HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հայ կինը՝ պատմության խորքերից

Կանանց իրավունքները՝ հայկական իրավունքի պատմության մեջ

Դեռ հեթանոսական ժամանակներից կինը հայերի մոտ համարվում էր ընտանիքի հիմքը: Դրա վկայությունն են մեզ հասած բանաստեղծական պատառիկները, լեգենդներն ու աղքատիկ պատմական վկայությունները:  Հայ պատմիչ Ագաթանգեղոսի վկայությամբ` նախաքրիստոնեական շրջանում հայ կնոջը վերաբերվել են որպես «մայր աղբյուր», «կենսատու», «շունչ և կյանք»: Հեթանոսական դիցարանում կարևոր դեր էին խաղում Անահիտ, Աստղիկ և Նանե աստվածները: Ընդ որում` Անահիտը գլխավոր աստվածներից մեկն էր` Արամազդի դուստրը: Առավել վաղ շրջանում Անահիտը ռազմի աստվածն էր` անուղղակի վկայելով, որ վաղ ստրկատիրական շրջանում հայ կանայք մասնակցել են ռազմական գործողություններին, գուցեև` ոչ երկրորդական դերով: Հասարակական հարաբերությունների զարգացման հետևանքով Անահիտ աստվածուհուն վերապահվում է ավելի կանացի դեր. նա դառնում է պտղաբերության, արգասավորության և ծննդաբերության աստվածը:

Քրիստոնեության մուտքից հետո կնոջ պաշտամունքն արտահայտվել է Աստվածամոր կերպարով: Շատերի կարծիքով` Աստվածամոր կերպարը հայկական իրականությունում հենց Անահիտի վերանվանված ու վերափոխված կերպարն է:

Սկսած չորրորդ դարից` հին հայկական իրավական փաստաթղթերում անընդհատ շեշտվել է կանանց ու տղամարդկանց իրավունքների հավասարությունը: Նման դրույթներ կան և եկեղեցական, և աշխարհիկ փաստաթղթերում (միջին դարերում հայկական իրավունքի հիմքը եկեղեցական կանոններն էին): Կնոջ և տղամարդու իրավահավասարության մասին նշված է Աշտիշատի կանոններում (4-րդ դար), Շահապիվանի կանոններում (5-րդ դար), Դավիթ Ալավկաորդու «Կանոններում» (12-րդ դար):

Շահապիվանի կանոններով (մ.թ. 444թ.)` կինը պետք է տնօրինի ընտանեկան գույքն այն դեպքում, երբ ամուսինը լքել է նրան առանց հիմքերի: Ի հավելումն` նա կարող է տուն բերել նոր ամուսնու:  Դավիթ Ալավկաորդու «Կանոններով»` ամուսնությունը վավերական է միայն հարսնացուի և փեսացուի փոխադարձ հոժարակամ համաձայնության դեպքում. «Ամուսնությունը վավերական չէ, եթե հիմնված է բռնության վրա»:

Եւ վերջապես, կնոջ իրավունքներին պատշաճ ուշադրություն են դարձրել աշխարհիկ (ոչ եկեղեցական) իրավական փաստաթղթերում: Առաջին հիշատակումներն առկա են 5-րդ դարի Վաչագան թագավորի «Կանոնագրքում» (յուրօրինակ սահմանադրություն), սակայն առավել ընդգրկուն և հիմնային բնույթ են ստացել միջնադարյան հայկական իրավական մտքի ամենակարևոր աշխատությունում` Մխիթար Գոշի «Հայոց Դատաստանագրքում»: Վերջինում նկարագրվում է  ընտանիքում տղամարդկանց ու կանանց դերը, փաստվում է կնոջ` կրթություն ստանալու կարևորությունը: «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,- գրել է Մխիթար Գոշը 12-րդ դարում: Նրա «Դատաստանագիրքը» ներառում է դրույթներ բռնի ամուսնությունների դեմ, քաջալերում է սեփականության հավասար բաժանումը և քրեական տուգանքների կիրառումը կանանց դեմ բռնություն գործադրողների նկատմամբ: Խոսվում է նաև կանանց պատվի և արժանապատվության ճանաչման և հարգման, կնոջ ամուսնական տարիքի, ամուսնալուծվելու, 2-րդ անգամ ամուսնանալու, և այլ իրավունքների մասին:

Ժամանակակից ըմբռնումներով` կանանց և տղամարդկանց իրավահավասարության ձևակերպումները տրված են Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացում» (1773թ.): Սա, ինչպես հայտնի է, համարվում է հայկական առաջին սահմանադրությունը: «Ցանկացած մարդկային արարած, լինի նա հայ կամ այլ ազգի ներկայացուցիչ, լինի տղամարդ, թե կին, ծնված լինի Հայաստանում, թե դրա սահմաններից դուրս, պետք է ապրի հավասարության մեջ և հավասար լինի իր ծավալած գործունեության մեջ: Ոչ ոք իրավունք չունի հպատակեցնելու այլ մարդկանց, իսկ աշխատողները պետք է վճարվեն այնպես, ինչպես վճարվում են սովորաբար ծավալած գործունեության համար»,- գրված է «Որոգայթ փառացում»:

Եվ վերջապես` Կոստանդնապոլսի «Ազգային սահմանադրության» (ընդունվել է 1860-ին, իսկ 1863-ին վավերացվել սուլթանի կողմից) ներածության մեջ ուղղակիորեն նշվում են կանանց մի շարք իրավունքներ` տղամարդկանց հետ հավասար կրթություն ստանալու, սոցիալական ապահովության, հասարակական և քաղաքական գործունեություն ծավալելու և այլն:
Այսպիսով` ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածը, որով ամրագրվում է կնոջ իրահավասարությունը, հիմնված է ոչ թե այլ երկրների սահմանադրությունների, այլ հայ իրավական մտքի պատմության վրա:

 Հասարակական և քաղաքական գործունեություն 

Հին դարերում ունեցել ենք կին թագավորներ՝ Էրատո, Փառանձեմ, Զապել: Հայտնի է նաև, որ հայկական արքունիքներում թագավորների կանայք նույնպես որոշակի դերակատարում են ունեցել (նրանց անվանել են Հայոց տիկին): Ժամանակակից հասկացություններով՝ հայ կանանց հասարակական ու քաղաքական դերի ակտիվացումը սկսել է 19-րդ դարում: Դրան էապես նպաստում են հայաշատ քաղաքներում օրիորդաց դպրոցների հիմնումը, ուր հայ օրիորդները կրթություն էին ստանում: Դպրոցները հիմնվում էին եկեղեցու կողմից, սակայն դրանց շրջանավարտներից շատերը հետագայում դառնում էին առաջադիմական գաղափարների տարածողներ: Այդ կերպ հայ եկեղեցին փորձեց 19-րդ դարում ի կատար ածել Մխիթար Գոշի պատգամը: Արդյունքում` շատ արագ ի հայտ են գալիս հայ կին մշակութային գործիչներ, գիտնականներ, գրողներ, պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, ազատ արհեստների կիրառողներ: Օրիորդաց դպրոցները ստեղծվում էին և Արևմտյան, և Արևելյան Հայաստանում: Սակայն, որքան էլ զարմանալի է, կանանց հասարակական գործունեությունն առավել ակտիվ էր Օսմանյան Թուրքիայի տիրապետության ներքո, առաջին հերթին` Կոստանդնապոլսում: Այս քաղաքում 19-րդ դարի վերջում մի քանի հայ կանայք տղամարդկանց հետ հիմնադրեցին կազմակերպություններ և միացան քաղաքական կուսակցություններին: Օրիորդաց վարժարաններն ավարտելուց հետո այդ կանանցից շատերն այնուհետ ուսանել են Եվրոպայում: Կոստանդնապոլսում  հասարակական ակտիվ գործունեություն ծավալող կանանցից 19-րդ դարի վերջում հատկապես շատ հայտնի էին երկուսը` Սրբուհի Տյուսաբ (Վահանյան) և Զապել Ասատուր: Հենց նրանք էլ կազմեցին «Կանանց իրավունքների հռչակագրի» նախագիծը: Հռչակագրի դրույթները հետևյալն էին.

  • հավասար իրավունքներ տղամարդկանց և կանանց համար,
  • մասնագիտության ընտրության իրավունք,
  • երկակի բարոյախոսության ստանդարտների վերացում, որոնցից ամուսնական կյանքում օգտվում են տղամարդիկ,
  • բարձրագույն կրթություն ստանալու իրավունք` որպես երեխայի դաստիարակության բարելավման միջոց,
  • համայնքի գործունեության մեջ կանանց հավասար մասնակցության իրավունք,
  • օժիտի սովորույթի վերացում,
  • ազգի պահպանման և նրա մշակույթի փոխանցման մեջ կնոջ դերի ընդունում:

Այս հռչակագիրը, ըստ էության, կնոջ ֆինանսական ինքնուրույնության ապահովման գաղափարախոսությունն էր կրում: Մուսուլմանական Թուրքիայում նման հռչակագրի ի հայտ գալն իսկապես էլ հեղափոխական մտքի արգասիք էր: Կարելի է ասել` առավելապես մուսուլմաններով բնակեցված Արևելքում հայությունն առաջինն էր, որ գիտակցաբար բարձրացրեց կնոջ դերը հանրային-հասարակական կյանքում: Աղբյուրները վկայում են, որ թեև հռչակագիրը որևէ կազմակերպության կողմից չի վավերացվել, սակայն հայ կանաանցից շատերը իսկապես էլ սկսել են ակտիվ տնտեսական ու հասարակական գործունեություն իրականացնել` բացելով արհեստանոցներ, աշխատեցնելով ֆաբրիկաներ, խմբագրելով գրական հանդեսներ: Կոստանդնապոլսի այլ հայտնի կանանցից կարելի է հիշատակել նաև Զապել Եսայանին` գրող, թարգմանիչ և հրապարակախոս:

Անշուշտ, հայտնի հայ կանայք կային նաև այլ տարածաշրջաններում: Կանանցից շատերը գործուն մասնակցություն են ունեցել Արևմտյան Հայաստանում սկիզբ առած ֆիդայական շարժմանը: Նրանցից ամենից շատ հայտնի են ֆիդայապետ Աղբյուր Սերոբի կինը` Սոսեն, Գևորգ Չաուշի հավատարիմ զինակից Եղսոն, կին ֆիդայի Հայո-Հայաստանը, օրիորդ Սաթենիկ Մատինյանը, Մարո Մակարյանը, Սաթո Օհանջանյանը, Կիլիզարը, Սասունցի Շաքեն, օրիորդ Մարիամ Չիլինգարյանը…

Հայաստանի առաջին Հանրապետությունը (1918-1920 թ.թ.) առաջին պետություններից էր աշխարհում, որ կանանց տվել է ընտրելու և հանրային կառույցներում ընտրվելու իրավունք: Առաջին Հանրապետության Ազգային Ժողովում պատգամավորների 8%-ը եղել են կանայք: 1920 թվականին Ճապոնիայում Հայաստանի դեսպան է նշանակվել Դիանա Աբգարը. աննախադեպ փաստ ոչ միայն Արևելքի, այլև Արևմուտքի համար: Համաշխարհային դիվանագիտության պատմության մեջ մինչ այդ կին դեսպանի միայն մեկ դեպք էր հայտնի (Ռոսիկա Շվիմեր, ով Հունգարիայի դեսպանն էր Շվեյցարիայում): Դիանա Աբգարի դեսպան նշանակվելուց հետո Ճապոնիան դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը` հեշտացնելով տիկնոջ մարդասիրական գործունեությունը և փախստականներին տրվող օգնությունը: Նրա հովանավորությունն են վայելել նաև Սինգապուրի և Ինդոնեզիայի հայերը:

Կանայք խորհրդային հասարակարգում

Խորհրդային Հայաստանում տեղի է ունենում կանանց դերի որոշ ակտիվացում, հատկապես` հասարական ու տնտեսական կյանքում: Կոմունիստական կուսակցությունը ի սկզբանե հայտարարեց, որ ապահովելու է ոչ միայն կանանց իրավահավասարությունը, այլև հասնելու է նրան, որ կանանց կտրելու է կենցաղային ստորացուցիչ աշխատանքներից: Կոմունիստական կուսակցությունը փորձում էր ակտիվորեն օգտագործել կանանց՝ ճորտատիրական ու բուրժուական սովորույթներն ու ավանդույթները կործանելու համար: Այս քաղաքականության գործնական կիրառումը հանգեցրեց նրան, որ մի շարք մասնագիտությունների գծով կանայք կազմեցին մեծամասնություն (բժիշկներ, ուսուցիչներ): Խորհրդային Հայաստանը 80-ական թվականներին ուներ 9000 կին գիտաշխատող, նույնքան կին բժշկուհի, 30 հազ. ուսուցչուհի: Որոշ կանայք ղեկավար դիրքեր զբաղեցրեցին խոշոր ձեռնարկություններում, հատկապես թեթև և սննդի արդյունաբերության, առևտրի ոլորտներում: Սրանք այն ոլորտներն էին, որտեղ կանացի աշխատուժը մեծ տեսակարար կշիռ էր կազմում: Այսինքն` կանանց տնտեսական դերի ակտիվացումը տեղի էր ունենում կանանց աշխատուժն ավելի արդյունավետ կառավարելու նպատակով:

Կանանց իրավահավասարությունը շեշտելու համար ԽՍՀՄ-ում մեծ շուքով նշում էին Կանանց միջազգային օրը` մարտի 8-ը: Աշխարհի ոչ մի այլ երկրում այդ տոնն ավելի մեծ շուքով չի նշվել: 1965 թվականից մարտի 8-ը ոչ աշխատանքային օր հռչակվեց, որին հետևեցին նաև մի քանի այլ սոցիալիստական երկրներ:

Սակայն քաղաքական կյանքում կանանց դերակատարումը ձևական բնույթ էր կրում: Կոմունիստական կուսակցության վերնախավում երբեք կանայք չեն եղել, իսկ խորհրդարանում նրանց մասնակցությունը ձևական բնույթ էր կրում: Անկախացման նախաշեմին Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդը 1990թ. ուներ 260 պատգամավոր, որոնցից 11-ն էին կանայք:

Սակայն խորհրդային շրջանում առկա էին նաև կանանց իրավունքների մի շարք սահմանափակումներ: Այն բարոյական կոդեքսը, որ քարոզվում էր խորհրդային ղեկավարության կողմից, առաջին հերթին կաշկանդում էր կանանց: Օրինակ` խորհրդային կարգերի ժամանակ երբեք չեն անցկացվել գեղեցկության մրցույթներ, որպեսզի չխաթարվի «աշխատավոր կնոջ» կերպարը: Եթե խորհրդային իշխանության առաջին տասնամյակներն ակնհայտորեն նպաստեցին հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության աճին, ապա վերջին տասնամյակներում գենդերային անհավասարության դրսևորումներն սկսեցին ավելի ու ավելի զգացնել տալ:

Գենդերային անհավասարության այդ դրսևորումները զգացվում են նաև մինչ այսօր, ինչն արտահայտվում է ընտանեկան բռնությունների աճով, քաղաքական կյանքում և ղեկավար մարմիններում կանանց սահմանափակ ներգրավմամբ: Ներկայում ՀՀ Ազգային Ժողովի 131 պատգամավորներից 14-ը կանայք են, իսկ ՀՀ կառավարության 16 անդամներից երկուսն են կին (մշակույթի և սփյուռքի նախարարները): Սակայն, ընդհանուր առմամբ, Հայաստանում կանանց ու տղամարդկանց անհավասարությունն այնքան էլ սուր չի խնդիր չի համարվում:

Մեկնաբանություններ (7)

barséghian ardachèce
Kérétsik hédagergir badmagan verloudzoum. Ayo ayssor midjazgayn gazmagerboutiounérou mardgayn iravounk pajin heradaragérén as verdji dasniag darinérou hayastani chad vad vidjag hay ganants, vayrénioudioun, endanégian dajan vérapermounk, storadzoum, mindj mahakordz, i verdjo nayév aradjnahérd, marmenavadjarg. As baymanér aradji argelk hasaragoutian té yérgri zargatsoumnér gabvadz Ganants iravounknérou xaxtoumnér. Houys d'jounénank aysbés charounagélov azge ge vodjindjana – dendésagan, socialagan, mechagouytayn, karakatsiagan, karakagan - (hastadoum aysorva tebrotsnérou achagerdnéri vérapermounk i tém ousoudjman garkin, dzenorknér ge lekén irents badasxanadevoutioun tebrotsi vera)
Նանե
շնորհակալություն Հետք-ին, նման հոդվածները շատ կարևոր են, շատ լավ է, որ մեր նախնիները գնահատել են կնոջ իրավունքը
Lusine
Դպրոցները հիմնվում էին եկեղեցու կողմից, սակայն դրանց շրջանավարտներից շատերը հետագայում դառնում էին առաջադիմական գաղափարների տարածողներ: Այդ կերպ հայ եկեղեցին փորձեց 19-րդ դարում ի կատար ածել Մխիթար Գոշի պատգամը: Արդյունքում` շատ արագ ի հայտ են գալիս հայ կին մշակութային գործիչներ, գիտնականներ, գրողներ, պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, ազատ արհեստների կիրառողներ:
barséghian ardachèce
Lusinéin hartsoum - XIX yérort tarine g'éréva paylooun tar ganants hamar, payts : 1- dounérou nerkin endaniki vidjage, martonts harkanke, adgabés serdjanéroun, kuréroun ? Toul devék vor gatsgadzém vor yégérétsin (XIX yérort tarin) tér ounétséré Ganants karakatsiagan iravounknérou zarkadzoumnérou 2- Payts XXI yérort tarin our antsav genodj hargank, iravounknér, ouchadroutioun, chenork, karakavaroutioun, endanigin médj. Yépvor martig ge lekén Ganants yèv engérnérov ge paxén por létsnélou xorovadzov yèv ori ge lakén chichérov, té ... lévi ? g'oukan doun ... indj ge gadarvé yèv gichér Ganants hamar yév orva médj zavagnérou ardjév ? Mér spiurki dzenorgnérits aysbissi vidjag djénk désér, égadzéin yérérni badjarov hokébés tsentsevadz, arants ousoum, arants dzenork, gazmétsin hayasér endanik, badivov, namousov, gravétsin mendz hérinagoutioun hezor bédoutiounérou gormits, nevirvadz zavagnéroun housoumov, arhéstov, achxadélov 16 jam oragan. Indj gadarvétsav hayastan vor gedraganabés XX yérort tarin as dexour vidjagi hasank ... yév aysor ge charounagvé, mér cherdjanér, kurér, hezor larvadzoutian yélnélov socialagan baymanér ? Lusiné lousavorék im hartsoumnér. hargankov chenoragaloutioun
Լուսինե
հարգելի Բարսեղյան Արտաշես, մի քիչ դժվարությամբ ընկալում եմ ձեր գրածը, բայց կարծես թե հասկացա: Հայաստանն իրոք ծանր ժամանակներ է ապրում, բայց երբ է ավելի լավ եղել? Եթե Ֆրանսիան ապրի կիսապատերազմական վիճակում, նույնպես սոցիալական պայմանը վատ կլինի, իսկ մենք արդեն 20 տարի կիսապատերազմական վիճակում ենք: Չեմ արդարացնում անարդարությունները, որ կեղեքում են ժողովրդին, բայց հիմա մենք եվրոպական բարեկեցիկ կյանք չենք կարող երազել, սա է Հայաստանի ճակատագիրը: Հիմա մենք պետք է մտածենք մեր աղբը հանելու, նոր Հայաստան կառուցելու մասին: Մենք շատ ենք հեռացել մեր արմատներից, դուք ճիշտ եք, այսօրվա արժեքները կեղծ են ու սուտ, այն քանդում է ազգն ու ընտանիքը, պետությունը: Մենք հինավուրց ազգ ենք, բայց տակավին մշակութապես հետամնաց, ու քիչ ենք ուշադրություն դարձնում հոգևոր դաստիարակության վրա: Ամեն ինչ այդտեղից է սկսում՝ չկան մնայուն արժեքներ; Նույնիսկ եկեղեցին վստահելին չէ, ինչպես 19-րդ դարում; Հուսով եմ՝ պատասխանեցի ձեր հարցին...
barséghian ardachèce
Lusinéin badasxan. Nax yèv aradj néroroutioun ge xentrém im angragédoutian yèv chenoragalém vor adjor pordzérék indz hasgenal im medahogoutian armad. Chad ge dexrém vor djicht asgedzoroutioun ounim mér hay Ganants vorpérgagan vidjagin vor g'azdé amidjabés, ourir, endanigi, hasaragoutian, yérgri techvaroutian. Mindjév karakatsiagan hasaragoutioun dji sterdzvé, Ganants gazmagerboutiounérov, mindjév garavaroutioun t'jesterdzé mi hadoug kordzor naxararoutioun, mindjév Oréndz Kirke dji baddjé xistorén polor ganants iravoungnérou vodnaharoumnér, mér yérgir madnevadzé vodj té yérort achxargi antam payts karort yérgirnérou chark hédévél. Gouzénk ménk mézi xapélov, hamozvél, polor gerdz tsoutsadragan midjotsnérov ogtagordzvadz garavaroutian gormits, soud té anhimk ardahaydoutiounov (digin US, narkin ardakin kordzots naxakayn amousin, haygagan jamanag denorénouyn - vor g'abrèn andznagan hayrénik) vérahichélov narkin tarérou mechagouytov, mindjév 1920 angaxoutian tavadjan peloudzoum. Mendz hargankov LUSINE dzér badasxan indz kadjaléréts, 23 dari hédo vor g'abrèm hayastan, mi godjvadz « mart » engér dji garorétsa modénal – hamézd, hargankov, chenorkov, karakavar, ingnasér ... payts hayrouravor Ganayk nayév polor hay Ganayk im engérnéresén vor ge BAJDEM)
Լուսինե
տեսնում եմ՝ խիստ հիասթափված եք Հայաստանից: Չեմ զարմանում, բայց ամեն ինչ կորած չէ; Հայաստանը մենք պետք է փոխենք, նաև ձեր՝ սփյուքի հայերի օգնությամբմ, քանի որ նոր մշակույթ բերեցիք Հայաստան, հատկապես սիրիահայերը: ես շատ եմ ցանկանոմ, որ կարողանաք մնալ ու վերապրել ձեր հայրենիքում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter