HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Եթե 86-ամյա Սիրանուշ տատը լիներ երկրի նախագահ

Առողջ ապրելակերպը թղթի վրա գրված հատուկ կանոններ չեն, ոչ էլ պարտադրանք կամ ձեւականություն: 86-ամյա Սիրանուշ Ավետիսյանը, որին ծանոթները Հրանուշ անունով են ճանաչում, առողջ ապրելակերպի կողմնակից է եւ չի դժգոհում իր առողջական վիճակից: Նա մարզանք չի անում, հատուկ չի հետեւում սննդակարգին, պարզապես սիրում է աշխատել: Սիրանուշ տատն ապրում է Արմավիրի մարզի Արեւաշատ գյուղում եւ շատերի նախանձն է շարժում իր ակտիվությամբ:

Մտնում ենք Սիրանուշ տատի տուն: Իսկույն ոտքի է կանգնում, հյուրերին հրավիրում է ներս եւ ինքն էլ տեղավորվում բազմոցին, խալաթի ծայրերը հավաքում է իրար վրա ու հարցական հայացքով նայում շուրջը: Ընտանիքի անդամները ներկայացնում են հյուրերին, ինչն ավելի է ոգեւորում 86-ամյա կնոջը եւ առանց ձեւականությունների սկսում է զրույցի բռնվել:

Սիրանուշ տատը պատմում է, որ ամեն օր արթնանում է աքաղաղների կանչով՝ ժամը 6-ին: Սկզբում մտնում է անասնագոմ, մի քանի րոպե զրուցում է Ծաղիկ անունով հորթի հետ, նրան շոյում է ու դուրս գալիս: Եթե դրսում եղանակը լավ է լինում, մտնում է տնամերձ հողամաս, որտեղ կամ հողն է փխրեցնում, կամ էլ մոլախոտերը մաքրում:

«Մենք ընտանիքով աշխատող ենք, դրա համար էլ չենք դժգոհում: Կաթ ունենք, մածուն ունենք, ամեն ինչ ունենք, Աստծուն փառք: Եթե ես չաշխատեմ, կմեռնեմ, սիրում եմ աշխատել, ինձ ի՞նչ ա եղել, որ չաշխատեմ»,-ասում է Սիրանուշ տատը եւ ուղեկցում անասնագոմ՝ իր Ծաղիկի հետ ծանոթացնելու:

«Մերոնք որոշել էին կովին մորթել, ես էլ չէի թողնում, ոնց որ սիրտս վկայեր, որ հղի է: Չթողեցի, հետո կովը ծնեց ու լույս աշխարհ բերեց Ծաղիկիս: Հիմա ամեն առավոտ գալիս եմ Ծաղիկի մոտ, նրան շատ եմ սիրում, հետը խոսում եմ, ասում եմ՝ Ծաղիկ ջան, քո մամային ուզում էին մորթել, որ մորթեին, դու էլ կսատկեիր, քեզ կտանեին կգցեին զիբիլանոց, բայց ես քո կյանքը փրկել եմ: Ես խոսում եմ, ինքն էլ ուշադիր նայում է աչքերիս»,-պատմում է Սիրանուշ տատը եւ գոմից դուրս գալով ցույց տալիս բակի ջերմոցները: Ասում է՝ եղանակներն արդեն տաքացել են հիմա հողում կարողանում է աշխատել եւ օրվա երկրորդ մասն անցկացնում է հողամասում:

«Չիմանաս մենակ հողի գործ եմ անում, լուրերին էլ եմ հետեւում, հատկապես միջազգային լրատվությանը: Ինչքան պետություն կա, դրանց պրեզիդենտների անունները, մայրաքաղաքի անունները գիտեմ: Միջազգային կյանքը ինձ շատ ա հետաքրորում: Բա ոնց չհետեւեմ լուրերին, չիմանա՞մ՝ ինչ ա կատարվում»,-ասում է Սիրանուշ Ավետիսյանը եւ հավելում, որ ուզում է հայ ժողովուրդը լավ ապրի, էլ դժվարություններ չտեսնի:

Նրա «սրտին դարդ» էր եղել, որ չի հասցրել ուսումնասիրել կուտակային կենսաթոշակներին վերաբերող հարցը եւ լավ տեղեկացված չէ խնդրին: Հետո հիշում է, որ ինքն էլ բանկերում գումար է ունեցել ու մինչ օրս չի կարողանում այդ գումարները ստանալ: «Բա, բալես, մինչեւ հիմա չեն տվել այդ փողը, ես էլ էի իմ ծերության համար փողերը բանկ գցել, ամբողջ կյանքս աշխատել եմ, փողը գցել եմ բանկ ու մինչեւ հիմա չեն տվել»,- ասում է Սիրանուշ տատը:

Նա հանրապետության ղեկավարների ուշադրությունը հրավիրեց քաղաքացիների հոգսերի վրա եւ խնդրեց սատար կանգնել նրանց, որ երկրից չգնան: Սիրանուշ տատից հետաքրքրվեցինք, եթե ինքը լիներ երկրի նախագահը, ի՞նչ կփոխեր երկրում: Մի պահ լռեց, զգաստացավ ու ձայնի տոնը խստացնելով պատասխանեց. «Միջոց կգտնեի, այնպես կանեի, որ ժողովրդի վիճակը բարելավվեր: Առաջինը՝ աշխատատեղեր կստեղծեի, որ մարդ աշխատանք ունենա իր երկրում, ինչի պիտի թողնի ու գնա: Հետո էլ գազի ու լույսի գները կիջացնեի, շատ թանկ ա: Գիտես ոնց եմ տանջվում, որ մարդիկ Հայաստանից գնում են օտար երկրներ: Չեմ ուզում գնան, բայց հետո էլ մտածում եմ՝ ոնց չգնան՝ ապրուստ չունեն, ուտելու բան չունեն, ճարահատյալ գնում են: Մեր պրեզիդենտը պիտի քայլեր ձեռնարկի, որ այդ մարդկանց կարիքները բավարարի, նրանք էլ չփախնեն, չգնան այս անուշ հողից: Հույս ունեմ, որ շուտով մի բան կփոխվի»:

Սիրանուշ տատն ասում է, որ ինքը անիմաստ չի խոսում, տարիների փորձ ունի եւ իր ապրած կյանքով տեսել է թե լավ, թե վատ օրեր:

«Մենք, որ դպրոց էինք գնում, մամաս մեր շորերը յալանչու շոր էր սարքում, այնքան էր կարկատում, որ շորի տեսքը լրիվ փոխվում էր: Իմ եղբայրը գյուղինստիտուտը մի շալվարով ու վերնաշապիկով է ավարտել, հագնելու շոր չունեինք, կիսասոված էինք քնում, բայց ուրախ էինք, լավ էինք սովորում, հիմակվա երեխեքը եվրոպացիներից հետ չեն մնում, բայց չեն սովորում: Մենք շատ խելոք էինք, ուսուցիչներին հարգում էինք, համեստ էինք, հիմակվաններն այդպես չեն: Հիշում եմ, բամբակից թել էինք սարքում, գցում էինք ձեթի մեջ ու վառում, որ այդ լույսի տակ գիրք կարդայինք: Հիմա ամեն ինչ կա, բայց սերունդը փոխվել է, առաջվանը չի»,-նշում է Սիրանուշ տատը եւ անմիջապես փոխում զրույցի թեման. «Բալես, ամուսնացա՞ծ ես…դե, քո համար լավ աղջիկ կգտնեմ, բա ոնց»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter