HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Թուրքիան փորձարկում է հեռուստատեսային դիվանագիտությունը

Հունվարի 1-ից Թուրքական պետական ռադիո եւ հեռուստատեսային ընկերությունը (TRT) առաջին անգամ սկսեց հեռարձակել քրդալեզու TRT-6 24-ժամյա հեռուստաալիքը: Այս քայլը թեեւ որպես դրական որակվեց, այնուամենայնիվ, ուշացած քայլ էր երկրի քուրդ փոքրամասնության իրավունքներն ապահովելու ուղղությամբ:

Ինչպես հայտնի է, քրդերենը մինչեւ1991 թ. ընդհանրապես արգելված էր Թուրքիայում: 2002թ.-ին հանվեց քրդերեն լեզվով հեռարձակելու արգելքը, սակայն գործնականում մասնավոր ալիքների ստեղծումը մինչ այսօր անհնար է:

Քուրդ փոքրամասնության իրավունքներն ապահովելու Եվրամիության ճնշումների տակ Թուրքական ռադիո եւ հեռուստատեսային ընկերությունը 2004թ.-ին շաբաթական 30 րոպե քրդերեն լեզվով հեռարձակումներ սկսեց, սակայն այս նախաձեռնությունը լուրջ քննադատության ենթարկվեց հեռարձակվող հաղորդումների վատ որակի եւ բովանդակության համար:

Ներկայումս Թուրքիայում հնարավորություն կա դիտելու թվով 10 քրդալեզու ալիքներ, որոնք հեռարձակվում են Իրաքի եւ Իրանի տարածքներից, սակայն քրդալեզու բնակչության շրջանում մեծ հեղինակություն է վայելում Բելգիայում հիմնված արբանյակային «Ռոջ ԹիՎի» հեռուստաալիքը, որը համարվում է «Քրդստանի աշխատավորների կուսակցության» (PKK) քարոզչական խոսափողը:

Վերլուծաբանների համոզմամբ` իշխանությունները փորձում են նոր հեռուստաալիքի միջոցով գրավել «Ռոջ ԹիՎի»-ի լսարանը` հեռու պահելով քրդերին ծայրահեղական քարոզչությունից: PKK-ական մամուլն արդեն իսկ TRT 6-ը բոյկոտելու կոչ է արել` այն որակելով որպես դավաճանների եւ «ուծացման ալիք»:

Քուրդ ծայրահեղականները պնդում են, որ հեռարձակումը նպատակ ունի քրդերեն լեզվով պետական հակաքարոզչություն իրականացնել PKK-ի դեմ` ապահովելով Թուրքիայի դրական իմիջը Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին, ինչպես նաեւ ապահովել քրդական քվեներն այս տարվա մարտին սպասվող տեղական ընտրություններում, քանի որ հաշվարկների համաձայն` կառավարող կուսակցությունը կորցրել է քրդերի աջակցությունը:

Թուրք վերլուծաբան Նիհաթ Ալի Օզքանը նույնպես գտնում է, որ այս քայլով կառավարությունը ցանկանում է այլընտրանք ստեղծել ապստամբներին աջակցող «Ռոջ ԹիՎի»-ին. «Միաժամանակ, Թուրքիան ընդառաջում է քրդերի մշակութային ինքնության պահպանման իրավունքներին` Եվրամիության կողմից իրականացվող ճնշման տակ»: Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներին ուշի-ուշով հետեւոÕ Եվրամիության պաշտոնյաներÁ դրական են գնահատում քրդալեզու հեռուստաալիքի բացումը` միաժամանակ հույս հայտնելով, որ այն չի դառնա պետական քարոզչության գործիք:

Կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հավաստիացնում է, որ TRT 6-ը ոչ մի դեպքում չի լինի քարոզչական հեռուստաալիք, այլ անկեղծորեն կփորձի բավարարել Թուրքիայի քուրդ փոքրամասնության պահանջները: Վարչապետ Էրդողանի խոսքերով` քրդական հեռուստաալիքը կամրապնդի միասնությունը եւ կբարելավի ժողովրդավարությունը երկրում, ճանապարհ կհարթի հետագա դրական քայլերի համար:

Հայտնի թուրք քաղաքական մեկնաբան Չենգիզ Քանդարը Reuters գործակալության հետ զրույցում կարծիք է հայտնել, որ հեռուստաալիքն էական քաղաքական ազդեցություն չի ունենա քուրդ բնակչության վրա: Հեռուստաալիքի մեկնարկման արարողության ժամանակ ելույթ է ունեցել քուրդ երգչուհի Ռոջինը, ով հայտնի է իր քրդական ազգայնական բալլադներով եւ ում ելույթները հեռարձակելու համար մի շարք հեռուստաալիքներ նախկինում բազմիցս տուգանվել են:

Այսուհետ երգչուհի Ռոջինը, ինչպես նաեւ այլ քուրդ ազգայնական երգիչներ հնարավորություն կունենան հայտնվել TRT 6-ի էկրանին: Որոշ տեղեկություններով` TRT 6-ը իր շոուներում կհյուրընկալի նաեւ քուրդ քաղաքական այլախոհներին: Քրդական մամուլն ընդգծում է այն հանգամանքը, որ իր հիմնադրման սկզբից Թուրքական պետության պաշտոնական քաղաքականությունն է եղել քուրդ ժողովրդի եõ քրդական ինքնության գոյության ժխտումը, հետեւաբար Թուրքիան առաջին հերթին պետք է ճանաչի քրդական ինքնությունը:

Քրդերեն լեզվի կիրառումը Թուրքիայում մինչ այսօր խնդիրներ է առաջացնում: Քուրդ երեխաները իրենց մայրենի լեզուն դպրոցում սովորելու հնարավորություն չունեն:

Քրդական գյուղերը չեն կարող կրել քրդական անուններ, դժվարություններ են առաջանում նույնիսկ մարդկանց անունների հետ կապված: Վերջերս Գերմանիայից Թուրքիա ժամանած քուրդ մի երեխայի թույլ չեն տվել անցնել սահմանը միայն այն պատճառով, որ նա ուներ քրդական անուն:

Վերջին ամսվա ընթացքում թուրքական խորհրդարանում քրդերենով արված հայտարարությունները պաշտոնապես գրանցվել են որպես «անհայտ լեզու», իսկ քրդամետ «Ժողովրդական հասարակություն» կուսակցության մի շարք քաղաքական գործիչներ հետաքննվել են հրապարակավ քրդերեն օգտագործելու համար:

Այնուամենայնիվ, Թուրքիայի քուրդ փոքրամասնության շրջանում կան մարդիկ, ովքեր դրական են վերաբերվում հեռուստաալիքի ստեղծմանը:

Ըստ նրանց` քրդալեզու ալիքը հնարավորություն կտա բարձրացնել քրդերենի իմացության աստիճանը: Անկարան մտադիր է հեռուստատեսային դիվանագիտությունն իրականացնել նաեւ երկրի հայ փոքրամասնության վստահությունը շահելու համար: Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ` 2009-ի տարեվերջին Թուրքիայում կսկսի հեռարձակվել նաեւ հայկական հեռուստաալիք:

TRT-ն արդեն իսկ սկսել է հեռուստաալիքի նախապատրաստական աշխատանքները: Մինչ այդ` փետրվարին, կմեկնարկի ռադիո հեռարձակումը հայերեն լեզվով, ինչպես նաեւ կբացվի պաշտոնական կայքէջ` որպես նոր հեռուստաալիքի փորձարկում:

Հեռարձակումները կընդգրկեն հայտնի հայ երգիչների կատարումներ, ինչպես նաեւ «Քարդեշ Թյուրքյուլերի» եւ հայերեն երգեր երգող այլ թուրքական խմբերի կատարումներ: Հայկական հեռուստաընկերությունը տեղեկատվություն կտարածի Թուրքիայում եւ Հայաստանում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների վերաբերյալ: Նոր արբանյակային ալիքը կհամալրվի հայ աշխատողներով, կլուսաբանի Հայաստանի, ինչպես նաեւ Թուրքիայի հայերի խնդիրները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter