HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բասենում ձգտում են վերականգնել ձեռագործ գորգագործության ավանդույթները

«Գորգագործությունն իմ արյան մեջ է, և ուշ թե շուտ ես սրանով զբաղվելու էի,-ասում է Շիրակի մարզի Բասեն գյուղի բնակիչ Արշակ Վարդանյանը,- եթե Վան Գոգի նկարները ժամանակին չեն հասկացել, դա չի նշանակում, որ նա պիտի չնկարեր: Եթե «Հայ գորգ»-ն արդեն գոյություն չունի, դա չի նշանակում, որ հայ գորգագործությունը պիտի վերջնականապես մեռնի: Եվ վերջապես, եթե մարդն ունի երազանք, ունի ծրագրեր, դրանք պիտի անպայման իրականացնի»:

42-ամյա Արշակ Վարդանյանի հիշողությունները` տնային պայմաններում գործվող գորգերի մասին, հասնում են վաղ մանկություն: Ասում է, որ գորգագործությամբ ցանկացել է զբաղվել դեռ ուսանողական տարիներից:

Բասեն գյուղի բնակիչների 90 տոկոսը խորհրդային տարիներին զբաղվել է գորգագործությամբ: Տարածված կարծիքը, որ «Հայ գորգ» գործարանը արգելել է տնայնագործությունը, միֆ է: Արշակի հարազատներն, ինչպես և շատ բասենցիներ, ժամանակին կատարել են հենց «Հայ գորգ»-ի պատվերները:

«Դազգահները տները դրած` մարդիկ գործում էին: Ես երեք տարեկանից տեսել եմ այդ պրոցեսը: Հիմա էլ մարդիկ կան գյուղում, որ մտնես տները, պատերին կտեսնես խորհրդային տարիներից պահպանված գորգ, որ հենց իրենք են գործել»,-ասում է Արշակ Վարդանյանը:

Տնտեսագետ Արշակի բիզնես-ծրագիրը շունչ ու հոգի է ստանում միայն 2012թ.-ին: «Իմ մասնագիտությամբ, որպես տնտեսագետ, երբեք չեմ աշխատել: Գյուղատնտեսական աշխատանքներով եմ հիմնականում զբաղվել: Ամուսնացած եմ, երեք որդի ունեմ,-ասում է Արշակը,-մի քանի տարի աշխատել եմ գյուղապետարանում որպես հաշվապահ: Հետո, երբ ազատվեցի աշխատանքից, դարձա գործազուրկ, որոշեցի տարիներ առաջ մտահղացած ծրագիրս իրականացնել: Հենց հիմա էլ մի 50 մտահղացում ունեմ, որոնք կյանքի կոչելու համար մեծ գումարներ են հարկավոր, սակայն որոշեցի սկսել նրանից, ինչը քիչ ներդրում էր պահանջում»:

2012թ. սեպտեմբերին Արշակը գրանցվում է որպես անհատ ձեռնարկատեր ու զբաղվում գործընկերոջ փնտրտուքով: Արշակը լսել էր «Թուֆենկյան թրանս կավկազուս» ընկերության մասին եւ հստակ գիտակցում էր, որ առաջին քայլերն անելու համար հենց նրանց աջակցությունն է հարկավոր: «Բառերով, որ հիմա պատմում եմ, շատ հեշտ է թվում, բայց էդ ուղին էնքան էլ հեշտ չի եղել,-հիշում է Արշակը,- քանի-քանի անգամ եմ գնացել, մինչեւ այդ բաղձալի հանդիպումը «Թուֆենկյանների» ներկայացուցիչի հետ կայացել է: Ի վերջո հանդիպեցինք, զրուցեցինք, մարդիկ վստահեցին ու գործը սկսեցինք»:

Արշակը խնայած միջոցներից 500 հազար դրամով գնում է դազգահ և գործիքներ, իսկ հումքը պիտի տրամադրեր «Թուֆենկյան թրանս կավկազուս» ընկերությունը,ինչպես նաեւ կազմակերպեր պատվիրված գորգի իրացումը: Արշակն առավելություն է համարում, որ չի զբաղվում այդ խնդիրներով: «Եթե մի օր հանկարծ իմ պատվիրատուն, այսինքն` «Թուֆենկյան» ընկերությունը չլինի, այ էն ժամանակ էլ կմտածեմ շուկայի մասին,- Արշակը ծիծաղում է,-եթե տասը տարի առաջ լիներ, կդժվարանայի, բայց հիմա գոյություն ունի համացանց, հիմա ավելի հեշտ կլինի ճանապարհներ փնտրելը»:

Ըստ բասենցի գործարարին` միակ մտահոգիչը ցածր աշխատավարձն է՝ 30-ից 60 հազար դրամ: Սա հիմնական պաճառներից մեկն է, որ երիտասարդները չեն ձգտում տիրապետել ձեռագործ գորգագործության գաղտնիքներին:

Արշակի կինը՝ Գրետան, հիշում է, թե ինչպես մի օր ամուսինը հայտնեց, որ ցանկանում է գորգ գործել սովորել: «Ես սկզբից չհասկացա ինչու, նույնիսկ սկզբում զարմացա,-ասում է Գրետան,-հետո ասաց, որ ուզում է գործ հիմնել: Ինձ հարցրեց, թե կկարողանա՞մ գործել, ես էլ ասի` ինչու չէ, եթե այդքան մարդ ժամանակին սովորել է, ես էլ կսովորեմ»:

Հիմա արդեն ժպիտով է հիշում Արշակը գյուղում գորգագործության ուսուցչի իր փնտրտուքները: Շատերը մերժում էին՝ պատճառաբանելով, թե մոռացել են գորգ գործելու հմտությունները, մի մասն էլ պատճառաբանում էին, թե վատ են տեսնում, երևի չկարողանան օգտակար լինել համագյուղացուն: «Պատճառն այդպես էլ չհասկացա մերժումների, բայց, փառք Աստծո, ունեինք գյուղում Սաթենիկ Իգիթյանի նման վարպետ, ով նախ ինձ սովորեցրեց, հետո կնոջս, հիմա էլ մեր մոտ աշխատում է»,-ասում է Արշակը:

Գորգ գործելը կանաց մենաշնորհ չէ, համոզված է զրուցակիցս: Բասենում եւ տղամարդիկ, եւ երեխաները տիրապետել են այդ արհեստին:

«Ընդհանրապես արհեստավորների կանայք իրենց տղամարդկանց միշտ օգնել են, վերցնենք թեկուզ դարբիններին, որ հետները մուրճ են խփել: Դե գորգագործների մոտ էլ հակառակ պատկերն է եղել: Կարող է էդ տղամարդը գուղամիջում այլ կերպ է ներկայացել, բայց տանը հաստատ իմացեք, որ նստել է կնոջ կողքին, դազգահի առաջ ու գործել է»,-Արշակը ծիծաղում է:

Մեկ տարի շարունակ Արշակի հիմնած փոքրիկ ձեռնարկությունում երկու հոգի են աշխատել՝ կինը և Սաթենիկ Իգիթյանը:

«Հետո մասնակցեցի սոցապ նախարարության պետական զբաղվածության ծառայության հայտարարած ծրագրին, որի նպատակն էն էր, որ եթե դու ինչ-որ գաղափար ունես, ուզում ես կոնկրետ մարդկանց ինչ-որ բան սովորեցնես կոնկրետ թվաքանակով, այդ մարդկանց հիսուն տոկոսին պարտավոր ես ընդունել աշխատանքի,-պատմում է զրուցակիցս,- այդ ծրագրով չորս հոգու ուսուցանեցի, երեք հոգին մեր գյուղից էին, մեկը՝ Գյումրիից: Ուսուցումը երեք ամիս էր, հետո երկուսին ընդունեցի աշխատանքի: Հիմի արդեն չորս հոգի աշխատող ունեմ: Աշխատանքի ընդունեցի Գյումրու բնակչին և մեկ հոգու էլ մեր գյուղից»:

Կախված գորգի երկարությունից, լայնությունից, թելի խտությունից ու գործողի արագությունից՝ այն ավարտելու ժամկետն էլ ձգվում է մեկից մինչեւ չորս ամիս: Մեկ հոգին պետք է օրական գործի վեց հազար հանգույց, դա պարտադիր նորմ է: Մեկ հանգույցի արժեքը նվազագույնը 0,3 դրամ է: Գորգագործն աշխատավարձ ստանում է` ըստ կատարած նորմի և որակի, հաշվի է առնվում նաեւ թելի խտությունը: Ըստ այդմ էլ աշխատավարձը կարող է տատանվել:

Բնական ձեռագործ գորգի վաճառքի մեկ քմ-ը 170 հազար դրամ է, ասում է Արշակն ու շտապում ավելացնել, թե ամեն գնահատող չէ, որ կարող է այն ձեռք բերել, այդ թվում` նաև ինքը:

«Գնահատողները միշտ փող չեն ունենում,-կատակում է Արշակը,-ես ինքս իմ գործած գորգը չեմ կարող գնել, ինչքան էլ որ ուզենամ, փողս չի հերիքի: Ինչպես ամեն մեկը բնական կաշվից կոշիկ չի կարող գնել, այնպես էլ ամեն մեկի գրպանի բանը չէ ձեռագործ գորգ ունենալը»:

Հայկական գորգերի միայն 10 տոկոսն է սպառում գտնում հանրապետության տարածքում, հիմնականում արտահանվում է Ամերիկա: «Այս գորգը, որ տեսնում եք, երկարությունը 10 ու կես մետր պիտի լինի պատրաստի վիճակում: Կեսից ավելին գործել ենք: Հատուկ պատվեր է, միայն գիտեմ, որ Վաշինգտոն է ուղարկվելու»,-ասում է Արշակը:

Զրուցակցիս խնդրում եմ բացահայտել մտքում խմորվող 50 ծրագրերից մի քանիսը: Համաձայնում է խոսել միայն մեկի մասին, որ իրականացնելու է գորգագործությանը զուգահեռ: Ասում է միայն, որ բնապահպանական ուղղվածություն է ունենալու, սկիզբն էլ դրվելու է սեփական տան բակում:

«Էնպես չէ, որ հեծանիվ եմ հայտնագործելու ու էնպես էլ չէ, որ էդ միտքը միայն իմ գլխում է ծագել: Ընդհանրապես ցանկացած գործ սկսելուց առաջ մարդ պիտի անալիզի ենթարկի այն: Եթե դուք կարողանանք հստակորեն որոշել ձեր մտահղացման թույլ ու ուժեղ կողմերը, գտնել խանգարող հանգամանքներն ու հասկանաք հնարավորությունները, ապա կկարողանաք հասկանալ՝ գործը ձեռնարկեք, թե ոչ,-խորհուրդ է տալիս Արշակը,-թե չէ մեր մոտ մարդիկ ինչ գործ էլ փորձում են դնել, վերջում խանութ են բացում, որովհետեւ իրանք իրանց գործունեությունը անալիզի չեն ենթարկում»:

Առաջին լուսանկարում` Արշակ Վարդանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter