ՀՀԿ-ական թեկնածուն պարտվեց Հովքում
Հասմիկ Կարապետյան
Մարտի 9-ին Տավուշի մարզի Հովք համայնքում տեղի ուենցան համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ:
Համայնքի ղեկավարի պաշտոնի համար ինքնառաջադրվել էին 2 թեկնածու՝ արդեն 18 տարի նույն պաշտոնը զբաղեցրած Յուրիկ Ցուգունյանը և Գրիգոր Գևորգյանը:
Ավագանու ընտրության համար առաջադրվել էին 6 թեկնածուներ՝ Ծուղունյան Ալբերտ, Կոնջոյան Արտյոմ, Մակունց Մխիթար, Նաղդալյան Արտուշ, Տրուզյան Արամայիս և Օսիպյան Տիգրան:
Արդեն 6 անգամ վերընտրված համայնքապետ ունեցող համայնքում ընտրություններն ընթացան թեժ մթնոլորտում: Համայնքի բնակիչները, ինչպես իրենք էին ասում, րոպե առաջ շտապում էին իրենց «քաղաքացիական պարտքը» կատարել:
Տեղամասում դիտորդների կողմից արձանագրվեց երկու խախտում: Առաջին դեպքում համայնքի բնակիչները հավաքվել էին ընտրատեղամասում, որի վերաբերյալ դիտորդի դիտարկումից հետո հանձնաժողովի նախագահը բնակիչներին խնդրեց պահպանել 50 մետր հեռավորությունը: Երկրորդ դեպքում գործող համայնքապետի վստահված անձը տեղամաս մտնող ընտրողներին ուղղորդում էր և հուշում՝ ում ընտրել: Այս դեպքում դիտորդի նկատառումը ագրեսիվ ընդունվեց, այնուամենայնիվ, վստահված անձն ընտրատեղամասում դադարեցրեց այդ գործողությունները:
Ամբողջ օրվա ընթացքում տեղամասի հարակից տարածքում կայանված էին գործող համայանքապետի աջակիցների մեքենաները, և նրանք կարծես վերահսկում էին բոլոր ընտրողների մուտքն ու ելքը տեղամաս:
Ընտրատեղամասը փակվեց 20:00-ին: 318 ընտրողներից մարտի 9-ին իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին 236-ը:
Հանձնաժողովի հաշվարկից հետո հրապարակեց հետևյալ արդյունքները՝
Ծուղունյան Ալբերտ - 45
Կոնջոյան Արտյոմ - 10
Մակունց Մխիթար - 41
Նաղդալյան Արտուշ - 30
Տրուզյան Արամայիս - 28
Օսիպյան Տիգրան - 41
Անվավեր – 36
Համայնքի ղեկավարի պաշտոնում 125/99 հարաբերակցությամբ ընտրվեց առաջին անգամ առաջադրված Գրիգոր Գևորգյանը, ՀՀԿ-ական թեկնածու Յուրիկ Ցուգունյանին չհաջողվեց 7-րդ անգամ դառնալ Հովք համայնքի ղեկավար:
Մեկնաբանել