HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալվանք համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցել է ընտրողների 34.5 տոկոսը

«Էսօր առավոտ իմացա, որ մեր գյուղում ընտրություններ են. վեչ մի թօղթ են կախ տամ պատին, վեչ ժողով են անում, վեր քինանք, մի խոսք էլ մենք ասենք, լսենք: Ֆարշ գործ ա»,- ասում է Սյունիքի Մեղրիի տարածաշրջանի Ալվանք գյուղի բնակիչ Պավել Հաջիյանը: Նրա կարծիքով` ընտրություններից առաջ պիտի հայտարարություններ լինեին, մարդիկ խոսեին, թե ինչ գործեր են անելու: Պավելը նաև տեղյակ չէ, թե քանի մարդ է ուզում գյուղապետ ընտրվի, չի էլ որոշել` կգնա՞ ընտրության, թե՞ ոչ:

«Հազար գործ ունեմ, վաղը Երևան եմ գնալու, աղջիկս բնակարան է առել, տնավորվել քաղաքում, գնամ տեսնեմ, մի քիչ էլ ուտելիք տանեմ: Առավոտ շուտ տաքսի եմ կանչել, մարդը 10 հազար փող կտանք, Երևան կհասցնի: Եթե ժամանակ ունեցա, կգնամ ընտրության, չէ` պարտադիր չի»,- շուտասելուկի նման վրա է տալիս նա: Պավելի խոսքով` գյուղի գործերը վատ չեն, ասում է, որ երբ 88-ին Շամխորից Ալվանք եկավ, միջհամայնքային ճանապարհները գրեթե անանցանելի էին, հիմա ասֆալտապատվել են, խմելու, ոռոգման ջուր ունեն, հույսներն էլ այգուց ստացված բերքն է, հիմնականում նուռը:

Պավելի հետ համամիտ է Սեմյոն Զախարյանը` շեշտելով, որ էդ բերքի բախտն էլ բնության ձեռքին է, եթե կարկուտ եկավ, դատարկ ձեռքով կմնան: Այն հարցին, թե ընտրություններից առաջ համայնքի ղեկավարի թեկնածու, գործող գյուղապետ Վարուժան Թումանյանը նախընտրական խոստումներ չի տվել, Պավելը պատասխանում է հարցականով. «Հի՞նչ պիտի խոստանա, ամեն մարդ իրա հետի ապրում ա, ասենք թե գազը պերալ ա հըսցըրալ գյուղ, փող կա՞, վեր տանք, գազը կապենք, էդ էլ մի ճար կանենք, բա վառած գազի փողը հու՞ կտա»: Սեմյոնը ընտրելու պարտքը կատարել է առավոտ վաղ. «Գործ ա, էլի, գնացի, արանքից հանեցի»:

Նրանից հետո մինչև ժամը 14-ը Ալվանք համայնքի 232 ընտրողներից համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել էր 60 ընտրող: «Կգան, դեռ օրն առջևում է»,- ասում է 38/1 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Հայկուշ Հովսեփյանը:

Ժամը 14.30-ին տեղամասային ընտրական հանձնաժողովի ութ անդամներից ներկա էր 5-ը: Բացակայում էր նաև ընտրական հանձնաժողովի քարտուղարը: Իսկ ընտրության մասնակիցների մատյանը գտնվում էր նախագահի մոտ: «Դրսում են, հեսա կգան»,- բացատրեց նրանց գործընկերներից մեկը: Մեկ ուրիշը, հավանաբար չլսելով նրան, տեղեկացրեց. «Հերթով գնում են հաց ուտելու»: Դժվար էր հավատալ վերջինիս, քանի որ հենց այդ պահին նույն սենյակում, քվեատուփի, քվեախցիկի հարևանությամբ, 1-2 մետր հեռու աշխույժ հացի պատրաստություն էին տեսնում»: Ինչ-որ մարդիկ սկուտեղներով սնունդ էին հասցնում և շտապեցնում հանձնաժողովի անդամներին. «Պրծեք, քանի տաք ա, եկեք»,- հորդորում էին նրանց: «Հո բան չի պակաս, կարծես թե ամեն ինչ կա»,- հանձնաժողովի նախագահին դիմեց համայնքի ղեկավարի թեկնածու, գործող գյուղապետ Վարուժան Թումանյանը, ով գտնվում էր մթերքներով ծանրաբեռնված սեղանի մոտ և մասնակցում դրա հարդարմանը: Վերջապես նա բացեց կոնյակի շիշը, բայց երևի նկատելով լրագրողիս վկայականի տվյալները գրանցող հանձնաժողովի նախագահի ձեռքի անհանգիստ շարժումները, մեկ անգամ ևս տնտղեց սեղանը և արագ քայլերով դուրս եկավ տեղամասից:

Անցավ մեկ ժամ, սակայն հանձնաժողովի քարտուղար Ռոմիկ Համբարձումյանը, ով Ագարակից էր, այդպես էլ տեղամաս չեկավ: Այդ ընթացքում նկատեցի տեղամասի մուտքին փակցրած քվեարկության թերթիկի «նմուշը», որտեղ, հավանաբար նկատի ունենալով, որ ընտրողների գերակշիռ մասը փախստականներ են, հայերենի բավարար գիտելիքներ չունեն, ռուսերենով ուղղորդված էր, թե… ինչպես պետք է քվեարկել և նշում էր կատարված կողմի վանդակում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընտրությունների նախնական արդյունքներով համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել է 80 մարդ կամ ընտրողների 34.5տոկոսը, որից գործող գյուղապետի օգտին քվեարկել է 74 հոգի, դեմ քվեաթերթիկների թիվը  եղել է 3-ը: Անվավեր է համարվել 3 քվեաթերթիկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter