆեկտը ստացվում էր նավթային եկամուտների պատճառով:
Մեր գնահատականներով՝ հանրապետությունում որպես աշխատավարձ տրվում է ընդամենը տարեկան մոտ 2-2,5 մլրդ դոլար (ամսական 180-200 մլն դոլար, չի ներառում գյուղացիության եկամուտները): Այսինքն՝տրանսֆերտների ընդհանուր գումարի (մոտ 1,9 մլրդ դոլար) ու աշխատավարձի ընդհանուր գումարի (մոտ 2,5 մլրդ դոլար) միջև մեծ տարբերություն չկա:

Նշենք, որ Հայաստանում մանրածախ առևտրի շրջանառությունը 2013 թ. կազմել է մոտ 3,6 մլրդ դոլար, այսինքն՝ տրանսֆերտների կշիռը մանրածախ առևտրի շրջանառությունում կարող է հասնել մինչև 50%: Տրանսֆերտներն ապահովում են ՀՆԱ-ի մոտ 20%-ը:

Որոշ տնտեսագետներ կարծում են, որ կառավարությունը պետք է թուլացնի տրանսֆերտների «հոլանդական հիվանդության» էֆեկտը՝ փոխանցված արտարժույթը գնելով և կայունացման ֆոնդեր ստեղծելով: Սակայն դրա գործնական կիրառումը բավական կասկածելի հետևանքներ կառաջացնի:

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական տրանսֆերտային դոնորը. այդ երկրին բաժին է ընկնում մեր տրանսֆերային շրջանառության մոտ 85%-ը (այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ գործնականում չի փոխվել): Ռուսաստանից տրանսֆերտների աճին նպաստում են արտագաղթը, արտագնա աշխատանքի մեկնողների թվի ավելացումը, այդ երկրում ֆինանսական համեմատաբար բարվոք վիճակը՝ կապված միջազգային շուկայում հումքի բարձր գների հետ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2012 թ. Հայաստանն ունեցել է մուտք և ելք անողների 42.8 հազ.մարդ բացասական հաշվեկշիռ, իսկ 2013 թ.՝ 31.1 հազ. մարդ:

Մյուս երկրներից փոխանցումները Հայաստանի համար էական դեր չունեն: Սակայն հետաքրքիր է հետևյալ հանգամանքը: Կա երկրների մի խումբ, որոնց հետ Հայաստանն ունի դրամական փոխանցումների (և առևտրային, և ոչ առևտրային) բացասական բավական մեծ մնացորդ: Այսինքն՝ ավելի շատ փոխանցում ենք, քան ստանում: Այդ երկրներն են Գերմանիան, Չինաստանը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, անգամ Ֆրանսիան ու Իսպանիան: Օրինակ՝ Չինաստանի հետ բացասական մնացորդը 80 մլն դոլար է, Թուրքիայի հետ՝ 25 մլն դոլար, ԱՄԷ-ի հետ՝ 16 մլն դոլար, Գերմանիայի հետ՝ 22 մլն դոլար: Սրանք այն երկրներն են, որոնց հետ ՀՀ քաղաքացիները ակտիվ «ճամպրուկային» առևտուր են անում: Իսկ Թուրքիայի ու Չինաստանի հետ բացասական է նույնիսկ զուտ տրանսֆերային շրջանառությունը: Այսինքն՝ Հայաստանում բնակվողներն ավելի շատ են օգնում Թուրքիայում ու Չինաստանում բնակվող մեր հայրենակիցներին, քան հակառակը: 

Լուսանկարը՝ ru-trade.info

Մեկնաբանություններ (2)

Ինչ էս գրում?
,,Այսինքն՝ Հայաստանում բնակվողներն ավելի շատ են օգնում Թուրքիայում ու Չինաստանում բնակվող մեր հայրենակիցներին, քան հակառակը: ,, - Զարմանալի ու խիստ տարօրինակեզրահանգում է, իրականությանը չհամապատասխանող: Ինչումն է բանը? Ցանկացած անգրագետ առեւտրական գիտե, որ փողը հիմնականում գալիս է ռուսաստանից, հոսում է դեպի նշված երկրները, որտեղից ներկրվում է լայն սպառման ապրանք: Այսպիսով բոլորովին անիմաստ է խոսել ու դատողություններ կառուցել միայն փողի շարժի հիման վրա, թե ով ում է օգնում, որովհետեւ ապրանքը նույնպես փող է՝ մարմնավորված տեսակը - հարգելի տնտեսագետ!
Ինչ էս գրում?
2-in. Duq harc@ uxaki shlov-tpov ek talis! - անիմաստ է խոսել ու դատողություններ կառուցել միայն փողի շարժի հիման վրա, թե ով ում է օգնում - խնդրվում է ավելի ուշադիր կարդալ!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter