HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Ձմռան մի օր սարերում

Սովորությանս համաձայն` ձմռանը տնակյաց  եմ դառնում: Սակայն  կան մարդիկ, որոնց բանուգործը ուրիշների սովորույթները խախտելն է: Այդպիսին է Պարիս Մուկուճյանը՝ պատմաբան, քաղաքագետ, աստղագետ, երկրաբան, մաթեմատիկոս: Հաստատ էլի մի քանի մասնագիտություն կունենա, որովհետև գիտի բոլոր հարցերի բոլոր պատասխանները, տեղյակ է թուրքերի բոլոր խարդավանքներից, մշտապես բարկացած է հայերի, ռուսների, ամերիկացիների և էլի մի քանի ազգերի միամտության և հիմարության պատճառով: Նա մշտապես մի զույգ հետաքրքրասեր ականջ է փնտրում՝ համաշխարհային ինտրիգները բացահայտող պատմությունների համար: Սակայն վերջերս հաճախ է հուսախաբ լինում՝ բոլոր ականջները հիմա խցանված են գազի հաշվիչներով, պանրի գներով, Կիևյան կամուրջից նետվողների կենսագրություններով ու էլի նման կենցաղային կարևորագույն հարցերով: Այդ խցանված ականջներում կարող են խցկվել միայն քաղաքական գործիչները՝ իրենց  յուրահատուկ ժարգոնով ու ոչ հայկական ծագման հայհոյանքներով, բայց ոչ երբեք ակադեմիական ինտելեգենցիայի ներկայացուցիչները՝ անհասկանալի տիեզերական դատողություններով:

Դեկտեմբերյան սառնամանիքները նոր էին սկսվել և նորմալ երևանցիներն արդեն նախապատրաստված էին տնակյացության երեք ամիսներին, իսկ դա նշանակում էր ոչ մի երեկոյան զբոսանք, քաղաքից ոչ մի բացակայություն, երեկոյան շուտ քուն մտնել` հոսանքն ու գազը խնայելու նպատակով: Բայց շատ անսպասելի Պարիսն առաջարկեց ինձ միանալ դեպի Ապարանի սարերը արշավի մեկնող գիտնականների խմբին: Ի վերջո` եթե արշավների կարելի է գնալ գարնանը, ամռանը և աշնանը, ինչո՞ւ չի կարելի նաև ձմռանը: Սա համարյա թե էկզոտիկա է, մտածեցի ես և անմիջապես համաձայնեցի: Ցտեսություն, սովորույթներ:

Բոլոր արշավներն էլ տեղի են ունենում շաբաթ կամ կիրակի օրերին: Պարիսը դրանում հասցրել էր սխալ գտնել, և արշավի օր էր նշանակել երկուշաբթին, կամ ինչպես սովորաբար ասում ենք` աշխատանքային օր: Անկեղծ ասած` այդ օրը ոչնչով չէր տարբերվում իրեն նախորդած կիրակիին: Նույն ջերմաստիճանը, նույն  մառախուղը, օդի նույնպիսի խոնավությունը: Մի խոսքով` ցուրտ ու մառախլապատ  եղանակ էր, որն այս դեկտեմբերին տնավորվել էր Երևանում: Մի քիչ անհանգստություն էր պատճառում սարերի պահվածքը, սակայն առաջ ընկնելով ասեմ, որ այնտեղ պարզ էր, հաճելիորեն արևոտ ու նույնիսկ ավելի տաք:

Այսպիսով, երկուշաբթի մեկնեցինք դեպի Ապարանի սարերը: Միայն թե պետք չէ կարծել, թե այն տեղի ունեցավ վաղ առավոտյան ու հասարակական տրանսպորտի անմիջական մասնակցությամբ, ինչը հատուկ է մեր գիտական արշավախմբերին: Ոչ մի նման բան: Մենք մեկնեցինք շատ հարմարավետ միկրոավտոբուսով՝ առավոտյան մի կուշտ քնելուց հետո: Օրվա մեծ մասն անցկացրեցինք մեքենայի մեջ, իսկ այն մասը, որ մեքենայից դուրս էր, հիմնականում նվիրվեց սննդի ընդունման ծիսականացված արարողությանը: Իսկ այդպիսի դեպքերն առանց հովանավորի չեն լինում: Դե մենք ել մեր հովանավորն ունեցանք: Մի նախկին պատգամավոր և նախկին պատմաբան՝ Իշխան Քավորյանը: Սկզբից նա պատգամավոր է լինում, հետո` պատմական գիտությունների թեկնածու: Իսկ դրանից առաջ, ասում են` խոհարար էր սովետական մինիստրություններից մեկի ճաշարանում: Մի խոսքով` ներկայացնում էր և գործադիր և ներկայացուցչական, և նախկին և ներկա իշխանությունը: Հեռու եմ այն մտքից, որ Խորհրդային Միությունում անհաջող կարիերիստները խելքից զուրկ էին: Բայց մեր ժամանակների գլխապտույտ կարիերաները միշտ չէ, որ խելացիության վկայություն են: Բոլոր դեպքերում՝ Իշխան Քավորյանը կամովին ստանձնեց արշավախմբի հովանավորի ու ղեկավարի դժվարին ու ոչ շնորհակալ պարտականությունները:

Ուղևորության մյուս անդամներին ներկայացնելիս կառաջնորդվեմ որոշակի հերթականությամբ`հաշվի առնելով անձի զբաղեցրած պաշտոնը և գիտական աստիճանը: Միաժամանակ ընդունելի եմ համարում բոլոր առարկությունները պաշտոնների, աստիճանների և արժեքների անհամատեղելիության առթիվ:

Մեր արշավախմբի հպարտությունն էր «Հայկական գիտություն» ամսագրի խմբագիր Պարգև Գիտունյանը, մի արտասովոր ընդունակության տեր մարդ: Վերջին տարիներին աշխատում է ապացույցներ հավաքել այն մասին, որ համաշխարհային քաղաքակրթության սկզբնավորողները եղել են բացառապես հայերը: Այդ պատճառով էլ ամսագիրը կոչվում է «հայկական», այլ ոչ թե` ռուսական, թուրքական կամ անգլիական գիտություն: Իմ կարծիքով՝ կարելի էր բավարարվել միայն «գիտություն» կոչելով, սակայն Գիտունյանն ասում է, որ պետք է նաև մեր ազգային գիտությունն ունենանք: Նրա ամսագրին ներկայացվող հոդվածի վերնագիրը պարտադիր պետք է  պարունակի «հայ» բառը, իսկ որպես սկզբնաղբյուր պետք է օգտագործված լինեն բացառապես հայ հեղինակների աշխատություններ: Որևէ բացառություն չի ընդունվում:

Իսկ ահա պրն. Պուշկինյանը «Հայկական գիր» հասարակական կազմակերպության ղեկավարն է: Նա արդեն մի քանի գիրք է հրատարակել չվերծանված սեպագրերի մասին և, իհարկե, գրում է հաջորդը (սեպագրերը դեռ մնում են չվերածնված): Ավելին, մանրակրկիտ ուսումնասիրելով հայաստանյան լեռներում ցրված ժայռապատկերային այծերին և նրանց շրջապատող նշանային համակարգը, Պուշկինյանը բացահայտել է նաև հայկական այբուբենի իսկական ծագումնաբանությունը, որում Մեսրոպ Մաշտոցին ոչ մի տեղ չի գտնվել: Պուշկինյանին հանգիստ չի տալիս ան միտքը, որ Մեսրոպ Մաշտոցը գրերը ստեղծել է ընդամենը մ.թ. 5-րդ դարում, երբ բազմաթիվ ազգեր արդեն գիր ու գրականություն ունեին: Նա հանձն է առել ապացուցել, որ հայկական այբուբենի ծագումն առնվազն 5 հազար տարվա պատմություն ունի: Պուշկինյանը սիրում է կրկնել, որ դեռ կապացուցի Մեսրոպ Մաշտոցի սովորական գրագող լինելը, բայց բանավոր հայտարարություններից այն կողմ չի անցնում:

Ցանկացած գիտախումբ կարիք ունի կնոջ ներկայության: Թե ինչո՞ւ է այդպես` չգիտեմ: Միայն համոզված եմ, որ տղամարդկային բնազդների հետ դա կապ չունի: Հայրենասեր տղամարդ հայ գիտնականը կին գիտնականին ինչ-որ բան ապացուցելու անհրաժեշտություն չի տեսնում: Հարկավոր է ընդամենը համոզչություն հաղորդել խոսքերին, այն շաղախել ազգային-հայրենասիրական պաթոսով և այդ դեպքում իսկական հայ կինը չպետք է հակաճառի: Առավել ևս, եթե այդ կինը քրմուհի է: Ժամանակին հեթանոս ենք չէ՞ եղել, մեծ ու հզոր պետություն ենք ունեցել, մեծ ու փոքր ճակատամարտեր ենք շահել, բոցեղեն ու հրեղեն աստվածներ ենք ունեցել: Իսկ ի՞նչ շահեցինք քրիստոնեության ընդունումից հետո` ավելի շատ պարտություններ, կորուստներ, տառապանքներ: Ժամանակն է, ուրեմն, վերադառնալ ազգային ակունքներին, պատմության գրկից ետ կանչել մեր իսկական-հայկական աստվածներին, նրանց օգնությամբ վրեժ լուծել հայ ազգի թշնամիներից: Այդպես շատերն են կարծում: Դե իսկ տիկին Աստղիկը (մինչ հեթանոսություն ընդունելը նա տիկին Ռոզալինան էր) նաև ազգագրագետ է, գիտությունների թեկնածու գիտությունների ակադեմիայի բազում ինստիտուտներից մեկում, բազում հոդվածների հեղինակ բազում ազգագրական ամսագրերում:

Գիտնականների ադպիսի համասփյուռին, անշուշտ, անհրաժեշտ են նաև կրտսեր անդամներ: Նրանց վերապահված է զարմացած նորելուկի պատվավոր դերը: Այդ դերում փորձաշրջան էր անցնում պետական համալսարանի պատմական ֆակուլտետի մի գերազանցիկ ուսանող: Դե ես էլ ընդամենը լրագրող եմ` անպաշտոն ու անկոչում: Գիտնականների աչքում դա ավելի վատ է, քան ուսանող լինելը՝ «հակագիտական», «հակաազգային» ու «դեղին» լրատվության պատճառով: Մեր ազգասեր գիտնակաների կարծիքով՝ լրագրողներն իրենց ուշադրություն չեն դարձնում, և իրենցից կարծիք չեն հարցնում: Այս հարցում նրանց հետ համաձայն եմ, սակայն ինչպես բացատրեմ, որ չապացուցված գիտական կարծիքների համար ընթերցող գտնելը երբեմն ավելի դժվար է, քան Պարիսի համար՝ հետաքրքրասեր ականջը:

Այնպես ստացվեց, որ ես ու ուսանողը մեր առարկություններով ու կասկածներով փչացրինք գիտության նվիրյալների` իրենց կոչումներով հպարտանալու անմեղ կիրքը: Այսպես, Երևանում մի նորակառույց հյուրանոցի կողքով անցնելիս նախկին պատգամավորն անվերապահ հայտարարեց, որ երևանյան հյուրանոցներում նվազագույն օրավարձը 100 դոլար է: Մյուս ուղեկիցները, ինչպես և վայել է բարեկիրթ գիտնականին, անմիջապես զարմանքի ու դժգոհության նշաններ արտահայտեցին, որոնք ունեին հետևյալ ընդհանուր նշանակությունը` «պատգամավորը, անշուշտ, իրավացի է: Բայց մեր քաղաքում պետք է ավելի էժան հյուրանոցներ էլ կառուցել»: Հանկարծ մեջ է ընկնում մեր ուսանող ուղեկիցը և, հաշվի չառնելով բարեկրթության, գիտական և պաշտոնկան սուբորդինացիայի խստագույն կանոնները, հայտնում, որ գիտի այնպիսի հյուրանոցներ, որոնց օրավարձն ընդամենը 50$ և նույնիսկ ավելի պակաս է: Մտքումս ես անմիջապես համաձայնեցի ուսանողի հետ և հասկացա, ավելի ճիշտ` հասկացրին, որ սխալ եմ անում: Մեր հովանավորը ոչ միայն չընդունեց սույն տեղեկության իսկությունը, այլև գրգռված տոնով վերահաստատեց, որ երևանյան բոլոր հյուրանոցների օրավարձը նվազագույնը 100 դոլար է: Մինչ շփոթված ուսանողը փորձում էր հիշել իր իմացած հյուրանոցների անունները և հասցեները, հովանավորն անցավ գոռգոռոցներին, խորապես հիասթափված հավելելով, որ հայերը ղեկավար սիրել չեն կարողանում:

Գիտության մշակները, անշուշտ, տրտմեցին հովանավորի բարկության պատճառով և աչքով, ունքով ու նման այլ ձևերով  համոզեցին ուսանողին`համաձայնել նրա հետ: Դրանից հետո Իշխան Քավորյանը ժամանակ առ ժամանակ սկսեց բացականչել, որ սիրում է հայկական հողը՝ ոչինչ չասելով այդ հողի վրա ապրողների մասին:

Վեճի տհաճ ազդեցությունները ցրելու մտայնությամբ խմբագիր Գիտունյանը նրբանկատորեն խոսակցության թեման տեղափոխեց դեպի պատմության խորքերը: Ըստ երևույթին` ժամանակն էր նորելուկներին ցույց տալ  կոչումով գիտնականների ինտելեկտուալ գերազանցությունը մարդկության մնացած մասի հանդեպ: Չէ՞որ հյուրանոցի գները բնավ էլ գիտական տեղեկատվություն չեն, ամեն ուսանող էլ հիմա գներից ավելի լավ տեղյակ է, քան` դասերից: Խմբագիրը խոսք բացեց Քսենոֆոնի արշավանքի մասին և ուղեկիցներին (անշուշտ, առաջին հերթին` հովանավորին) առաջարկեց ամառային արշավներից մեկն իրականացնել այն նույն երթուղով, որով մ.թ.ա 5 -րդ դարում ընթացել է  10 հզ. վարձկան հույների նահանջը Միջագետքից` Հայկական բարձրավանդակով դեպի Սև ծով: Հին հույն զորավար Քսենոֆոնը Միջագետք էր գնացել օգնելու  Պարսկաստանի արքայազն Կյուրոս Կրտսերի ապստամբությանը: Սակայն ապստամբները պարտվում են, իսկ հույները հայրենիք են վերադառնում Հայկական բարձրավանդակով: Քսենոֆոնն այդ արշավանքը և նահանջը նկարագրել է հայտնի «Անաբասիս» աշխատությունում:

Խմբագրի առաջարկը, պետք է ասել, ինձ դուր եկավ և, իհարկե, պատշաճ է բարձր ինտելեկտուալ արարածներին: Այսպիսի գաղափարներ ինչ-որ ուսանող կամ ընդդիմադիր կայքի լրագրող ոչ մի կերպ չեն կարող հղանալ: Ճիշտ է, խմբագիրը այնուհետ մի փոքր ճշտում կատարեց. ի տարբերություն հույների, որ ստիպված էին ոտքով ու ձիերով կտրել Հայկական բարձրավանդակը  (այդ ճանապարհի միայն մի փոքր մաս է գտնվում ներկայիս Հայաստանում), մեր գիտնականները կարող են այն իրականացնել որևէ ժամանակակից ու հարմարավետ տրանսպորտային միջոցով: Խմբագիրը, շոյված ուղեկիցների հավանություն արտահայտող ու հիացական բացականչություններից, հովանավորին խնդրում էր նաև աջակցել Վրաստանի տարածքում Քսենոֆոնի զորքի երթուղով անցնելուն: Այստեղ ևս ուսանողը չդիմացավ գիտական սուբորդինացիան խախտելու գայթակղությանը: Պարզվեց, որ նրա դիպլոմային աշխատանքը նվիրված էր հենց Քսենոֆոնի «Անաբասիսին»: Պատմագիտությունը վաղուց արդեն քարտեզավորել է Քսենոֆոնի երթուղին և, չնայած որոշ հատվածների վերաբերյալ առկա անորոշություններին և տարակարծություններին, բոլոր քարտեզներում էլ բացառվում է հունական զորքի ներկայիս Վրաստանի տարածքով նահանջելու հանգամանքը: Ուսանողն այդ մասին անմիջապես տեղեկացրեց ուղեկիցներին՝ կարծելով թե օգտակար բան է անում, չէ՞ որ Վրաստան մտնելը փողի և ժամանակի իզուր ծախս կլիներ: Սակայն խմբագիրը լրջորեն վիրավորվեց, ըստ երևույթին դիտողությունն ընդունեց որպես անհամաձայնության արտահայտություն իր ինտելեկտուալ գերազանցության հանդեպ: Նա, ինչպես և հովանավորը, գրգռվեց, բարկացավ և ի վերջո բացառեց Քսենոֆոնի` Վրաստանի տարածքով չանցնելու որևէ տարբերակ: Որպես այդ վարկածի ապացույց ծառայեց նաև հովանավորի անվերապահ աջակցությունը: Նրանք երկուսով մնացածներին համոզեցին, որ հունական զորքը միայն Հայաստանից Վրաստան անցնելու պատճառով է ողջ մնացել: Թե որն էր այդ պնդման պատմական աղբյուրը, այդպես էլ անհայտ մնաց: Համոզված եմ, որ հետո մեր խմբագիրն այդ երթուղին կանցկացներ Աջարիայի առողջարանային գոտիներով:

Այսպես վիճաբանելով հասանք Ապարան: Երևանցիների ցանկացած խմբում ապարանցիների մասին անեկդոտների մի իսկական  գիտակ հաստատ գտնվում է: Մեր խմբում դա Կարպիսն էր: Ահա նրա անեկդոտներից մեկը, որը, ինչպես հատուկ է ամուրիներին, նվիրված էր ամուսնության թեմային: «Ապարանցի երիտասարդը որոշում է ամուսնանալ: Որպեսզի մորը ապացուցի, թե ինչքան լավ ընտրություն է կատարել, իր մի քանի ընկերուհիներին հրավիրում է տուն և մորը առաջարկում ինքնուրույն կռահել, թե նրանցից որին է ինքը ընտրել: Մայրը մի քանի րոպե մտածելուց հետո անսխալ ցույց է տալիս իր ապագա հարսին: «Այդ ինչպե՞ս կռահեցիր, մայրիկ, նա քեզ բոլորից շա՞տ դուր եկավ»,-ուրախացած հարցնում է երիտասարդը: «Ոչ, պարզապես արդեն սկսել է նյարդերիս վրա ազդել», -պատասխանում է մայրը:

Ապարանցիների և ամուրիների մասին անեկդոտներ պատմելով էլ անցանք Ապարանի միջով, քաղաքային եկեղեցու մոտից առանց կանգառի թեքվեցինք աջ և միակ ճանապարհով աստիճանաբար սկսեցինք բարձրանալ դեպի սարեր:

Շուտով ետևում մնացին վերջին գյուղը և ասֆալտի վերջին կտորը: Ճանապարհը ոչ թե աստիճանաբար, այլ կտրուկ վեր էր բարձրանում:

Այն մեզ հասցրեց մի բարձրադիր, թեք ու քարքարոտ սարահարթի: Այդտեղ մեքենայի ճանապարհը ավարտվեց ու մենք վերջապես դուրս եկանք այնտեղից: Ջերմաստիճանը կլիներ -10 ցելսիուսի մոտ, այդ պատճառով առանց գլխարկի ու ականջները փակելու հնարավոր չէր շրջել: Չոր գետինը վկայում էր, որ այդ վայրում արդեն մի քանի օր տեղումներ չեն եղել: Սկսեցինք փնտրել կիկլոպյան ամրոցի ավերակները, որն էլ պետք է հանդիսանար ուղևորության վերջնակետը: Սակայն սարահարթը մեծ էր, ամենուր քարեր ու ժայռակտորներ էին և դժվար է ասել, թե երբ կավարտվեր մեր փնտրտուքը, եթե հանկարծ չհայտնվեր մի հովիվ՝ ոչխարների հոտի հետ: Երբեք չեի մտածել, որ դեկտեմբերյան ցրտերին ոչխարներին կարելի է սար քշել: Ճիշտն ասած, հովիվն ինքն ավելի պակաս զարմացած չէր մեր ներկայությունից: Պարզվեց, որ այն, ինչ մենք անվանում էինք կիկլոպյան ամրոցի ավերակներ, հովվի և նրա ոչխարների կողմից օգտագործվում է որպես քամուց ապաստարան: Մեծ- մեծ ու անտաշ քարերը, որոնք հինգ հազար տարի առաջ պատ են կազմել, անկանոն թափված  էին սարահարթի անկյունում և բնական ժայռակտորների ու հարակից բլրի հետ մի ամբողջական շրջագիծ կազմել:

Լեռնային օդը, թեկուզև ձմեռային, սրում է մարդու զգայարանները, ժամանակավոր ազատություն տալիս քաղաքային միկրոկլիմայում ներփակված բնազդներին: Ես, օրինակ, սկսեցի հաճույք զգալ այծերի նման քարերի վրայով թռչկոտելով, չնայած երևանյան փողոցներում մայթի վրա քարի հանդիպելիս անպայման շրջանցում եմ, երբեմն էլ հայհոյում:

Մյուսները զվարճանում էին այլ կերպ: Պուշկինյանն, օրինակ,  կիկլոպյան ամրոցի քարերի վրա փորագրում էր հարաբերականության տեսության E=mc քառակուսի բանաձևը` մարդկությանը հետագայում զարմացնելու ակնկալիքով: Պարիսի թախանձանքները ` օգտագործել ավելի պարզ ու հանրահայտ մաթեմատիկական բանաձև, մերժվեցին գիտնականի պրագմատիկ սառնությամբ:

Տիկ. Աստղիկը անօգուտ համոզում էր հովվին, որ ժայռակտորներից մեկի վրա գտնվող անցքը մի քանի հազար տարի առաջ փորվել է մարդու ձեռքով և ծառայել է աստվածներին մատուցվող զոհ-անասունին կապած պահելու և մորթելու համար: Հովիվը պնդում էր, որ եթե այդպես լիներ,  ինքն ավելի շուտ գլխի կնկներ և մեկ-մեկ էլ իր շանը կկապեր:

Խմբագիրն ու ուսանողը հերթական բանավեճն էին անցկացնում, որն այս անգամ վերաբերում էր աղանդներին: Ըստ խմբագրի, աղանդավոր պետք է համարել բոլոր նրանց, ովքեր Հին Կտակարանը համարում են Սուրբ գիրք: Խմբագիրը հղում էր կատարում Եզնիկ Կողբացու 5-րդ դարում գրած «Եղծ աղանդոց» («Աղանդների Հերքումը») աշխատությանը, որում իբր աղանդավորություն է համարվել Հին Կտակարանի պաշտամունքը: Հետևապես՝ հայկական եկեղեցու հավատքի հիմքում պետք է ընկած լինի բացառապես Նոր Կտակարանը: Կրոնասեր ուսանողը նույնպես հղում էր կատարում այդ նույն հեղինակին և գիրքը, սակայն  պնդում էր, որ Կողբացին, ընդհակառակը, սրբապղծություն և աղանդավորություն է համարել Հին Կտակարանի մերժման բոլոր փորձերը: Ես, ճիշտն ասած, այլևս չէի զարմանում, որ ուղեկիցներս նույն գիրքը կարող են միանգամայն տարբեր կերպ ընկալել:

Այդ բանավեճում իր հեղինակավոր կարծիքը որոշեց հայտնել նաև քրմուհին: Նրա մտքերի համառոտ շարադրանքը մոտավորապես հետևյալն էր. «Աստվածաշունչը ընդամենը հրեաների պատմությունն է, այնինչ հայերը Ադամից ու Եվայից առաջ էլ են եղել ու զարգացած գիր ու գրականություն ունեցել, սակայն  քրիստոնեությունը ոչնչացրեց հին հայկական հարուստ մշակույթը»: Նկատելով իմ դեմքի թերահավատ արտահայտությունը` տիկ. Աստղիկը զայրացավ, ասելով, որ ինքը բարձրացնում է հայ ազգը և նույնը պարտավոր են անել մնացած հայերը: Անկեղծ ասած՝ ես նույնպես ինձ հայրենասեր մարդ եմ համարում, իսկ եկեղեցի էլ հազվադեպ եմ հաճախում; Սևակն էր չէ՞ ասում՝ մենք մեզ ոչ ոչքից չենք գերադասում: Ուրեմն ինչո՞ւ չի կարելի հայրենիքը սիրել՝ առանց «բոլոր ազգերի մեջ առաջինը» լինելու պարտավորության: Հայրենասիրության ու ազգայինի միջև ճեղքված չկա, սակայն հայրենասիրության ու ազգայնականության միջև այդպիսի ճեղքվածք առաջանում է:

-Եթե իմանայիք,- ասում եմ տիկ. Աստղիկին,- թե ռուսաստաններում և ամենուր ինչպես ենք բոլորին զզվեցրել «իսկ դուք գիտե՞ք, որ հայերն առաջինն են...» բառակապակցությամբ, այդպես չէիք խոսի: Այո, քրիստոնեության ընդունումն իրոք ուղեկցվել է հեթանոսական մշակութային ժառանգության ոչնչացմամբ, սակայն այդ ժառանգության գնահատականները չափից ավելի տարբեր են: Ժամանակակից քաղաքակրթությունը պահանջում է համընթաց քայլ ազատ ձեռքերով, որպեսզի հասցնես վերցնել քեզ հասանելիքը: Երբ այդ ձեռքերը զբաղված են պատմության ջահը պահելով, ինչքան ուզում ես ձեռքերդ բարձրացրու՝ մարմինդ կմնա տեղում, իսկ քայլերդ կդանդաղեն: Ավելի լավ կլինի պատմությունը լավ փաթեթավորել, օժտել բավարար ապացուցողականությամբ և պահել մեջքի ուսապարկում՝ միայն ըստ անհրաժեշտության այն ցուցադրելով: 

Իմ այս դատողությունները տիկ. Աստղիկին չհամոզեցին, նա միևնույն է՝ պնդեց ազգային ակունքներին (այսինքն՝ հեթանոսությանը) վերադառնալու անհրաժեշտության մասին: Այդ դեպքում ըստ նրա, մենք կվերածնվենք որպես ռազմական ու հաղթանակող ազգ: «Թող ձեր ասածը լինի, չուզողն էլ ես լինեմ»,- ասացի տիկ. Աստղիկին: Այսպիսի հրաշալի լեռնային տրամադրությունը չարժե վատնել անիմաստ վիճաբանությունների վրա, առավել ևս, որ մեր գիտնականները բորբոքվում են ցանկացած առարկությունից:

Մինչ այս, մինչ այն` եղանակը լրիվ պարզվեց: Շատ մոտ հեռավորության վրա պարզորոշ գծագրվեցին Արագածի բոլոր չորս գագաթները: Դա իսկապես գեղեցիկ և հազվադեպ հանդիպող պատկեր է: Միայն դա տեսնելու համար արժե ձմռանը սարերում թրև գալ: Արագածի գագաթների բարյացակամ հայացքների ներքո էլ Պարիսն ազդարարեց ընդմիջման սկիզբը:

Ընդմիջումը, ինչպես հայտնի է, ենթադրում է ընդհատված գործողության հետագա շարունակություն: Սակայն մեր ընդմիջումն այնքան երկարեց, որ նրա ավարտը համընկավ արշավի, ավելի ճիշտ կլինի ասել` էքսկուրսիայի ավարտի հետ: Դա` շնորհիվ հովանավորի, որ խմիչքի և ուտեստեների բավական հարուստ պաշար էր վերցրել: Սնունդի ընդունման գործընթացի այդչափ արժևորումը այն վերածում է ոմանց համար անխորհուրդ, իսկ ոմանց համար` շատ էլ խորհրդավոր ծիսակատարության: Ինչպես հայտնի է, նման դեպքերում ի հայտ են գալիս իսկական հայ ղեկավարի բացառիկ ընդունակությունները: Քավորյանն առաջարկեց և առաջին, և երկրորդ, իսկ քանի որ օղու պակասություն չէր զգացվում, նաև մնացած բոլոր կենացները: Այդ կերպ տեղեկացա վաստակաշատ գիտնականների բազմաթիվ հայտնի ու անհայտ բարեմասնությունների մասին: Իսկ կենացների արանքում, բնականաբար, վերլուծվում էր միջազգային քաղաքական իրավիճակը, որից շուտով իմ ականջները հիմնովին խցկվեցին: Կենացների թվի աճին զուգահեռ սկսեցին մռայլվել նաև քաղաքական ու ոչ քաղաքական մյուս բոլոր գուշակությունները: Սիրիա, Մաքսային միություն, գազի գին ու էլի հազար ու մի անհայտ հավասարում: Մռայլության ու ջղաձգության այդ ֆոնի վրա անխուսափելի են վիճաբանություններն ու ծեծկռտուքները: Դրա համար ընդամենը բավարար է ընդհատել մարդուն իր հերթական խորիմաստ մտքերն  արտահայտելիս ու սեփական տեսակետն արտահայտել: Հովիվների գործն ինչպես հայտնի է, ոչխարների հետ լեզու գտնելն է, ուստի նրանցից չի կարելի պահանջել մարդկային հոգեբանության խորը իմացություն: Հինգերորդ, թե վեցերորդ բաժակից հետո մեզ ընկերակցող հովիվը խիստ ջղայնությամբ բացականչեց, թե սխալ էր Նախիջևանը ադրբեջանցիներին թողնելը: Մեր հովիվն այդպես էլ չհասցրեց պարզաբանել, թե այդ երբ ե՞նք ազգային ճակատագրական սխալը գործել: Այդ պատճառով ես դժվարանում եմ նրա հայտարարությունը համարել որպես քաղաքական այլակարծություն: Թե ի՞նչ էր կարծում հովանավորը, չգիտեմ, միայն թե «Դու հասկանու՞մ ես` ինչ ես ասում» բառակապակցությամբ նախկին պատգամավորն ուղղակի հարձակվեց հովվի վրա: Սարերի հովիվ կամ սարերի իշխան` մեծ հաշվով համարյա տարբերություն չեմ տեսնում: Մի իշխանավոր ծեծում է մի այլ իշխանավորի` սովորական բան է: Դե մեր սարերի իշխանն էլ մի լավ հասցրեց գիտության իշխանին, այնպես, որ մարդը ուշքի եկավ միայն ետդարձի ճանապարհին:

Այս ծեծկռտուքը պատճառ դարձավ, որ «ազգասեր» գիտնականների խորհուրդը որոշում կայացնի  սահմանափակել սպիրտային խմիչքների քանակությունը հետագա, ինչպես իրենք են ասում` արշավներում: Ես ու ուսանողն էլ որոշեցինք գարնան կողմը վերադառնալ այս սարերը, գտնել հովվին ու վերջապես պարզել՝ իսկ Նախիջևանի հարցում այդ ե՞րբ սխալվեցինք:

Մեկնաբանություններ (2)

էռնեստ Սոֆյան
ոճը լավն է, ասելիք կա, կոնտրաստները ստացվել են; մի քիչ լրագրողական ժանրի ազդեցություն կա, բայց չափի մեջ: Այս բանավեճերը բոլորս էլ ունեցել ենք, բայց հեղինակին հաջողել է գեղարվեստական շունչ տալ, ու նույնիսկ շատ օգտակար է ստացվել
manvel
ընթերցեցի մինջև վերջ..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter