HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վոլոդյա Ավետիսյանին ինչի՞ համար են պատժում

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կառավարության անդամներից հետաքրքրվեց, թե մինչեւ երբ քրեական հետապնդման լծակները պետք է օգտագործվեն քաղաքական նպատակներով: Օրպես օրինակ պատգամավորը նշեց ազատամարտիկ Վալոդյա Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործը:

Նիկոլ Փաշինյանը հերթով նկարագրեց դեպքերի զարգացումը: Ըստ այդմ՝ 2013 թ. կեսերին Վ. Ավետիսյանը ակցիաների շարք է սկսել Ազատության հրապարակում, կառավարության շենքի դիմաց, հետո հանդիպել է վարչապետին: Արդյունքը չի գոհացրել ազատամարտիկին եւ նրա ընկերներին, եւ բողոքի ակցիաները շարունակել է: Այնուհետեւ հանդիպել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, եւ դարձյալ պայմանավորվածությունները նրանց չեն գոհացրել, ու շարունակել են բողոքի ակցիաները հանուն ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավման:

Դրանից հետո պաշտպանության նախարարության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ խարդախության մեղադրանքով:

«Մինչեւ ե՞րբ են կառավարությունն ու իշխանությունը շարունակելու այդ գործելաոճը»,- հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանելով Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ հանրաճանաչ դեպքերից հետո իրոք հանդիպել է Վոլոդյա Ավետիսյանի հետ: Հանդիպումից հետո ձեւավորվել է աշխատանքային խումբ, որպեսզի ազատամարտիկների սոցիալական խնդիրների բարելավման առումով ուսումնասիրություններ կատարվեն: Սակայն Վոլոդյա Ավետիսյանը խախտել է պայմանավորվածությունը եւ շարունակել է բողոքի ակցիաները:

Նախարարը նշեց, որ այս գործում քաղաքական բաղադրիչ չկա: «Քրեական գործը հարուցվել է տեղին եւ այն ժամանակահատվածում, երբ բարեփոխումներ են իրականացվում պաշտպանության նախարարությունում»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Արձագանքելով նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախարարի պատասխանից տպավորություն է ստեղծվում, որ Վոլոդյա Ավետիսյանը ոչ թե Քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարելու, այլ քաղաքական էլիտայի հետ պայմանավորվածությունը չպահելու համար է մեղադրվում: Նա նշեց, որ Քրեական օրենսգրքում չկա հոդված, որ Սերժ Սարգսյանի կամ պաշտպանության նախարարի հետ պայմանավորվածությունը խախտելու համար պատասխանատվության ենթարկվեն:

«Մարդուն շինծու գործով պատժում են Սերժ Սարգսյանի ասածները չանելու համար»,- ասաց Ն. Փաշինյանը:

Նախարարն ասաց, որ Վ. Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ոչ թե պայմանավորվածությունը խախտելու համար, այլ խարդախության հոդվածով:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Շատ պարզ պատճառով. որ մնացած (անկախ) ազատամարտիկները իբր թե վախենան ու դադարեցնեն պայքարը:Բայց Հայաստանում այսօր այնպիսի՛ անարդար սոցիալական իրավիճակ է,որ պայքարի դեմը հնարավոր չի առնել: Սոսկ ժամանակի հարց է:
կարծիք
Սեյրան Օհանյանը, իր զինվորականի խառնվածքով, այնքան էլ շատ չի խորացել հարցի ելեւէջների մեջ ու ուղղակի ջրի երես է հանել պարզ իրականությունը: Հիմա արդեն իսկապես պատվական վարք կարող է դրսեւորել, եթե հարկավոր տեղն ուղարկի անհաջող ընկեր-զեմլյակներին ու թքի, թոշակի գնա: Կամ էլ կանգնի ժողովրդի կողքին - որպես ազնիվ, իսկական զինվորական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter