HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հայաստանը փորձում է վերականգնել ռազմարդյունաբերական համալիրը

Հայաստանում փորձեր են կատարվում վերականգնել ռազմարդյունաբերական համալիրը: Այդ նպատակով մշակվել է օրենք «Ռազմարդյունաբերական համալիրի մասին», որն արդեն ներառվել է ՀՀ Ազգային ժողովի նիստերի օրակարգ:

Հայաստանը նախկին խորհրդային հզոր ռազմարդյունաբերական համալիրին ինտեգրված էր հիմնականում իր գիտական պոտենցիալի միջոցով: Ձևավորվել էին խոշոր գիտաարտադրական միավորումներ, որոնցում պատրաստի զենք երբեք չի արտադրվել, սակայն որոշ կարևոր հետազոտություններ իրականացում էին:

Ղարաբաղի պատերազմի ժամանակ Հայաստանը հասավ նրան, որ ձևավորեց փամփուշտների արտադրություն, որոշ չափով կարգի բերվեց նաև ռազմական տեխնիկայի պահեստամասերի նորոգման ու արտադրման գործընթացը: Սակայն նոր ռազմարդյունաբերական համալիր, որպես այդպիսին, չձևավորվեց, իսկ նախկին գիտաարտադրական համարյա բոլոր հիմնակները դադարեցին աշխատել: Նախկին «Հրազդանմաշի» փորձերը՝ սկսել նռնակների ու ականանետների արտադրություն, հաջողությամբ չպսակվեցին: Ներկայում հայկական «Ասպար» ընկերությունը մշակել է հրազենի տեսակներ (ատրճանակ, դիպուկահար հրացաններ, ինքնաձիգներ), որոնք արդեն փորձարկվել են զինավարժություններում, հնարավոր է դրանց զանգվածային արտադրություն: Սակայն այդ ընկերության բիզնես-նախագծերն առավելապես կենտրոնացած են որսորդական զենքի շուկայոմ: Նախագծեր կան հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծման վերաբերյալ՝ զրահատեխնիկա արտադրելու համար:

Հայաստանը պետք է հաշվի նստի նաև այն հանգամանքին, որ հարևան Ադրբեջանում հսկայական ներդրումներ են իրականացվում ռազմական տեխնիկայի արտադրություն կազմակերպելու համար, այդ թվում՝ ռեակտիվ հարմարանքներ, ականներ, ներկայում փորձարկվում է ռուսական ու թուրքական տեխնիկայի բազայի վրա զրահամեքենաների արտադրությունը: Ադրբեջանը գնում է այլ երկրների արտադրանքը պատենտավորելու և նմանակելու ճանապարհով՝ հիմնականում շեշտը դնելով թուրքական ընկերությունների հետ համագործակցության վրա: Հայաստանում վերջին շրջանում ավելի մեծ ուշադրություն է դարձվում սեփական մշակումների վրա:

Իհարկե, օրենք գրելով ռազմարդյունաբերական համալիր ինքնին չի ձևավորվի: Սա բավական մեծ ներդրումներ պահանջող ոլորտներից է: Սակայն փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի նման երկրները կարող են ստեղծել ուժեղ ռազմարդյունաբերական համալիրներ՝ օգտագործելով նորարարական նվաճումներ: Դա է վկայում Իսրայելի կամ Սերբիայի օրինակը: Սակայն այդ համալիրները կարող են հաջողության հասնել միայն միջազգային շուկա դուրս գալու պայմանով, այլապես ծանր բեռ կդառնան տվյալ պետության տնտեսության համար: Հեռանկարային են համարվում թեթև տեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի, հրազենի, օպտիկական միջոցների արտադրության ոլորտները: Հայաստանը կարծես թե հավակնում է նրան, որ կսկսի հրազենի, ոչ ծանր զրահամեքենայի, իսկ ապագայում՝ անօդաչու թռչող սարքերի արտադրություն:

Զենքի համաշխարհային շուկան ներկայում գերհագեցած է, ու բավականին մենաշնորհացված: Այս շուկայի հիմնական խաղացողները վաղուց հայտնի են (ԱՄՆ, Ռուսաստան, Արևմտյան Եվրոպա), սակայն Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական բարդ տարածաշրջանում, որտեղ զենքի նկատմամբ պահանջը առաջիկա տասնամյակներում կմնա բարձր: Հիշեցնենք, որ զենքի համաշխարհային շուկան գնահատվում է տարեկան մոտ 400 մլրդ դոլար:

Ըստ Ստոկհոլմի Աշխարհի խնդիրների ուսումնասիրման ինստիտուտի (SIPRI) տվյալներին՝ վերջին 5 տարում զենքի արտահանումների 30 %-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, 26 %-ը՝ Ռուսաստանին, 7 %-ը՝ Գերմանիային, 6 %-ը՝ Ֆրանսիային, 5 %-ը՝ Չինաստանին: Իրաքի պատերազմի ավարտը բացասաբար է անդրադարձել ամերիկյան զենքի արտահանումների վրա, փոխարենն այս շուկայում էապես ամրապնդվում է Ռուսաստանը: Ռուսական զենքի խոշոր գնորդներ են հանդիսանում Սիրիան ու Հնդկաստանը: Եթե Հայաստանը հասնի նրան, որ հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների միջոցով արտադրի նորագույն զինատեսակներ, ապա կարող է ներառվել նաև զենքի արտահանման ռուսական սխեմաներում:

Լուսանկարը՝ mil.am-ի

Մեկնաբանություններ (7)

artin
Ինչպէս կլինի համագործակցէլ ՞՞՞՞
Թլկատինցի
ՎԵՐՋ ՏՎԵ՛Ք ՌՈՒԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ .....«Ղարաբաղի պատերազմի ժամանակ Հայաստանը հասավ նրան, որ ձևավորեց փամփուշտների արտադրություն...».... «Եթե Հայաստանը հասնի նրան, որ հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների միջոցով արտադրի նորագույն զինատեսակներ...» ՀԱՍՆԻ ՆՐԱՆ ՈՐ....սրանք զուտ ռուաց լեզվի ուղղագրական ձեւեր են....ՀԱՅԵՐԵՆ ԳՐԵ՛Ք - Ղարաբաղի պատերազմի ժամանակ Հայաստանը ԿԱՐՈՂԱՑԱՎ ՁԵՒԱՎՈՐԵԼ....
Հրազդան Ռուսամետցի
Հրազդանմաշում սամադեելկա զենքի արտաադրությունը սկսել է 1989 թ.՝ Թելման Տեր-Պետրոսյանի ժամանակ: ԽՍՀՄ էր, մեծ ռիսկ էր, բայց իրանք սամադելկա էին սարքում ու հասան նրան, որ ֆիդայական ջոկատները գոնե զենք ունենան
հայ
Հարգելի Թլկատինցի, այդ լավ է որ բոլորին սովորեցնում եք, սակայն չեմ հասկանում թե //զուտ ռուաց լեզվի ուղղագրական ձեւերի// դեմ ի՜նչ ունեք: Եղբայր! Դուք պարզապես կարող եք պահանջել խոսել առանց ավելորդաբանությունների - ռուսերենն այստեղ որեւ մեղք կամ կապ չունի: Ընդհակառակն, այն շատ հարուստ, բարդ, գեղեցիկ ու արտահայտիչ լեզու է, եւ կարծում եմ ամոթալի բան չկա եթե մեր աննման լեզուն նույնիսկ որոշ ազդեցություններ կրի նաեւ նրանից, ինչպես նաեւ այլ լեզուներից: Կա մի պարզ իրողություն - որեւե լեզու քարացած գործիք չէ, այլ այն անընդհատ զարգանում է, ազդեցությունների ու փոփոխությունների ենթարկվում:
Թլկատինցի
Ի՞նչ ողորմելի պատճառաբանություն «հայի» կողմից: Հայերենը թող այլասեռվի՝ իրեն Ի՞ՆՉ ՓՈՒՅԹ:
Aram
4-in: Ay axper, angraget halov hayotc lezun es pashtpanum? ,,ռուաց լեզվի,, ,,այլասեռվի,, -
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայի ԱՄԵՆԱՄԵԾ սխալը ամեն ինչը ռուսական պրիզմայով տեսնելն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter