HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ փոխվարչապետի՝ Լոռու մարզպետը կլինի ուշադրության կենտրոնում

Այսօր Լոռու մարզպետարանում տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ներկայացրեց Լոռու մարզի նոր մարզպետ  Արթուր Նալբանդյանին: 

Ըստ նախարարի՝ երեկ կառավարության նիստում որոշում է կայացվել Լոռու մարզպետ նշանակվել Ալավերդու արդեն նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանին. «Ես անկեղծ պետք է ասեմ, որ մեծ կարեւորություն եմ տվել այս նշանակմանը եւ կառավարությունում, եւ անձամբ որպես ոլորտի պատասխանատու, որովհետեւ մի մարդ է նշանակվել մարզպետ, ով մարզը շատ լավ ճանաչում է, ում մարզում շատ լավ ճանաչում են, ով բավականին պարկեշտ, գործունյա եւ լավ անձնավորություն է»,- ասաց Արմեն Գեւորգյանը:  

Փոխվարչապետը կառավարության եւ բոլոր գործընկերների անունից շնորհավորեց Արթուր Նալբանդյանին եւ մաղթեց համբերություն եւ առողջություն: Արմեն Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց նաեւ Լոռու մարզի նախկին մարզպետ Արամ Քոչարյանին` տարիների համատեղ աշխատանքի համար:  

Արթուր Նալբանդյանի առաջին խոսքը հակիրճ էր: Նա շնորհակալություն հայտնեց  ՀՀ նախագահին եւ կառավարությանը եւ հավաստիացրեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի իր նկատմամբ ցուցաբերված վստահությունը արդարացնի: 

Նախկին մարզպետ Արամ Քոչարյանն էլ երկրի նախագահին եւ կառավարությանը  շնորհակալություն հայտնեց այն բանի համար, որ իրեն հնարավորություն են ընձեռնել մոտ 5 տարի Լոռու մարզպետ աշխատելու եւ մարզում ծառացած բոլոր խնդիրները միասին հաղթահարելու համար. «Այսօր ես ամաչելու որեւէ առիթ չունեմ»,- ասաց նա:  

Վերջինս համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց Լոռու  մարզպետարանի աշխատակազմին. «Այս տարիներն իմ կյանքի լավագույն տարիներից են եղել: Այդ տարիներին երբեւիցե որեւէ մեկի ճակատագրի հետ չենք խաղացել»,- ասաց նա: 

Նախկին մարզպետը նոր մարզպետի ընտրությունը համարեց հետաքրքիր, նրա կարծիքով՝ Լոռու մարզպետարանում այս պահին տեղի է ունեցել առողջ սերնդափոխություն: 

Արմեն Գեւորգյանը դահլիճում նստածներին կոչ արեց դուրս գալուց հետո ուշադրությունը սեւեռել մարզի հիմնախնդիրներին: Նա կարեւորեց մարզում իրականացվող ծրագրերը, հանձնարարեց ամեն ինչ անել այդ ծրագրերը ժամանակին ավարտելու համար, նշեց, որ ընթացքի մեջ է աղետի գոտու վերակառուցման  ծրագիրը, առնձնապես կարեւորեց համայնքների բյուջեի եկամուտների հավաքագրումը, մարզում իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերը:   

Արմեն Գեւորգյանը հանձնարարկաններ տվեց նաեւ աշնանը գյուղմթերքների իրացման եւ գյուղատնտեսական աշնանային աշխատանքների նախապատրաստման համար:

Հոկտեմբերին նախատեսված հանրապետական մարդահամարի հետ կապված փոխվարչապետը խնդրեց, որ բոլոր ստորաբաժանումները, մարզային եւ հանրապետական ծառայությունները առավելագույնս նախապատրաստված լինեն  այդ միջոցառումը հավուր պատշաճի կազմակերպելու համար:  

Արմեն Գեւորգյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: Լոռու նոր մարզպետի նշանակման սկզբունքի կապակցությամբ  նա ասաց. «Ես կարծում եմ՝ վատ ընտրություն չէր եւ ամենակարեւորը, որ մարզից է, շատ լավ ճանաչում է մարզը: Մարզի կտրվածքով բոլոր խնդիրները նա պատկարեցանում է»:

Փոխվարչապետն ասաց, որ կադրային ընտրության հարցում երիտասարդ մարդկանց առավելություն է տրվում: Անկախ տարիքից՝ բոլոր մարզպետներին էլ կառավարությունն օգնում է, սակայն, ըստ Արմեն Գեւորգյանի, Արթուր Նալբանդյանը, որպես նոր մարզպետ, կլինի ուշադրության կենտրոնում:     

Արամ Քոչարյանի պաշտոնազրկաման պաշտոնական պատճառաբանության մասին  փոխվարչապետն ասաց, որ նախկին մարզպետը չի պաշտոնազրկվել, նա  մարզպետի պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն` ունենալով որոշակի անձնական պատճառաբանություններ: Ըստ  փոխվարչապետի՝ Արամ Քոչարյանին   նոր պաշտոն առաջարկելու հարց չկա:   

Լրագրողներից մեկը բարձրաձայնեց Լոռու մարզում տիրող «համատարած արտագաղթի» մասին, ինչից փոխվարչապետը նեղսրտեց. «Նախ՝ սիրելի գործընկերներ, մեկ անգամ եւս արտագաղթի այդ գնահատականների վերաբերյալ, կարծում եմ, արդեն անհրաժեշտ պարզաբանումներ տրվել են, որ այդ գնահատականները չեն համապատասխանում այն իրողություններին, որոնք տեղի են ունենում»: 

Ըստ Արմեն Գեւորգյանի՝ նախորդ 2 տարիների համեմատ մեծացել է այն մարդկանց թիվը, ովքեր մշտապես մեկնում էին Լոռու մարզից արտագնա աշխատանքների. «Ասել, որ արտագաղթը մեծ զանգվածային երեւույթ է, դա իրականությանը չի համապատասխանում»:  

Արմեն Գեւորգյանը, այդուհանդերձ, գտնում է, որ արտագաղթը կանխելու գործում կառավարության եւ պետական մարմինների հիմնական անելիքը պետք է լինի տնտեսական հաջողությունների միջոցով նոր աշխատատեղերի բացումը, որը հնարավորություն կտա մարդկանց վաստակել գոյատեւման միջոցներ:

Գյուղացիների խնդիրներին, մասնավորապես գյուղտեխնիկայի եւ սուբսիդավորված վարկավորման մասին «Հետքի»՝ կառավարության անուշադրությանը վերոբերող հարցին Արմեն Գեւորգյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ սխալ տպավորություն է,. վերջին 7-8 ամիսների ընթացքում կառավարության ուշադրությունը գյուղատնտեսության հիմնախնդիրների նկատմամբ չի թուլացել: Ընդամեն կառավարության երեկվա նիստին հետեւելով պետք է եզրահանգեիք, որ այդ խնդիրների համար նորից ու նորից լուծումներ են փնտրվում»:  

Արմեն Գեւորգյանն ասաց, որ երեկ կառավարությունը որոշում կայացրեց հերթական գումարը Կենտրոնական բանկի միջոցով, որպես մատչելի վարկային ռեսուրսներ, հատկացնել գյուղացիներին: Իսկ այն գյուղատնտեսական տեխնիկան, որ կառավարությունը ձեռք է բերել միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ, արդեն այս տարի բաշխվել է գյուղացիական կոպերատիվներին եւ համապատասխան համայնքերին: 

«Մենք մոտավորապես 61 միավոր գյուղտեխնիկա ենք այս տարի բաժանել: Կունենանք նմանատիպ տեխնիկա, դա նույնպես բաժանվելու է գյուղացիներին»,- ասաց Արմեն Գեւորգյանը: 

Գյուղացիների կողմից առաջարկվող գյուղատնտեսական հողերի խոշորացման հետ կապված էլ փոխվարչապետը նկատեց, որ կառավարությունում հարցը քննարկվում է, երբ հայեցակարգը պատրաստ լինի, կներկայացվի հանրության քննարկմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter