HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Նոր զարգացումներ Վերահսկիչ պալատի շուրջ

Առաջիկայում սպասվում են հերթական սուր բանավեճերը ՀՀ Վերահսկիչ պալատի իրավասությունների շուրջ: Պատճառը՝ ՀՀ կառավարության նախաձեռնած օրենսդրական փաթեթն է, որն ավելի խիստ կարգավորումներ է պարունակում Վերահսկիչ պալատի վերաբերյալ; Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում: Հարցը ներառվել է ՀՀ կառավարության վաղվա՝ մարտի 6-ի նիստի օրակարգում:

Ըստ նախագծի՝ ՀՀ Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները, հրապարակումներն ու հայտարարությունները չպետք է պարունակեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաև եզրահանգումներ՝ խախտումների իրավական հետևանքների վերաբերյալ: Սա փաստորեն ՀՀ կառավարության պատասխանն է անցյալ տարի ՎՊ հաշվետվության ներկայացման ընթացքում Իշխան Զաքարյանի այն հայտարարության, թե պետական բյուջեի ծախսերի 70 %-ը ռիսկային է: Կառավարությունն այս հայտարարությունն ընկալեց որպես քաղաքական դեմարշ, Ի. Զաքարյանին  խստորեն քննադատեց նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

ՎՊ-ն արդեն հասցրել է կառավարության այս օրենսդրական նախաձեռնությանը բացասական պատասխան տալ: Ըստ ՎՊ պաշտոնական պարզաբանման՝ Վերահսկիչ պալատր վերահսկողության րնթացքում պետք է իրավասու լինի տալ իրավական գնահատականներ, այդ թվում նաև՝ անել եզրահանգումներ հայտնաբերված խախտումների իրավական հետևանքների վերաբերյալ։ Դա անհրաժեշտ է «համապատասխանության վերահսկողություն» իրականացնելու համար (դրանով որոշվում է բյուջեի միջոցների օգտագործման համապատասխաանությունը իրավական ակտերին): Միևնույն ժամանակ՝ ՎՊ-ն ուղղակիորեն չի առարկել քաղաքական գնահատականներ հնչեցնելն արգելելու կառավարության առաջարկին:

Սակայն կառավարությունը պնդում է, որ ՎՊ-ն ոչ միայն քաղաքական, այլև իրավական գնահատականներ չպետք է հնչեցնի, իսկ կասկածներ առաջանալու դեպքում՝ գործը պետք է ուղարկի դատախազություն, որտեղ էլ կկայացվեն իրավական գնահատականները:

Կարծում ենք՝ այս բանավեճը սուր ընթացք կստանա նաև խորհրդարանական քննարկումների ընթացքում: Ընդդիմության համար ՎՊ-ի քաղաքական ու իրավական գնահատականները կարևոր հաղթաթուղթ են իշխանության հետ հարաբերություններում:

Կառավարության մեկ այլ առաջարկ էլ վերաբերում է նրան, որ վերահսկվող մարմինն իրավասու է առարկել ՎՊ ստուգման արդյունքներին, ու այդ առարկությունը պարտադիր պետք է տեղ գտնի ՎՊ հաշվետվությունում: Ավելին՝ ԱԺ հանձնաժողովներում քննարկումների ժամանակ պետք է լսվեն նաև ստուգման ենթարկված մարմիններին, այդ թվում՝ համայնքների ներկայացուցիչներին:

Այս առաջարկություններն անցնելու դեպքում ՎՊ-ն զգալիորեն կթուլացնի ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա, ու ավելի շատ կզբաղվի ստուգումների հետ առնչվող տեխնիկական բնույթի խնդիրներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter