HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նժդեհ համայնքի ղեկավարը միայնակ «կպայքարի» իր պաշտոնի համար

Մարտի 9-ին Սյունիքի մարզի Նժդեհ համայնքում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Առաջադրված միակ թեկնածուն համայնքի ղեկավար Գեղամ Օհանյանն է, ով այդ պաշտոնում է արդեն երեք ընտրաշրջան: «Նախորդ տարիներին մրցակիցներ  ունեի, այս անգամ միայնակ եմ պայքարելու»,- ասում է Գ. Օհանյանը: Պայքարել բառն այստեղ թերեւս խիստ չափազանցված է, որովհետեւ 52 տնտեսություն եւ փաստացի 139 բնակիչ ունեցող համայնքում, որի մեջ ընդգրկված է նաեւ Ցղուն գյուղը, համայնքապետի խոսքով, 132 ընտրող է գրանցված, ինչը նշանակում է, որ ընտրողների մեծ մասը մշտական չեն բնակվում Նժդեհում:

Ի դեպ՝ գյուղում մշտական բնակություն չունեն նաեւ համայնքի ղեկավարի տեղակալը, հաշվապահը, համայնքապետի ընտանիքը: «Նժդեհում մանկապարэտեզ չկար, երեխաներս Սիսիանում էին հաճախում, էդպես էլ հաստատվեցին էնտեղ»,- նշում է համայնքապետը, իսկ աշխատակազմի «արտագնա աշխատանքը» բացատրում է տեղական կադրեր չունենալու հանգամանքով: Նրա խոսքով` թափուր է նաեւ աշխատակազմի քարտուղարի հաստիքը, քանի որ հայտարարված մրցույթին անհրաժեշտ չափորոշիչներով թեկնածուներ չեն դիմում:

Գյուղական բնակավայրերում Նժդեհ համայնքի օրինակը եզակի չէ, երբ համայնքային իշխանությունների աշխատակազմի մի շարք աշխատակիցներ տեղաբնակներ չեն: Հավանաբար ճամպրուկային այս տրամադրությունն էր պատճառը, որ Նժդեհ համայնքի ղեկավարի տեղակալը հեռախոսային զրույցում, տեղեկանալով գյուղ գնալու մտադրությանս մասին, փորձում էր համոզել Սիսիանում հանդիպել կամ ճանապարհին, քանի որ «հազիվ մեքենա կա տուն` 30 կմ հեռու Բռնակոթ գնալու համար»:

Բռնակոթ-Սիսիան-Նժդեհ ճանապարհին երթեւեկող մեքենա գտնելն իսկապես բարեբախտություն է, քանի որ ոչ միայն մինչհամայնքային տրանսպորտ չի գործում, այլեւ անբարեկարգ, խորդուբորդ ճանապարհը, մասնավորապես ձմռանը, գրեթե անանցանելի է: «Հունվարին ճանապարհը փակվել էր, քանի որ գյուղում էլ խանութ չկա, մնացել էինք առանց հացի, ստիպված հարեւաններից մի քիչ պարտքով ալյուր վերցրի, որ երեխեքս սոված չմնան»,- ասում է Ալվարդ Յոլչյանը, ում խոսքով իրենց գյուղում հույսի ոչ մի տեղ չի մնացել, հազիվ աթարով, ռեզինե կոշիկ հայթայթելով կարողանում են «տունը մի կերպ գոլացնել»:

«Առվից ջուր ենք կրում ամեն ինչի համար` լվացքի, հաց ու ջրի, էնքան ենք կրում, որ ձեռքներս շորերիցս երկարել ա»,- դժգոհում է Ալվարդը:

Մեր զրույցի ընթացքում աղջիկը, նկատելով ֆոտոխցիկը, անընդհատ զգուշացնում էր, որ հանկարծ չլուսանկարեմ: «Բա սա կյա՞նք ա, սա հօր ես նկարում, սա նըկրիլի պա՞ն ա, սա սկի տըսնալի էլ չի…»,- կրկնում էր նա: Ինձ նաեւ հետաքրքում էր, թե տեղյա՞կ են, որ իրենց համայնքում ընտրություններ են եւ մասնակցելո՞ւ են արդյոք: «Խաբար չենք, դե վեր ասեն, կքանք ընտրենք, չասեն, հօր քինանք»,- ասում է Ալվարդը: Նրա կարծիքով իրենց գյուղի անմխիթար փողոցների, տրանսպորտի, ջրի, իրենց վիճակի համար համայնքապետը մեղավոր չէ: «Նրա ծերքին պան չկա, մինչեւ Երեւանան մեր տեղը չըգիդան, մեզ մարդատեղ չըտինեն, սհենց ալ մըռնիլու ենք»,- զրույցն ընդհատում է Ալվարդը եւ շտապում դիմավորել Սիսիանից մթերք բերող որդուն:

Կարծիքին, որ «իր ձեռքին բան չկա» մասամբ է համաձայն Գեղամ Օհանյանը: Ըստ նրան՝ թեպետ գյուղը ծովի մակերեւույթից 2030 մ բարձրության վրա է գտնվում, սահմանամերձ է համարվում (Նախիջեւանի հետ), սակայն էական արտոնություն չունեն բնակիչները, միայն այս տարի հնարավորություն է ընձեռվել տեղացի ուսանողների  համար ուսման վարձի որոշակի զեղչեր կիրառել: «Տեղեկանքներ ենք տվել, բայց որքանով կօգնի, չեմ կարող ասել»,- ասում է համայնքի ղեկավարը: Խոսելով համայնքային բյուջեի եկամուտների ապահովման մասին, համայնքի ղեկավարը նշում է, որ հիմնական խնդիրը կապված է 1992թ.-ին հողի սեփականաշնորհումից օգտված այն մարդկանց հետ, ովքեր դրանից հետո ընդհանրապես գյուղ չեն եկել:

«2005թ.-ին 7 սեփականատիրոջ նկատմամբ դատական գործ ենք հարուցել, գործը շահել, հետ վերցրած հողատարածքները վարձակալությամբ տրամադրել ուրիշներին: Եվս 9 դատական հայց կներկայացնենք ընտրություններից հետո»,- ասում է համայնքապետը, շեշտելով, որ 1,2 մլն դրամ բյուջեով հնարավոր չէ համայնքային խնդիր լուծել եւ եթե չլիներ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, իրենց չէր հաջողվի ոչ 2 կմ ջրագիծը կառուցել, ոչ էլ դաշտամիջյան ճանապարհները փոքր ինչ բարեկարգել: «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աջակցությամբ հնարավոր է դարձել արհեստական սերմնավորման միջոցով բարձրացնել խոշոր եղջերավոր անասունների մթերատվությունը, ինչը համայնքի ղեկավարի խոսքով` կարեւոր է անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների համար:

Հ.գ. Նժդեհից տունդարձի ճանապարհին մեքենան հանկարծ արգելակվեց: Քիչ հեռու կանգնած 8-10 տարեկան մի քանի տղաներ առանց տեղից շարժվելու ասես հրճվում էին, թե մեքենան ինչպես է տեղապտույտ տալիս: Նրանցից մեկը սկսեց օղակով ու ձողով հարմարեցված իր ավտոյով նմանակել արգելակած մեքենային: Չգիտեմ՝ ինչու չարախնդալով ասացի. «Գոնե խաղալիք մեքենայով խաղացեք»: «Մեր շենումը մինակ մի խօխա ըտհենց խաղալիք օնի, էն ալ թօղում չի ծեռք տանք»,- լուրջ տոնով ասաց Արման անունով տղան ու շարունակեց»,- գյուղում ապրիլը ծեռք չի տամ, լա պատար մըծացա, ստղերան քալու եմ, դիբետ ալ չեմ յեշելու»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter