HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Տոնական օրերը փչացրել են Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները

Հայաստանյան օրենսդրությամբ՝ հունվարին 8 ոչ աշխատանքային օր կա, չհաշված՝ շաբաթ և կիրակի օրերը: Գործնականում ՀՀ քաղաքացիները այս տարվա հունվարին 14 օր աշխատանքի դուրս չեն եկել: Այնպես է ստացվել, որ այս տարի ոչ աշխատանքային հայտարարված օրերը չեն համընկել շաբաթ-կիրակիների հետ, որով էլ պայմանավորված է հանգստյան օրերի առատությունը: Ճիշտ է՝ աշխատանքային իրավունքները Հայաստանում բնավ էլ բարձր մակարդակի վրա չեն, այնուամենայնիվ, հանգստյան օրերի այս առատությունը բացասաբար է անդրադարձել Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների վրա: Հարկ է նշել նաև, որ ամսվա մեջ երկու կարճատև արձակուրդները (7 օր՝ ամսվա սկզբից, 4 օր՝ ամսվա ընթացքում) աշխատանքի արդյունավետության բարձրացման լավագույն գրավականը չեն:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ տնտեսական ակտիվությունը հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է ընդամենը 1,8%-ով: Սա վերջին տարիների ամենացածր ցուցանիշներից մեկն է: Պատահական չէ, որ տնտեսական ակտիվությունը տուժել է հատկապես այն ճյուղերում, որոնք առավել կախված են հանգստյան օրերի քանակից: Մասնավորապես՝ վերջին 2 տարվա մեջ առաջին անգամ արդյունաբերությունում գրանցվել է անկում՝ 3.3%: Փոխարենը շահել են այն ճյուղերը, որոնք հանգստյան օրերի առատությունից «չեն վախենում»: Այսպես՝ առևտրի շրջանառությունն աճել է 4,6%-ով, ու դա վերջին 5 տարում աճի ամենաբարձր ցուցանիշն է այս ոլորտում: Առևտրի շրջանառության աճը տեղի է ունեցել արտաքին առևտրաշրջանառության ծավալի 3,3% կրճատման պարագայում: Հնարավոր է՝ առևտրի աճը որոշ չափով հետևանք է ստվերի կրճատման: Ընդհանուր առմամբ, հունվարին առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 124 մլրդ դրամ (մոտ 300 մլն դոլար), ինչը դեկտեմբերի շրջանառությանը զիջում է 3 անգամ:

Ծառայությունների ծավալն աճել է 2,6%-ով, ու դրանում վերջին դերակատարումը չի ունեցել զբոսաշրջության, ժամանցային ու հյուրանոցային բիզնեսի ակտիվությունը: Այս ճյուղերը, հայտնի է, էապես շահում են ոչ աշխատանքային օրերի առատությունից:

Շինարարությունում անկումը հունվարին կազմել է 0,4%, իսկ գյուղատնտեսությունում գրանցվել է 1.7% աճ:

Ըստ վիճակագրության՝ աշխատավարձերը հունվարին միջինում աճելեն 10.5%-ով: Նման բարձր հավելաճը բացատրվում է նրանով, որ աշխատավարձի ցուցանիշում հաշվարկել են զինվորականների աշխատավարձերը, ինչը նախորդ ամիսներին չէր արվում: Պետական հատվածի միջին աշխատավարձը հունվարին կազմել է 141 հազ. դրամ, իսկ ոչ պետական հատվածինը՝ մոտ 190 հազ. դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter