HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցմահ դատապարտյալները ուզում են արյան դոնոր լինել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող մի խումբ ցմահ ազատազրկման դատապարտվածներ իրենց պատրաստակամությունն են հայտնել արյան դոնորներ դառնալու, երբ հեռուստատեսությամբ լսել են «Նվիրիր կյանք» հիմնադրամի հայտարարած «Մեր արյունից մի քիչ` մանուկներին» ակցիայի մասին: Հիշեցնենք, որ հիմնադրամը մանկական օնկոլոգիայի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ հանդես է գալիս նման կոչով՝ արյուն նվիրաբերել արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին:  

Ցմահ բանտարկյալների այս նախաձեռնության մասին «Հետքին» փոխանցեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Իրավապաշտպանը նշեց, որ այս հայտարարությունը նրանք խնդրել են ընդունել ի գիտություն և ապահովել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արյան հանձնումը: 

Ավետիք Իշխանյանը ցմահ դատապարտված մարդկանց այս գաղափարը գնահատեց հետևյալ կերպ. «Հավանաբար, իրենց մեջ պիտանի լինելու ցանկություն է ծնվել, նաև ցանկություն` ցույց տալու, որ իրենք էլ հասարակության մի մասն են՝ անկախ նրանից, թե ինչ կարգավիճակում են»:

Նշենք, որ հատկապես մանկական օնկոլոգիայի դեմ պայքարի համաշխարհային օրվա նախօրեին ու դրան հաջորդող օրերին ողջ աշխարհում նմանատիպ ակցիաներին մասնակցում ու կամավոր արյուն են տալիս նաև հայտնի մարդիկ, հասարակական, քաղաքական, արվեստի գործիչներ և այլն:

Արյունաբանները նշում են, որ Հայաստանում արյան դոնորների 50 տոկոսից ավելին հարազատներն են, 45 տոկոսը՝ փոխհատուցվող դոնորները (փոխհատուցվում են պետական բյուջեից): Արյան դոնոր կարող է լինել 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի, եթե 6 ամիս բնակվում է ՀՀ-ում: Արյուն տվողը պետք է հետազոտություն անցնի: Եթե նրա առողջության ցուցանիշները համապատասխանեն, նոր միայն կարող է արյուն տալ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter