HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Անկարայի նախաձեռնությունները. հաղթահարել ապրիլի 24-ը

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ հունվարի վերջին «Կովկասյան կայունության եւ համագործակցության պլատֆորմի» շրջանակներում Անկարայում կկայանա Հայաստանի, Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: Թուրքական այս նախաձեռնության առաջին հանդիպումը կայացել էր նախորդ տարվա դեկտեմբերին` Հելսինկիում` ԵԱՀԿ Նախարարների խորհրդի համաժողովի կուլիսներում:

Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամուլի վարչությունից, ներկայումս մշակման փուլում է գտնվում հնարավոր համաձայնագրի նախագիծը, որն էլ, ամենայն հավանականությամբ, կքննարկվի հանդիպման ընթացքում: Որոշ տեղեկություններով` հանդիպմանը կմասնակցեն ներգրավված երկրների փոխարտգործնախարարները, սակայն դեռեւս հարցականի տակ է մնում Վրաստանի մասնակցությունը:

Մինչ այդ` հունվարի սկզբին, CNN-Turk գործակալությունը տարածեց տեղեկատվություն, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ շարունակվում են գաղտնի բանակցությունները, եւ դրանցից մեկը կայացել է հունվարի 5-ին:

ՀՀ ԱԳՆ-ից 10 օր անց միայն «շտապեցին» հերքել այս լուրը` պնդելով, թե թուրքական մամուլում տեղ գտած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: CNN-Turk-ը, սակայն, ընդգծել էր, որ բանակցությունները գաղտնի են պահվում հայկական կողմի պնդմամբ:

«Կովկասյան կայունության եւ համագործակցության պլատֆորմի» շրջանակներում ծրագրված այս հանդիպումը որքան սպասելի, նույնքան անսպասելի էր: Սկզբունքորեն մասնակից երկրներից բոլորն իրենց համաձայնությունն են տվել պլատֆորմի շրջանակներում համագործակցելու վերաբերյալ, սակայն վերջին զարգացումները հիմք էին տալիս պլատֆորմն ընկալել ավելի շուտ հայ-թուրքական կամ հայ-թուրք-ադրբեջանական երկխոսության հնարավոր ձեւաչափում:

Եվ ուրեմն ի՞նչ նպատակներ է հետապնդում հունվարյան հանդիպումը, եւ ի՞նչ անհրաժեշտություն կար ոչ այնքան հեռանկարային համարվող այս ձեւաչափի հանդիպում կազմակերպել հենց հիմա, երբ տարածաշրջանի պետությունները եւ հատկապես Թուրքիան ներքաշվել են մի շարք խնդիրների մեջ:

Մասնավորապես` ռուս-վրացական շարունակվող հակասությունները, ռուս-ուկրաինական գազային ճգնաժամը, համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որը մասնագետների կարծիքով սպառնում է շուտով հասնել նաեւ Հարավային Կովկաս, Թուրքիայի ներգրավվածությունը միանգամից մի քանի գործընթացներում (իսրայելա-պաղեստինյան հակամարտություն, ռուս-ուկրաինական գազային ճգնաժամ), ինչպես նաեւ բազմաթիվ խնդիրները երկրի ներսում պետք է որ բավարար հիմք հանդիսանային երկրորդական այս նախաձեռնության հետաձգման համար:

Ինչպես տեղեկացրել է CNN-Turk-ը, Թուրքիայի կառավարությունը նպատակ ունի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ հասնել որոշակի արդյունքների մինչեւ ապրիլի 24-ը: Այս ժամկետը, բնականաբար, պատահական չէ ընտրված. ինչպես եւ ամեն տարի, այս տարի եւս ապրիլի 24-ին համայն հայությունը սպասելու է ԱՄՆ նախագահի ուղերձին, որի ընթացքում նա կարտասանի «Ցեղասպանություն» բառը:

Հայտնի պատճառներով 2009-ի ապրիլի 24-ը կարող է տարբերվել մյուս բոլոր ապրիլի 24-ներից: Թուրքիան, ի դեպ, տարածաշրջանում իր քաղաքականությունը կարծես մտադիր չէ սահմանափակել միայն կովկասյան պլատֆորմով:

Այսպես, Today’s Zaman-ի փոխանցմամբ` որպես պլատֆորմին օժանդակող նախաձեռնություն կարող է լինել Կովկասյան Տան ստեղծման գաղափարը, որը կենթադրի տարածաշրջանի մտավորականների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համագործակցությունը: Հոդվածագիրն առաջարկում է նաեւ վերակառուցել Սեւծովյան ïնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՍՏՀԿ)` այն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:

Հարկ է նշել, որ դեռ 2008-ի օգոստոսին, երբ թուրքական կողմը հանդես եկավ կովկասյան պլատֆորմի նախաձեռնությամբ, շատ վերլուծաբաններ պնդում էին, թե ավելի արդյունավետ կլիներ վերակառուցել եւ վերակազմակերպել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը` փորձելով առկա խնդիրները լուծել այս կազմակերպության շրջանակներում:

Ստեղծվելով 1992-ին կրկին Թուրքիայի նախաձեռնությամբ` ՍՏՀԿ-ն ի սկզբանե ընկալվում էր որպես Անկարայի մեծապետական ծրագրերի իրագործման գործիք, սակայն օբյեկտիվ պատճառներով այն այդպես էլ չդարձավ ո’չ թուրքական ազդեցության գոտի, ո’չ էլ իր անդամ պետությունների միçեւ խնդիրները լուծելու եւ համագործակցություն ապահովելու ունակ արդյունավետ կառույց:

Բացի այդ, կովկասյան խնդիրների լուծումը ՍՏՀԿ շրջանակներում գրեթե անհնար է, քանի որ այդպիսիք բավական շատ են միմյանց հետ հակասությունների մեջ գտնվáղ երկրների այս միությունում: Ի դեպ, կովկասյան տարածաշրջանային պլատֆորմի թուրքական այս նախաձեռնությունը, ինչպես եւ ՍՏՀԿ վերակառուցումը լիովին համապատասխանում է Եվրամիության տարածաշրջանային պատկերացումներին:

Վերջինս ամեն կերպ խրախուսում է այսպես կոչված «նոր ռեգիոնալիզմը», որը ենթադրում է պետությունների զարգացում միմյանց հետ համագործակցության միջոցով, իսկ որոշ դեպքերում հեռու է պահում նրանց ԵՄ անդամակցության հեռանկարից:

Նման նպատակի ծառայեցմանն է ուղղված մասնավորապես Միջերկրածովյան միությունը, որը, ըստ որոշ կանխատեսումների, նպատակ ունի Թուրքիային հեռու պահել ԵՄ-ից: Անկախ նրանից, թե որքանով հաջող կլինեն Անկարայի տարածաշրջանային նախաձեռնությունները, դրանք ուղղված են երկու կարեւոր խնդիրների լուծմանը. առաջին խնդիրը լիովին համապատասխանում է իսլամիստական կառավարության ընդհանուր արտաքին քաղաքական կուրսին` ավելի խորը ներգրավվածություն տարածաշրջանային գործընթացներում (եւ ամենուր)` թուրքական ազդեցության տարածման հեռանկարով, եւ երկրորդը` անմիջական երկխոսություն խնդրահարույց հարեւանների հետ` երրորդ ուժերի միջամտությունը կանխելու նպատակով:

Վերջինը հատկապես մեծ կարեւորություն ունի Թուրքիայի համար, որը դարձել է իր ներքին եւ արտաքին խնդիրների պատանդը` Եվրամիության հետ բանակցությունների գործընթացում:

Եվ, թերեւս, վերջին նպատակին են ուղղված նաեւ Հայաստանի հետ հարաբերությունները հնարավորինս բարելավելու Անկարայի ջանքերը` կանխելու համար ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից խոստացված «Ցեղասպանություն» բառի արտասանումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter