HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Մինչեւ Սամվել Ալեքսանյանն իրա ներդրած փողը չհանե, պեսոկի գինը չի իջնի»

2010թ-ի դեկտեմբերի 1-ին Ախուրյանի շաքարի գործարանի մոտ 700 աշխատակիցների համար Ամանորյա ամենամեծ անակնկալն եղավ գործարանի անորոշ ժամանակով աշխատանքների դադարեցումը: Նոյեմբերի 30-ին, բաժանելով այդ ամսվա աշխատավարձը, գործարանի տնօրինությունը աշխատակիցներին տուն ճանապարհեց` խոստանալով տեղյակ պահել, երբ ձմեռացումից գործարանը դուրս գա ու պահեստներում կուտակված պատրաստի շաքարավազն էլ սպառվի: Որեւէ մեկը հարկադիր պարապուրդի համար վճարվելու խոստում չստացավ:

Գործարանը վերագործարկվեց 2011թ-ի մարտին: Մայիսի 1-ից իրենց աշխատանքին վերադարձան մոտ 400 աշխատակից: Աշխատելով ընդամենը 2 ամիս` հուլիսի 1-ից գործարանի տնօրինությունը կրկին բոլորին ուղարկեց անժամկետ արձակուրդ` բնականաբար առանց արձակուրդային կամ հարկադիր պարապուրդի համար վճարվող գումարների:

36 հա տարածք զբաղեցնող այս հսկայի գործարկմամբ պիտի 1000-1500 աշխատատեղի խնդիր լուծվեր Շիրակի մարզում, տվյալ դեպքում` Ախուրյանի եւ Գյումրիի բնակիչների համար: Նման խոստում հնչեցրել էր սեփականատեր Սամվել Ալեքսանյանը, դա հաստատել էր նաեւ գործարանի գործադիր տնօրեն Էդուարդ Սարգսյանը` մեկ տարի առաջ «Հետքին» տված հարցազրույցում:

Պ. Սարգսյանի հետ այս անգամ հանդիպել չհաջողվեց: Ստույգ տեղեկություններով` շաքարի գործարանի գործադիր տնօրենն ընտանիքով ծովափնյա հանգիստն է վայելում, իսկ թե որտեղ, պարզել չհաջողվեց: Ի տարբերություն վաստակած արձակուրդը վայելող տնօրենի, կրկին հարկադիր պարապուրդում հայտնված աշխատակիցների տրամադրությունն ամենեւին էլ ծովափնյա չէ:

Ինչպե՞ս, ի՞նչ տարբերակով են պահելու իրենց ընտանիքները: Գործարանի աշխատակիցների մեծ մասն այս հարցի պատասխանը չունի: Նրանք, ովքեր համաձայնվեցին զրուցել ու պատասխանել իմ հարցերին, խնդրեցին իրենց անունները չհրապարակել:

Շաքարի գործարանում միջին աշխատավարձը կազմում է 150 -ից 170 հազար դրամ, եւ բնական է, որ մարդիկ որքան էլ դժգոհեն իրենց անորոշ վիճակից, բնավ էլ ցանկություն չունեն այդ գումարից զրկվելու: Ինժեներատեխնիկական կազմն ու բաժինների ղեկավարներն ավելի բարձր են վարձատրվում`250-ից 300 հազար դրամ:

«Մարդիկ թեպետ դժգոհ են, սակայն բնական է, որ չեն ուզենա այն բացեիբաց արտահայտել,-նկատեց զրուցակիցներիցս մեկը,-անմիջապես կզրկվեն աշխատանքից: Մարդկանց էլ պիտի հասկանաք, Շիրակի մարզում էսօրվա դրությամբ շաքարի գործարանն ամենաբարձր աշխատավարձն է տալիս, ու դրանից զրկվել որեւէ մեկն, ինչքան էլ դժգոհի, չի ցանկանա»:

Գործարկման օրվանից 11 ամիս գործարանն աշխատել է 2010 թ-ին, իսկ 2011թ.-ի առաջին կիսամյակում` 2 ամիս: Սա յուրօրինակ հայկական «խոպան» է հիշեցնում, նկատեցին զրուցակիցներս: Գործարանի աշխատանքների դադարեցումը պայմանավորված է պահեստներում առկա շաքարավազի չիրացված պատրաստի հումքով:

Ներքին շուկայի սպառման համար բավարար արտադրանք թողարկելով` գործարանը արտաքին շուկաներ դուրս գալու խնդիր ունի, որն էլ անդրադառնում է գործարանի բնականոն աշխատանքի վրա: Սակայն, երբ խոսք էր գնում այս գործարանի կառուցման ու շահագործման մասին, նման նախապայմաններ, որ վերաբերեին ժամանակավոր դադարներին, չէին հնչում:

«Երբ պեսոկը ծախվեց, մեզ հետ են կանչելու, քանի որ պահեստները լիքն են, չենք կարող արտադրանք տալ,-բացատրեցին զրուցակիցներս, -էդ մենք կհասկանանք, բայց մեր ընտանիքները չեն հասկնա, թե դեմի մի քանի ամիսն ինչով պիտի յոլա էրթանք»:

Շաքարավազ, մեր ունեցած տեղեկություններով, այլեւս չի ներկրվում, եւ Հայաստանի տարածքում սպառվում է Ախուրյանի գործարանի արտադրանքը: Քանի որ այս տարի էլ գյուղացիները հրաժարվեցին ճակնդեղի մշակությամբ զբաղվել, Սամվել Ալեքսանյանը դրսից միայն շաքարեղեգն է ներկրում` կիսաֆաբրիկատ հումքը, որ մշակվում, վերջնական տեսք է ստանում սեփականատիրոջ գործարանում:

Անցյալ տարվանից խոսակցություններ էին պտտվում, որ գործարանը սանէպիդկայանն է փակել, իբրեւ թե կատարած ստուգումների արդյունքում հայտնաբերելով ստանդարտներից մեծ շեղումներով թողարկված արտադրանք, որ սպառման նպատակով խանութներ է ուղարկվել:

Իհարկե, սրանք միայն խոսակցություններ են, բայց ճշմարտության հատիկ կա դրանում այն առումով, որ մենք, որոշ մասնագետների հավաստմամբ, էկոլոգիապես մաքուր շաքարավազ չենք օգտագործում: Գործելով արագ աշխատանքի սկզբունքով` որքան կարելի է սեղմ ժամկետներում ստանալ շատ արտադրանք, շաքարեղեգի հումքը տեղի գործարանում լիարժեք մշակման չի ենթարկվում:

Մեկ այլ տեղեկություններով էլ, Վրաստան արտահանվող շաքարավազն ավելի որակյալ է, քան ներքին սպառման համար նախատեսվածը: Ներքին սպառման համար նախատեսված 50 կգ-անոց պարկերում շաքարավազը լցվում է խոնավ վիճակում: Չորանալուց հետո պարկի ընդհանուր քաշը պակասում է 1,5 կգ-ով, իսկ այդ բոլոր թերությունների համար պատասխան է տալիս սովորական գնորդը` գնելով շաքարավազ կգ-ը 400 դրամով, որովհետեւ ոչ արտադրողը, ոչ էլ առավելապես վաճառողը չի ցանկանում տուժել: Այնինչ գործարանի կառուցումն ու տեղում արտադրանք տալը պիտի նախ եւ առաջ ազդեր շաքարավազի գնի վրա: «Ի՞նչ կխոսաք, մինչեւ Ալեքսանյանն իրա ներդրած փողը չհանե, պեսոկի գինը չի իջնի, մոռացեք էժանացման մասին»,-պնդեցին զրուցակիցներս:

«Ախուրյանի շաքարի գործարանը թանկ հաճույք է» արտահայտության մեղավորն էլ կրկին սեփականատեր Սամվել Ալեքսանյանն է, ով սկզբում վազելով էժան ապրանքի հետեւից, Չեխոսլովակիայից բերել եւ Ախուրյանում ցանկանում էր գործարկել 20 տարի չաշխատած, իրեն սպառած, ժանգոտված ու պիտանելիությունը կորցրած սարքավորումները: Հետո, իհարկե, հարկ եղավ նորը գնելու:

«Թանկից էժանը չկա»` հայտնի ասացվածքը Սամվել Ալեքսանյանին երեւի ծանոթ չէր, կամ խորհրդատուներն էին ուզեցել «լավամարդ» լինել, և արդյունքում 60 մլն դոլարի նախնական հաշվարկները հօդս ցնդեցին` գործարանի կառուցումը սեփականատիրոջ վրա կրկնակի նստեց: Իսկ սխալ հաշվարկների համար այսօր պատասխան է տալիս ո՞վ, իհարկե, նախ եւ առաջ, սպառողը:

Երկրորդ տեղում գործարանի աշխատակիցներ են, որ աշխատանքի ընդունվում ու արձակուրդ են գնում պահեստները լցվելուն ու դատարկվելուն համարժեք օրինաչափությամբ: Դե իսկ մյուս տուժողը հենց ինքը` սեփականատերն է, որ կառուցելը կառուցեց, բայց ճակնդեղ ցանող չկա, իսկ սպառման շուկաների հարցում էլ դեռ փնտրտուքի մեջ է:

Մեկնաբանություններ (1)

gayane
Գըուղացին հրաժարվում է շաքարի ճակնդեղ ցանելուց, իր եկամուտից: Սա արդեն ահազանգ է թէ պետության ,թէ հենց գործարարի համար:Իսկ մեզանում միայն լրագրողներն են փաստ արձանագրում: Ծիծաղելի իրավիճակ /կատակերգություն, թե ողբերգություն/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter