HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համակարգողը գոհ է ծրագրից. նա «չի տեսնում» ձախողումը

Հարցազրույց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Վարակիչ հիվանդությունների ծրագրերի համակարգող Գայանե Ղուկասյանի հետ

ԱՀԿ-ն Հայաստանում իրականացվող տուբերկուլյոզի ծրագրերին որեւէ ձեւով մասնակցո՞ւմ է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համագործակցում է ՀՀ առողջապահության նախարարության հետ: Մենք ծրագրեր իրականացնող կազմակերպություն չենք: Մեր դերը ռազմավարական է, մենք աշխատում ենք քաղաքական դաշտում: Տրամադրում ենք փորձագիտական աջակցություն, երկիր ենք բերում աշխարհում եղած վերջին փորձը, գիտության վերջին ապացույցները, որոնք հնարավորություն են տալիս այս կամ այն բնագավառում ընտրել այս ռազմավարությունը կամ մոդելը: 2005-ից մեր բոլոր պայմանագրերում տուբերկուլյոզի խնդիրը ներառված է եղել, ինչը վկայում է այն մասին, որ դա կարեւորագույն խնդիրներից մեկն է Հայաստանի համար:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տուբերկուլյոզի վիճակը, ի՞նչ խնդիրներ եք առանձնացնում:

Ես հիմնվում եմ մեր փորձագետների գնահատականների վրա: Բավականին լուրջ առաջընթաց է գրանցվել 2005-ի հետ համեմատ: Լուրջ բարեփոխումներ են կատարվել: Հիմնական խնդիրը եւ հիմնական մոտեցումը, որ ԱՀԿ-ն խրախուսում է' ունենալ առաջնային բուժօղակի ցանց' ներգրավված տուբերկուլյոզի բուժման գործում: Սա նշանակում է, որ հիվանդների համար պետք է հասանելի լինի առաջնային բուժօղակը: Միջազգային փորձն ասում է, որ եթե նույնիսկ հիվանդը վարակիչ է շրջապատի համար, խորհուրդ է տրվում չհոսպիտալացնել նրան, այլ բուժումը տեղում կազմակերպել:

Հայաստանում դրա համար դեռ պայմաններ չկան, եւ մենք էլ խորհուրդ չենք տալիս այս փուլում անցնել այդ մոդելին: Բայց բուժման ինտենսիվ փուլն ավարտելուց հետո, երբ հիվանդն այլեւս բացիլ չի ազատում, եւ վարակի վտանգ չկա, կարող է հաջողությամբ գնալ իր ապրելու վայրը եւ տեղում իր բուժումը ստանալ: Եվ որքան մոտ լինի հաբեր տրամադրող կառույցը, այնքան հավանականությունը մեծ է, որ հիվանդը կայցելի այդ վայրը եւ կստանա իր դեղամիջոցները: Շատերը չեն գնում իրենց պոլիկլինիկաներ դեղահաբերը ստանալու, եւ դա էլ բերում է Հայաստանում մեկ այլ ավելի լուրջ խնդրի' բազմադեղակայուն տուբերկուլյոզի, երբ դեղերն այլեւս ազդեցություն չեն ունենում հիվանդի վրա: Դա մտահոգիչ է Հայաստանի համար, քանի որ Հայաստանը դասվում է տասը ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկրների շարքին:

Վերջին տարիներին առաջնային բուժօղակը շատ է հզորացել: Եթե նախկինում հիվանդները 6 ամիս պետք է դիսպանսերում բուժվեին, ապա հիմա տուբերկուլյոզային ծառայությունը ապակենտրոնացվել է, եւ ինտենսիվ փուլն ավարտելուց հետո շատ հիվանդներ վերադառնում են իրենց բնակավայրեր ու ստանում են իրենց բուժօգնությունը տեղում: Դրա համար հարկավոր էր ստեղծել ՏԲ կաբինետներ, որոնք արդեն ստեղծվել են: Այսօրվա դրությամբ հիմնականում դրանք գործում են ողջ հանրապետությունում եւ բավականին որակյալ ծառայություններ են մատուցում:

Արդեն մի քանի տարի է` ՀՀ առողջապահության նախարարությունը «Գլոբալ հիմնադրամ»-ի (ԳՀ) միջոցներով տուբերկուլյոզի ծրագրեր է իրականացնում: Բայց այդ ծրագրերի իրականացումը գնահատվում է ոչ արդյունավետ: Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը:

Այդ մասին երեւի ավելի լավ կլիներ ԳՀ-ն պարզաբանումներ տար: Գնումների հետ կապված խնդիրներ կան, մեխանիզմներն են շատ բյուրոկրատական, դրանք փոխելու կարիք կա: Գուցե ԳՀ-ն ինքը պետք է նախաձեռնի այդ փոփոխությունները, կոնկրետ առաջարկություններով հանդես գա, քանի որ այսքան տարի աշխատում են, գիտեն, թե որտեղ են կաղում: Կարող են դիմել վարչապետին, որպեսզի «Գլոբալ հիմնադրամ»-ի ծրագրերին ավելի արտոնյալ պայմաններ տան: Բայց շատ տեղին է, որ առողջապահական համակարգի հզորացման ծրագրերի իրականացումը ստանձնել է ԱՆ-ն:

Ի՞նչ պետք է արվի երկրում տուբերկուլյոզի վիճակը բարելավելու համար:

Կուզենայի դրականով սկսել: Այն, որ այստեղ կա քաղաքացիական կամք, դա շատ կարեւոր գործոն է իրականում: Մենք ամենաբարձր մակարդակով քաղաքական կամք ունենք' հաղթահարելու ՏԲ խնդիրը Հայաստանում: Առաջարկել ենք ուշադրություն դարձնել հիվանդության վաղ հայտնաբերմանը, լաբորատոր ցանցում կադրերի պատրաստմանը, սարքավորումների, լաբորատոր նյութերի առկայությանը, որակին, հիվանդների ճիշտ բուժմանը:

Տուբերկուլյոզը սկզբնական փուլում բուժվում է այն հակաբիոտիկներով, որոնք լայն կիրառում ունեն այլ հիվանդությունների դեպքում: Այստեղ մենք շատ անելիքներ ունենք, եւ մենք արդեն աշխատում ենք նախարարության հետ, որպեսզի տուբերկուլյոզի բուժման համար կիրառվող հակաբիոտիկները ստանան հատուկ կարգավիճակ եւ հասանելի լինեն միայն բժշկի ուղեգրով:

Մենք նաեւ ուսումնասիրել ենք տուբերկուլյոզի բուժման համար հատկացվող գումարները, եւ մեր առաջարկությունը հետեւյալն է. նվազեցնելով ՏԲ հիվանդանոցային բուժումը' հնարավոր է գումարներ ազատել եւ դրանք տրամադրել պոլիկլինիկաներին: Այդ գումարները կարելի է տրամադրել բուժքույրերին' նրանց խրախուսելու համար, որպեսզի ծանր հիվանդների դեպքում նրանք հիվանդներին այցելեն տներում: Այսինքն' ինչպես արդյունավետ տնօրինել նույն գումարը, եթե կրճատվում է բուժման հիվանդանոցային փուլը:

Տեղեկանք

Անցյալ տարվա ապրիլ-հունիս ժամանակահատվածում Հայաստանի առողջապահության նախարարության կողմից իրականացվող տուբերկուլյոզի ծրագիրը (Round 8 ) «Գլոբալ հիմնադրամ»-ը գնահատել է «C»: Սա հիմնադրամի գնահատման սանդղակում նվազագույնն է եւ նշանակում է, որ ծրագիրն իրականացվել է 0-30 տոկոսի տիրույթում: Ուստի, քանի որ նշված փուլերում ծրագրի իրականացումը ցածր արդյունքներ է գրանցել, «Գլոբալ հիմնադրամ»-ի ղեկավարությունը որոշել է հաջորդ' 5-րդ եւ 6-րդ քառորդների համար նվազեցնել Հայաստանին հատկացվելիք գումարները. ամբողջ գումարը' 471.376.52 եվրոն, կրճատվել է 68 տոկոսով, եւ Հայաստանը ստացել է ընդամենը 151,818 եվրո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter