HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

«Հայկական էլեկտրացանցերի» ոդիսականը

Վերջինշրջանում Yerkir.am-ը տեղեկություններ է հրապարակել «Հայկականէլեկտրացանցեր» ընկերության հնարավոր վաճառքի մասին: Որպես գնորդի առավել հավանական թեկնածու նշվում է «Գազպրոմը»: «Հետքը» ներկայացնում է ուսումնասիրություն՝ «Հայկական էլեկտրացանցերի» ստեղծման պատմության և ներկայիս ֆինանսական իրավիճակի մասին: 

Ինչպե՞ս սեփականաշնորհվեց ՀԷՑ-ը 

ՀԷՑ-ը ստեղծվել է 2002 թ.՝ 4 բաշխիչ ցանցերի միավորման արդյունքում՝ «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ, «Հյուսիսային էլեկտրացանց» ՓԲԸ, «Հարավային էլեկտրացանց» ՓԲԸ և «Կենտրոնական էլեկտրացանց» ՓԲԸ: Նույն թվականին նորաստեղծ ընկերությունը միջազգային մրցույթով 12 մլն դոլարով վաճառվում է բրիտանական օֆշորում գրանցված Midland Resources Holding ընկերությանը: Այս ընկերության հիմնադիրներն էին կանադացի Ալեքսանդր Շնայդերը և ուկրաինացի Էդվարդ Շիֆինը: Ընկերությունը մասնագիտանում էր հետխորհրդային տարածքներում սեփականաշնորհման գործարքներում՝ ակտիվների հետագա վերավաճառքի միջոցով շահույթի ստացմամբ: Եւ իսկապես՝ 2006 թ. ՀԷՑ-ի սեփականատեր է դառնում ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկություններից մեկը: Ներկայում ՀԷՑ-ի միակ սեփականատերը Ամստերդամում գրանցված INTER RAO Credit B.V ընկերությունն է, որը «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի դուստր ընկերությունն է: Midland Resources Holding-ի և «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի միջև գործարքի արժեքը հրապարակված չէ, սակայն որոշ տեղեկություններով՝ ռուսական կողմին այն արժեցել է մոտ 40 մլն դոլար: Նշենք, որ ՀԷՑ-ը տարեկան իրացնում է մոտ 5-5,5 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որն ապահովում է տարեկան մոտ 100-150 մլրդ դրամ հասույթ (մոտ 300-350 մլն դոլար): 

ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը

ՀԷՑ-ն, ընդհանուր առմամբ, հիմնականում շահույթով է աշխատել: Սակայն 2012 թ. հաշվետվության մեջ ցույց են տվել 10 մլրդ դրամի վնաս՝ նախորդ տարվա 2,8 մլրդ դրամ շահույթի համեմատ: ՀԷՑ-ի հաշվետվությունում վնասը մեկնաբանել են հետևյալ կերպ. ստիպողական կերպով գնել են «Հրազդան 5» ՋԷԿ-ի թանկ էլեկտրաէներգիան (հիշեցնենք՝ այն կազմում է 26 դրամ 1 կվտ/ժամի համար): Այստեղից էլ պարզ է, թե որտեղից ե՞ն գալիս ՀԷՑ-ը «Գազպրոմին» վաճառելու լուրերը՝ չէ՞որ «Հրազդան 5» ՋԷԿ-ի էլեկտրաէներգիան թանկացրել են հենց «Գազպրոմին» աջակցելու համար:

Սակայն խնդիրը թերևս միայն բաշխիչ ցանցերին մատակարարվող էլեկտրաէներգիայի թանկությունը չէ: Bloomberg-ը տեղեկացնում է, որ INTER RAO Credit B.V-ն վերջին շրջանում մի շարք վարկեր է վերցրել: Մասնավորապես՝ 2013 թ. վերջերին 20,1 մլն ռուբլի վարկ է ստացել Եվրոպայի զարգացման և վերակառուցման բանկից (ՎԶԵԲ), 51 մլն ռուբլի՝ «ՎՏԲ բանկից», ընդհանուր առմամբ՝ մոտ 2,3 մլն դոլար:

Այսպիսով՝ ՀԷՑ-ն իսկապես էլ ծանր ֆինանսական պայմաններում է հայտնվել, թեև շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը: Ընկերությունը 2013 թ. վճարել է մոտ 10 մլրդ դրամի հարկեր և զբաղցրել խոշոր հարկատուների ցանկի 7-րդ հորիզոնականը: Սակայն այդ հարկերը ձևավորվում են ոչ թե շահույթից, այլ էլեկտրաէներգիայի սակագնումներ առած ավելացված արժեքի հարկից: Մյուս կողմից՝ ՀԷՑ-ը Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին ներկայացրած ներդրումային ծրագրով նախատեսում է տարեկան ներդրումների ծավալը առաջիկա տարիներին հասցնել 4,5 մլրդ դրամի (մոտ 11 մլնդոլար)՝ 2014 թ. 2 մլրդ դրամի համեմատ: Սակայն ներկա ֆինանսական պայմաններում այդ ծրագիրը կարող է և ձախողվել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter