HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Պետրոսյան. «Եթե Արմեն Աշոտյանը հարձակում չգործեր սերիալների վրա, ես ավելի հավասարակշիռ կլինեի...»

ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի վերջին առաջարկը, թե պետք է որոշակի վերահսկում սերիալների նկատմամբ, առիթ դարձավ դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանի եւ գրող-հրապարակախոս Մարինե Պետրոսյանի բանավեճի համար:

«Եթե Արմեն Աշոտյանը հարձակում չգործեր սերիալների վրա, ես ավելի հավասարակշիռ կլինեի, բայց քանի որ նա հարձակվում է, ես կրծքով կպաշտպանեմ»,- ասում է Մ. Պետրոսյանը: Նա գտնում է, որ սերիալների մեջ ճշմարտության բաժին կա, եւ եթե այդ ոլորտն էլ վերահսկվի, «հեռուստատեսությունում ճշմարտության հատիկ չի մնա, հեռուստատեսությունը կդառնա կեղծ, զզվելի, մարմելադե մի բան»: Իսկ «ճշմարտության հատիկը», ըստ հրապարակախոսի, կերպարների մարմնավորած ճշմարիտ այլանդակության մեջ է. «Թող մարդիկ նայեն, իրենց պատկերը տեսնեն»,- խորհուրդ է տալիս բանախոսը: Դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանն էլ գտնում է, որ այդ կերպարները պետք է «չափավոր այլանդակ» լինեն, այսինքն` չհատվի այն սահմանը, որը պարտադրում են մարդկային չափանիշները: Մ. Պետրոսյանն էլ ընդդիմանում է. «Այլանդակ բանը պիտի լինի այլանդակ»: Բանախոսները գտնում են, որ սերիալները դրական հերոսի պակաս ունեն, ինչը Մ. Պետրոսյանը բացատրում է նրանով, որ հնարավոր չէ ստեղծել ազնիվ դատավորի կամ ոստիկանի կերպար, քանի որ այդպիսիք մեր իրականությունում բացակայում են, «իսկ լավ գողի կերպար ստեղծել հնարավոր է, քանի որ նախատիպեր կան»: Հ. Տեր-Կարապետյանն էլ շեշտում է. «Ինչի վրա ուշադրությունդ շեշտում ես, դա էլ զարգացնում ես»: Թե' Հ. Տեր-Կարապետյանը, թե' Մ. Պետրոսյանը համամիտ են, որ սերիալներին հակակշիռ պետք է լինեն մաքուր հայերենով հաղորդումները, ինչը, ըստ նրանց, բացակայում է հայկական հեռուստաեթերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter