HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Մանկատան Կամոն

1992թ.-ի ձմեռն էր, փետրվարը: Խորհրդային բանակը դուրս էր գալիս Ղարաբաղյան հակամարտության գոտուց, երկու կողմին էլ թողնելով իր սպառազինությունը: Հայկական ու ադրբեջանական ջոկատները մնացել էին դեմ հանդիման, անկանոն մարտերն ու հրաձգությունները սովորական բան էին: Կանոնավոր բանակ չկար, ճակատային դիրքերն ամրացնելու համար մեծ քանակությամբ  կամավորների կարիք կար: Կամավորներ հավաքագրելով զբաղվում էին նաև կիսառազմականացված հասարակական կազմակերպությունները:

Ահա այդ ջոկատներից մեկին էլ անդամագրվեց 22-ամյա Արամը, ով ավարտել էր մանկավարժական համալսարանն ու ընդունվել ասպիրանտուրա: Նոր էր ընթերցել Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչ» վեպն ու ուղղակի վառվում էր ֆիդայինների կյանքին ներսից ծանոթանալու ցանկությունից: Ամենապատահական կերպով ընտրեց «Տիգրան Մեծ» կազմակերպության շտաբը, քանի որ այն ամենամոտն էր իր բնակարանին: Շտաբում ոգևորություն էր տիրում, քանի որ կարողացել էին հետ գրավել Էրքեջ գյուղը՝ Հյուսիսային Արցախի ամենահյուսիսային գյուղերից մեկը: Հիմա ցանկանում էին դիրքապահ ջոկատներ ուղարկել, հետագա քայլերը ճշտելուց առաջ: Անհրաժեշտ էր գյուղի մատույցներում հերթապահություն սահմանել, ու նաև ստուգել նոր կամավորներին:

Առանց բացառության ընդունում էին բոլոր կամավորներին, սակայն ջոկատները կազմավորում էին այնպես, որ նորեկների թիվը չգերազանցեր հին կռվողներին: Փետրվարի 1-ի վաղ առավոտյան ուղղաթիռը վեր բարձրացավ Երևանի Էրեբունի  օդանավակայանից ու ուղևորվեց Հյուսիսային Արցախ՝ Շահումյան: Այն ժամանակ Քելբաջարի շրջանը դեռ ադրբեջանցիների ձեռքին էր,  սակայն ուղղաթիռը Մռավի հարավային լանջերի վրայով բարեհաջող տեղ հասավ ու վայրէջք կատարեց նախկին ֆուտբոլի դաշտում: Այնտեղ տղաների մի մասն անջատվեց ու գնաց անհայտ ուղղությամբ: Իսկ 16 հոգանոց ջոկատը , Արամն էլ հետները, 3 վիլիսներով ուղևորվեց դեպի Էրքեջ: Գյուղն այդ ժամանակ արդեն դատարկ էր, սակայն հայ դիրքապահների վերահսկողության ներքո: Էրքեջ – Մանաշիդ – Բուզլուխ գիծը Շահումյանի հյուսիսային  պաշտպանական գիծն էր,  անընդհատ ենթարկվում էր ռմբակոծությունների ու հարձակումների, այդ պատճառով էլ գյուղացիները հեռացել էին: Ադրբեջանական  ջոկատներն ունեին հրանոթներ ու զրահատեխնիկա, իսկ հայկական ջոկատները զինված էին հիմնականում ավտոմատներով, թեթև գնդացիրներով, մի քանի հատ էլ նռնականետ կար: Ուժերն անհավասար էին, այդ պատճառով էլ հայկական դիրքապահ ջոկատներին հանձնարարվում էր ակտիվ հարձակողական գործողություններ չձեռնարկել, միայն պատասխան կրակ արձակել:   

Ջոկատում տարբեր շրջաններից տղաներ կային, սակայն նրանցից մեկը հաստատապես չգիտեր, թե  որտեղից է: Նա մանկատան շրջանավարտ էր, ծնված օրից մանկատանն էր մեծացել, ոչ մի պատկերացում չուներ ծնողների ու իր ծագման մասին: Ոչ կայուն աշխատանք ուներ, ոչ մշտական ապրելու տեղ, հետո խոստովանեց, որ Ղարաբաղ է եկել գոնե քնելատեղ, հագուստ ու սնունդ ունենալու համար: Սակայն հենց սկզբից բոլորի համար գլխացավանք դարձավ: Արդեն երրորդ օրը քիչ էր մնում դժբախտ պատահարի պատճառ դառնար: Բոլոր նորեկներին ի սկզբանե զգուշացրին, որ քնելատեղում, իսկ դա բլրի մեջ փորված հողե մեծ սենյակ էր, ավտոմատ չլիցքավորեն, չքանդեն, չստուգեն, առավել ևս՝ ստուգողական կրակոց չարձակեն: Զենքի բոլոր ստուգումները պետք էր անել դրսում` շառից-փորձանքից հեռու: Միայն Կամոն էր (նրան այդպես էին անվանել, քանի որ մանկատանը հայտնվելու ժամանակ հեռուստացույցով «Կամո»' ֆիլմն է ցուցադրվելիս եղել) կարգը խախտում: Նա որոշում է սենյակում ավտոմատից ստուգողական կրակոց կատարել: Երջանիկ պատահականությամբ գնդակը չի դիպչում սենյակում գտնվողներից մեկին:

Խմիչքի հանդեպ թուլություն ուներ: Բազայի ճաշարանում Ղարաբաղի «քաշած» թթի օղի կար, որ հրամանատարը մեկ-մեկ հյուրասիրում էր տղաներին: Այդ ճաշարան կոչվածն էլ դրսում խփված փոքր վրան էր, ուր հնարավոր չէր ողջ հասակով կանգնել: Կամոն իմանում է խմիչքի տեղը, օրը ցերեկով հարբում, զենքը վերցնում` թե գնում եմ ադրբեջանցիներին սպանելու: Հազիվ մի կերպ սրան բռնում-տանում են սենյակ, գցում  անկողնու վրա, ուր միանգամից քուն է մտնում: Բայց գիշերվա 2-ին վեր է կենում, բազայից հեռանում: Հերթապահ զինվորը նկատում է, բայց չի հասցնում կանգնեցնել: Բազայի շուրջը խիտ թփուտներ ու կարճ ծառեր կային, շատ հեշտ էր տեսադաշտից կորելը: Հերթապահը Կամոյի հեռանալու մասին զեկուցում է հրամանատարին, վերջինս էլ անմիջապես տագնապ է հայտարարում:  Մի քանի ժամ տեղանքը  սանրելուց հետո  բոլորին հրամայվեց բազա  վերադառնալ: Միայն վերջին պահին տղաներից մեկը նկատում է Կամոյին` բաց տեղանքում քնած, ադրբեջանական դիրքերի դեմ-դիմաց: Արդեն լուսանում էր, հարկավոր էր շատ արագ Կամոյին դուրս բերել այդտեղից` քանի ադրբեջանական դիրքապահները չէին նկատել: Բայց հենց Կամոյին գրկում են` սկսում է աղմկել, թե` թողեք, գնում եմ ադրբեջանցիներին կոտորելու: Աղմուկը գրավում է ադրբեջանցիների ուշադրությունը, նրանք սկսում են կրակել: Մոտ 30 րոպե փոխհրաձգությունից հետո հաջողվում է Կամոյին հանել վտանգավոր գոտուց ու բոլորով բարեհաջող վերադառնում են բարձունքի վրա գտնվող բազան:

Մյուս օրը հրամանատարն այս մասին հեռախոսով զեկուցում է Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի  շտաբին: Հեռախոսը Շահումյանի հետ կապի միակ միջոցն էր, որն օրվա մեծ մասում չէր աշխատում: Բայց այդ օրը կապը միանում է, ու դատելով հրամանատարի շփոթված դեմքից` կենտրոնական շտաբի անդամին տեղի ունեցածը վրդովեցրել էր: Փամփուշտները շատ դժվար էին ճարվում, իսկ ջոկատն անիմաստ դրանք վատնել է ինչ-որ արկածների վրա: Ջոկատի հրամանատար Արամայիսին փոխանցում են Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի գլխավոր հրամանատար Շահեն Մեղրյանի հրամանը՝ Երևան վերադարձնել և՛ Կամոյին, և՛ ընդհանրապես բոլոր անհուսալի նորեկ կամավորներին: Հրամանատար Արամայիսը խորհրդակցելով 2 հին ֆիդայինների` Նորոյի ու Ապարի հետ, որոշում է հետ ուղարկել 3 հոգու` Կամոյին, Ուստա Սաքոյին ու մի տղայի, որի անունը ջոկատի բոլոր տղաները հետագայում մոռացան:

Ուստա Սաքոն շատ հայրենասեր մարդ էր, վայելում էր բոլորի հարգանքը: Նա շատ հաջող կարողանում  էր տղաներին ոգևորել` ֆիդայինների մասին տարբեր պատմություններ պատմելով: Բայց Ուստա Սաքոն մի թերություն ուներ` 55 տարեկան էր ու անառողջ: Հողե պատերով սենյակը, գիշերային հերթապահություններն ու դիրքից-դիրք վազվզոցները նրա համար չէին: Նա օր-օրի հալչում էր ու համարյա կորցրել էր մարտունակությունը: Նրան հետ ուղարկելը ճիշտ էր, բայց ոչ անպատվաբեր: Երրորդը մի բամբասկոտ երիտասարդ էր, որ սիրում էր սրա-նրա հետ առանձնանալ ու դժգոհել մյուսներից: Նա շատ էր վիճաբանում ու իր շուրջը մշտապես լարվածություն էր ստեղծում: Արդեն 2 անգամ հերթապահության ժամանակ բռնացրել էին քնած: Այդ տղային որոշեցին հետ ուղարկել, որպեսզի ընդհանուր մթնոլորտը չփչացնի իր բանսարկություններով:                                                                  

Հրամանատարը երեկոյան բոլորին հավաքեց ժողովի և հայտարարեց իր որոշման մասին: Ուստա Կարոն մի թեթև առարկեց, բայց նրան անմիջապես հանգստացրին` կառողջանաս, նորից ետ կգաս: Մյուս երիտասարդն ընդհանրապես չառարկեց. որոշումը սրտով էր: Ի զարմանս բոլորի` Կամոն լաց եղավ: Խնդրում-աղաչում էր, որ իրեն պահեն, որ գնալու տեղ չունի, որ կուղղվի անպայման: Հրամանատարը լսել չէր ուզում, բայց միջամտեց Ուստա Սաքոն. «Այստեղ եկանք 16 հոգով, 1 հոգին վիրավորվել է ու բուժկետում է, երեքին էլ հանենք` մնում է 12 հոգի: Հաշվել ե՞ք, թե այդ 12-ին քանի՞ կմ սահման է բաժին ընկնում: Մարդիկ չեն հերիքում, ամեն մի շունչն էլ հաշիվ է»,-ուստա Սաքոյի խոսքերը բոլորին մտորելու տեղի տվեցին: Հերթափոխը պետք է գա 1 ամսից, իսկ այդ ընթացքում հնարավոր է` էլի մարդիկ հիվանդանան կամ վիրավորվեն, այդժամ նույնիսկ նորմալ հերթապահություն չեն կարող անել:                                                                                                                

 - Սա հո  մանկապարտեզ չի՞: Այս տղային խնամակալ է պետք, որ էլի հիմարություններ չանի: Կռիվը թողած` դայակություն պետք է անե՞նք: Ով քչությունից վախենում է, թող հիմա էլ վեր կենա ու գնա: Մենակ էլ մնամ` չեմ գնա,-բարկացած վրա բերեց Նորոն: Նա ջոկատի լավագույն զինվորն էր, մարտերի ժամանակ ընտրում էր ամենավտանգավոր ու պատասխանատու դիրքերը: Բոլորն էլ գիտեին, որ նրա գնդացիրը չի լռի, ու դա բոլորիս էլ «դուխ էր տալիս»: Բայց Նորոն ծանր բնավորություն ուներ, Կամոյի նման «լակոտ-լուկուտներին» տանել չէր կարողանում:                                                                                                                                                 

- Նորո, հլա մի տաքացի,- միջամտեց Ապարը, - Ուզում է մնալ, թող մնա, սենցներին ե՞նք յոլա տարել, սրան էլ մարդ կսարքենք, չկասկածես: Թող տղերքից մեկը շեֆությունը վերցնի ու 1 շաբաթ ժամանակ տանք, թե չդզվեց` ես իրանով կզբաղվեմ, տենանք ո՞նց չի դզվում:

Ապարը Նորոյի նման հին ֆիդայի էր, էլի մոտ 35 տարեկան, բայց Նորոյի հակապատկերը: Նա, ի տարբերություն Նորոյի, որ անընդհատ հերոսությունների մասին էր մտածում, հաշվենկատ ու խորամանկ զինվոր էր, որը կարող էր թշնամու համար անկանխատեսելի քայլեր կատարել: Ապարը միշտ էլ առաջնորդվում էր «քիչ արյունով փոքր հաղթանակներ» սկզբունքով, բայց մարտի ժամանակ թշնամու համար ավելի պակաս վտանգավոր չէր:

- Իսկ մարդ կա°, ով համաձայն է Կամոյին շեֆություն անել: Միանգամից ասեմ, որ դա մյուս պարտականություններից չի ազատի,- ասաց հրամանատարը: Երևում է` նրան էլ դուր չէր գալիս ջոկատի նոսրացումը:  

- Ես, - մինչ մյուսները ծանրութեթև կանեին, ապագա մանկավարժ Արամը որոշեց առաջ ընկնել: Նա դժվարությամբ էր տանում գիշերային հերթապահությունները, ու դրա ժամանակի երկարացման միտքը նրան տհաճություն էր պատճառում: Խորհրդային բանակում ծառայելիս նա էլի էր հանդիպել այսպիսի անհավասարակշիռ տղաների, որոնք ծառայության ընթացքում հոգեպես ամրապնդվել են ու ավելի կայուն բնավորություն ձեռք բերել: Նրանցից շատերը նույնիսկ հետագայում ավելի լավ զինվոր են դառնում, քան ավելի արագ հարմարվողները: Եթե Կամոն կատարյալ ապուշ չէ, մտածում էր մանկավարժական կրթություն ստացած Արամը, ուրեմն ինքնուրույն հետևություններ կանի ու կդադարի աչքի ընկնելուց` հատկապես Ապարի սպառնալիքից հետո: Ապարը մութ անձնավորություն էր, իր մասին ոչինչ չէր պատմում, տղաներից շատերը նույնիսկ չիմացան էլ նրա իսկական անունը, որտեղի՞ց է ու ինչո՞վ է զբաղվում: Ասում էին` քրեական անցյալ ունի, բայց հաստատապես ոչ ոք ոչինչ չգիտեր, գուցե միայն Նորոն: Ջոկատում ոչ ոքի մտքի ծայրով անգամ չէր անցնում Ապարի սպառնալիքին ու նախազգուշացմանը բանի տեղ չդնելը:                                                                  

Հրամանատարն էլ երկար-բարակ չքննարկեց: Կամոյին հրամայեցին այսուհետ իր բոլոր քայլերն Արամի հետ համաձայնեցնել, անառարկելի ենթարկվել Արամի բոլոր հրամաններին, ինչ էլ որ կասի: Եթե ոչ` ուրեմն իրենով Ապարը կզբաղվի: Կամոյին այլ բան չէր մնում, քան համաձայնել:

Արամը Կամոյի խնամակալությունը սկսեց նրանից, որ հանձնարարեց ավտոմատը քանդել-հավաքել: Այդ վարժությունը ստիպեց կատարել 2 ժամ: Դրսում մի քանի փայտյա սեղաններ կային, որոնց վրա էլ Կամոն վարժվում էր: Սկզբից ինքն էլ չէր հասկանում, թե ինչու են ստիպում դա անել, բայց Արամն իր փորձից գիտեր` եթե երիտասարդը «մերվում է» զենքի հետ, ավելի ինքնավստահ է դառնում:        

Երկժամյա պարապմունքներից հետո Արամն առաջարկեց Կամոյին գնալ մի բան խմելու, քանի դեռ ջոկատի տղաները ցվրված են: Կամոյի աչքերը միանգամից փայլեցին, նա խորամանկ ժպտաց ու ինչ-որ երախտիքի խոսքեր ասաց. «Չէ, սա խելքի չի եկել»,- մտածեց ապագա մանկավարժը: Ճաշարան-վրանում մարդ չկար, Արամը դժվարությամբ գտավ օղու շիշը, լցրեց բաժակն ու մեկնեց Կամոյին: Սա էլ աչքերը ճպպացնելով` վերցրեց բաժակը, բայց մինչ կուլ կտար թթի օղին` բռունցքով ուժեղ հարված ստացավ դեմքին: Օղին թափվեց, իսկ շրթունքից արյուն էր հոսում: Սկսեց օղու մնացուկներով արյունը սրբել, բայց Արամը դա էլ թույլ չտվեց: Երևանի շտաբում հստակ հանձնարարել էին՝ ոչ մի ծեծ, ոչ մի կռիվ, բոլոր հարցերը պետք է լուծվեն հրամանատարի միջոցով: Իր կարդացած բոլոր լուրջ-լուրջ գրքերում էլ դաստիարակչական նպատակներով խփելն արգելվում էր: Բայց, այն ինչ սովորել էր՝ գլխից դուրս էր թռել, այդ պահին նա անում էր այն, ինչ բնազդն էր իրեն հուշում: Իսկ բնազդն իրեն հուշում էր, որ Կամոն ներքուստ թքած ունի բոլոր տեսակի խրատների, քարոզների ու դասախոսությունների վրա: Բռնեց Կամոյի շորերից ու իրենից անկախ արտասանեց իր կյանքի լավագույն մանկավարժական ճառը: «Այս ամենը խաղ չէ, սա պատերազմ է, ու եթե եկել ես կռվելու`էլ քո դարդերով մի տապակվի, մոռացի, որ մանկատան դժբախտ ու անտեր տղա ես: Բոլորս էլ նույն հողե սենյակում ենք ապրում, նույն ճաշերն ենք ուտում, նույն զենքից ենք կրակում, նույնչափ խոցելի ենք գնդակի առջև: Մեր միակ թշնամին ադրբեջանցին չի, մեր թշնամին նաև մեր մեջ է, ու եթե չես հասկանում, որ 15 ուրիշ կյանք քեզնից է կախված, ուրեմն ադրբեջանցիներից ավելի վատ թշնամի ես»,-այս ասելուց հետո Արամը դուրս եկավ վրանից: Նա ուզում էր խոցել Կամոյի հոգին, ցնցել ու ցավեցնել նրան հոգեպես, քանդել այն արհեստական պատնեշը, որ Կամոն իր ներսում շարել է, ու որը նրան խանգարում է աշխարհին նայել բաց հայացքով, առանց չարության ու կոմպլեքսների: Նա այլևս Կամոյի «շեֆությամբ» չզբաղվեց ու այդ մասին հայտնեց հրամանատարին:               

Անցավ մի քանի օր, զարմանալիորեն խաղաղ ու հանգիստ օրեր էին, տղաները նույնիսկ կատակում էին, որ ոչ թե կռվելու են եկել, այլ հանգստանալու: Ղարաբաղի ձմեռը նման չէ Երևանի ձմռանը: Այնտեղ ամենուրեք ձյուն է, բայց արև ու հաճելի սառնություն: Հազվադեպ մառախլապատ օրեր են լինում, բայց դա էլ իր հմայքն ուներ: Ձանձրույթից տղաները սկսեցին նույնիսկ նապաստակի ու աղվեսի որսով զբաղվել: Բայց դա երկար չտևեց: Մի օր առավոտյան բոլորն արթնացան արկերի պայթյուններից: Հրամանատարը տղաներին հանձնարարեց դիրքեր գրավել: Արամին բաժին ընկավ բարձունքի վրայի դիտակետը, որտեղից պետք էր հետևել թշնամու տեղաշարժերին ու տեղեկացնել հրամանատարին: Կամոյին հրամանատարը վերցրեց իր հետ՝ դիրքավորվելով Էրքեջի մատույցներում: Իսկ Նորոյի ոչ մեծ խումբը մտավ Էրքեջ ու անմիջապես կռվի բռնվեց գյուղ ներխուժած թշնամու հետ: Ադրբեջանցիներն արդեն այրել էին գյուղի ծայրամասի տները, իրենց հետ նաև մի զրահամեքենա կար: Նորոյի հիմնական խնդիրն այդ զրահամեքենան շարքից հանելն էր, դրանից հետո ադրբեջանցիները երկար չէին մնա գյուղում: Մյուսները պետք է կրակային աջակցություն ցուցաբերեին Նորոյի խմբին, շեղեին ադրբեջանցիների ուշադրությունը: Քանի որ զրահամեքենան մեկն էր, Նորոն  նռնականետի համար ընդամենը 2 նռնակ վերցրեց` չծանրաբեռնվեու համար: Դա կոպիտ սխալ էր: Նորոյին իսկապես էլ հաջողեց զրահամեքենան շարքից հանել, սակայն օգտագործեց իր երկու նռնակն էլ: Ու երբ թվում էր`թշնամին նահանջելու է, գյուղի ծայրամասում հայտնվեց երկրորդ զրահամեքենան: Նորոյի դիրքը միանգամից վատացավ, երկրորդ զրահամեքենան իր նախորդի համեմատ ավելի հարմար էր տեղավորվել, ու նրա վրայի գնդացիրը նշանառության տակ էր վերցրել Նորոյին ու մյուս 2 տղաներին: Ադրբեջանցիների մյուս կրակակետերը ևս Նորոյի ուղղությամբ էին աշխատում: Նորոն նույնիսկ նահանջելու հնարավորություն չուներ: Իրավիճակից միայն  մեկ ելք կար` Նորոյին ևս մի քանի նռնակ հասցնել, որպեսզի նռնականետն աշխատի: Բայց դա շատ մեծ ռիսկ էր, ադրբեջանական դիրքերից ցանկացած տեղաշարժ կարող էր նկատվել:

Հրամանատարը դիմում է տղաներին` գուցե կամավորներ գտնվե°ն: Ոչ ոք չի արձագանքում. զոհվելու հավանականությունը շատ մեծ էր: Մի փոքր դադարից հետո մի համարձակ, այնուամենայնիվ, գտնվում է: Ու դա Կամոն էր: Գնդակների տարափի ներքո նա մի ուսապարկ զինամթերք է հասցնում Նորոյի խմբին, ու շուտով նռնակները պայթում են երկրորդ զրահամեքենայի կողքին: Ադրբեջանցիները սկսեցին  նահանջել: Հայկական ջոկատը ոչ մի զոհ չտվեց:

Այդ մարտից հետո Կամոյի հանդեպ վերաբերմունքը լրիվ փոխվեց: Նա այլևս խնդիրներ առաջացնող տղա չէր, այլ մի մարտիկ, որին կարելի է դժվար հանձնարարություններ վստահել: Նա ինքը մի տեսակ լրջացավ, ձերբազատվեց որբ տղայի բարդույթից: Միայն Արամն ու Կամոն քիչ էին շփվում, նրանց միջև սառնություն կար: Թեև համարյա հասակակիցներ էին՝ Կամոն մի տեսակ քաշվում ու խուսափում էր Արամից, իսկ վերջինս էլ դեռ չէր կարողանում հասկանալ՝ ճիշտ է վարվե՞լ այն օրը ճաշարանում…

Տեսնելով, որ զրահամեքենաներով հաջողության չեն հասնում, ադրբեջանցիները հայկական դիրքերի ուղղությամբ ուղղաթիռներ ուղարկեցին: Սա լրիվ իրավիճակը փոխեց: Ջոկատի տղաները պատկերացում չունեին,  թե ուղղաթիռին ո՞նց պետք է խփել: Նռնականետից օգուտ չկար, իսկ ավտոմատն այս դեպքում այնքան էլ հզոր չէ: Ադրբեջանական ուղղաթիռը ժամանակ առ ժամանակ մոտենում էր հայկական դիրքերին, գնդացրային կրակահերթ արձակում, որին տղաները լավագույն դեպքում պատասխանում էինք ավտոմատային կրակահերթով: Մի օր Արամը մարտունեցի մի տղայի՝ Սաքոյի հետ, բարձունքի դիտակետում էր, երբ ուղղաթիռը նորից հայտնվեց: Երևում է` դիտակետի մասին գիտեին ու շրջանցելով ցանկանում էին դուրս գալ թիկունք: Արամն ու Սաքոն որոշեցին թողնել դիտակետն ու դիրքավորվել ետևի բլրի վրա: Եթե ուղղաթիռը հայտնվեր դիտակետի  հետևում` իրենք շատ հարմար դիրքում կգտնվեին, գուցե նույնիսկ հաջողվեր խփել այդ անիծյալ ուղղաթիռին:

Սակայն իրենց ուզած բլրին հասնելու համար պետք էր անցնել մի բաց դաշտով, որը սովորաբար օգտագործում էին զինավարժությունների համար: 

Անփորձության պատճառով տղաները հաշվի չէին առել ուղղաթիռի արագությունը, արագ մանևրելու ունակությունը: Բաց դաշտում նրանց նկատեցին, ուղղաթիռը շրջվեց նրանց ուղղությամբ ու սկսեց մոտենալ: Արամն ու Սաքոն սկսեցին վազել, բայց տարածությունը շատ արագ էր կրճատվում: Մի քանի վայրկյան ու նրանք հարմար թիրախ կդառնային: Սարսափն այնքան ուժեղ էր, որ ինքնապաշտպանության ուժ չկար: Բայց հենց այդ պահին բլրի վրայից սկսեցին կրակել ուղղաթիռի ուղղությամբ: Տղաներին հետապնդելով` ուղղաթիռն ինքն էր հայտնվել ծուղակում: Ավտոմատի կրակահերթը հաջող էր` ուղաթիռը ցնցվեց, տեղապտույտ տվեց, բայց չընկավ, կարողացավ վերադառնալ ու վայրեջք կատարեց մերձակա ադրբեջանական Թոդան գյուղի մերձակայքում: Արամին թվում էր` կրակողը Ապարն է՝ նա էր ծուղակներ սարքելու մեծ վարպետը: Կամ էլ գուցե Նորոն է լսել ուղղաթիռի ձայնն ու շտապել օգնության: Որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ բլրի վրա նրանց դիմավորեց Կամոն:              

- Էդ ո՞ւր էիք փախչում, հը՞: Չկարողացա՞ք գետինը մտնեիք, -կես կատակ, կես լուրջ վրա բերեց Կամոն: Բայց ոչ Արամը, ոչ էլ մարտունեցի Սաքոն կատակելու տրամադրություն չունեին, փրկությունը նրանց ուղղակի հրաշք էր թվում: Ու դրա համար պարտական էին Կամոյին:

- Լավ, լավ, գնանք բազա, թե չէ երեսներիդ գույն չկա,- Կամոյի տրամադրությունը բարձր էր: Երբ նա մի փոքր առաջ ընկավ՝ Արամը ձայն տվեց.

- Կամո, ուրեմն ներում ե՞ս ինձ այն օրվա համար: Մեջդ իրո՞ք բան չես պահել…   

Կամոն առանց պատասխանելու ետ դառավ ու այնպես հարվածեց Արամին, որ քիչ մնաց բլրից ցած գլորվի: Զարմանալիորեն` Արամը ցավ ու վիրավորվածություն չզգաց: Տղաները պինդ գրկախառնվեցինք:           

Երևան վերադառնալուց հետո Կամոն որոշեց զինվորագրվել Արցախի ազատագրման գործին, իսկ Արամը շարունակեց իր կիսատ թողած ատենախոսությունը գրել, որն անվանվում էր՝ «Ինչպե՞ս պատանիների մոտ դաստիարակել հայրենասիրություն»: Կամոյի հետ տեղի ունեցածի մասին նա ոչինչ էլ չգրեց, բայց Էրքեջում անցկացրած օրերն իր ամենալուրջ դասերն էին: Կամոն բազում մարտերի մասնակցեց, աճեց մինչև գումարտակի հրամանատար: Երևանում նա այլևս անօթևան չէր` տուն ունեցավ, ամուսնացավ, շուտով ծնվեց առաջնեկը: Պատերազմից հետո ընկերներով սիրում էին հավաքվել Ուստա Սաքոյի տանը, ու միշտ վիճում էին՝ առաջինը օջախի կենացը խմե՞լ, թե՞ ընկերության....                                                                                                                                                                                            

 

Մեկնաբանություններ (2)

Qristine
Shaat hetaqrqir patmutyun er .... Hpartanum u hianum enq qeznov Samvel jan....
Լուսինե
Լավն էր, մեծ հետաքրքրությամբ կարդացի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter