HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Փաստաբանը` մեղադրողին. «Ես հույս ունեմ, որ մեղադրողը ևս իր ներկայությունն այս գործում կհամարի վրիպակ»

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացող Կարեն Եսայանի սպանության գործով դատական նիստից առաջ, ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հարազատները որոշեցին բողոքի ցույց անել՝ արտահայտելով իրենց անվստահությունը ոստիկանական եւ դատաիրավական համակարգի նկատմամբ: «Ամոթ դատախազությանը եւ ոստիկանությանը», «Հարություն Սարգսյանն անմեղ է», «Բռնել իրական մարդասպանին», «Պահանջում ենք արդար դատավարություն», «Բռնությամբ արդարադատություն չի իրականացվում» պաստառի վրա գրված պահանջները բանավոր հնչեցրեցին նաեւ ցույցի մասնակիցները:

Նիստը բացելուց հետո, դատավոր Մարտին Սարոյանը հայտարարեց, որ ամբաստանյալ Հարություն Սարգսյանը փետրվարի 14-ից անժամկետ հացադուլ է սկսել, իսկ փետրվարի 24-ից՝ ջրադուլ: «Ես վստահ չեմ, որ ամբաստանյալի առողջական վիճակը թույլ կտա նիստն առանց ընդհատումների անցկացնելու»,-նկատեց դատավորը եւ դիմեց կողմերին՝ նիստը շարունակելու վերաբերյալ նրանց դիրքորոշումը լսելու ակնկալիքով:

Ամբաստանյալը հավատացրեց, որ իր առողջական վիճակը բավարար է եւ որեւէ խոչընդոտ չի տեսնում նիստը շարունակելու: Նա հայտարարեց, որ դադարեցրել է ջրադուլը փետրվարի 26-ից, որպեսզի լիովին ուժասպառ չլինի եւ կարողանա մասնակցել դատական նիստին: Փաստաբան Լուսինե Սահակյանն եւս նշեց, որ պատճառ չի տեսնում նիստը հետաձգելու:

«Կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա,-ասաց փաստաբանը,-ընդհակառակը՝ անհարկի ձգձգումը կարող է պատճառ դառնալ, որ հետագայում մենք չկարողանանք անգամ նիստը սկսել, եթե հաշվի առնենք, որ Հարություն Սարգսյանն այժմ հացադուլի մեջ է ու չդադարեցնելու դեպքում, օրգանիզմը հետագայում ավելի է թուլանալու: Առանց այդ էլ իմ վստահորդին Երեւանից Գյումրի են տեղափոխել ոչ թե շտապօգնության, այլ կալանավորների համար նախատեսված մեքենայով: Եվ հիմա նրան նորից հետ տանել ու մի քանի օրից նույն մեքենայով Գյումրի հասցնելը համարում եմ խոշտանգում իմ պաշտպանյալի նկատմամբ»:

Ախուրյանի ձերբակալվածների պահման վայրում, որտեղ նախորդ օրվանից գտնվում էր ամբաստանյալը, երկու անգամ, սեփական նախաձեռնությամբ շտապօգնության խումբ էին հրավիրել: Հարություն Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ բժիշկի տված դրական եզրակացությունը հրապարակվեց դատարանում, որն էլ հիմք տվեց դատավորին շարունակելու դատական նիստը:

Փաստաբան Լուսինե Սահակյանը նախքան պաշտպանական ճառով հանդես գալը՝ հայտարարեց, որ անցած դատական նիստին իրենք մեղադրական ճառ որպես այդպիսին չեն լսել եւ կարող էին իրենց իրավունք վերապահել ու այսօր հանդես չգալ պատասխան ճառով: «Մեղադրող կողմը ոչ մի ապացույց չներկայացրեց, որով կապացուցվեր իմ վստահորդի մեղքը եւ չհայտնեց որեւէ դիրքորոշում դատարանում ներկայացված ապացույցների վերաբերյալ»,-նկատեց Լուսինե Սահակյանը:

Պաշտպանական կողմի համոզմամբ, Հարություն Սարգսյանն երկու տարի է ապօրինի կերպով գտնվում է կալանքի տակ: «Այս գործից այն տպավորությունն ես ստանում, որ Գյումրին ամենավտանգավոր քաղաքն է, որտեղ սիրում են առանց իրար ճանաչելու, խանդում առանց ճանաչելու, ամուսնանում առանց մեկը մյուսին ճանաչելու եւ ի վերջո մարդ սպանում՝ առանց իրար ճանաչելու»,-տարակուսանք հայտնեց փաստաբան Հունան Բաբայանը:

Լուսինե Սահակյանն հայտարարեց, որ իր վստահորդը չի ճանաչել Մանյա Ղուկասյանին, չի համակրել նրան եւ չի ցանկացել ամուսնանալ նրա հետ: «Այս մեղադրանքի հետ կապված ոչ մի ապացույց ձեռք չի բերվել, թեպետ ամբողջ գործը կազմված է հենց այս հենքի վրա,-ասաց Լուսինե Սահակյանը,-ձեռք չի բերվել ոչ ապացույց, չգտնվեց մեկը, որ ապացուցեր, թե Հարությունն ու Մանյան ճանաչել են իրար: Իսկ դրա փոխարեն բազմաթիվ ցուցմունքներով, այդ թվում եւ Ղուկասյան եղբայրների ցուցմունքներով, հիմնավորվել է, որ Հ. Սարգսյանը չի ճանաչել Մ. Ղուկասյանին, չի համակրել եւ ցանկություն չի հայտնել ամուսնանալու»:

Փաստաբանը նշեց, որ ամբաստանյալն ունեցել է սիրած աղջիկ, ում հետ էլ մտադրություն է ունեցել ամուսնանալու: Չկա դրդապատճառ, բնականաբար չպիտի լիներ նաեւ սպանելու մտադրություն: Չէր կարող խանդի հողի վրա Հարություն Սարգսյանը սպանել Կարեն Եսայանին, ում ընդհանրապես չի ճանաչել, առավել եւս մի աղջկա համար, ում հետ երբեւէ շփում չի ունեցել:

Փաստաբանի համար անհիմն է նաեւ այն պնդումը, թե ամբաստանյալի հայրը խնամախոսության նպատակով գնացել է քաղաքապետարան: «Ես որքան գիտեմ նման խնդրով մարդիկ գնում են ոչ թե աշխատավայր, այլ տվյալ աղջկա տուն,-նկատեց փաստաբանը,-իսկ Սամվել Սարգսյանը նման նպատակներով Ղուկասյանների տուն չի այցելել»:

Պաշտպանական կողմը հայտարարեց, որ չկա նաեւ ապացույց, թե Հարություն Սարգսյանն ամիսներ շարունակ պլանավորել եւ հետապնդել է Եսայաններին: Սպանվածի հայրը՝ Ռազմիկ Եսայանը, դատարանում տված իր ցուցմունքի ժամանակ ասել էր, թե Հարություն Սարգսյանին առաջին անգամ տեսել է 2012թ-ի ապրիլի 12-ին, ոստիկանական բաժանմունքում: Այնինչ, ըստ մեղադրանքի, Ռազմիկ Եսայանը կնոջ եւ որդու հետ ապրիլի 8-ին Գյումրիից Երեւան գնալիս ճանապարհի մոտավորապես 25-րդ կմ-ին, Մարալիկ քաղաքի մոտ նկատել է, որ արծաթագույն «Մերսեդես» մակնիշի մեքենայով իրենց հետեւել են ու անգամ վթարավտանգ իրավիճակ են ստեղծել: Ըստ մեղադրանքի, Եսայանները նշված մեքենայում տեսել են Հարություն Սարգսյանին:

«Այդ դեպքում ինչու՞ Ռազմիկ Եսայանը՝ տեսնելով Հարությունին ոստիկանական բաժանմունքում, գոնե մեկ անգամ չհիշատակեց այդ փաստը: Գոնե մեկ անգամ ասեր, թե այ տղա ջան, էդ դու՞ չէիր, որ ինձ հետեւում էիր Գյումրի-Երեւան մայրուղու վրա,-նկատեց Լուսինե Սահակյանը,-Ռազմիկ Եսայանն այնքան ազնիվ անձնավորություն էր, որ դատարանում պատասխանելով իմ հարցերին՝ չկարողացավ ստել եւ չհաստատեց այն, ինչ նախաքննական մարմինը դրել էր մեղադրանքի հիմքում: Բացի այդ, նույն ժամանակահատվածում Հարությունի հեռախոսից կատարված զանգերի վերծանությունն ապացուցում է, որ նա գտնվել է ոչ թե Մարալիկում, այլ Գյումրիում»:

Լուսինե Սահակյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց մի շատ հետաքրքիր փաստի վրա, որը ցավոք նախաքննական մարմինը, որպես վարկած չի զարգացրել կամ չի ցանկացել զարգացնել: Նախաքննությունը չի հաստատել, դատարանում էլ ապացուցվեց, որ սպանվածը եւ ամբաստանյալը միմյանց չեն ճանաչել: Պնդումը, թե հենց Հարությունն է կանգնեցրել Կարենի մեքենան ու նստելով՝ նրա հետ հեռացել, ոչ մի տրամաբանության չի դիմանում, նկատեց փաստաբանը: Ռազմիկ Եսայանը ոստիկանությունում պատմել էր, որ տղայի ընկերներից մեկը 10:09-ին զանգահարել Կարենին եւ հարցրել է, թե որտեղ է նա: Վերջինս էլ պատասխանել է, թե ծանոթի է հանդիպել, հետո կզանգահարի ու անջատել է հեռախոսը:

«Սա ապացուցում է, որ Կարեն Եսայանը դեռեւս գտնվել է գազալցակայանի տարածքում եւ նրան հանդիպել է ոչ թե Հարություն Սարգսյանը, ինչպես պնդում է մեղադրող կողմը, այլ ծանոթ մեկն, ում անձը մինչեւ օրս բացահայտված չէ»,-շեշտեց փաստաբանը: Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ սպանվածի մահվան ժամը եւս ճիշտ չի նշված: Կարենի մայրը դատարանում տված ցուցմունքի ժամանակ նշել էր, որ տղան տանից դուրս է եկել առավոտյան ժամը 9:45-ին եւ մեկ ժամ անց իրենք այլեւս չեն կարողացել կապվել նրա հետ: Անահիտ Իսկանդարյանը նաեւ պնդել էր, որ տղան տանից դուրս գալուց առաջ ալկոհոլ չի օգտագործել: Այնինչ փորձաքննությունը ցույց է տվել, որ Կարենը սպանվելուց առնվազն մեկ ժամ առաջ ալկոհոլ է օգտագործած եղել:

Պաշտպանական կողմը համոզված է, որ Կարեն Եսայանը սպանվել է առնվազն 10:45-ից հետո եւ ոչ թե 10:30-ին, ինչպես ներկայացված է մեղադրանքում: Փաստաբանները համոզված են նաեւ, որ սպանվածի մեքենան «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում հայտնվել է ավելի ուշ, քան նշված է մեղադրանքում: Ըստ փաստաբանների նշված տարածքը մարդաշատ չես համարի, սակայն անմարդաբնակ էլ չէր, որ կեսօրից սկսած որոնողական աշխատանքները արդյունք տային միայն երեկոյան ժամը 19-ին, դիակը հայտանաբերողներն էլ լինեին ոչ թե ոստիկաններն, այլ նախկին քաղաքապետարանի աշխատակիցները:

«Դատարանում տված ցուցմունքի ժամանակ, երբ հարց ուղղեցինք Գեւորգ Ղուկասյանին, թե ինչպես է տեսել սպանվածին, նա նշեց, որ Կարենի շորերը փոշոտված էին ու այն տպավորությունն էր, թե նրան գցել են գետնին, հետո են հանել նստեցրել մեքենան: Այս հանգամանքն եւս անտեսվել է նախաքննության կողմից, ինչպես նաեւ այն փաստը, որ սպանվածի մաքուր լվացրած մեքենայի վրա հայտնաբերված մատնահետքերը փորձաքննության արդյունքներով չեն պատկանում ոչ ավտոլվացման կետի աշխատակիցներին, ոչ սպանվածին, ոչ էլ Հարություն Սարգսյանին: Նշված մատնահետքերի տերն առ այսօր հայտնաբերված չէ»,-ասաց Լուսինե Սահակյանը:

Ինչու՞ է նախաքննական մարմինը մեքենայից առգրավված ռեզինե գորգերի վրա եղած հողի մնացորդների առկայությունն անտեսել: Եթե Հ. Սարգսյանը մենակ է գործել, ինչպես նշված է մեղադրանքում, ապա մեքենայի հետնամասում հատակին գցված գորգերը պիտի մաքուր լինեին: Նշանակում է սպանվածի մեքենան առնվազն երկու կամ նույնիսկ երեք հոգի են նստել: Սպանվածի արյունը ցայտել է կողքի նստարանին: Եթե այնտեղ որեւէ մեկը նստած է եղել, ապա պետք է լղոզված հետքեր լինեին, որոնք բացակայում էին, իսկ եթե դիտարկենք մյուս վարկածը, որ կրակողը դրսում է կանգնած եղել, ապա արյան հետքեր պիտի լինեին նրա հագուստի վրա: Հարություն Սարգսյանի հագուստի վրա չի հայտնաբերվել ոչ զենքի, ոչ արյան, ոչ կրակոցի արգասիքներ:

Փաստաբան Հունան Բաբայանը նշեց, որ նախաքննության ընթացքում թույլ է տրվել բազմաթիվ ապօրինություններ: Կասկածյալի հարազատները պահվել են ոստիկանությունում երկու օր: Նրանց չի բացատրվել թե ինչու, ի՞նչ փաստի առթիվ են իրենք հրավիրվել ոստիկանություն եւ ինչ գործի շրջանակներում են հարցաքննվում: Եղել են սպառնալիքներ եւ ճնշումներ վկաների հարցաքննության ընթացքում: Դատարանն եւս ունեցել է բացթողումներ դատաքննության ընթացքում, դրանցից մեկը փաստաբաը համարում է Սպարտակ Ղուկասյանին դատարան չհրավիրելն ու չհարցաքննելը: Դատարանը հրաժարվեց նաեւ գումարել դռնփակ դատական նիստ եւ հարցաքննել շատ կարեւոր մի վկայի, ում պաշտպանական կողմը նախնական հարցաքննության էր ենթարկել, ով շատ բան կարող էր պատմել Սպարտակ Ղուկասյանի եւ սպանվածի միջեւ եղած հակասությունների մասին:

«Անդրադառնալով մեղադրողի ճառին, ցանկանում եմ դատարանի ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա,-դիմելով դատավոր Մարտին Սարոյանին ասաց Լուսինե Սահակյանը,-դատախազը պահանջում է 2 տարվա ազատազրկում քրեական օրենսգրքի 188 հոդվածով կատարված արարքի համար, այն դեպքում, երբ այդ հոդվածով նվազագույն պատիժը տուգանքն է, իսկ առավելագույնը՝ ազատազրկում մեկ տարի ժամանակով, եւ ոչ թե 2 տարի: Մարդը գալիս է մարդուն մեղադրում է՝ չիմանալով քրեական օրենսգիրքը: Հարգելի մեղադրողն այսքանից հետո առնվազն պիտի ինքնաբացարկ հայտներ»:

Պաշտպանական կողմը միջնորդեց դատարանին արդարացնել Հարություն Սարգսյանին: Ամբաստանյալը՝ օգտվելով խոսքի իր իրավունքից, հայտարարեց, որ ակնկալում է արդար դատաքննություն: «Մարդասպանը ազատության մեջ է եւ հիմա ծիծաղում է ոչ թե իմ վրա, այլ գործ սարքող մեղադրող կողմի վրա»,-հայտարարեց Հ. Սարգսյանը:

Օգտվելով ռեպլիկի իրավունքից, դատախազ Արմեն Մարուխյանն ասաց, որ «երկու տարի ազատազրկում» արտահայտությունը վրիպակ է եղել: «Ես հույս ունեմ, որ մեղադրողն եւս իր ներկայությունն այս գործում կհամարի վրիպակ»,-հակադարձեց Լուսինե Սահակյանը: Նա հույս հայտնեց, որ դատավորը կկայացնի մի վճիռ, որով կապացուցի, որ ՀՀ-ում կա արդարադատություն:

Սույն գործով վճիռը կհրապարակվի մարտի 12-ին: 

Մեկնաբանություններ (2)

Հ,Գ,
Ամոթալի դաժանություն ու հիմարության թատրոն, արդարադատության փոխարեն: Ավելի հասկանալի կլիներ եթե ուղղակի ասվեր՝ 1. այն աստիճան դեբիլ ենք որ ի վիճակի չենք պարզելու տեղի ունեցածը: 2. Հանցանքի իրական կատարողին պատժելը վեր է մեր կարողությունից: Ավելի հավանական է եւ 3-րդ տարբերակը - լավ փող ենք ստացել, կամ լուրջ սպառնալիք, ու դողում ենք մեր կեղտոտ կաշվի համար! Սակայն այս դեպքում թող իրենք իրենց հարցնեն - իսկ այդ աղջիկը (պաշտպանը) ինչու չի վախենում կամ կաշառվում, ու ... գետինը մտնեն! ԹՈՂ ՄԻ ԱԶՆԻՎ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՀԱՅՏՆԻ ԹԵ ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒՄ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ
Ferdinand
Вы дураки

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter