HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Ո՞րն է ՀՀ մշակույթի նախարարի պետական լեզուն

Այս շաբաթ հասարակության ուշադրության կենտրոնում դարձյալ հայտնվել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որը մի քանի օր առաջ իր նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպել հայ բլոգերների հետ:

Հանդիպմանը մասնակցել են բլոգերներ Սամվել Մարտիրոսյանը, Տիգրան Քոչարյանը, Արման Սուլեյմանյանը, Արտավազդ Եղիազարյանը եւ զրուցել մշակույթի ոլորտի խնդիրների շուրջ: Հանդիպումից հետո բլոգերները Youtube-ում տեղադրել էին մշակույթի նախարարի հետ իրենց հանդիպման տեսագրությունները, բայց շուտով հանել են տեսանյութերից մեկը` պատճառաբանելով, թե ԶԼՄ-ներն այլ կերպ են մեկնաբանել իրենց զրույցը, սակայն տեսանյութն արդեն համացանցում էր:

Լրագրողների հարձակումների թիրախը դարձել է մշակույթի նախարարի կիսառուսերեն-կիսահայերեն խոսելու փաստը, ինչն անթույլատրելի են համարել մշակույթի նախարարի համար: Բլոգերներն, այնուամենայնիվ, մնացել են այն կարծիքին, թե Հասմիկ Պողոսյանի ռուսախոսությունը հանցագործություն չէ, եւ որ սա, վերջիվերջո, off-the-record հանդիպում էր, եւ նախարարն ինչպես իրեն հարմար էր զգում, կարող էր խոսել:

Հանդիպման ժամանակ տարբեր թեմաներ են քննարկվել: Շոշափվել է նաեւ Սանահինի եկեղեցու վերականգնման հարցը:

Քննարկվող խնդիրների թվում է եղել նաեւ Մինասի որմնանկարների վերականգնման ու տեղափոխման հետ կապված աղմկահարույց պատմությունը, մասնավորապես՝ որմնանկարները «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխելու՝ նախարարության վիճահարույց որոշումը:

Բլոգերները հնչեցրել են Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի հարցը, որը հետեւյալն էր. «Եթե մի խումբ գյումրեցիներ հենց այսօր գումար ներդնեն, արդյո՞ք մշակույթի նախարարությունը թույլ կտա Զվարթնոցի տաճարը տեղափոխել Գյումրի»: Մշակույթի նախարարը դժվարությամբ է պատասխանել այս հարցին՝ ասելով, թե ինքն ընդհանրապես նախընտրում է չպատասխանել նման կարգի հարցերի, քանի որ իրեն ամենից շատ անհանգստացնում է այդ հարցերի վերաբերյալ ցինիզմը: «Պատմամշակութային ժառանգության պահպանությունը չի կարող դառնալ ցինիզմի առարկա»,- ասել է նախարարը:

Իր գործողություններն արդարացնելու համար նախարարը վերստին մեղադրել է տեղացիներին՝ որմնանկարների հանդեպ մինչ այդ ցուցաբերած անտարբերության համար: Առավել հետաքրքրական է այն, որ մշակույթի նախարարը խոսել է «մենք ու դուք» բաժանելու մասին, բայց ոչ մշակութային կյանքի ու կառավարման ապակենտրոնացման, մարզերում մշակութային կյանքի աշխուժացման մասին:

Ըստ որոշ տեղեկությունների՝ բլոգերների հետ մշակույթի նախարարի հանդիպումն առաջացրել է նրա վերադասների զայրույթը եւ կարող է առիթ հանդիսանալ՝ հրաժարականի պահանջ ներկայացնելու համար:                                 

Մեկնաբանություններ (2)

Նուբար Ասլանյան
ՀՀ Մշակույթի(էլ մշակու՞յթ մնաց)տիկին նախարարի «հերոսությունների»շարքից՝ այցելեք խնդրեմ http://nairi.do.am/news/qar_39_sownqi_ar_39_it_39_ov_kam_e_39_s_gyowghowm_mi_kendani_varord_chka/2011-07-28-369 կայքը՝«Քառսունքի առիթով»,կամ էս գյուղում մի կենդանի վարորդ չկա՞ »վերնագրով հոդվածը:
Suren
Նախկին ԽՍՀՄից եկած, ծոյլ, հեշտասեր, թամաշա անող ոչ մի ազգային ջիղ չունեցող անձից ինչ եք սպասում, նրա կամքով եթե լիներ, նա կփոխեր դրոշ, գերբ, եւ մեր երկիրը նորից կսովետացներ։ Հայեղեն լեզուն նրա համար փողոցի լեզու է, իսկ ռուսերենը մշակված լեզու։ Մշակույթի նախարարն չե մեղավորն այլ այն անձինք ովքեր նրան վստահում են այդ կարեվոր պաշտոնը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter