HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Մեկ քայլ մոտ, երկու քայլ հեռու Եվրոպայից

2008 թ. դեկտեմբերին Եվրահանձնաժողովը ներկայացրեց իր նոր` «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության փաթեթը: Նախաձեռնությունը նպատակ ունի ավելի սերտ համագործակցություն ապահովել Եվրամիության եւ նախկին խորհրդային վեց պետությունների`

Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի, որոշ վերապահումներով նաեւ Բելառուսի հետ: Արեւելյան գործընկերության հեղինակները Շվեդիան եւ Լեհաստանն են: Ծրագիրը առաջարկվել էր ավելի վաղ, սակայն հավանաբար դեռ նախնական քննարկումների փուլում կլիներ, եթե չլինեին օգոստոսյան իրադարձությունները:

Ինչպես նշված է Հայաստանում Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքէջում` «Քաղաքական և տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին իր գործընկերներին օգնելու (հատկապես այս ամռանը Վրաստանում տեղի ունեցած հակամարտությունից հետո), ավելի սերտ հարաբերություններ հաստատելու նրանց ցանկություններին ընդառաջելու գործում ԵՄ-ն հարաճուն պատասխանատվություն է կրում:

Կովկասում տեղի ունեցած հակամարտությունը ստիպեց, որպեսզի սեպտեմբերի 1-ին Եվրոպական խորհուրդը խնդրի Հանձնաժողովին իր առաջարկը նախատեսված ժամկետից ավելի վաղ ներկայացնել»: Նախաձեռնության շտապողականությունը պայմանավորված էր նաեւ Եվրամիության կողմից իր անմիջական հարեւան տարածաշրջաններում ավելի ակտիվ դեր ունենալու ցանկությամբ:

Թեեւ ԵՄ-ն նոր ծրագրով իր արեւելյան հարեւաններին առաջարկում է մի շարք տնտեսական արտոնություններ, այնուամենայնիվ, այն ոչ միանշանակ ընդունվեց «թիրախային» պետություններում:

Դրա պատճառը, թերեւս, ծրագրին նախորդած Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) ձախողումն էր, ինչպես նաեւ այն բոլոր հակասությունները եւ անորոշությունները, որ առաջ են եկել նոր ծրագրի հետ կապված: Եվրոպայի «եվրոպական հարեւանները» Եվրոպական հարեւանության քաղաքականությունը գործում է 2004 թ.-ից եւ նպատակ ունի ավելի սերտ համագործակցություն ապահովել Եվրամիության եւ ծրագրի մասնակից պետությունների միջեւ:

Սակայն, ի տարբերություն «Արեւելյան գործընկերության» ծրագրի` Եվրոպական հարեւանության քաղաքականությունն ընդգրկում է մասնակիցների ավելի մեծ թիվ` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, ինչպես նաեւ Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի մի շարք պետություններ` Ալժիր, Մարոկկո, Լիբիա, Թունիս, Իսրայել, Պաղեստին, Սիրիա, Հորդանան, Լիբանան եւ Եգիպտոս:

Նախորդ տարվա հուլիսին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հանդես եկավ մի նոր` Միջերկրածովյան միության նախաձեռնությամբ, որը ենթադրում է ԵՄ 27 պետությունների, ինչպես նաեւ Միջերկրական ծովին հարող պետությունների միավորում:

Այս նախաձեռնությունը շատերի կողմից ընկալվեց որպես ԵՄ անդամակցության այլընտրանք Թուրքիայի համար, որին առանցքային տեղ է հատկացված նոր միության մեջ: Մասնագետների խոսքերով` «Արեւելյան համագործակցությունը» եկավ լրացնելու Միջերկրածովյան միությանը` այսպիսով հստակ տարանջատելով Եվրամիության արեւելյան եւ հարավային քաղաքականությունները:

Ինչպես նշել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին` մինչ Եվրամիության հարավային գործընկերները «Եվրոպայի հարեւաններն» են, արեւելյան պետությունները «եվրոպական հարեւաններն» են` «բնական անդամակցության հեռանկարով»:

«Անդամակցության հեռանկարի» առումով, իրոք, երկու ծրագրերը տարբերվում են, քանի որ Միջերկրածովյան միությունը ենթադրում է համատեղ ինստիտուտների ստեղծում, իսկ «Արեւելյան գործընկերությունը»` ոչ:

Սա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ Միջերկրածովյան միությունը դիտվում է որպես այլընտրանք ԵՄ անդամակցությանը: Երկու նոր ծրագրերը, որոնք ընդգրկում են ԵՀՔ մասնակից պետություններին, այսպիսով, կասկածի տակ են դնում ԵՀՔ հետագա գոյության նպատակահարմարությունը:

Թեեւ ԵՄ պաշտոնյաները պնդում են, որ նոր ծրագիրը չի խանգարում ԵՀՔ շարունակությանը, այնուամենայնիվ, Բրյուսելում այս հարցը դեռ անորոշ է: Հավանաբար, ամեն ինչ կպարզվի 2009-ի գարնանը` «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովից հետո: Տնտեսական բարկեցություն «եվրոպական հարեւաններին» Եվ ասպես, ի՞նչ է առաջարկում Եվրամիությունն իր արեւելյան հարեւաններին:

Այն առաջարկում է տնտեսական մի շարք արտոնություններ, որոնք ընդհանուր գծերով հետեւյալն են` ԵՄ հետ ազատ առեւտուր, մարդկանց ազատ տեղաշարժ` մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման, ապագայում նաեւ դրա վերացման միջոցով, ավելի մեծ ֆինանսական աջակցություն վարչական, սոցիալ-տնտեսական բարեփոխումների համար, աստիճանական ինտեգրում ԵՄ տնտեսությանը, ԵՄ եւ Գործընկերության երկրների համար արդյունավետ էներգետիկ անվտանգության ապահովում:

Ծրագիրը նպատակ ունի նաեւ խրախուսել գործընկերներին զարգացնել ազատ առևտրային ցանց միմյանց միջև, որը որպես երկարաժամկետ նպատակ կարող է հանգեցնել անդամակցությանը Եվրոպական տնտեսական համայնքին: Այսպիսով, ծրագիրը կիրառության մեջ է դնում Եվրոպայի կարեւոր խաղաքարտը` տնտեսական բարեկեցություն առաջարկելով եվրոպական հարեւաններին:

Ծրագրում հպանցիկ խոսվում է նաեւ ժողովրդավարության, հաջող կառավարման եւ կայունության մասին, սակայն ակնհայտ է, որ Բրյուսելը Գործընկերության շրջանակներում չի զբաղվի մասնակից երկրների ժողովրդավարության, ինչպես նաեւ հարեւանների հետ խնդիրների հարցերով` այդ գործը թողնելով եվրոպական այլ կառույցներին` մասնավորապես Եվրախորհրդին եւ ԵԱՀԿ-ին:

Ավելին, նման խնդիրները, ինչպես երեւում է, չեն ազդի «Արեւելյան գործընկերության» շրջանակներում այս երկրների հետ ԵՄ համագործակցության վրա: Սրա մասին անուղղակի կերպով նշեց նախորդ շաբաթ տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Նա ակնարկեց, որ Հայաստանն ինքը պիտի լուծի իր ներքին ժողովրդավարական խնդիրները, ինչպես եւ ԼՂ խնդիրը` «փոխգործակցության» եւ «փոխզիջման» ճանապարհով, եւ որ այդ խնդիրները չեն կարող խոչընդոտել Գործընկերության ծրագրի իրականացմանը:

Թերեւս անորոշ է մնում այն հարցը, թե գոնե երկարաժամկետ կտրվածքով ինչ հեռանկարներ ունի Գործընկերության ծրագիրը: Ակնհայտ է, որ Եվրամիությունը այժմ փորձում է հաղթահարել իր առջեւ դրված երկընտրանքը:

Մի կողմից` Բրյուսելում հասկանում են, որ վերջին շրջանում հետխորհրդային տարածաշրջանն ավելի շատ եղել է Վաշինգտոնի եւ Մոսկվայի ազդեցությունների ոլորտում` դուրս թողնելով Բրյուսելին տեղի գործընթացներից, եւ ժամանակն է ավելի ակտիվ դերակատարություն ունենալ այս պետությունների կյանքում:

Մյուս կողմից` Եվրոպան տառապում է այսպես կոչված «ընդլայնման հոգնածությունից». Եվրոպան չի ցանկանում առնվազն մոտ հեռանկարում նոր անդամներ ընդգրկել իր միության մեջ: Այս երկու հանգամանքները հաշվի առնելով` Բրյուսելում ընտրել են միջանկյալ տարբերակ` ավելի սերտ համագործակցություն` առանց անդամակցության հեռանկարների մասին խոսելու:

Չի բացառվում, որ երկարաժամկետ կտրվածքում Արեւելյան Եվրոպայի վեց երկրներին առաջարկեն մտնել Եվրոպական տնտեսական համայնք, բայց ոչ Եվրամիություն: Առկախ հարցերից մեկն էլ այն է, որ վեց պետություններն ունեն միմյանցից տարբեր տնտեսական քաղաքականություն, ինչպես նաեւ տարբեր արագությամբ են շարժվում եվրաինտեգրման ուղղությամբ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի խոսքերով` ԵՄ-ն այս հարցը լուծում է հետեւյալ կերպ. «Համագործակցության բոլոր կողմերին առաջարկվում են հավասար հնարավորություններ, իսկ կողմերն իրենք են որոշում մասնակցության ծավալները եւ խորությունը»: Թերեւս արդարացիորեն, «Արեւելյան գործընկերության» նախաձեռնությունն ամենաքիչ խանդավառությամբ ընդունվեց Ուկրաինայում:

Բանն այն է, որ Գործընկերության առաջարկությունների մեծ մասն արդեն իսկ կիրառվել են կամ գործողության փուլում են գտնվում Ուկրաինայի հետ ԵՄ հարաբերություններում: Ողջունելով հանդերձ նոր նախաձեռնությունը` Ուկրաինան ընդգծեց անհատական ձգտումների, նպատակների եւ հնարավորությունների վրա հիմնված տարբերակման անհրաժեշտությունը:

Ուկրաինան հայտարարեց, որ պատրաստ է աջակցել եւ օգտագործել «Արեւելյան գործընկերության» հնարավորությունները, «եթե ԵՄ նոր քաղաքականությունը չի մեկնաբանվում որպես այլընտրանք ԵՄ պոտենցիալ անդամակցությանը, այլ հակառակը` Ուկրաինային ավելի է մոտեցնում այս նպատակին»:

Հատկանշական է, որ Եվրամիության արեւելյան անդամները, որոնք ավելի են շահագրգռված դեպի արեւելք Բրյուսելի ներգրավվածության հարցում, հակված են Ուկրաինայի, Մոլդովայի (եւ նույնիսկ Բելառուսի)  եւ ԵՄ միջեւ ավելի արտոնյալ հարաբերությունների հաստատմանը`  լիիրավ անդամակցության հեռանկարով:

Լեհաստանի ԱԳ նախարարը մասնավորապես երեք երկրներին խորհուրդ է տվել հետեւել Վայզգրադ խմբի (Visegrad group) օրինակին, որը ստեղծվել էր Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի կողմից` տարածաշրջանային համագործակցություն իրականացնելու համար` նախքան այս երկրները կանդամակցեին Եվրամիությանը:

Հարավային Կովկասում նման համագործակցության հեռանկարը դեռեւս երազանք է մնում, ուստի «Արեւելյան գործընկերությունը» նոր հնարավորություններ է բացում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter