HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեւային ջրատաքացուցիչները վերափոխել են կյանքը Բասենում

Արսեն Վարդանյան

Բասենցի փոքրիկները մի քանի ամսից կճաշակեն սեփական ջերմոցում աճեցված էկոլոգիապես մաքուր պտուղ բանջարեղենը: Նման արտոնություն առայժ կունենան միայն Բասեն գյուղի մանկապարտեզ հաճախող 50 փոքրիկները: Նորաստեղծ ջերմոցը փոքր է եւ նախատեսված է բավարարելու մանկապարտեզի սաների կարիքները, սակայն համայնքապետն այն ընդլայնելու հեռանկարը չի բացառում: «Եթե արեւային ջրատաքացուցիչների ծրագիրը չանեինք, դժվար թե այս փոքրիկ ջերմոցն էլ ունենայինք: Հետագայում ձգտելու ենք տարածքն ընդլայնել»,- ասում է Բասենի համայնքապետ Համլետ Պետրոսյանը:

Բասենն, ինչպես նաեւ հարակից չորս գյուղերը, գազիֆիկացված չեն, մարդիկ տները տաքացնում են աթարով ու փայտով: «Նման պայմաններում մտածել ջերմոցային տնտեսության մասին, առնվազն ֆանտաստիկայի ժանրից էր լինելու»,- ասում է համայնքապետը:

Մարզպետարանի բնապահպանության վարչությունից Բասեն համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանը տեղեկացել էր, որ 2012թ.-ին Ամասիայի տարածաշրջանի Շաղիկ համայնքում իրականացվել է արեւային ջրատաքացուցիչների ներդրման ծրագիր, որը բավականին դրական արդյունքներ է գրանցել: Ծանոթացել էր պայմաններին, հավանել եւ որոշել այն իրականացնել նաեւ Բասենում: «Շենք-շինությունների էներգաարդյունավետության միջոցառումների եւ արեւային ջրատաքացուցիչ համակարգի կառուցում ու շահագործում համայնքներում» ծրագրի մեկնարկը տրվեց 2013 թ·-ի մարտին: Համայնքապետարանի հետնամասում գտնվող բակային հատվածում տեղադրվեցին արեւային ջրատաքացուցիչներ, շենքի մի հատվածում էլ բաղնիք կառուցվեց:

«Երրորդ բնություն» հ/կ-ի տնօրեն Ռաֆայել Մխիթարյանի հետ միասին փորձարկել ենք ջերմային պոմպի նոր տեխնոլոգիա, որը 20-25 աստիճան ցրտի դեպքում, բայց արեւ լինելու պայմաններում պաղ օդը վերածում է տաք օդի եւ նույնիսկ դրսում ցուրտ լինելու դեպքում հնարավոր է ունենալ տաք ջուր»,- պատմում է համայնքապետը: Հենց այդ ժամանակ էլ Շիրակի մարզի «Օրհուս» բնապահպանական կենտրոնի ղեկավար Գեւորգ Պետրոսյանի հետ որոշել են ջերմոց կառուցել:

Համայնքային ջերմային պոմպերը հատկացրել է ԵԱՀԿ գրասենյակը: Շնորհիվ այս ծրագրի՝ գյուղում նաեւ անվճար բաղնիք է գործում: Հասարակական բաղնիքը, որից օգտվում են գյուղի բնակիչները, աշխատում է արեւային էլեկտրատաքացուցիչներով:

Համլետ Պետրոսյանը վստահեցնում է, որ  եթե յուրաքանչյուր ընտանիք տան տանիքին ունենա նման համակարգ, ապա շոշափելի ձեւով՝ մինչեւ 30-40%, կարող է նվազեցնել ծախսերը, որոնք սովորաբար կատարում է բնակարանի տաքացման եւ մշտապես տաք ջուր ունենալու համար: Մեկ համակարգն արժե 120.000 դրամ: Գյուղում տեղադրված արեւային համակարգն առայժմ կարողանում է բավարարել միայն համայնքապետարանի, մանկապարտեզի եւ հասարակական բաղնիքի պահանջները:

«Մարտ ամսվա վերջին տեղի կունենա ծրագրի շնորհանդեսը: Մինչ այդ, պիտի իհարկե լոլիկի, վարունգի սածիլներ տնկենք, կանաչու տեսականի կունենանք, որովհետեւ ջերմոցի բացումը եւս նախատեսվում է այդ օրը,- ասում է համայնքապետը: -Ջերմոցն ունենալու է հատուկ որդանոց, եւ տեղում աճեցված որդերը աղբը վերածելու են օրգանական պարարտանյութի: Ջերմոցի մշակման, պահպանման աշխատանքները համատեղության կարգով իրականացնելու են մանկապարտեզի աշխատակիցները»:

Մեկնաբանություններ (3)

Tony Halepli
Congratulations to the Basen villagers, their mayor and the NGOs that have helped. Please keep me posted, I may be able to visit Basen on my next trip to Armenia and discuss assistance to their future solar projects.
Taguhi
Kaseq vortex ev erba texi unenalu shnorhandese.kam vonc kapnvenq irenc het
anny
super !! 20 years ago, when i visited Armenia for the 1st time, I thought,this country is ideal for solar panels,producing elctricity and hot water.Now it's beginning to be installed and it will bring a lot of possibilities ! I'm glad

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter