HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հարկային հաշվետվությունների ընդունման համակարգում խառնաշփոթ է

Հարկ վճարողները հունվարի 1-ապրիլի 15 ժամանակահատվածում պարտավոր են հարկային մարմին ներկայացնել նախորդ տարվա շահութահարկի հաշվետվությունը: Դրանք ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով: Սակայն ի հայտ են եկել խնդիրներ. «Հարկ վճարողների պաշտպանություն» հկ-ն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հետևյալ գրառումը .

«Ամեն անգամ նույն պատմությունը կրկնվում է:
2013 թվականի համար շահութահարկի հաշվարկը կարող է ներկայացվել 2014 թվականի հունվարի 1-ից սկսած: Սակայն հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ-ի 2013 թվականին վերաբերող ձևը բացակայում է: Արդեն իսկ անցել է 2 ամսից ավելին: Հերթական անգամ պետական մարմինը դեռ պատրաստ չէ ապահովել օրենքի պահանջները: Իսկ ինչ անեն հարկ վճարողները: Եթե հարկ վճարողները մի բան սխալ կամ ուշ են ներկայացնում, հարկային մարմինը անմիջապես կիրառում է պատասխանատվության միջոցներ: Այսպես չի կարելի»:

«Հետքը»  կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեին հարցում ուղարկեց՝ պարզելու, թե ինչն է խնդիրը: ՊԵԿ-ից ստացանք հետևյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ շահութահարկի հաշվարկի նոր ձևը գտնվում է պետական գրանցման փուլում: Միաժամանակ հայտնում ենք, որ շահութահարկի հաշվարկի նոր ձևի ծրագրավորման գործընթացը գտնվում է ավարտական փուլում, և հաստատման դեպքում այն կտեղադրվի հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում»:

Հիմա ներկայացնենք, թե ինչն է խնդիրը: «Շահութահարկի մասին» օրենքը փոփոխություններ է կրել 2013 թ. հունվարի 1-ից: Այդ փոփոխությունների պահանջներից մեկն այն է, որ պետք է լինի շահութահարկի հաշվարկի նոր ձև (այսպես կոչված՝ 87 ձևի թարմացված տարբերակ), որում կբացակայեն նախորդ ձևում առկա որոշ տողեր: Այսպես, նախորդ 3 տարիների ընթացքում ավել կամ պակաս ցույց տրված ծախսը նոր ձևով կարելի է չլրացնել, իսկ հին ձևով դա պարտադիր էր: Քանի որ նոր ձևը հաստատված չէ, հաշվապահները չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչպես ուղարկեն հաշվետվությունը: Իսկ հայտնի է, որ ապրիլի կեսերին հաշվետվությունների ընդունման էլեկտրոնային համակարգը գերծանրաբեռնվում է, ու կարող է «կախվել», ինչն էլ հիմա շատերին ստիպում է շտապել:

Իրականում որոշ հաշվապահներ ուղարկել են հաշվետվությունը հին ձևով, քանի որ հարկայինի թեժ գիծն այդ դեպքում նրանց հուշում է «ավելորդ դաշտերը» չլրացնել: Սակայն միևնույն է՝ դա խնդիրներից չի ազատում: Հաշվապահներից մեկը նշում է հետևյալ օրինակը: Եթե կազմակերպության շահութահարկը պակաս է եղել 500 հազ. դրամից, ապա մինչ 2013 թ. հունվարի 1-ը գործած օրենքով կանխավճարից ազատվում է, իսկ նոր օրենքով՝ պետք է իրականացնի կանխավճար 18.75%-ի չափով: Ընդ որում՝ մինչ շահութահարկի հաշվարկը կանխավճար պետք է կատարի նախորդ տարվա վերջին կանխավճարից ոչ պակաս չափով: Սակայն նման հաշվարկով կանխաավճարը կարող է մի քանի անգամ ավելի լինել պահանջվածից:

Հաշվապահներից մեկն էլ ասաց, որ հին ձևով հաշվետվության ներկայացումը ռիսկերից չի ազատում, անգամ եթե պետական մարմինն ընդունի այդ հաշվետվությունը: Նա բերեց հետևյալ զավեշտալի օրինակը: Հանրային սննդի օբյեկտը նոր սերնդի ՀԴՄ է կիրառում, սակայն ՊԵԿ-ի էլեկտրոնային համակարգի պատճառով ծրագիրը ժամանակավորապես խափանվում է, ինչի մասին կազմակերպությունը տեղյակ է պահում հարկային մարմնին: Սակայն անմիջապես հայտնվում են հարկային տեսուչներ ու կազմակերպությանը տուգանում ՀԴՄ տրամադրման կանոնները խախտելու համար:

Վերջին տվյալներով՝ ՊԵԿ-ը ժամանակվորապես կասեցրել է շահութահարկի հաշվետվությունների ընդունումը, մինչ նոր ձևը պաշտոնապես կդրվի շրջանառության մեջ: Սակայն այդ դեպքում կրկին անխուսափելի կդառնա էլեկտրոնային համակարգի ապրիլյան գերծանրաբեռնումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter