HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Բանակցություններ` հասարակության թիկունքո՞ւմ

Հայ ազգային կոնգրեսն ու իշխանությունը վերջապես հստակեցրին այն հարցերը, որոնց շուրջ կայանալու են սկսված բանակցությունները: Եվ վերջնականապես պարզ դարձավ, որ նրանց քննարկման միակ առարկան ընտրությունների անցկացումն է:

Բանակցություններն ընթանալու են միայն այն հարցերի շուրջ, թե որքանով է հնարավոր արտահերթ ընտրությունների անցկացումը Կոնգրեսի պահանջած ժամանակահատվածում` մինչեւ այս տարվա հոկտեմբեր, նպատակահարմար է անցկացնել արտահերթ նախագահակա՞ն, թե՞ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ի՞նչ մեխանիզմերով են ապահովվելու դրանց օրինականությունը, թափանցիկությունն ու արդարությունը: Այսինքն՝ ինչպիսի կոմբինացիա էլ որոշվի, այն բացառապես վերաբերելու է ընտրություններին եւ բխելու է առաջին հերթին իշխանության եւ Կոնգրեսի շահերից:

Անկախ նրանից` խոսքը որ ընտրություններին է վերաբերում, այն առնչվում է քաղաքական դաշտի անխտիր բոլոր ուժերին: Եվ այսպես թե այնպես, իշխանության եւ Կոնգրեսի միջեւ այս բանակցությունների արդյունքները, որոշումները, ուզեն, թե չուզեն, տարածվելու են գործընթացից ինքնաբերաբար օտարված մյուս ուժերի վրա: Ստացվելու է, որ իշխանությունը եւ առանձին վերցրած Հայ ազգային կոնգրեսը փակ ռեժիմով խաղի կանոններ են մշակելու բոլորի համար: Ակնհայտ է, որ նման մոտեցումը չի կարող վստահություն ներշնչել ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական շրջանակներին: Սակայն, մեծ հաշվով, ստեղծված իրավիճակի համար առաջին հերթին մեղավոր են հենց այդ՝ փաստացի մարգինալացված ուժերը, որոնք երկխոսության այլընտրանքային ձեւաչափեր եւ օրակարգեր առաջարկելու փոխարեն 7 ամիս շարունակ դիտորդի կարգավիճակով հետեւում ու կողքից ընդամենը բամբասում էին սկսված հեռակա երկխոսության շուրջ:

Բայց խնդիրը ոչ այնքան այդ ուժերի մեջ է, որքան հասարակության: Ի վերջո, ընտրողը, իշխանություն ձեւավորողը հասարակությունն է: Եվ հարց է առաջանում` այս բանակցությունները որքանո՞վ են բխում հասարակության շահերից: Ըստ էության, գործընթացը գտնվում է հասարակության տեսադաշտից ու դրանով պայմանավորված` նաեւ վերահսկողությունից դուրս: Եթե բանակցողները օրակարգ ձեւավորեին այնպիսի հարցերի շուրջ, որոնք վերաբերում են բացառապես իրենց եւ շոշափում են իրենց շահերը, այս հանգամանքն այդքան էական չէր լինի: Մինչդեռ երկու կողմերն էլ իրենց քայլերը պայմանավորում են հասարակության շահերով, թեեւ նախընտրում են գործել փաստացի նրա թիկունքում: Այս պարագայում ընտրությունների հետ կապված ինչպիսի որոշում էլ կայացվի, ներհասարակական անվստահությունը չի հաղթահարվելու, որովհետեւ հնարավոր գործարքի շուրջ կասկածները շարունակելու են հետապնդել:

Դա առաջին հերթին չի բխում Հայ ազգային կոնգրեսի շահերից, որովհետեւ նա է փորձում իրեն ներկայացնել իբրեւ ողջ հասարակության շահերի սպասարկու: Առաջին հերթին հենց ՀԱԿ-ը պետք է շահագրգռված լիներ, որպեսզի ընտրությունների հետ կապված բանակցություններում կամ երկխոսության մեջ հասարակական-քաղաքական հնարավորինս լայն շերտեր ու շրջանակներ ներգրավված լինեին, ինչը զգալիորեն սահմանափակելու էր իշխանության` ժամանակ ձգձգելու, մանեւրներ կատարելու հնարավորությունները: Տարօրինակ էր հատկապես այն իրողությունը, որ Կոնգրեսը բանակցությունների հրապարակայնության ապահովման ավելի գործուն եւ խելամիտ տարբերակներ չառաջարկեց, իսկ առաջարկածներն էլ որպես պարտադիր կատարման ենթակա պահանջներ չներկայացրեց: Այսինքն՝ ընդամենը հրապարակայնության ապահովման հարց բարձրացնելով` նա իրեն ապահովագրեց դրա շուրջ հետագա քննադատություններից եւ հիմա պետք է արդարանա, որ այդ հարցը չլուծվեց` իշխանության դեմ լինելու պատճառով, իսկ դրա հետ կապված պահանջներ ներկայացնելն ընդամենը կխոչընդոտեր երկխոսության ընթացքին:

Չի կարելի բացառել, որ Կոնգրեսին անընդհատ ընդառաջելու՝ իշխանության մարտավարությունն ուղղված է ՀԱԿ-ի նկատմամբ հասարակական անվստահության խորացմանը: Կոնգրեսում եւս հասկանում են, որ անկախ նրանից` իշխանությունը հետապնդու՞մ է նման նպատակներ, թե՞ ոչ, այս տրամաբանությամբ գործընթացի շարունակումը ուղղակի փոշիացնելու է իր պոտենցիալ ընտրազանգվածը: Դրանով է պայմանավորված հոկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու եւ այդ հարցի շուրջ մինչեւ սեպտեմբեր համաձայնության հասնելու առաջարկը:

Սակայն չի բացառվում նաեւ, որ կողմերն, այնուամենայնիվ, լրջորեն դիտարկեն արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը: Իշխանությունն արդեն երկու շաբաթ է` ոչ միայն չի բացառում, այլեւ հաստատում է, որ նման ընթացքները բացառված չեն: Մանավանդ որ  երկխոսության իր օրակարգային առաջակում ընտրություններում քաղաքակիրթ հարաբերությունների ձեւավորման մասին խոսում է` առանց կոնկրետացնելու՝ խոսքը արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրությունների մասին է:

Սակայն, անկախ Կոնգրեսի սուբյեկտիվ մոտեցումներից, իշխանության գալու նկրտումներից, այսօր արտահերթ ընտրությունների հեռանկարը չբացառող առնվազն երկու քաղաքական նախադրյալ կա: Առաջինը` Ղարաբաղյան հարցում ստեղծված աննախադեպ իրավիճակը, երբ միջազգային հանրությունն այլեւս չի թաքցնում, որ կարող է հիմնարար սկզբունքները ստորագրելու համար կողմերի նկատմամբ անուղղակի հարկադրանք կիրառել: Ընդդիմության հետ բանակցություններով երաշխավորված արտահերթ ընտրությունները կարող են առնվազն ժամանակ ձգելու եւ այդ ճնշումներին դիմակայելու հարց լուծել: Եվ երկրորդ` Կառավարության տնտեսական անարդյունավետ քաղաքականությունը, որը հանգեցրել է կիսամյակային կտրվածքով բյուջեի թերակատարման եւ երկրից անվերահսկելի դարձող արտագաղթի: Սակայն ամբողջ խնդիրն այն է` արդյո՞ք Սերժ Սարգսյանը կգնա նախագահական ընտրությունների: Ամենայն հավանականությամբ, նրանք ձգտում են ծայրահեղ դեպքում համաձայնության հասնել «արտահերթ խորհրդարանական, հերթական նախագահական ընտրություններ» բանաձեւի շուրջ: Ուշագրավ է այն փաստը, որ ՀԱԿ-կոալիցիա պատվիրակությունների երկրորդ հանդիպումից հետո Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը սկզբում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ համաձայնության գալու հնարավորության վերաբերյալ հարցադրմանն ի պատասխան՝ հայտարարել է. «Մենք դեռեւս ոչինչ չենք քննարկել, մենք մեր ժամանակը նվիրել ենք միայն օրակագի ձեւավորմանը»: Այսինքն՝ նա գոնե տեսականորեն չի բացառել այդ տարբերակի շուրջ քննարկումների ծավալումը: Իսկ այդ տարբերակի իմաստն այն է, որ անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապահովվում Կոնգրեսի որակական ներկայությունը խորհրդարանում,  Կառավարությունը ցրվում է եւ, պորտֆելները կիսելով, ձեւավորվում է նոր, ազգային համաձայնության Կառավարություն: Փոխարենը նախագահը շարունակում է պաշտոնավարել մինչեւ իր ժամկետի ավարտը: Սակայն քաղաքականից բացի, դրա համար անհրաժեշտ է նաեւ իրավական, սահմանադրական նախադրյալ, որն այս պահին, գոնե առերեւույթ, չկա, թեեւ դա չի նշանակում,  թե չի էլ կարող լինել կամ գտնվել:

Այնպես որ, տարբերակներ կան, եւ բանակցություններն ընթանալու են հենց այդ տարբերակների շուրջ:                     

Մեկնաբանություններ (3)

noname
Էխ.. մինչ մենք այստեղ պռեզիդենտ ենք ընտրում, աշխարհում շատ ավելի ահավոր բաներ են տեղի ունենում, օրինակ այսպիսի http://pravdorub.net/analitika/sobitiya/1809-totalnyj-kontrol-chelovechestva?antiddos=6d4a924d5a514460ffb412f910dfe84d Դեռ ինչքա՞ն ենք քնելու, հայեր ջան:
Mikael
The dialogue is in the interese of the people of Armenia. The main source of this three-year struggle are the people finding themselves time after time at Liberty Place and by this showing the people's power. During the last three years all political forces has revealed their face. The HAK is our leadership, but we are the fighters. Together we'll win. Struggle until the end.
Կարինե
Կարծում եմ, թե իշխանական և թե ընդիմադիր կողմերը կգտնվեն խելամիտ,, հարցին ճիշտ լուծոււմ տալիս:Անկկախ ամեն ինչից, ոչ մեկին էլ ձեռնտու չէ «ավերակների վրա թագավորելլը»;Հուսանք և սպասենք...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter