HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիսիանի ավագանու կազմը ընտրությունից մեկ տարի հետո հնարավոր է` կիսով պակասի

2012թ. աշնանը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Սիսիանում ընտրվել է ավագանու 15 անդամ, որից երկուսն անցյալ տարի ինքնակամ դադարեցրել են իրենց լիազորությունները, մեկն էլ զորակոչվել է զինվորական ծառայության: Ավագանու անդամներից եւս երեքի լիազորությունները դադարեցնելու հարցը ներառված էր ավագանու փետրվարի 25-ի հերթական նիստի օրակարգում` «մեկ տարվա ընթացքում ավագանու նիստերի ավելի քան կեսից ավելի անհարգելի բացակայելու» հիմքով:

«Սա անձերի խնդիր չէ, այլ` մտահոգություն, որ ավագանիները լուրջ չեն վերաբերվում իրենց պարտականություններին, եւ պարբերաբար, բացակայության պատճառով հաճախ ենք քվորում ապահովելու խնդիր ունենում»,- նշեց Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Նա միաժամանակ համաձայնեց նիստի մասնակիցների այն դիտարկմանը, որ անհրաժեշտ է մեկ անգամ եւս հնարավորություն տալ ավագանու անդամներին, եւ ավագանու անդամ Համլետ Բաբայանի առաջարկով նրանցից եւս երեքի լիազորությունները դադարեցնելու հարցը քվեարկության չդրվեց:

Ավագանին ակտիվ քննարկեց նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը, որոնցից առաջինը 2013թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելն էր:

Համայնքային իշխանության աշխատակազմի ֆինանսա-տնտեսական եւ եկամուտների հավաքագրման բաժնի տեղեկացմամբ` 2013 թ.-ին Սիսիանի համայնքային բյուջեի եկամուտներն ապահովվել է 98,4%-ով: Համայնքի ղեկավարի խոսքով` վերջին տարիների համեմատությամբ դա վատ ցուցանիշ չէ, քանի որ համայնքի 2400 սեփականատերերի մեջ փոքր թիվ չեն կազմում այնպիսիները, ովքեր վաղուց Հայաստանում չեն, եւ տարեցտարի  նրանց հողի հարկերի պարտքերը կուտակվում են: Հողի հարկի հավաքագրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը, ըստ քաղաքապետի, կարող է նպաստել այն, որ այսուհետ հարկադրանքի ճանապարհով հնարավոր է հողի հարկը բռնագանձել, ընդհուպ մինչեւ պարտատուի գույքի վրա արգելանք կիրառելը, այսինքն` առանց դատական քաշքշուկների, վարչական ակտի միջոցով հարկադիր կատարման դիմելը:

Բյուջեի եկամուտների այլ աղբյուրների, մասնավորապես գույքահարկի հոդվածով նախատեսվածից 3 մլն 600 հազար դրամով ավելի գումար է ապահովվել: Օրակարգի մեկ այլ հարցով նախատեսվում էր փոփոխություն կատարել համայնքի 2014թ. բյուջեն հաստատելու մասին թիվ 74-Ն որոշման մեջ, ըստ որի` վարչական բյուջեի եկամտային մասն ավելացվում է 800 հազար դրամով: Փոփոխության համար հիմք էր հանդիսացել կենցաղային աղբի համար յուրաքանչյուր բնակչից գանձվող գումարի չափն ավելացնելը, ինչպես նաեւ «ոչ կենցաղային եւ խոշոր եզրաչափի աղբի» համար վճարումներ կատարող  իրավաբանական կազմակերպությունների թվաքանակի ավելանալը:

Բյուջեի ծախսային մի շարք հոդվածներից նվազեցումներ են կատարվել, եւ այդ գումարներն ուղղվել են պահուստային ֆոնդ:

Հաշվի առնելով ընթացիկ տարում Սիսիան քաղաքում նախատեսվող մի շարք մշակութային միջոցառումները (Համո Սահյանի ծննդյան 100-ամյակ, Սիսիանի` որպես երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու տոնակատարություններ)` վարչական բյուջեի պահուստային ֆոնդից որոշ վերաբաշխումներ են կատարվել. մասնավորապես, վարչական բյուջեի` «մշակույթի տներ, ակումբներ եւ արվեստ» հոդվածները համապատասխանաբար ավելացել են 2 եւ 1 մլն 800 հազարական դրամով:

Ավագանու անդամների բուռն քննարկման առարկա դարձավ նախատեսվող այն փոփոխությունը, ըստ որի` շենքերի եւ շինությունների կառուցում հոդվածը նվազեցվում է 1 մլն դրամով եւ այն ուղղվում է քաղաքապետարանի համար սարքավորումներ ձեռք բերելուն: Առաջարկվեց այդ միջոցները ներդնել համայնքի տարածքում գտնվող ամենավթարային շենքի ամրացմանը, որին ի պատասխան համայնքի ղեկավարը նշեց, որ անգամ մեծ ներդրումների դեպքում նշված բազմաբնակարան շենքը հնարավոր չէ բարեկարգել: Բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու խնդիրը ակնկալվում է լուծել` պետական բյուջեից միջոցներ ներգրավելով:

Քննարկելով «2014 թվականի գարնանը եւ աշնանը համայնքային սեփականություն հանդիսացող ծառերի հատումը, էտը կազմակերպելու եւ առաջացած վառելափայտը անհատույց համայնքային ենթակայության ուսումնական հաստատություններին տրամադրման հարցը», ավագանիները պնդեցին այդ հարցը լուծել բնապահպան փորձագետների կարծիքները լսելուց հետո եւ միջոցներ գտնեն կտրտված ծառերը նորով փոխարինելու համար:

Օրակարգի երկու հարցերի շուրջ, որոնք ըստ էության նորություն էին ավագանու անդամների համար, լայն քննարկում ծավալվեց: Խոսքը վերաբերում էր քաղաքապետին կից քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմիններ ստեղծելուն եւ նրա գործունեության շրջանակներին, ինչպես նաեւ քաղաքային համայնքում հանրային բաց լսումներ կազմակերպելու, անցկացնելու եւ դրանց վերաբերյալ ավագանուն տեղեկատվություն տրամադրելու կարգին: Ինչպես մյուս, այնպես էլ այս հարցերի շուրջ ավագանու նիստին մասնակցող յոթ անդամները ներկայացրին իրենց կարծիքները, առաջարկությունները, առարկությունները, մի հանգամանք, որ կարող է ուսանելի լինել նաեւ այլ համայնքների համար:

«Հաշտ» չանցան նաեւ օրակարգում ներառված քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող որոշ հողատարածքների, գույքի բաց դասական աճուրդով օտարմանն առնչվող հարցերը: Ավագանին դժգոհեց, որ ներկայացված որոշման նախագծերին չեն կցվել օտարման ենթակա հողատարածքների քարտեզները: Նիստի մասնակիցները նույն բծախնդրությունը ցուցաբերեցին «Դի-Վի-Վի ինթերնեյշնլ» հայաստանյան մասնաճյուղի կողմից ձեռք բերված ու համայնքին տրամադրված մոտ 7 մլն դրամ արժողությամբ գույքը սեփականության իրավունքով «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամին հանձնելու հարցին: Ավագանիների պահանջով քաղաքապետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետը մանրամասն ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, նախատեսվող միջոցները, որոնք ուղղվելու են կենտրոնի գործունեությանը: Ավագանուն հետաքրքրեց նաեւ, թե ինչպես են տնօրինվելու կենտրոնում կազմակերպվող վճարովի դասընթացներից ստացված գումարները:

Միակ հարցը, որի շուրջ համակարծիք էին ավագանու նիստի մասնակիցները, վերաբերում էր ՀՀ պաշտապնության նախարար Սեյրան Օհանյանին եւ ՊՆ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի պետ Դանիել Մկրտչյանին Սիսիանի քաղաքային համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելուն: Թե որքանո՞վ էր արդարացված վերջին որոշումը, թերեւս այլ քննարկման թեմա է, բայց ողջունելի է, որ տեղական ինքնակառավարման մարմինների մաս կազմող ավագանու ինստիտուտը ոչ բոլոր տեղերում է ձեւական, եթե, իհարկե, այս նիստը եզակի չէ Սիսիանի համայնքի ավագանու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter