HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հայ ոսկերիչները ազատ գոտի են ստեղծում

Մի քանի տարվա բանակցություններից հետո վերջապես պատրաստ է Երևանում ոսկերչական ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին որոշումը: ՀՀ կառավարության փետրվարի 27-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Էյ Ջի Էյ ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերությանը ազատ տնտեսական գոտի հիմնելու թույլտվություն տալու հարցը:

«Էյ Ջի Էյ ազատ տնտեսական գոտի» ընկերության հիմնադիրն ու սեփականատերը մոսկվաբնակ գործարար Գագիկ Գևորգյանն է, ով հայտնի է որպես Մոսկվայի խոշորագույն ոսկերչական կենտրոնի՝ Estet Jewelry house-ի սեփականատեր: Նա նաև Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիաի (AJA) նախագահն է, և «Ռուսաստանի ոսկերիչների գիլդիա» ասոցիացիայի նախագահը: Վերջին տարիներին նա մեծ ջանքեր է գործադրում Երևանում ոսկերչական խոշոր կենտրոն հիմնելու ուղղությամբ, պայմանով սակայն, որ ոսկերչությունը կազատվի հարկերից: Ըստ Գ. Գևորգյանի՝ միայն այդ կերպ հնարավոր է հայկական ոսկերչական հսկայական ներուժը, որ ներկայում ցրված է ողջ աշխարհով մեկ, համախմբել Հայաստանում:

Մի քանի տարի տևած գործընթացներից հետո կառավարությունը զիջումների գնաց՝ համաձայնելով Երևանում ստեղծել ազատ տնտեսական գոտի հատուկ ոսկերիչների, ակնագործների և ժամագործների համար: Գոտին ստեղծվելու է Հրազդանի ձորում՝ Կաշեգործների փողոցի վրա գտնվող նախկին «Ավիահամալիր» գործարանի շենքում: Այդ տարածքը պատկանում է «Էյ Ջի Էյ հոլդինգ» ընկերությանը, որի հիմնադիրն, ի դեպ՝ Ռուբեն Հայրապետյանն է: Սակայն Գ. Գևորգյանը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից գնել է շենքի սեփականության իրավունքը: Ընդհանրապես՝ տեղի հարցը նման դեպքերում էական նշանակություն ունի: Քանի որ սա միջազգային կենտրոն է լինելու՝ պետք է մոտ լինի օդանավակայանին, ու բոլոր մյուս անհրաժեշտ ենթակառուցվածքներին (հյուրանոց, բանկեր, ռեստորաններ և այլն):

Ազատ տնտեսական գոտին պետք է ունենա արտադրական տարածքներ, առևտրի կետեր, ցուցահանդեսային պայմաններ, պահեստներ, չհրկիզվող պահարաններ, գրասենյակային տարածքներ և այլն: Այսինքն՝ սա մի խոշոր համալիր է, որը ներառում է արտադրությունից իրացում ողջ շղթան: Այսպիսի կենտրոններ արդեն իսկ կան Դուբայում և Ստամբուլում, ու դրանցում մեծ թվով հայ ոսկերիչներ են ընդգրկված: Այդ կենտրոնները շատ կարճ ժամանակահատվածում դարձել են տարածաշրջանային ոսկերչական կենտրոններ, այնինչ ոսկերչական հնագույն ավանդույթներ ունեցող Հայաստանը նույնիսկ տարածաշրջանային նշանակություն չի կարողանում ստանալ:

Երևանն, այսպիսով, ձեռնոց է նետում Ստամբուլին՝ աչքի տակ ունենալով ԱՊՀ շուկան (Մաքսային միությունը), ինչպես նաև սիրիահայ ոսկերիչների ներուժն օգտագործելու հնարավորությունը: Եթե ազատ տնտեսական գոտու գործունեությունը թափ հավաքի՝ Սփյուռքի բազմաթիվ ոսկերչական ընկերություններ իրենց բիզնեսը կարող են տեղափոխել Հայաստան (ներկայում ամերիկյան ու եվրոպական ընկերությունները նախընտրում են Չինաստանի ու Հնդկաստանի ազատ գոտիները): Արդեն իսկ մոտ 15 սփյուռքի խոշոր ոսկերչական ընկերություններ երևանյան գոտում նախապես մոտ 10 հազ. քառ. մետր տարածք են վարձակալել, այդ թվում՝ լիբանանյան, ամերիկյան, ռուսական, թուրքական ընկերություններ: Մեկ քառակուսի մետր արտադրական տարածքի վարձավճարը սահմանվել է ամսական մինչև 20 դոլար՝ Ստամբուլի 33 դոլարի, և Դուբայի 75 դոլարի համեմատ:

Ներկայացված բիզնես-պլանի համաձայն՝ազատ տնտեսական գոտու շենքային պայմանները լիովին պատրաստ կլինեն 2015 թ.՝ մոտ 10 մլն դոլար կապիտալ ներդրումների պայմանով: Պլանավորվում է ներգրավել մոտ 120-150 ընկերություն, 2000 աշխատատեղ, ապահովել տարեկան 200-250 մլն դոլարի արտահանում;

Հայաստանում 2013 թ. նկատվել է ոսկերչական ճյուղի ակտիվացում: Ըստ մաքսային վիճակագրության՝ Հայաստանից 2013 թ. արտահանվել է 640 կգ ոսկերչական իրեր՝ 22 մլն դոլար ընդհանուր արժեքով: Սա համարյա թե կրկնակի գերազանցում է 2012 թ. ցուցանիշը: Հայկական ոսկերչական իրերի խոշորագույն սպառողը Թուրքմենստանն է, որին բաժին է ընկնում մեր արտահանման գրեթե 45%-ը: Ընդհանրապես՝ միջինասիական պետությունները հայկական ոսկերչության նկատմամբ մեծ հետաքրքրություն ունեն, խոշոր ներկրողներ են նաև Ղազախստանն ու Տաջիկստանը: Կարելի է նույնիսկ փաստել, որ հայկական ոսկերչությունը ներկայում ուղղորդված է դեպի միջինասիական շուկա ու մեծապես կախված է այդ շուկայում պահանջարկի փոփոխություններից: Ռուսաստանին բաժին է ընկնում մեր արտահանման մոտ 12%-ը, սակայն հնարավոր է՝ այս շուկայում ներկայությունն ավելի ընդլայնվի ազատ տնտեսական գոտու հիմնումից հետո: Դեպի եվրոպական երկրներ արտահանում գրեթե չունենք, սակայն 2013 թ. որոշ աշխուժացում է նկատվում ամերիկյան շուկայում, ուր կարողացել ենք արտահանել մոտ 25 կգ ոսկերչական իրեր (նախկինում արտահանումը գործնականում զրոյական մակարդակի վրա էր):

Լուսանկարում Գեւորգ Գեւորգյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter