HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Զոհված զինծառայողների ծնողները պատրաստվում են դիմել Եվրադատարան

«Բանակում ո՞նց կարելի է չբացահայտել հանցագործությունները: Կարելի է համոզված ասել, որ ուղղակի չեն ուզում իրենց հավատարիմ հրամանատարներին պատժել», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքերով` քննիչները շարունակում են հույս տալ որդեկորույս ծնողներին: Իսկ վերջիններս էլ հիմնականում իրենց սոցիալական պայմաններից ելնելով չեն կարողանում ունենալ դատապաշտպան, հաճախ էլ պարզապես վստահում են դատաքննությանը: Սակայն հետագա ընթացքը ցույց է տալիս, որ իրական մեղավորները չեմ պատժվում:

Եվ ծնողներն իրենց հետևողական ջանքերի շնորհիվ փորձում են հասնել որոշակի արդյունքների: Իսկ քննիչների կողմից որպես մեղադրյալի արդարացում հնչում է միայն այն, որ նա Արցախյան պատերազմում կռված և հեղինակություն վայելող անձ է: Ծնողները չեն հասկանում, թե այդ հանգամանքն ինչպես կարող է արդարացնել իրենց տղաների գործով մեղավորներին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց իրենց գրասենյակի կատարած ուսումնասիրությունը, ըստ որի` ՀՀ զիված ուժերում 2011թ. հունվարից մինչև հուլիսի 25-ը գրանցվել է մահվան 17 դեպք. 7-ը հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, 3 ինքնասպանություն և 3 դժբախտ պատահար: Մահվան 2 դեպք գրանցվել է կանոնադրային հարաբերությունների խախտման արդյունքում, մեկն էլ անվտանգության կանոնների խախտման պատճառով: Մահվան ելքով գործերից մեկի պայմաններն անհայտ են:

Վերոնշյալ դեպքերից 5- կապակցությամբ հարուցվել է 5 քրեական գործ, որոնք բոլորը նախքննության փուլում են:

Սաքունցը գտնում է, որ պաշտպանության նախարարն անձամբ պատասխանատու է յուրաքանչյուր զինվորի կյանքի համար: Իսկ իրենց պետք են ոչ թե խոստումներ, այլ գործողություններ, որոնք անբավարար են: Նա նշեց, որ զոհված զինվորների տվյալները ՊՆ-ն համարում է գաղտնիք: Այնինչ ՊՆ հասարակայնության հետ կապերի հայեցակարգում նշված է աշխատանքի թափանցիկության և հրապարակայնության մասին:

ՊՆ-ն պարտավոր է ներակայցնել բոլոր դեպքերը, հարուցել քրեական գործ և դրա ընթացքի մասին տեղյակ պահել հասարակությանը: Իսկ համակարգում առկա կոռուպցիայի և «հզոր» կապերի շնորհիվ բազմաթիվ դեպքեր չեն բացահայտվում:

«Իրենք չեն տալիս երաշխիքներ, որ մեր երիտասարդները, որոնք զորակոչվում են բանակ, նրանց անվտագությունը, անձեռնմխելիությունը և նրանց իրավունքները պաշտպանված են»,-ավելացրեց Ա. Սակունցը:

Նա նշեց, որ այժմ բանակում առկա վիճակը հրատապ խնդիր է, որովհետև «բանակ են զորակոչում հիվանդ տղաների»: Իսկ զինծառայողներն էլ չեն կարողանում բանակում տեղի ունեցող դեպքերի մասին բողոքել, որովհետև նրանք վախենում են, նրանց ճնշում են:

Հանդիպմանը ներկա էին նաև մահացած զինծառայողների ծնողներ: Նրանք նշեցին, որ 2011թ. հունվարի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս խոստացել է, որ բոլոր գործերը կբացահայատվեն և մեղավորները կպատժվեն: Սակայն մինչև հիմա իրենք շոշափելի արդյունք դեռևս չեն նկատում:

2001թ հոկտեմբերի 30-ին սպանված Արայիկ Ավետիսյանի գործն այժմ վերաքննիչ դատարանում է. 10 տարի մայրը պայքարում է որդուն սպանողին պատժելու համար:

 ԶՈւ պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, համոզված է, որ 2010թ. հուլսի 27-ին իր որդուն սպանել են, մինչդեռ ասում են, թե նա ինքնասպանություն է գործել: Որդեկորույս մայրը որդու մահվան մեջ մեղավոր է համարում Ա. Նազարյանի գումարտակի շտաբի պետ Միհրան Նաջարյանին և Գագիկ Ուդումյանին, գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանին, ով հայտնի է «Գող Միշա» անունով:

«Ամբողջ նախաքննությունը համարում եմ կեղծված: Գործում հակասությունները շատ են»,- նշեց Հ. Հովհաննիսյանը: Վերջինիս խոքերով` գործը կեղծելիս չեն կարողանում անգամ այնպես կեղծել, որ դիմացինը հավատա:

Պաշտոնական վարկածով՝ 2010թ. մարտի 14-ին ինքնասպանություն գործած Վալերիկ Մուրադյանի մայրը համոզված է, որ իր որդուն դիտավորյալ սպանել են: Նախ՝ պարանոցի վրա հայտնաբերվել են պարանի 2 տարբեր հետքեր, մատներին` կապտուկներ: Երկրորդ՝ զինվորի մարմինը կախված է եղել 145 սմ բարձրություն ունեցող պտտաձողի վրա, այնինչ նրա հասակը 170 սմ-ից բարձր էր: Մայրը սարսափով է հիշում կախված որդու լուսանկարը: Նա պատմում է, որ քննիչ Արման Թամրազյանն իրեն փորձել է համոզել, որ նույնիսկ նստած դիրքում կարելի է ինքնասպան լինել, իսկ դրանից հետո գործի մեջ 145 սանտրիմետրանոց պտտաձողի բարձրությունը դարձրել են 228 սմ: Երբ մայրը փորձել է հարցը պարզաբանել, քննիչն ասել է, որ իբր 145 սմ եղել է պտտաձողի երկարությունը:

Մայրը պատմում է, որ դեպքից օրեր առաջ որդին զանգել է իրեն և պատմել,  որ ականատես է եղել վառելիքի գողության, որի համար իրեն գումար են առաջարկել, իսկ ինքը հրաժարվել է: Վալերիկի մայրը համոզված է, որ իր որդին չէր կարող ինքնասպան լինել, քանի որ շատ գոհ էր իր ծառայությունից, և պատրաստվում էր հետագայում անցնել զինվորական ծառայության:

Պաշտոնական վարկածով` 2007 թ. էլեկտրահարման հետևանքով մահացած Տիգրան Օհանջանյանի ծնողները նույնպես չեն հավատում այս վարկածին: «4 տարի է՝ ունեմ գերեզման, չունեմ որդուս մահվան պատճառը», - ասաց Տ. Օհանջանյանի հայրը՝ Սուրեն Օհանջանյանը:

Ծնողները համոզված են, որ եթե 2001թ. Արայիկ Ավետիսյանի դեպքը բացահայտվեր, մյուս դեպքերը չէին կրկնվի: Բացի դրանից, եթե բացահայտվի գործերից մեկը, շղթայական ռեակցիայով կբացահայտվեն նաեւ մյուս գործերը, որը «ձեռնտու չէ մի շարք պաշտոնյաների»:

Ծնողները պատրաստ են պայքարել մինչև վերջ, դիմել բոլոր ատյանի դատարաններին: Նրանք նշեցին, որ դեռ հույս ունեն ներպետական ատյաններում հասնել արդյունքի, հակառակ դեպքում անպայման կդիմեն Եվրադատարան:

Իսկ Արայիկ Ավետիսյանի մայրն արդեն այս տարվա հունվարին իր որդու գործով նյութերն ուղարկել է Եվրադատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter