HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Ջհուդը

 -  Հետո  էլ  կախեցին,  ոտքերը`  վերև,  գլուխը` ներքև:                

Այդպես  շարունակվեց  ջհուդների  մասին  հերթական  պատմությունը,  որ  արդեն  մեկ  ամիս էր` 12-14  տարեկան  տղաների  ոչ  մեծ  խմբի  զրույցների  հիմնական  թեման էր:  Բոլոր  այդ  պատմությունները  նույնպիսի սկիզբ ու ավարտ ունեին և տարբերվում  էին  միայն  մանրամասներում: «Արյունածուծ  ջհուդները  գողանում  են  փոքրիկ  երեխաներին,  նրանց  տանջամահ  անում,  հետո  արյունից օճառ  սարքում`  վաճառելով  դրանք  շուկաներում»,- սա  էր հիմնական սյուժեն: Այդ պատմությունները հորինողների անունները հայտնի չեն: Ծնողները սիրում են երեխաներին վախեցնել չար վհուկներով, կծան շներով կամ «բոբոներով»՝ առանց գիտակցելու, թե ինչ խոր հետք կարող են թողնել երեխայի ներաշխարհում: Անցյալ դարի 80-ական թվականներն էին, երբ հզոր խորհրդային քարոզչամեքենան հերթական ալիքն էր բարձրացրել ընդդեմ ամերիկյան իմպերիալիզմի ու նրանց հետ համագործակցող իսրայելական սիոնիզմի: Հայկական ու նաև Խորհրդային միության բազմաթիվ ազգերի ընտանիքներում ժամանակ առ ժամանակ կարելի էր լսել հետևյալ բացականչությունները. «այդ ջհուդներին տեսնում ե՞ս», կամ՝ «ջհուդներից ամեն ինչ սպասելի է», «ջհուդներին պետք է կախել» և այլն: «Ջհուդ» անվանում էին հրեաներին՝ համեմատելով նրանց դավաճան Հուդայի հետ: Այդ հզոր քարոզչությունը ներխուժում էր ցանկացած ընտանիք, ցանկացած դպրոց ու մանկապարտեզ, ու երեխաների չհասունացած ուղեղում վերածվում ահասարսուռ պատմությունների:           

Այդ  օրն  իր  պատմությունն  էր  հրամցնում  Արամը,  ով  տարիքով  ամենամեծն  էր  և  ամենաքաջատեղյակը  Երևանի  գիշերային  անցուդարձին:  Նա  զարմանալի  գունագեղությամբ,  բաց  չթողնելով  ոչ  մի  կարևոր  մանրամասն,  կարծես  անձամբ  ականատես  է  եղել`  նկարագրում  էր  մի  փոքրիկ տղայի  ու  նրա  քրոջ  տվայտանքները:  Թե  ինչպես  երկու պառավ  ջհուդներ  հետևել  են  միամիտ  և  ոչինչ  չկասկածող  մանուկներին,  ծամոնով  ու  կոնֆետով  շահել  նրանց  համակրանքն  ու  վստահությունը: Հետո  մի  երեկոյան ջհուդներից  մեկը  կտրել  է  նրանց  ճանապարհը  և  խեղճ  ձևանալով՝ խնդրել  ուղեկցել մինչև  իր  տնակը,  այնուհետև երեխաներին փակել  պահարանում,  երկու  օր  սոված  պահել:

Այդ  պատմությունը  պատմվում  էր  օրվա  այն  պահին,  երբ  դժվար  է  ճշտորեն  ասել`  դա  երեկոյի  վերջն  է՞,  թե՞  գիշերվա  սկիզբը:  Տղաների  խումբը  տեղավորված  էր  Երևանի  կենտրոնի  բակերից  մեկում,  դեռևս  դարասկզբին  կառուցված  և զուտ  պատահականության  շնորհիվ  չքանդված  միհարկանի  տների  կույտի  հենց  կենտրոնում,  անտանիք,  կիսաքանդ  պատերով  և  ոչ  մեկին  չպատկանող  մի  շինությունում:  Դա  նրանց  առանձնանալու  սիրված  վայրերից  էր,  հատկապես  բակային  խաղերից  հոգնելուց  հետո:  Դեռ 10-15 տարի առաջ այդ  նեղլիկ նրբանցքներում մութն  ընկնելուց  հետո  օտար  որևէ  մեկը,  նույնիսկ`  ատրճանակով  զինված  միլիցիոները  միայնակ  չէր  համարձակվի  մուտք  գործել,  քանի  որ դրանք  հայտնի  էին  որպես  քրեական  որջատեղեր:  Նրբանցքների  բնակիչները,  որ  հիմնականում  ուղղամիտ  և պարզամիտ  մարդիկ  էին,  առանձնապես  ժամանակ   չէին  ծախսում  օրենքներ  ուսումնասիրելու  վրա  և  ոչ  մի  հարգանք  չէին  տածում  օրենքի  ներկայացուցիչների  հանդեպ,  քանի  որ  վերջիններիս  էլ  օրենքի  գիտակ  չէին  համարում:  Բայց  70-ականների բուռն  շինարարությունն ավիրեց հին Երևանը՝ միհարկանիների փոխարեն վեր  բարձրացնելով պատշաճ  հեռավորության  վրա գտնվող  բազմահարկերը: Փոխվեց  ոչ  միայն  քաղաքի  արտաքին  տեսքը,  այլև բնակիչների կենցաղն  ու  անգամ`  մտածողությունը:  Քանդվեց հին Երևանը, սպանվեց հին երևանցին: Միհարկանի տների բնակիչները քշվեցին դեպի բազմահարկեր ու խառնվեցին շրջաններից ժամանածների հետ: Հին երևանցին ուղղամիտ էր, հարևանասեր, ջիգյարով ու մի քիչ կրիմինալ (գողական): Նոր երևանցին գերադասում էր  սուրճի  բաժակը, բամբասանքն  ու  ծածկամտությունը:  Բոլորը զբաղված էին իրենց եկամուտները թաքցնելով ու այդ թաքցրած եկամուտների հաշվին բնակարանները հարդարելով: Մարդիկ մի կողմից պետք է ձևանային, որ կոմունիստական կուսակցության հավատարիմ հպատակներ էին, մյուս կողմից պետք է կողոպտեին պետությանը, հետո պետք է օգնեին բացահայտել ուրիշների կողուպուտը: Քաղքենիական մշակույթն աստիճանաբար խորն արմատներ էր ձգում երևանյան կենցաղում: Այդ պայմաններում 80-ական թվականներին ձևավորվում էր նոր սերունդը՝ անորոշ խարխափելով ջհուդների, պայծառ ապագայի, գողականի ու տարօրինակ իրողությունների արանքներում:

Հուլիսյան  շոգ  օրերից  մեկն  էր  և  բնակարաններում  տիրող   տապի  պատճառով  մայրերն  այնքան  էլ  չէին  հակադրվում  երեխաների ուշժամյա  դեգերումներին:  Վերջիններիս  ձեռք  բերած  բաղձալի  ազատությունը մթագնվում  էր միայն ջհուդների  մասին  սարսռեցնող  պատմություններով: Տղաներն  իրարից  աննկատ  ավելի  միմյանց  մոտեցել  էին:  Քար  լռությունը  վկայում  էր  ճնշող  վախի,  իսկ  լարված  դեմքերը`  պատմության  ավարտն  իմանալու  անհամբերության  մասին:  Արամը  մի  պահ  դադար  տվեց`  պատրաստվելով  կպցնել սիգարետը:  Նա սովորություն ուներ սիգարետը կպցնել վառվող թերթի միջոցով, այդպես մեծ ազդեցություն էր թողնում հասակակիցների վրա: Բայց  մինչ սիգարետը կկպցներ՝   քարացավ ու  չռված  աչքերն  ուղղեց  դիմացի  պատը:  Մի  քանի  զույգ  անհանգիստ  աչքեր  մեքենաբար  ևս  ուղղվեցին  այդ  կողմը:  Պատի  բացվածքում  անշարժացել  էր  սև  գլխաշորով  փաթաթված  ծեր  կնոջ  մի  դեմք:  Այդ  դեմքը  կարծես  թե  ժպտում  էր,  բայց  տղաներին  դա  վհուկի  քմծիծաղ  թվաց:  Երկու-երեք  վայրկյան  անց  դեմքը  չքացավ,  բայց  խավարին  մատնեց  հեռացող  ոտնաձայնը:  

Առաջինը  ուշքի  եկավ  Գարինչա  մականունով  կարճահասակ  ու  վտիտ  կազմվածքով տղան: Իր  այդ  մականունը  ստացել  էր լավ  ֆուտբոլ  խաղալու և  վազել  չսիրելու  պատճառով՝ անընդհատ  կաղ  ձևանալու  սովորության  շնորհիվ:

- Ջհուդ  էր,  տեսնես  ի՞նչ  էր  ուզում, - կարողացավ  ի  վերջո  բացականչել  նա`  ոտքի  ցատկելով:  Սակայն  բոլորին  էլ  պարզից  էլ  պարզ  էր,  թե  ջհուդը  ի՞նչ  պետք  է  ուզեր:  Բայց  վախն  արդեն  սարսափ  էր  դարձել,  ուստի  հերթական  խոսքը,  որ  Արթուրինն  էր,  հնչեց  հետևյալ  կերպ.       «Ես  գնացի  տուն»: Նրա  տունը  մի  քանի  մետր  այն կողմ էր,  և  տղաները  քաջ  գիտեին,  որ  նա  այնտեղ  կընկնի  պատերի  վրայից  ցատկելով: 

- Դե  ուզում  եք, դուք  էլ  եկեք, - կարծես  ամաչեց  նա:  Բայց  մնացածին  այդ հեռանկարը չոգևորեց:  Նրանք  բոլորն  էլ  այդ  պահին  իսկապես  ցանկանում  էին  տուն  վերադառնալ,  որքան  շուտ,  այնքան`  լավ:  Բայց  նախ  հարկավոր  էր  նրբանցքից  դուրս  գալ,  իսկ  այնտեղ  երևի  որևէ  դարան  է  պատրաստված,  երկմտում  էին  նրանք:        

Տղաներից  մեկը,  որի  անունն էր  Սահակ,  և  որ  վերջերս «քաչալ»  մականունն  էր  ստացել,  քանի  որ,  հակառակ  ընդունված  կարծիքի,  համարձակվել  էր  մազերը  լրիվ  խուզել,  վճռականորեն  ոտքի  ցատկեց  ու  քայլ  արեց  դեպի  մուտքը:  Նա  սուսերամարտով  էր  մարզվում և  հիշեց  մարզչի  խորհուրդը.  հակառակորդին  հաղթելու  համար  առնվազն  պետք  է  նրանից  չվախենալ:  Աջ  ձեռքի  կտրուկ  շարժումով,  որ  սովոր  էր  արդեն  սուսերի  հաջող  խոցումներ  կատարել,  նա  հաստատուն  քայլերով  ուղղվեց  դեպի  մուտքը: Գարինչան անմիջապես հետևեց նրան, ամենավերջինը դուրս եկավ Արամը, որ իր համար էլ անսպասելի ամենաշատն էր վախեցել: Նա հասցրեց փայտի մի կտոր գտնել:  Խումբը արագ քայլքով դուրս եկավ նրբանցքից և կանգ առավ բազմահարկ շենքին հարող ասֆալտապատ հրապարակում: Առաջինը «ջհուդին» նկատեց Գարինչան և անմիջապես իր կազմվածքին անհամապատասխան մի ոռնոց արձակեց: Մոտակա մայթին կանգնած էր ցածրահասակ, նիհարավուն, ամբողջովին սև հագած և թեթևակի կռացած մի ծեր կին: Արագ սլացող մեքենայի անցնելուց հետո նա դանդաղ քայլերով հատեց փողոցը: Նրա ճանապարհն անցնում էր մի քանի սաղարթավոր ծառերով ծածկված ոչ մեծ տարածքով, որտեղ սովորաբար օրվա ընթացքում պատսպարվում էին նարդու կամ շախմատի աղմկոտ մրցամարտերի սիրահարները: Հենց  այդտեղ  էլ  խումբը  շրջապատեց  ծեր  կնոջը:  Կինը  կանգ  առավ,  նրա  զարմացած    աչքերում  կարելի  էր  ժպիտի  նշաններ  գտնել,  բայց  դրան  խանգարում    էր  մթությունը:  Տղաները  մի  կես  րոպե դադար  տվեցին,  չարությամբ  լցված  պտտվեցին  կնոջ  շուրջը,  հարմար  դիրքեր  ընտրեցին  և սպասեցին,  թե  երբ  է  խեթ-խեթ  հետ  նայող  պատահական  անցորդը  չքանալու  մոտակա  մուտքում:  Դրան  անմիջապես   հետևեց  բռունցքների  և  ոտքերի  մի  քանի  հարված:  Ծեր  կինը  չոքեց: Հեշտությամբ  տրված  հաղթանակին  հետևեցին  ինքնագոհ  բացականչություններ:  Կնոջ  թիկունքում  վեր  բարձրացավ  փայտը  բռնած  Արամի  ձեռքը:  Նա  արդեն  որոշել  էր,  որ  «ջհուդին»  կստիպի   խոստովանել,  թե  որտեղ  ե՞ն  գտնվում  գողացված  երեխաները,  ինչ-որ  կերպ  պետք  էր  փրկել  նաև  ընկած  հեղինակությունը:  Ծեր  կնոջ  կախ  ընկած  գլուխն  այդ  պահին  հասցրել  էր  ուղղվել,  ու  անորոշ  նայելով  իր  դիմաց  ու  կարծես  ոչ  մեկին  էլ  չդիմելով,  արտաբերեց.          

- Ինչի՞  համար,  բալես:

Դա  ցավից  բխող  ճիչ  չէր,  ոչ  էլ  խեղճացած  բացականչություն,  դրանում  խնդրանք  չկար:  Դա  առ  արդարությունն ու  ճակատագիրն ուղղված  հարց  էր,  և  տղաների  դեռևս  չառնականացված  գիտակցությունը  դա  ընկալեց:             

- Սպասիր, - Քաչալի  ձեռքը   հասցրեց   կանխել    փայտի  հարվածը:  Շփոթվածությունը  ստիպեց  տղաներին  մի  փոքր    հեռանալ:  Բացահայտման  ենթակա  որևէ  չարությունից  հետո  նրանք  սովոր  էին  ճարպկորեն  ծլկելու,  որ  հետո  պարծենան,  բայց  առաջին  անգամ  էին  բախվում  հոգեկան  այն  վիճակի  հետ,  որ  կոչվում  է  զղջում: Ծեր  կինը  վեր  կենալու  փորձեր  էր  կատարում  և  տղաներից  մեկը  վարանոտ  շարժումներով  փորձեց  օգնել  նրան, ի  պատասխան  լսելով  ծանրորեն  արտաբերվող  շնորհակալությունը ...

- Այս  ի՞նչ  է  պատահել, - մթությունը  ճեղքեց  կանացի  բարակ  և  անհանգիստ  մի  ձայն:  Դրան  հետևեց  մոտ  քսանամյա  աղջկա  հայտնությունը:  Նրա  անունը  Ռուզան  էր, դպրոցի կոմերիտական քարտուղարը:  Գանգրահեր  մազերով,  փոքր ինչ  լիքը  կազմվածքով,  սպիտակամաշկ,   դեմքի  նուրբ  դիմագծերով,  բայց  կոմերիտականին վայել խիստ  հայացքով  աղջիկը  քաջ  հայտնի  էր  թաղամասի  բոլոր  տղաներին  և  աղջիկներին:  Իր  առանձնահատուկ  տակտի  շնորհիվ  որոշ  դեր  էր  խաղում  դպրոցահասակ  տղաների  և  աղջիկների  միջև  հարաբերություններում:  Փոքրիկ  աղջիկները  չափն  անցած  տղաներից  բողոքելու  համար  ավելի  հաճախ  դիմում  էին  Ռուզանին,  մայրերին  կամ  մեծ  եղբայրներին  դիմելու  փոխարեն:  Աղջիկը  երբեք  ձայնը  չէր  բարձրացնում,  խրատներ  չէր  կարդում, «չի կարելի»-ով նախադասություններ չէր ասում, այլ ուղղակի և պարզորեն դիմում էր «հանցավորին»՝ երբեմն համեմելով այն արտահայտիչ ժպիտով, երբեմն` խիստ ու հարցական հայացքով: Նրա շարժուձևում բացակայում էր որևէ ավելորդ ժեստ կամ ձգտում կոկետության:  Բոլորին հայտնի էր նաև, որ պատշաճ հեռավորության վրա է պահում իր երկրպագուներին, որ տղաներին նրա հանդեպ լրացուցիչ հարգանք էր հաղորդում, մասամբ այն պատճառով, որ աղոտ պատկերացում ունեին սիրո և սեքսի մասին: Աղջիկը որոշ չափով ուսումնասիրել էր բակի տղաների բնավորությունները, և երկրորդ հարկի իր պատուհանից դիտելով նրանց  խմբային  վազքը,  ու  բացականչություններից  հասկանալով,  որ  հետևում  են փողոցն  անցնող ծեր  կնոջը,  անմիջապես  դուրս  էր  շտապել:

Ինչպես վայել է կոմերիտմիության քարտուղարին՝ Ռուզանն օգնեց կնոջը վեր կենալ, իմացավ հասցեն ու ուղեկցեց տուն: Տղաները  չհամարձակվեցին  հետևել, բայց սպասեցին, մինչ աղջիկը կվերադանար. ջհուդի վարկածը  լիովին  դուրս չէր եկել նրանց գլուխներից:  Նրանց  հարկ  եղավ  սպասել  մոտ  տասնհինգ  րոպե: Ռուզանը  նորից    հայտնվեց  այն  պահին, երբ  նրանք  քննարկում  էին, թե  ում  կարելի  է  դիմել  օգնության  խնդրանքով:  Իրեն  հատուկ  հավաքվածությամբ  աղջիկը  մի  պահ  կանգ  առավ  և գլխի շարժումով  կարծես  հասկացրեց,  որ  գնահատում  է  նվիրվածությունը:

- Վաղը  կխոսենք, - ասաց  նա  ու  առանց  սպասելու  արձագանքին`  ուղղվեց  դեպի  տուն:  Նա  երբեք  երեխաներին  նկատողություն  չէր  անում ուշ ժամին  տուն  չգնալու  համար:

XXX                                                                  

Սակայն     հաջորդ օրը Գարինչայենց  բնակարանում  հայտնվեց  անչափահասների  գծով  թաղային  տեսուչը:  Այդ  պահին  այնտեղ  էր  գտնվում  նաև  Քաչալը:  Անչափահասների գծով թաղային տեսուչի հաստիքը նորություն էր խորհրդային միլիցիայում: Այն ի հայտ եկավ մանկական հանցագործության աճի հետ մեկտեղ: Այդ տեսուչներին հանձնարարվում էր կանխել հանցագործություններն անչափահասների շրջանում, առնվազն՝ առավել ակտիվներին հսկողության տակ առնել: Այդ պաշտոնում նշանակվում էին որպես կանոն անհաջողակները՝ միլիցիայի ներսում անչափահասների տեսուչներին արհամարհանքով էին վերաբերում: Տեսուչներն իրենք էլ անչափահասների նկատմամբ որևէ հարգանք չէին տածում, ու որպես կանոն՝ փորձում էին իշխանության նկատմամբ վախ ներշնչել արդեն փոքր տարիքից: «Կարգազանց» անչափահասներին վերաբերում էին շատ կոպիտ, չէին խորշում հայհոյելուց կամ ֆիզիկական ուժ գործադրելուց:

Երեխաներին այցելած թաղային  տեսուչի  ազգանունը  Սարգսյան  էր:  Կարճահասակ,  դուրս  ընկած  փորով,  զգուշավոր  և  խորամանկ  հայացքով  անձնավորություն էր, բոլոր անչափահասներին դիտարկում էր որպես գլխացավանքի աղբյուր,  և  նրանց  նկատմամբ  վերաբերմունքը  որոշում  էր  ծնողների  դիրքից  և  պաշտոնից  ելնելով:   Նրան  արդեն  հայտնի  էր  գիշերվա  կատարվածը,  ինչ  որ  մեկը  հայտնել  էր  և  անգամ  ճանաչել  հենց  այս  երկուսին:  Պարզ  չէր  սակայն,  թե  ով  է  եղել  ծեծվողը՝ օրվա  առաջին  կեսին  հայտարարություն  և  բողոք  չէր  ներկայացվել: Նա  որոշել  էր  այցելությունը  կատարել  ցերեկը՝  երբ  հայրերը  աշխատանքից  վերադարձած  չեն  լինի:  Հարկավոր  էր  նախ  հասկանալ  դեպքի  լրջությունը:  Պետք  է  նաև  այդ  լակոտներին  փոքր  ինչ  սաստել:  Եթե  այդ  տղաները  իսկապես էլ ծեր  կնոջ  են  ծեծել,  մտածում  էր  նա,  կարելի  է  նաև  գործ  հարուցել,  իսկ  եթե  ծնողները  չեն  ուզում,  իսկ  նրանք  դա  չեն  ուզի,  կարելի է նաև գումար աշխատել:      

Որքան  էլ  տեսուչը  ձգտեց  քաղաքավարի  երևալ՝  տղաները  և  Գարինչայի  մայրը  մի  կարգին  վախեցան:  Վերջինս  անմիջապես  կանչեց  նաև  Քաչալի  մորը:  Սակայն  երեխաներին  բաժին  տանելու  ակնարկը  մայրերին  բարկացրեց:  Ինչի՞  տեղ   է  իրեն  դնում  այդ  տեսուչը,   իրենք  էլ  ծանոթություն  ունեն,  հո  որբ  չեն  մեծացնո՞ւմ:       Տեսուչը  մտածեց,  որ  ավելի լավ է տղաներին  ուշ  ժամին բռնացնի խմբով  թափառելիս ու բաժին տանի՝ այնտեղ ստիպված կխոստովանեն:  Նա  իբր  հոգատարությամբ  ծնողներին առաջարկեց  երեկոյան  ժամը  իննից  հետո  երեխաներին  դրսում  չթողնել:  Մայրերը   համաձայնեցին  և  խստությամբ  շրջվեցին  դեպի  երեխաները: 

- Լսեցի՞ք,  որ  ժամը  իննին  տանը  լինեք:     

Տղաները  սովոր  էին  այդ  կարգի  պահանջները  շրջանցել՝ ժամը  ինը  պահմտոցի  խաղալու  ամենահարմար  ժամն  է:  Ուստի  Գարինչան  չդիմացավ.

- Հա,  բայց  բան  չենք  արել,  ուզո՞ւմ  եք  Ռուզանից  հարցրեք:

- Ի՞նչ Ռուզան, - զգուշորեն  հարցրեց  տեսուչը:

- Առաջին  մուտքից,  երկրորդ  հարկում  է  ապրում, - Գարինչան  վստահ  էր  Ռուզանի  օգնության  վրա:

Տեսուչը  թեթևացած  շունչ  քաշեց:  Նա  անձամբ  ճանաչում  է  Ռուզանի  հորը,  որ  դատախազության  աշխատակից է,  համոզված  էր,  որ  աղջիկը  ճշմարտությունը  չի  թաքցնի:  Նա,  առանց  ցտեսություն  ասելու,  նորից  հանդիպելու  անորոշ  ակնարկով դուրս  եկավ  բնակարանից: Քիչ  անց զանգահարեց  դատախազություն:  Ռուզանի հայրը խոստացավ  անձամբ  աղջկանից  իմանալ  եղելությունը  և  նրան  բանավոր  տեղյակ  պահել:  Եվ,  իսկապես,  հաջորդ  օրը  նա  տեսուչին  հայտնեց  կնոջ  հասցեն,  անունը,  սակայն  ինչ  վերաբերում  է  ծեծին`  ոչինչ  ասել  չի  կարող:

XXX

Տեսուչը  չուշացրեց  իր  այցելությունը  ծեր  կնոջը՝ Մարիամ Ավետիսյանին:  Նա  արդեն  տեղյակ  էր,  որ  կինն  ապրում  է  միայնակ  և  որ  նրա  երկու  որդիները մի  քանի  տարի  առաջ  հեռացել  են  ԱՄՆ:  Սա արդեն փոխում էր իրավիճակը, ցանկության դեպքում՝ կարելի է կնոջը մեղավոր ճանաչել; Երկու «դավաճան» որդիներ մեծացրած կինը հաստատ արժանի է հանրության վատ վերաբերմունքին, և ինչո՞ւ հայրենի միլիցիան պետք է նրանց պաշտպանի: Բայց մինչ այդ պետք է գործ «շինել»: Միլիցիայի փորձառու տեսուչին դա հաջողեց առանց դժվարության: Նա նախ վախեցրեց ծեր ու միայնակ կնոջը՝ հանցագործությունը պարփակելու հետևանքները թվարկելով, հետո ցուցմունք  կորզեց՝ ծեծի մասին: Ճիշտ է՝ Մարիամ տատիկը խոստովանեց, որ ինքն էլ մեղավոր է, մթության քողի տալ հետևել է երեխաներին՝ իր թոռների կարոտն է քաշել; «Երևի վախեցրի նրանց»,- կրկմաց ծեր կինը: Բաց տեսուչին դա չէր հետաքրքրում: Մնացածն արդեն տեխնիկայի հարց էր: Կրկին այցելեց երեխաների ծնողներին, նրանց էլ վախեցրեց երեխաներին անչափահասների գաղութ կամ միլիցիային հատուկ հսկողության տակ վերցնելու հեռանկարով, ու մի կլորիկ գումար ստացավ՝ գործը կարճելու պայմանով;

Ամառային շոգերը կարծես անտարբեր էին տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ: Երևանի կենտրոնում այդ շոգին անձնատուր եղած թաղերից մեկում ոչ մի կարևոր բան էլ տեղի չէր ունենում: Տղաների խումբը, որ այդքան անհագստություն էր պատճառել մեծահասակներին, շարունակում էր իր սովորական, հիմնականում խաղային առօրյան: Նրանք նաև ժամանակ առ ժամանակ այցելում էին ծեր կնոջը: Նրանք այլևս ջհուդների մասին պատմություններ չէին պատմում, ոչ էլ հավատում էին խորհրդային քարոզչամեքենային՝ կոմունիզմի, սոցիալիզմի, արդարության ու օրինականության մասին: Միլիցիայի տեսուչը «բացել էր» նրանց մանկական աչքերը, որոնք արդեն կյանքին այլ հայացքով էին նայում: Այդ հայացքները հետագայում կբռունցքվեն ու կխորտակեն երբեմնի հզոր կայսրությունը... 

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Այո! Խորտակելով երբեմնի հզոր կայսրությունը, հիմա մեծ արագությամբ ընթանում ենք - - դեպի ու՜ր, որ ինչ անենք? Աչքներդ ու ուղեղներդ բացեք այ ջահելներ! Վատը կար անշուշտ, բայց լավն էլ կար: Համենայն դեպս մարդկայնություն դեռ կար հաստատ: Փախանք անձրեւից ու դաժան կարկուտի տակ ընկանք: Երեկվա կաթնակեր, անբան ժուլիկների փայը դարձավ երկիրը, գլխավոր արժանիքներն էլ դարձան խաբելն ու ֆռռիկը, իրական ԱՇԽԱՏԱՆՔԻ փոխարեն: Հիմա հինը հայհոյում ենք, որ ինչ անենք? Գոնե մի պարզ փաստ մեր առջեւ դնենք - Այդ անիծած հնի ժամանակ մի ԱՆՄՇԱԿ ՀՈՂԱԿՏՈՐ, ԿԱՄ ԿԱՆԳՆԱԾ ԳՈՐԾԱՐԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԵՐ ԳՏՆԵԼ: Հիմա բազում թագավոր-թագավորիկներ փքված ճեմում են իրենց անկախ-ազատ ավերակների վրա!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter