HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Ֆիդայիները՝ մոլոկանների գյուղում

Կրիայի նման դանդաղաշարժ տրակտորը վերջապես մտավ Ռուս Պարիս գյուղ: Գյուղում տիրող տարօրինակ անդորրը զարմացրեց տրակտորով ժամանած երկու հյուրերին՝ Էրքեջի ինքնապաշտպանական ջոկատից Ռուբեն Վիրաբյանին ու Սարգիս Մուրադյանին: Սահմանը հեռու չէ, ամեն օր կրակոցներ են, իսկ Շահումյանի շրջանի մոլոկաններով բնակեցված միակ գյուղում նույնիսկ մուտք ու ելք չեն վերահսկում: Տրակտորն ընթանում էր հավասար շարված տների կողքով՝ ոչ մի շարժում, ոչ մի շունչ, նույնիսկ շուն չէր հաչում: Տղաները գիտեին, որ գյուղը մարդաբնակ է, ուստի սկսեցին զգուշանալ՝ ծուղակ չլինի՞: Սարգիսն ուսից իջեցրեց ավտոմատը, մարտական դիրք ընդունեց, իսկ տրակտորը վարող Ռուբենը գլուխն անընդհատ այս ու այն կողմ էր թեքում: Կանգ առան աղբյուրի մոտ՝ ջուր վերցնելու համար էլ եկել էին:

Մի երկու օր առաջ ինքնապաշտպանական ջոկատի տղաները հայտնաբերեցին, որ բաքի ջրից հոտ է գալիս, տղաներից մի քանիսը նույնիսկ լուծ ընկան: Ստուգեցին՝ բաքում սատկած կատու էր ընկած: Ձյան ու անձրևի ժամանակ բաքի կափարիչը ժամանակավոր բացում էին, հավանաբար այդ ժամանակ էլ կատուն սողոսկել էր այնտեղ: Ստիպված էին դատարկել, օղիով ախտահարել, ու այս տղաներին ուղարկել էին ամենամոտակա աղբյուրից կրկին ջուր վերցնելու: Իսկ ամենամոտակա աղբյուրը հենց Ռուս Պարիսում էր;

Ռուբոն ու Սաքոն անշտապ իջան տրակտորից, շլանգը հարմարեցրին բաքի մեջ, ու մարտական դիրք ընտրած՝ սկսեցին ուսումնասիրել շրջապատը: Վերջապես հարևան տան դռնակը բացվեց, տանից դուրս եկավ մոտ 55-60 տարեկան մի կին՝ տիպիկ ռուսական դիմագծերով, թմբլիկ այտերով, մի փոքր գիրուկ: Կինը ռուսերենով զվարթ բարևեց տղաներին, հետաքրքրվեց, թե ինչո՞ւ համար են եկել: Տղաները հարգանքով պատասխանեցին բարևին, բայց մինչ հարցին կպատասխանեին՝ հետաքրքրվեցին, թե ուր ե՞ն գյուղացիները;

-Ակումբում են երևի, այսօր կոլխոզի նախագահը ժողով է հրավիրել, մեզ մոտ այդպես է՝ ժողովին բոլորը պետք է մասնակցեն,- ասաց կինը:

Տղաներին այս պատասխանն այնքան էլ համոզիչ չթվաց, սակայն նրանք կնոջը հավաստիացրին, որ եկել են բացառապես ջրի համար՝ կլցնեն ու կգնան: Մորաքույր Դաշան, այդպես էր կնոջ անունը, հետաքրքիր ու զվարճալի զրուցակից դուրս եկավ; Սկսեց հետաքրքրվել սահմանային կյանքով, տղաների որպիսությամբ, ինքն էլ պատրաստակամությամբ պատասխանում էր հարցերին՝ ուշադրություն չդարձնելով հայ տղաների կոտրված ռուսերենի վրա: Նույնիսկ տուն հրավիրեց: Մի փոքր վարանելուց հետո Ռուբոն ու Սաքոն ընդունեցին հրավերը՝ զենքի առկայությունը նրանց վստահություն էր ներշնչում: Տանը ոչ ոք չկար, Դաշան նրանց հյուրասիրեց «մալինայի» մուրաբայով պատրաստված թեյով, ձու ու պանիր դրեց սեղանին: Տղաները այլևս թույլ չտվին, որ իրենց երկրորդ անգամ հրավիրեն սեղանի մոտ՝ վաղուց է, ինչ մուրաբայի ու ձվի երես չէին տեսել, նույնիսկ համն էին մոռացել: Համարյա ամեն օր սնվում էին մակարոնով, ձկան ու տավարի մսի պահածոյով, օգտագործում էին միայն չորացրած հաց, շաքարի մասին ընդհանրապես չէին էլ երազում: Այն ժամանակ Շահումյանի շրջանում շաքարավազն այնպիսի դեֆիցիտ էր, որ երեխաների մոտ դրա պակասից հիվանդություններ էին զարգանում: Ուտելիս տղաները բողոքեցին, որ արդեն զզվել են մսի պահածոներից, ինչը մորաքույր Դաշային զարմացրեց: Պարզվում ՝ մոլոկաների գյուղում էլ անասունների պակաս կա, շաբաթներով մսի երես չեն տեսնում: Անմիջապես պայմանավորվեցին ապրանքափոխանակություն իրականացնել՝ տղաները կբերեն մսի պահածոներ, կտանեն ձու ու թարմ հաց: Ապրանքափոխանակման մասին պայմանավորվածությունը զրուցակիցներին ավելի մերձեցրեց: Նրանք աստիճանաբար անցան քաղաքական հարցերին, հայ ֆիդայինները փորձեցին ճշտել մոլոկանների վերաբերմունքը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վերաբերյալ: Սակայն Դաշան այս հարցում սկսեց ավելի զգուշավոր արտահայտվել:

- Ավելի լավ է՝  լինի այնպես, ինչպես նախկինում,- ասաց Դաշան:

Տղաները զարմացած իրար նայեցին;

- Մի՞թե չեք ուզում հայերի հետ առանձնանալ մահմեդական ադրբեջանցիներից,- հարցրեց Ռուբոն:

Նրա համոզմամբ՝ քրիստոնյա, այն էլ աղանդավոր համարվող մոլոկանի մոտ դա առնվազն պետք է բնական ցանկություն լինի: Սակայն մորաքույր Դաշան գլուխն օրորեց.

- Իսկ մեր կաղամբն ում ե՞նք վաճառելու,- հարցրեց նա ամենայն լրջությամբ:

- Ստեփանակերտում, կամ էլ կբերեք Երևան,-Սաքոն ուրիշ բան չգտավ ասելու:

Կինը միայն քմծիծաղ տվեց.

- Ստեփանակերտում սեփական կաղամբը հազիվ են վաճառում, իսկ Կիրովաբադում հսկայական շուկա է, ինչ էլ տանենք՝  կվաճառվի: Մոտ է և հարմար: Այս պատերազմի պատճառով շատ ենք տուժում, շուկա ենք կորցնում, իսկ ձերոնք փակել են բոլոր ճանապարհները: Կարող ե՞ք այնպես անել, որ ճանապարհները բացեն, կարողանանք առևտուր սկսել ադրբեջանցիների հետ, ձեզ համար էլ լավ կլինի- մորաքույր Դաշան ուշադիր նայեց հայ ֆիդայիններին:

- Ի՞նչ նկատի ունեք՝ «լավ կլինի» ասելով,- սառը հարցրեց Ռուբոն:

Մորաքույր Դաշան հասկացավ, որ չափն անցել է, սակայն չնահանջեց, ուղղակի ու արագ-արագ ասաց.

-Դա դուք որոշեք, ինձ քիչ է հետաքրքրում: Ճանապարհը դուք եք վերահսկում, գոնե շաբաթը մեկ թույլ տվեք մի մեքենա անցնի ձեր պոստով, ձեզ համար էլ՝ ամեն ինչ կբերենք, ինչ ցանկանաք: Եթե ուզում եք՝ կարող եք մեր մարդկանց գիշերը բաց թողնել՝ ոչ ոք չի իմանա,- հետո աչքերը կկոցեց ու խորամանկ ձայնով ավելացրեց,- երեկոյան մեր աղջիկները հավաքվում են ակումբում, ձեզ էլ կկանչենք…

Ֆիդայինները ականջներին չէին հավատում՝ այս կինը ոչ ավելի, ոչ պակաս՝ փորձում է հավաքագրել իրենց:  Տղաները վեր կացան: Ջոկատում խոսակցություններ կային այն մասին, որ մոլոկանները ադրբեջանցիների կողմից են, սակայն Ռուբոն ու Սաքոն դրան չէին հավատում: Հիմա այլևս կասկած չունեին՝ իրենց անմիջական թիկունքում վտանգավոր օղակ կա; Նրանք շտապ դուրս եկան տանից՝ նույնիսկ ցտեսություն ու շնորհակալություն չասելով «հյուրասեր» տիկնոջը: Սակայն մորաքույր Դաշան չնեղացավ: Նա էլի վերադարձավ իր զվարթ վիճակին, տղաներին ուղեկցեց մինչև աղբյուր՝ փորձելով վերականգնել նախկին մտերմիկ զրույցի տոնը: Աղբյուրի մոտ մի տղամարդ կար՝ ռուսական շեկ մորուքով, մի փոքր կորացած մեջքով, թեև տեսքից երիտասարդ էր թվում: Նա ևս հետաքրքրությամբ սկսեց զննել հյուրերին՝ առաջին անգամ էր տեսնում զինված, զինվորական համազգեստ հագած ֆիդայինների: Երկրորդ մոլոկանը ևս զվարթ ողջունեց ֆիդայիններին, սակայն այս անգամ սառը պատասխանի արժանացավ: Բաքը դեռ չէր լցվել, տղաները ստիպված էին հանդուրժել նաև այս մի ընկերակցությունը:

-Դու էլ ե՞ս ադրբեջանցիների կողմից,- հենց այնպես հարցրեց Սաքոն: Նրան նյարդայնացնում էր, որ մոլոկանն անընդհատ պտտվում է տրակտորի շուրջը:

-Չէ մի, ի՞նչ ադրբեջանցի… շուտով բոլոր ռուսները կմիավորվեն ու ցույց կտան այս թուրք-ադրբեջանցիներին…,- վրա բերեց մոլոկանը:

-Դե, Վասիլի՝ եթե այդքան սիրում ես հայերին, ուրեմն նրանց հետ առևտուր կանես, մեզ պահածո են խոստանում՝ իսկ դու ի՞նչ ունես,- կատակեց մորաքույր Դաշան;

Վասիլին երկար չմտածեց՝ վազեց հարևան տուն ու այնտեղից վերադարձավ մի աքլոր ձեռքին:

-Ահա, խնդրեմ՝ միայն թե ինձ տավարի մսի պահածո ուղարկեք, չեք պատկերացնի, թե ինչքան եմ կարոտել…

XXXXXXXXXXX

Այդպես սկսեց ֆիդայինների ու մոլոկանների միջև առևտրային կապը: Ջոկատ վերադառնալով՝ տղաները հրամանատար Արամայիս Մուղդուսյանին զեկուցեցին մորաքույր Դաշայի տարօրինակ առաջարկության մասին: Նրանց թվում էր՝ կարևոր զինվորական գաղտնիք են իմացել: Չմոռացան պարծենալ, որ ռուս աղջիկներից են հրաժարվել՝ հանուն հայրենիքի: Սակայն հրամանատարը միայն քմծիծաղ տվեց: Ասաց, որ մոլոկաններն այդ խնդիրը վաղուց են բարձրացրել, նույնիսկ քննարկել են Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարության հետ: Մոլոկանները խոստանում են իրենց օգուտների մի մասը կիսել հայերի հետ՝ եթե հնարավորություն ստանան դուրս գալ շրջափակումից ու անարգել առևտուր անել ադրբեջանցիների հետ:

-Մեծ հաշվով՝ մերոնք դեմ չեն,- շարունակեց հրամանատարը,- դա մեզ էլ ձեռնտու է: Պարենի պակաս կա շրջանում, ջոկատներին վառելիք չենք կարողանում հասցնել, իսկ այս մոլոկանները մեզ և վառելիք են խոստանում, և պարեն: Խնդիրը ադրբեջանցիների մեջ է՝  նրանց մոլոկանները պետք են միայն մեր թիկունքում լարվածություն ստեղծելու համար: Արդեն հաստատ տեղեկություն կա, որ հավաքագրել են կոլխոզի նախագահին, ու նա էլ մոլոկաններին անընդհատ գրգռում է ընդդեմ հայերի, հողային վեճեր է սկսել հարևան Հայ Պարիս գյուղի հետ:

-Այդ դեպքում ինչո՞ւ նրան չեն ձերբակալում, եթե պետք է՝ մենք դա կանենք,- ասաց Սաքոն:

-Չէ, դրա անհրաժեշտությունը չկա: Մոլոկանները վտանգավոր չեն, նույնիսկ ինքնապաշտպանության համար չեն զինվում, ինքներդ էլ դա երևի նկատեցիք: Նրանք այս հողի վրա հաստատվել են 150 տարի առաջ, աշխատասեր, ազնիվ, անշառ ժողովուրդ են, թեև մի քիչ տարօրինակ: Մենք ուզում ենք, որ մոլոկանները մնան, ոչ թե գնան այստեղից: Իսկ դրա համար ճիշտ կլինի, որ շուտ-շուտ այցելեք նրանց, սկսեք ձեր առևտուրը, եթե ուզում եք,- տղաներին դիմեց հրամանատարը:

Սաքոն ու Ռուբոն սկսեցին մոլոկաններին այցելել շաբաթն առնվազն երկու անգամ: Երևանից բերած պահածոներն ու մակարոնեղենը փոխում էին թարմ գյուղական ապրանքների հետ: Մորաքույր Դաշան այս առևտրում նրանց հիմնական միջնորդն էր, նա երբեմն էլի հյուրասիրում էր տղաներին, բայց այլևս «այլ թեմաներով» զրույցներ չսկսեց, տղաներն էլ առանձնապես առիթ չէին տալիս: Մի անգամ միայն ակնարկեցին ռուս աղջիկների հետ դիսկոտեկա գնալու մասին, սակայն մորաքույր Դաշան ասաց, որ վաղուց է՝ դիսկոտեկ չեն կազմակերպում: Շուտով ֆիդայինները կազմակերպեցին նաև ապրանքափոխանակություն մոլոկանների ու հայկական գյուղերի միջև: Սա էապես մեղմացրեց մոլոկանների դժգոհությունները, նրանք աստիճանաբար հարմարվում էին շրջափակման դաժան պայմաններին:

XXXXXXXXX

1992 թ. հունիսին ադրբեջանական զինյալ ուժերը լայնածավալ գրոհ սկսեցին Արցախի հյուսիսային ուղղությամբ: Նրանց հաջողվեց գրավել Շահումյանի շրջանն ու շարժվել դեպի Մարտակերտ: Մոլոկանների Ռուս Պարիս գյուղն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ զերծ մնաց պատերազմական գործողություններից: Սակայն մոլոկանների փորձությունները դեռ առջևում էին: Ադրբեջանցիները չբավարարվեցին Շահումյանի շրջանի հայկական գյուղերը բռնազավթելով: Մոտ երկու տասնյակ ադրբեջանցի ընտանիքներ 1993 թ. ներխուժեցին մոլոկանների գյուղ ու զբաղեցրին գյուղի ժամանակավորապես ազատ տները: Սա մոլոկանների մոտ իսկական խուճապ առաջացրեց՝ 150 տարվա ընթացքում առաջին անգամ այլազգիները հաստատվում էին գյուղում: Ինքնամփոփ, կրոնական կյանքով ապրող, համայնքային սերտ կապերով շաղկապված մոլոկանների համար օտարազգիների մուտքը իսկական պատուհաս էր: Նրանք սկսեցին բողոքներ հղել ադրբեջանական նոր ղեկավարությանը, սակայն՝ անօգուտ: «Չլինի՞ դուք էլ ուզում եք անկախանալ»,- մոլոկաններին հեգնեց ադրբեջանական հրամանատարության ներկայացուցիչը: Դրանից հետո մոլոկաններից շատերը անթաքույց հույսեր էին կապում հայերի վերադարձի հետ, համոզված լինելով, որ միայն այդ դեպքում կկարողանան վերադառնալ իրենց նախկին համայնքային կյանքին: Սակայն 1994 թ. մայիսին կնքված հայ-ադրբեջանական զինադադարն ի դերև հանեց նրանց բոլոր հույսերը: Զինադադարի կնքումից անմիջապես հետո Ռուս Պարիսում հայտնվեցին ևս մոտ 200 ադրբեջանական ընտանիքներ: Նրանք արդեն բռնազավթում են ոչ թե ազատ տները, այլև բնակեցվածները: Գյուղից սկսվեց զանգվածային արտագաղթ՝ մեկ տարվա ընթացքում մոտ 1500 մոլոկաններ հեռացան դեպի Ռուսաստան: Ադրբեջանցիները ձեռք չտվեցին միայն կոլխոզի նախագահին, նրա բարեկամներին ու նրա կողմից հովանավորվող անձանց ու նրանց ունեցվածքին: Մորաքույր Դաշան, չդիմանալով նորահայտ ադրբեջանցիների ապօրինություններին՝  մի օր նրանց երեսին նետում է, թե հայերը երբեք այսպես չեն վարվել, միշտ էլ լավ հարևաններ են եղել: Խեղճ կնոջը ծեծում են բահերով ու նետում փողոց, մի քանի շաբաթ անց նա մահացավ գլխուղեղի արյունազեղումից: Իսկ Վասիլիին պարզապես ձերբակալեցին՝ հայ ֆիդայինների հետ կապեր պահպանելու, առևտրում միջնորդ լինելու համար: Վեց ամիս անց դուրս գալով բանտից՝ Վասիլին իմացավ, որ այլևս ոչ հավ ունի, ոչ հող, ոչ էլ տուն: Մեծ դժվարությամբ կարողացավ կոլխոզի նախագահից պարտք վերցնել ու հեռանալ Ռուսաստան, որտեղ հաշմանդամության կարգ ստացավ: Մի քանի տարի անց նա Ստավրոպոլ քաղաքում պատահաբար հանդիպեց արտագնա աշխատանքի մեկնած Ռուբեն Վիրաբյանին; Ողջագուրվեցին որպես հին ծանոթներ, Վասիլին հայ ֆիդայուն պատմեց գյուղի տխուր վախճանի, իր ձերբակալության, մորաքույր Դաշայի մահվան մասին:

-Հարևան հայկական գյուղերում բազմաթիվ ազատ տներ մնացին, ադրբեջանցիներն այրում էին այդ տները, բայց եկան լցվեցին Ռուս Պարիս: Ու գիտես ինչո՞ւ՝ որովհետև ամեն ինչ պատրաստի էին ուզում ստանալ, այնպես, որ վերանորոգման վրա ծախս չանեն, որ ամեն ինչ միանգամից ունենան: Նրանք գիտեին, որ մոլոկանները ինքնապաշտպանության միջոցներ չունեն, մենք մեր պաշտպանությունը միայն մեր հավատքի մեջ ենք փնտրում: Ես իմ կորցրած ունեցվածքի վրա չեմ ողբում, ամեն նյութականի վերևում Աստծո հոգին է, իսկ մենք Աստծուն ենք հավատում, ոչ թե նյութականին: Միայն ցավում եմ, որ մեր կոլխոզի նախագահը հավատում էր  նրանց, ու իր ձեռքով կործանեց համայնքը,-  պատմում էր Վասիլին: Այս տարիների ընթացքում նա ավելի կորացել, ու ավելի ծերացել էր:

Ռուբոն երկար չմտածեց: Նա Վասիլիի համար Ստավրոպոլի հարևան գյուղերից մեկում մի ոչ մեծ, բայց հարմարավետ տնակ գնեց՝ ոչ մեծ հողակտորով: Վասիլին նորից սկսեց հավեր բուծել, նա ձվերը հանձնում էր գյուղի հայերից մեկին, ով էլ նրան Ստավրոպոլից այլ մթերքներ էր բերում: Վասիլին բոլորին համոզված պատմում էր, որ հայերի հետ ապրանքափոխանակությունը առևտրի ամենաճիշտ ձևն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter