HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հայաստանում էժանացել է ավտովառելիքը

Երևանյան բենզալցակայաններում ու գազալցակայաններում վերջին օրերին էժանացել է ավտովառելիքը: Բենզինն էժանացել է 20 դրամով լիտրի համար, իսկ գազը՝ 10 դրամով 1 խոր. մետրի համար: Էժանացման ալիքը սկսվել է 2 օր առաջ, իսկ այսօր գրեթե բոլոր բենզալցականաններում ու գազալցակայաններում նկատելի էր էժանացման փաստը:

Բենզինի շուկան

Եվ «Ֆլեշը», և «CPS»-ը, և «Ռանօյլը» սահմանել են բենզինի նույն գները՝ պրեմիումը 480 դրամ (նախկին 500 դրամի փոխարեն), ռեգուլյարը՝ 460 դրամ (նախկին 480 դրամի փոխարեն), սուպերը 510 դրամ (նախկին 520 դրամի փոխարեն): Չիփոխվել միայն դիզվառելիքի գինը՝ 460 դրամ: Քանի որ այս ընկերություններից մեկնաբանություն ստանալն ավելի դժվար է, քան Հռոմի պապից, փորձեցինք ուսումնասիրել միջազգային շուկայում վերջին շաբաթների գնային փոփոխությունները: Իրավիճակը հետևյալն է՝ արդեն 2 ամիս է, ինչ բենզինն էժանանում է Բուլղարիայում, որը Հայաստանի հիմնական մատակարարներից է: Այդ երկրի մանրածախ ցանցում հունվար-փետրվարին նկատվում է բենզինի գնի մոտ 22% անկում: Համարվում է, որ Բուլղարիայում վաճառվում է Եվրամիոությունում ամենաէժան բենզինը՝ 1 լիտրը 1,31 եվրո (մոտ 745 դրամ), այնինչ Եվրամիությունում միջինը 1,51 եվրո է (մոտ 860 դրամ): Հարկ է նշել, որ Եվրամիությունում բենզինն է ժանացել է 2013 թ. ընթացքում (մոտ 2,6%-ով), կապված նավթի գների որոշ նվազման հետ, սակայն այս տարվա առաջին ամիսներին գնիփոփոխությունը տարբեր երկրներում տարբեր կերպ է ընթանում՝ և դեպի նվազում, և դեպի աճ: Հնարավոր է՝ Հայաստանում բենզին վերջին օրերի էժանացումը ուշացած արձագանք է մեր մատակարար երկրներում ավելի վաղ դրսևորված էժանացմանը:

Մաքսային միության երկրներում բենզինը  2013 թ. թանկացել է, Ռուսաստանում՝ մոտ 6%, Բելառուսում՝ մոտ 20%, մի փոքր թանկացում կա նաև Ղազախստանում: Հունվարին բենզինը Ռուսաստանում մի փոքր էժանացավ, սակայն փետրվարին կրկին նկատվում է թանկացում:

Նշենք, որ Հայաստանը 2013 թ. ներկրել է մոտ 328 հազ. տոննա նավթամթերք՝ մոտ 20 հազ. տոննայով ավելի պակաս, քա 2012 թ.: Մեր երկրում բենզինի սպառումը գնալով նվազում է՝ տեղը զիջելով ճնշված գազին: Հայաստանին նավթամթերքի խոշորագույն մատակարարները Ռումինիան և Ռուսաստանն են: Ռուսաստանից հիմնականում ներկրում ենք դիզվառելիք, իսկ մյուս երկրներից՝ բենզին: Ռուսաստանից 2013թ. ներկրվելէ 98 հազ. տոննա դիզվառելիք՝ լիտրը 0,98 դոլար մաքսային արժեքով: Ռումինիայից ներկրումը կազմել է 97 հազ. տոննա նավթամթերք (բենզին)՝ 1 լիտրը 1,05 դոլարով: Բուլղարիայից ներկրել ենք մոտ 45 հազ. տոննա բենզին՝ 1 դոլար/լիտր մաքսային արժեքով: Որքան էլ տարօրինակ է՝ Հայաստանը մեծ քանակությամբ բենզին է ներկրում նաև Իսրայելից՝ մոտ 40 հազ. լիտր, 1 լիտրը՝ 1,1 դոլար մաքսային արժեքով: Հայաստանին նավթամթերքի խոշոր մատակարար է նաև Իրաքը՝ 31,4 հազ. տոննա, 1 լիտրը 0,9 դոլարով: Ոչ մեծ քանակությամբ էժան բենզին ներկրում ենք Իրանից՝ լիտրը 0,9 դոլարով:

Ընդհանուր առմամբ՝ 2013թ. Հայաստանին մատակարարվող վառելիքի մաքսային արժեքը նախորդ տարվա նվազել է շատ քիչ՝ ընդամենը 0.04 դոլար/լիտրով (16 դրամով): Ընդ որում՝ Ռումինիայից, Բուլղարիայից ու Իսրայելից մատակարարվող բենզինը զգալի է էժանացել, իսկ Ռուսաստանից մատակարարվող դիզվառելիքի գինը մի փոքր բարձրացել է:

Սեղմված գազ

ԱԳԼՃԿ-երում սեղմված գազը էժանացել է մոտ 100 դրամով, իջնելով մինչը 170 դրամ 1 խոր. մետրի համար: Ընդ որում՝ շաբաթ-կիրակի օրերին ԱԳԼՃԿ-երն ավելի էժան գազ են առաջարկում՝ մինչև 160 դրամ: Հիշեցնենք, որ հայաստանյան ԱԳԼՃԿ-երը վաճառում են ոչ թե հեղուկացված պրոպան-բութան գազ, ինչպես Եվրամիության երկրների մեծ մասը, այլ սեղմված բնական գազ՝ մեթան, որի մատակարարը «Գազպրոմ Արմենիան» է: Մեթան գազ Եվրոպայում վաճառում են միայն Ֆինլանդիայում, սակայն այնտեղ գինը վերահաշվարկում են լիտրով, իսկ Հայաստանում արժեչափը խոր. մետրն է:

«Գազպրոմ Արմենիայի» մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը «Հետքին» ասաց, որ գազալցակայաններին իրացվող գազի մեծածախ գնում որևէ փոփոխություն չեն կատարել, քանի որ այդ սակագինը սահմանում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Որպես խոշոր գազասպառողներ (10 հազ. խոր.մետրից ավելի)՝ ԱԳԼՃԿ-երը գազ ստանում են 276,98 դոլարով՝ 1000 խոր. մետրի համար: Այդ գինը սահմանվել է 2013 թ. հուլիսի 7-ից, ու դրանից հետո գազալցակայաններում գազը մոտ 5%-ով թանկացավ: Հիմա սակագինը վերադարձել է մոտավորապես այն մակարդակին, որ կար մինչև հուլիսի 7-ի թանկացումը: Ամենայն հավանականությամբ՝ գազալցակայաններում սակագնի փոփոխությունը հետևանք է ճնշման փոփոխությունների, կամ կոմպրեսորների աշխատանքի հետ է կապված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter