HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի ազգային բրենդը

ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել ազգային բրենդի մշակման աշխատանքներին: Պատասխանատուն ազգային մրցունակության հիմնադրամն է: Ենթադրվում է, որ ազգային բրենդի մշակման համար կպահանջվի մոտ 400 հազ. դոլար, որից 150 հազ. դոլարը (62 մլն դրամ) հատկացվել է պետական բյուջեից, մնացած գումարները պետք է հայթայթվեն այլ աղբյուրներից: Արդեն համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ՝ ծրագրի ֆինանսավորման հարցում: Այդ համաձայնության շրջանակներում հայկական բրենդի մշակման աշխատանքները կհանձնարարվեն GK brend մարքեթինգային գործակալությանը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ազգային բրենդն ու ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ դրանից: Ազգային բրենդինգի գաղափարը պատկանում է բրիտանացի անկախ քաղաքական խորհրդական Սայմոն Անհոլթին: Նա 1996թ. առաջարկեց ազգային բրենդի հայեցակարգ, և մինչ այսօր հանդիսանում է այդ ոլորտի ճանաչված փորձագետը: Հենց նա էլ մշակեց ազգային բրենդների վարկանիշը (Anholt-GfK Roper Nation Brands Index), քաղաքների բրենդների վարկանիշը (Anholt-GfK Roper City Brands Index), պետական բրենդների վարկանիշը (Anholt State Brands Index): Այս վարկանիշերը ներառում են 50 երկրների և 50 քաղաքների բրենդների ամենամյա ուսումնասիրություն:

Ազգային  բրենդների գնահատման համար Ս. Անհոլթն օգտագործում է 6 չափանիշ.

1. Արտահանում. ցույց է տալիս, թե տվյալ երկրի ապրանքներն ինչ հեղինակություն ունեն այլ երկրներում:

2. Կառավարում. գնահատում է ժողովրդավարության, արդարության, աղքատության և շրջակա միջավայրի վիճակը:

3. Մշակույթ. կինոյի, երաժշտության, արվեստի, սպորտի և գրականության մասին գնահատականներն են:

4. Մարդիկ. տվյալ երկրի մարդկանց մասին պատկերացումներն են, որքանո՞վ մարդիկ բարեհամբույր են, կրթված, կոմպետենտ, թշնամության ու խտրականության ինչպիսի՞ մակարդակ գոյություն ունի:

5. Զբոսաշրջություն. երկրի զբոսաշրջային օբյեկտների գրավչության գնահատականն է:

6. Ներդրումներ և միգրացիա. որոշում է, թե տվյալ երկիրը որքանո՞վ գրավիչ է այլ երկրների մարդկանց, ներդրողների համար:

Այս չափանիշների առկայությունը ցույց է տալիս, որ բրենդային վարկանիշերում բարձր տեղեր գրավելու համար գեղեցիկ տեսահոլովակներ, կարգախոսեր ու պաստառներ մշակելը բավարար չէ: Անհրաժեշտ է երկրի իմիջը ձևավորող ավելի հիմնարար գործոնների առկայություն: Բացի այդ, Ս. Անհոլթը նշում է, որ ազգային բրենդի օգտակարության մասին կարելի է դատել միայն 10 տարվա ընթացքում, ընդ որում՝ հնարավոր են նաև բացասական ազդեցություններ: Փորձը ցույց է տվել, որ շատ երկրներ կարողացել են զբոսաշրջային գրավչությունը բարձրացնել առանց բրենդի ու PR ակցիաների վրա գումարներ ծախսելու, այնինչ որոշ երկրներ էլ գործնականում առաջընթաց չեն արձանագրել, թեև հսկայական միջոցներ են ներդրել բրենդների մշակման ու առաջխաղացման համար: Սա կարևոր ազդակ է Հայաստանի համար. բրենդի մշակումն ինքնին հաջողության գրավական չէ, եթե այն չի աջակցվում միջավայրի դրական փոփոխություններով:

Նախկին խորհրդային հանրապետություններից բրենդներ մշակել են Ռուսաստանը, Ուկրաինան, Լատվիան, Էստոնիան: Այս երկրները ձգտում են ոչ միայն գովազդել իրենց առավելությունները, այլև ցրել իրենց երկրի մասին Արևմուտքում տարածված բացասական գնահատականները (սա վերաբերում է Ուկրաինային ու Ռուսաստանին): Ուկրաինան, օրինակ, հատուկ ուշադրութուն է դարձրել այն հանգամանքի վրա, որ երկիրը չդիտարկվի որպես սեքս-ինդուստրիայի կենտրոն, իսկ Ռուսաստանը ձգտում է ցրել «վատ ճանապարհների, երկար ձմեռների ու շանտաժին սովոր պետության» իմիջը: Հայաստանը, որպես նախկին խորհրդային հանրապետություն, նույնպես պետք է ջանքեր գործադրի՝ հետամնաց ու աղքատ երկրի իմիջը ցրելու համար: Ամենայն հավանականությամբ, մենք մեծ ուշադրություն կդարձնենք եկեղեցիներին ու պատմական զբոսաշրջությանը, սակայն փորձը ցույց է տալիս, որ նման միակողմանի ներկայացումն այնքան էլ նպաստավոր չէ երկրի համար: Ցանկալի է երկրի մասին, զբոսաշրջային ենթակառուցվածքների մասին ավելի համակողմանի ներկայացում (արկածային զբոսաշրջոթյան, էկոզբոսաշրջության, գյուղական ու ձմեռային զբոսաշրջության հնարավորությունների ներկայացում): Բոլոր դեպքերում զբոսաշրջային գրավչության աճի համար բրենդների դերը չպետք է գերագնահատել, թեև հաջողակ տեսահոլովակներն ու կարգախոսներն, իհարկե, իրենց դերը կուենան:

Մեկնաբանություններ (1)

Մի քիչ մտածեք!
Ով ասում է - էս կանաչ խիար ա՝ Հայերս (մեր կառավարությունը) աղն առնում վազում ենք! Լեցուն միջազգային խաբեբա-հեղինակավոր կազմակերպություններ են ինքնաստեղծվել, որոնք սերտիֆիկատներ, բրենդներ ու ռայտինգներ են վաճառում ,,մատչելի,, գներով: Վստահ եղեք, աչքակապությունից բացի մեջը բան չկա (թեթեւ շաբաշը չհաշված): Աշխատելու փոխարեն ,,նեյնիմ-նեյնիմ,, են երգում անբան անպիտանները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter