HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Ուկրաինական ճգնաժամի հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա

Մարտի 3-ին ռուսական ֆոնդային բորսաները զգալի անկում ապրեցին, իսկ ռուբլու արժեզրկումն արագացավ: Պատճառը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն է:

Ըստ RBK-ի գնահատականների՝ Մոսկվայի միջբանկային արժութային շուկայում կապիտալիզացիան նվազեց 62,4 մլրդ դոլարով (10,8 %-ով), իսկ Ռուսաստանի Կենտրոնական բանկը ստիպված էր ռուբլին փրկելու համար 10 մլրդ դոլարի ինտերվենցիա իրականացնել:

Անկում են ապրել բոլոր այն խոշոր ընկերությունների բաժնետոմսերը, որոնք ներկայացված են Հայաստանում կամ այստեղ ներդրումային ծրագրեր ունեն: Առաջին հերթին դա վերաբերում է «Գազպրոմ»-ին, «Ռոսնեֆթ»-ին, «ԻնտերՌԱՕ»-ին, «ՎՏԲ բանկ»-ին: Ռուսական ընկերությունների բաժնետոմսերն անկում են ապրել նաև միջազգային ֆոնդային բորսաներում: Միայն«Ռոսնեֆթ»-ի կորուստը գնահատվում է 1 մլրդ դոլար, իսկ այդ ընկերությունը «Նաիրիտի» համար պատրաստվում էր 500 մլն դոլար ներդրում անել:

Եթե բաժնետոմսերի անկումը շարունակական բնույթ կրի, ու ռուսական խոշոր ընկերությունները չվերականգնեն կապիտալիզացիան, ապա նրանց ներդրումային ծրագրերը կկրճատվեն, այդ թվում՝ Հայաստանում: Նշենք, սակայն, որ այսօր ռուսական ֆոնդային բորսաները բացվել են աճով՝ ժամը 12:00-ի դրությամբ Մոսկվայի բորսայում ցուցիչն աճել է 3,2%-ով, իսկ РТС-ում(Ռուսաստանյան ապրանքային համակարգ)՝ 3,68%: Սակայն հիշեցնենք, որ մարտի 3-ի անկումը 20% էր: Բորսայական ցուցիչների շարժը մեծապես կախված է նրանից, թե Ուկրաինայի շուրջ կարգավորումներն ի՞նչ ընթացք կստանան: Ամերիկյան CreditSuisse բանկի վերլուծաբանները օրերս կարծիք են հայտնել, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը Ռուսաստանի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցներ կկիրառեն միայն այն դեպքում, եթե ռուսական զորքերը մտնեն Արևելյան Ուկրաինա: Սակայն դրա հավանականությունը գնահատվում է 15-20%: Իսկ ըստ Bank of America Merrill Lynch-ի գնահատականներին՝ ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանի ՀՆԱ-ի վրա մինչև 3% բացասական ազդեցություն կթողնի;

Այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին ֆոնդային բորսաներում, առավելապես ներդրողների էմոցիոնալ արձագանքն է Ղրիմի իրադարձություններին: Սակայն հարկ է նշել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների դեպքում Արևմուտքը ևս զգալի կորուստներ կունենա, իսկ այդ դեպքում Հայաստանն այլևս չի խուսափի տնտեսական լուրջ ցնցումներից:

Ինչ վերաբերում է ռուսական ռուբլուն, ապա դրա արժեզրկումն ավելի վաղ է սկսվել ու ուղղակիորեն կապ չունի ուկրաինական ճգնաժամի հետ: Հունվարի համեմատ ռուբլին արժեզրկվել է մոտ 20-ով, սակայն այդ արժեզրկման մեծ մասը բաժին է ընկնում մինչմարտյան իրադարձություններին: Ներկայիս քաղաքական ճգնաժամը պարզապես հերթական ճնշումն է ստեղծում ռուբլու նկատմամբ: Այսօր բորսայում ռուբլին մի փոքր վերականգնել է դիրքերը՝ 1 դոլարը առավոտյան 10:15-ին գնահատվում էր 36,36 ռուբլի, թեև պաշտոնական փոխարժեքը 36,3784 ռուբլի է:

Ռուբլու արժեզրկումը ներկա պահին ավելի անհանգստացնող է Հայաստանի համար, քան բորսայական ցուցիչների անկումը: Ռուբլու արժեզրկումը ուղղակիորեն խփում է հայկական ապրանքների մրցունակությանը ռուսական շուկայում, քանի որ դրամը համեմատաբար կայուն վարքագիծ ունի (եթե դրամը կայուն է, իսկ ռուբլին արժեզրկվում է, ապա հայկական ապրանքները կթանկանան ռուբլով արտահայտված): Քանի որ Հայաստանում մեծ հույսեր են փայփայում ռուսական շուկայում արտահանումներն ավելացնելու ուղղությամբ, սա, կարծում ենք, պետք է մտահոգի: Հարկ է նշել, որ ռուբլու արժեզրկումն ավելի երկարատև բնույթ է կրելու, իսկ բորսայական ցուցիչների վերականգնումը նույնիսկ մոտ օրերին բացառված չէ: Այդ պատճառով սա ավելի ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Կտուժեն նաև արտագնա աշխատանքի մեկնողները՝ նրանց դոլարային եկամուտները կնվազեն, ինչը կանդրադառնա Հայաստան առաքվող տրանսֆերտների մակարդակի վրա: Ամենայն հավանականությամբ, հենց առաջիկա ամիսներին այդ ազդեցությունը կզգացվի:

 

Լուսանկարը՝ www.ridus.ru 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter